RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1745, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԵՎԵՌ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ռուբլու աննախադեպ արժեզրկումը, ուկրաինական ճգնաժամի խորացումը, միջազգային հարաբերությունների աննախադեպ լարումը պատճառներ էին, որոնք անցած շաբաթ բացառիկ ուշադրության կենտրոնում էին պահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Այն տեւել էր ավելի քան երեք ժամ եւ տվել էր հուզող հարցերի մեծագույն մասի պատասխանըՙ պարզելով Ռուսաստանի քաղաքական իշխանության մոտեցումները ստեղծված իրավիճակին եւ անելիքները մոտակա առնվազն մեկ տարվա համար: Այդ ասուլիսը, ինչպես նաեւ դրան հաջորդած ելույթը ՌԴ անվտանգության մարմինների մասնագիտական տոնի առիթով, հնարավորություն են տալիս ձեւակերպելու այն առաջնահերթությունները, որոնցով շարժվելու է Ռուսաստանը բազմակենտրոն աշխարհի կենտրոններից մեկը դառնալու տատասկոտ ճանապարհին:

Ինքնիշխանության եւ պետական անկախության պատկերացումները

Նախագահ Վ. Պուտինը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարեւորագույն հարց է համարում իր պետականության զարգացման եւ ինքնիշխանության պահպանման հարցը: Ռուսական քաղաքական էլիտան, ամբողջությամբ վերցրած, կիսում է այս տեսակետը մի աննախադեպ համախմբմամբ: Ռուսաստանի հիմնական քաղաքական ուժերը իբրեւ ճիշտ են գնահատում նախագահի վարած քաղաքականությունը եւ պատրաստ են նրան սատարելու այս հարցում: Իսկ այն, որ այս հարցը Ռուսաստանի համար դարձել է առանցքային, արեւմտյան արգելամիջոցների գործադրման պայմաններում, եւ հենց այդպիսին է ներկայանում Ռուսաստանի հասարակական-քաղաքական դաշտի համար, այլեւս կասկածից վեր է: Միջազգային մեկնաբանները ուշադրություն են դարձրել, որ ասուլիսում Վլադիմիր Պուտինի արտահայտած մտքերն ու դատողությունները, թեեւ ասվել են առանց ավելորդ սրման եւ լարվածությունը մեղմելու միտումով, սակայն սկզբունքային են եւ տեղ չեն թողնում կասկածելու, որ պաշտոնական Մոսկվան առանցքային հարցերից եւ ոչ մեկում չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ Արեւմուտքին: Չնայած Ուկրաինայի ճգնաժամի հարցում Ռուսաստանը մշտական աշխատանքային շփում ունի Եվրոպական Միությանՙ մասնավորապես Գերմանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ եւ խաղաղության բանաձեւի դժվարին փնտրտուքն էլ իրականանում է բազմակողմ ձեւաչափում, սակայն ամբողջությամբ վերցված, Ռուսաստանի եւ ԵՄ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերություններն ամենավատ վիճակում են նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո: Նախագահ Պուտինի գնահատմամբ ռուբլու վերջին արժեզրկման բացասական հետեւանքների վերացման համար երկրին պետք է երկու տարի, սակայն առողջացման միտումները կարելի է սպասել արդեն եկող տարվա առաջին, երկրորդ կամ երրորդ եռամսյակներում: Ռուսաստանում պատրաստ են փոխհատուցելու սոցիալական բոլոր պարտավորությունների կատարման ոլորտում գոյացած բացերը եւ միամտություն է կարծել, թե ռուսական տարադրամի դեմ կատարված վերջին հարձակման արդյունքում հնարավոր կլինի երկրում սոցիալական կամ քաղաքական ցնցումներ առաջացնել եւ կամ իշխանության նկատմամբ զանգվածային դժգոհություններ հրահրել:

Իրավիճակի ողջ լարվածությամբ հանդերձ պարզ է, որ նախագահ Պուտինը իր երկիրը համարում է համաշխարհային քաղաքական եւ տնտեսական մեծ օրգանիզմի մի մաս եւ չի պատրաստվում Ռուսաստանը մեկուսացնել մնացած աշխարհից: Ընդհակառակն, նույնիսկ թերահավատները ստիպված են ընդունել, որ իր վերոհիշյալ հրապարակային ելույթներում նա չի արել որեւէ ռադիկալ հայտարարություն կամ իրավիճակը սրող դատողություն, որը կարող էր միջազգային նոր լարվածության պատճառ դառնալ: Ընդհակառակը, տարբեր հարցումներով հաստատված այն իրողությունը, թե Վ. Պուտինը աշխարհում ամենահայտնի եւ ազդեցիկ նախագահն է, գալիս են հաստատելու, որ միջազգային հասարակական կարծիքի համար նա ոչ թե թշնամի է կամ համառակորդ, այլ անկախ ու ինքնուրույն դիրքերից հանդես եկող պետության առաջնորդ: Սա կարեւոր դիտարկում է, որովհետեւ խոսում է այն մասին, որ բոլոր լարվածություններով հանդերձ Ռուսաստանը տեղ է թողել հարաբերությունները կարգավորելու եւ համագործակցության դաշտ վերադարձնելու համար:

Տնտեսական ինիքշխանություն եւ զարգացման առաջնահերթություններ

Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ արգելամիջոցների պայմաններում հատուկ կարեւորություն է ստանում Ռուսաստանի տնտեսական ինքնաբավության հարցը: Պարզ է, որ Արեւմուտքը նախկինում Ռուսաստանին չի տվել, իսկ այժմ առավել եւս չի տալու այնպիսի բարձր տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից առումով բարձր տնտեսություն ունենալու համար: Բայց միաժամանակ պարզ է, որ բազմակենտրոն աշխարհի բեւեռ դառնալու ճանապարհին Ռուսաստանը պետք է լուծի տեխնոլոգիական հետամնացության հաղթահարման հարցը: Պետք է հասկանալ այնպես, որ Ռուսաստանը գտնելու է միջոցներ մոտակա տարիների ընթացքում զարգացած տեխնոլոգիական արտադրություններ ստեղծելու համար եւ այդ ասպարեզում համագործակցելու է աշխարհի մյուս բեւեռներիՙ օրինակ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Սա նշանակում է, որ դեմքով շուռ գալով դեպի Արեւելք, Ռուսաստանն այնտեղ է փնտրելու համագործակցության եւ փոխադարձ աջակցության իրական դաշտ: Աշխարհում բոլորն են համաձայն այն մտքի հետ, որ գործարար ակտիվության առանցքը Արեւմուտքից շարժվում է դեպի Արեւելքՙ անցնելով Եվրասիական տարածքի վրայով, եւ Արեւելքի հետ համագործակցությունն է, որ վերջին տարիներին ամենահեռանկարայինն է դիտվում:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորություն է ձեռք բերում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը եւ պետության անկախությունը երաշխավորող պաշտպանունակության ամրապնդումը: Այս խնդիրներին շատ մեծ ուշադրություն է դարձվելու, ինչը որեւէ կասկածից վեր է:

Փոխադարձ արգելամիջոցների պայմաններում Ռուսաստանում առաջին անգամ սկսեց գերիշխել այն տեսակետը, որ արագընթավ ջանքեր է պետք գործադրել ներկրմանը փոխարինող սեփական արտադրություններ ստեղծելու, նոր որակի ինքնաբավ սննդի եւ լայն սպառման արտադրություններ կազմակերպելու խնդիրը լուծելու համար: Այն դեպքում, երբ սկսեցին արգելվել ոչ միայն ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից, այլեւ Ավստրալիայից եւ այլ երկրներից ներկրվող մսամթերքն ու այլ գյուղմթերքներ, Ռուսաստանում սկսեցին փնտրել սեփական ուժերով կամ մերձավոր հարեւանների օգնությամբ այս հարցերը լուծելու իրական հնարավորություններ: Եթե արգելամիջոցների պատերազմը հարաբերականորեն երկար շարունակվի, ապա Ռուսաստանը վերջիվերջո ունենալու է ինքնաբավ արդյունաբերություն եւ հիմնականում ինքնաբավ գյուղատնտեսություն: Կարելի է հաստատ ասել, որ այս իրավիճակը ստիպելու է առաջնահերթ հայացք թեքել նախեւառաջ Եվրասիական տնտեսական միության, նաեւ մյուս հարեւանների դեռեւս չօգտագործված ներուժի ուղղությամբ:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների համաձայն 2015թ. Ռուսաստանի տնտեսությունը աճի զրոյական միտում է ցուցաբերելու: Իսկ 2016թ. համար կարող է լինել արդեն շատ փոքր, բայց, այնուամենայնիվ, աճ: Տնտեսության ծավալների աճին խանգարող ամենաբացասական գործոնը նավթի գների անկումն է: Այնուամենայնիվ վստահությամբ կարելի է պնդել, որ նավթի, նաեւ գազի վաճառքից ստացվող եկամուտները բավարար են լինելու թե՛ Ռուսաստանում սոցիալական ցնցում թույլ չտալու, թե՛ նոր արտադրությունների համար պետական աջակցության ծրագրեր ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում գոյություն ունեն, ճիշտ է զգուշավոր, բայց դրական կանխատեսումներ: Այս կանխատեսումներն ամրապնդվել են այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց, որ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնելու ռուսական ռուբլու կայունացմանը եւ դրա արդյունքում միայն մեկ օրում ռուբլին արժեւորվեց եւս երկու տոկոսով:

Գիտություն, կրթություն եւ մարդկային գործոն

Ռուսաստանի քաղաքական վերնախավում այս օրերին քննարկվող ամենահրատապ թեմաներից մեկն այն է, թե կարո՞ղ են արդյոք բացահայտվել նոր, մինչեւ այժմ չգործարկված ռեսուրսներ, սեփական ուժերով իրավիճակը կարգավորելու եւ երկարաժամկետ զարգացում ապահովելու ուղղությամբ:

Մի փոքր պատմություն: Ռուսաստանի պարտությունը 1853-1856թթ. Ղրիմի պատերազմում պատճառ դարձավ, որ կայսրությունում առաջին անգամ եւ հիմնավորապես քննարկեն ճորտատիրության վերացման հարցը: 1861թ. Ռուսաստանը բռնեց կապիտալիստական զարգացման ուղին եւ ընդամենը երեք տասնամյակում դարձավ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Այս պատմությունը արժե հիշել նրանց, ովքեր կարծում են, որ տնտեսական մեկուսացումը հետ կպահի Ռուսաստանին իր աշխարհաքաղաքական առաքելությունը կատարելու ձգտումից: Վերոհիշյալ օրինակին կարելի է գումարել էլի օրինակներ, ասենք քսաներորդ դարասկզբից կամ Երկրորդ աշխարհամարտին հաջորդած տարիներից, որպեսզի պարզ դառնա, որ այն հասարակական համախմբումը, որը կա Ռուսաստանի հասարակական-քաղաքական վերնաշենքում, առաջին անգամը լինելով վերջին երկու տասնամյակում պարարտ հող Է ստեղծում նոր թռիչքի համար:

Մարդկային գործոնը իրացնելու համար պետք են ազատություններ: Այդ ազատությունների հետեւողական զարգացման մասին էր խոսում նաեւ ՌԴ նախագահը: Ստեղծագործելու, աշխատելու, մտածելու ազատությունները պետք է անեն իրենց գործը: Գործարարության զարգացման համար աննախադեպ բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը ռուսական իրականությունը գայթակղիչ է դարձնելու տեղական եւ արտասահմանյան ներդրողների համար: Ռուս քաղաքագետները եւ նրանց հետ միասին արտասահմանյան դիտորդները ուշադրությամբ հետեւում են, թե կհերիքի՞ արդյոք վերջին տասնամյակում ձեւավորված ռուսական քաղաքական-տնտեսական համակարգի եւ ռուսական վերնախավերի հավաքական կամքը ի պատասխան արգելամիջոցների ձեւավորելու այնպիսի հասարակություն, որի ոգեղեն ուժը հարգանք եւ պատկառանք կտարածի հեռու եւ մոտիկ հարեւանների մեջ: Ոգեղեն գործոնի իրացումն է, որ ժամանակակից ռեգիոնալացվող գլոբալ տնտեսության եւ տեղեկատվական հասարակության պայմաններում պետք է որ բարձրացնի Ռուսաստանի իմիջը երկրի ներսում եւ երկրից դուրս: Ուժեղ, ազատ եւ բարեկեցիկ Ռուսաստանը կենսական անհրաժեշտություն է մերՙ Հայաստանի համար:

Շնորհավորում ենք

Մեր թերթի քաղաքական վերլուծաբան, հայտնի լրագրող եւ հրապարակախոս Արամ Սաֆարյանը օրերս արժանացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր գնահատանքինՙ «Բարեկամություն» շքանշանին ու պատվոգրին, որի համար սրտանց շնորհավորում ենք մեր աշխատակցին եւ մաղթում կատարյալ առողջություն շարունակելու բեղուն գործունեությունը քաղաքական վերլուծության ոլորտում: Միաժամանակ շնորհավորում ենք նույն շքանշանին արժանացածՙ ՀՀ ԱԺ փոխնախագահ տիկին Հերմինե Նաղդալյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր պրն Վոլոդյա Բադալյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ