RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1562, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԱՄՓՈՓԵՆՔ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Տարեմուտի նախօրյակին ընդունված է ամփոփել, գնահատել ու բոլոր առումներով արժեւորել անցած տարին: Մարդկանց մեծ մասը դա անում է լուռ, ինքն իր մեջ: Մի մասն էլ բարձրաձայնում է, հատկապես` ձեռքբերումներն ու արձանագրում հաջողությունները:

Տարին ընդհանուր առմամբ այնքան էլ վատը չէր, եթե հաշվի չառնենք վերջին օրերի դրամադոլարագնային կտրուկ տատանումները, ապա պիտի արձանագրենք, որ ամեն ինչ ընթանում է նախանշված սցենարով: Չնայած գներն անշեղորեն թանկանում են, մարդկանց եկամուտները` նվազում, սակայն առանձնապես մեծ դժգոհություններ չկան: Մարդիկ արդեն հարմարվել են այդ ամենին եւ եթե կտրուկ ու հանկարծակի չեն լինում անկումները, լուռ դիմանում են, հարմարվում: Ովքեր էլ նեղվում են, ոչ մի խնդիր չկա. հայրենի իշխանությունների սիրահոժար թողտվությամբ եւ մեր անհագ սիրուց տառապող հզորների բարի կամեցողությամբ մեզ համար բաց են բոլոր դռները` երբ, որ երկիր եւ որքան ժամանակով ուզում ես` գնա: Միակ հարցը, թերեւս, կարգավիճակի խնդիրն է, այն էլ գնալով հանգիստ կարգավորվում է: Ուզում ես մեկ, հինգ կամ տաս տարով, ուզում ես ընդմիշտ: Եթե անհրաժեշտ է` միանգամից քաղաքացու կարգավիճակով...:

Աշխարհում երկրներ կան, որտեղ ավելի շատ են հայեր ապրում, քան Հայաստանում: Օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ: Իսկ ավելի կոնկրետ` այսօր Հայաստանի Հանրապետությունում է բնակվում յուրաքանչյուր չորրորդ կամ հիգերորդ հայը: Կարծում եք սա նորմալ չէ՞: Իհարկե նորմալ է, իսկ մնացյալը հնացած մոտեցումներ են: Այսօր մայրենիին չի տիրապետում աշխարհասփյուռ հայության կեսից ավելին: Խնդիր չկա, բայց չէ որ նրանց մեծ մասը ռուսերեն կամ անգլերեն գիտի եւ ավելի շահեկան վիճակում է` մոլորակի որ անկյունում էլ գտնվի` չի նեղվի: Էլ չեմ ասում կրթության, լավ մասնագետ դառնալու, կարերիա անելու, շահավետ ամուսնության եւ այլ հարցերի մասին: Ով չգիտի, որ հենց ՀՀ-ում ավելի բարեհամբյուր վերաբերմունքի են արժանանում ու պաշտոնական սանդղակով վերելակային քայլերով են առաջ գնում «դրսում» (կապ չունի որ երկրի որ կրթական հաստատությունը) ավարտած երիտասարդները:

Շուրջ երկու դար առաջ, երբ երկար մաքառումներից հետո վերջապես գերմանական բոլոր հողերը միավորվեցին եւ այդ կապակցությամբ մեծ տոնախմբություն էր կազմակերպվել, երկրի ղեկավար կանցլերը բաժակ բարձրացրեց առաջին կենացն ասելու. բոլորն սպասում էին, որ նա այն կնվիրի միավորման համար մղված կռիվներում հերոսացած գեներալներին: Սակայն մեծ եղավ բոլորի զարմանքն ու հիասթափությունը, երբ ականջալուր եղան, որ կենացը նվիրված էր հասարակ գյուղական մանկավարժին, ումից սկսվել էր երկրի միավորման գործընթացը: Կարծում եմ, որ գալիք տարում մենք էլ այնքան խոհեմություն կունենանք եւ կգնահատենք բոլոր արժանավորներին: Անկասկած չպետք է մոռանանք, որ մեր կռիվը շարունակվում է եւ զգալի զոհեր ունեցանք, ինչը ամեն գնով պիտի բացառենք գալիք տարում:

Գալիք տարին` 2015-ը հայերիս համար կարեւոր ու վճռական է: Լրանում է Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության, գենոցիդների մեջ ամենագենոցիդային` արմենոցիդի 100-ամյա տարելիցը: Ամենակարեւոր ձեռքբերումն իմ կարծիքով այն է, որ տասնամյակներ շարունակ անպտուղ դեգերումներից հետո վերջապես հանգեցինք ճշմարիտ եզրույթին` պահանջատիրությանն ու հատուցման խնդրին: Զգալի տեղաշարժեր իհարկե կլինեն, սակայն հարկավոր է իրատես լինել եւ ավելի համախմբված ու միակամ շարունակել պայքարն այդ ուղղությամբ: Կիսում եմ բոլոր այն տեսակետները, որ ազգովին պիտի համախմբվենք եւ շարունակենք արդարության հասնելու համար պայքարել, սակայն ավելի սառը, սթափ գնահատենք յուրաքանչյուր քայլ, չմոռանանք, որ այլեւս սխալվելու հնարավորություն չունենք:

Ուզում եմ նշել, որ տարին հոբելյանական է մի քանի առումներով: Առաջին հերթին հայ քաղաքական կյանքի պատմության կտրվածքով. 130 տարի առաջ Վանում ծնունդ առավ հայ անդրանիկ եւ միակ երկրածին Արմենական կուսակցությունը: Քաղաքական կազմակերպություն, ով բարձրաձայնեց թուրքական այլեւս անտանելի դարձած բռնատիրության ազգային, կրոնական, իրավական, տնտեսական վայրագությունների, հայության ազատ ու մարդավայել պայմաններում ապրելու անհրաժեշտության մասին:

Հայ քաղաքական մամուլի առաջնեկ «Արմենիա» թերթը նույնպես գալիք տարում կդառնա 130 տարեկան: Սփյուռքահայ մեկ այլ պարբերական էլ` Եգիպտոսում ցայսօր հրատարակվող «Արեւը» կդառնա 100 տարեկան:

Տարին հոբելյանական է նաեւ այն առումով, որ լրանում է Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների շարքում հերոսաբար կռված, հայրենի տունն ու պատիվը քաջաբար պաշտպանած հայ զինվորի հաղթանակի 70-ամյակը: Անհրաժեշտ է օգտագործել այս հոբելյանները եւ մատաղ սերնդին դաստիարակել ճշմարտացի հայրենասիրությամբ, նրա նյութապաշտական, սերիալառաբիսային հարթությունից տեղափոխել հոգեւոր, հայրենաշինության կառուցման ոլորտ:

Հոբելյաններն իսկապես շատ են գալիք տարում: Ձեռնպահ մնալով դրանց թվարկումիցՙ ուզում եմ հավատալ, որ դրանք ոչ միայն ըստ արժանավույն կգնահատվեն ու անդրադարձներ կունենան, այլեւ կնպաստեն ավելի հարգալից վերաբերվել անցյալին, դասեր քաղել եւ ավելի վստահ, համարձակ, ինքնուրույն ու գիտակից քայլերով առաջ շարժվել: Համոզված եմ` ապագան մերն է լինելու:

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը եւ մաղթում խաղաղություն, նոր նվաճումներ, ստեղծագործական ճախրանք, երամների վերադարձ, արդարության հաղթանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ