RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1941, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՍԻ ՏԱՐԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծանր է մտացի թափառել անցած տարիների մեջ` հասկանալով, որ մեր խնդիրները տասնամյակով չենք լուծել, ու ոչ միայն չենք լուծել, այլեւ նորերն ենք ձեռք բերել: Վերջին տասնամյակի տարիները հետահայաց մեկ առ մեկ քրքրելով` նորից վերապրեցինք, որ ժողովրդով դույզն ինչ չենք փոխվել` նույն իդեալիստն ու անցյալի սխալներից դաս չքաղողներն ենք մնացել, չեն փոխվել մեր քաղաքական եւ տնտեսական դերակատարները, որոնք ներքին փոխատեղումներով միայն հասարակության կյանքի շարժման պատրանք են ստեղծել, չի ավելացել լայն հանրության վստահությունը սեփական իշխանությունների հանդեպ, եթե չասենք, որ այն ավելի ու ավելի է նվազել` իջնելով մինչեւ հորիզոնական կորի: Ու հասկացանք, որ սխալ է անցած տասնամյակի ուրվագիծ ներկայացնելը` մարդկանց նորից չտանելով տասնամյակի մշուշների ու հուսախաբութունների միջով, չավելացնելու համար անցյալից փոխանցված հոռետեսության չափաբաժինը, քանի որ Նոր տարվա շեմին ավելի շատ ուժերի ներհոսքի լիցք է պետք մարդուն, Նոր տարվա անելիքի հանդեպ` հավատի սրտդողանք, ու ոչ թե անցյալի անհաջողությունների հիշեցում: Մեկ տողով միայն բնորոշենք անցած տասնամյակը` լրագրային հրապարակումների մեջ դեգերումներից հետո, չուրանալով բազմաթիվ մանր-մունր հաջողությունները. ընդհանուր անվամբ այն կարելի է կոչել հիասթափությունների ու հույսի, պետության ամրացման առումով ափսոսանքի տասնամյակ, քանզի այդ տասն տարում հայրենքիը չկարողացանք դարձնել հայերի հավատի ամրոց, արդարության օազիս բոլոր հայերի համար, չկարողացանք հասարակ հայի վստահող հայացքն ուղղել դեպի իր իշխանությունը` վերջինիս ներկայացուցիչների գործելակերպի պատճառով: Չկարողացանք ազատագրվել մենաշնորհացված տնտեսությունից, որի «պռելեստները» ցմրուր վայելեցինք ողջ ժողովրդով տասնամյակի բավիղներում, ընդհուպ վերջին գնային խաղեր, երբ մի քանի հոգի, ուրիշ շատ անգամների պես, տատանելով գները` մեր գրպանի հաշվին գերշահույթներ ստացան:

Չկարողացանք ամեն հայի միավոր համարել` երկրի կտրվածքով թանկարժեք, քանի որ նվազող վիճակագրությունը պիտի որ մեր հարուստներին ու հարուստներից կազմված մեր իշխանությանը թույլ չտար անկտուր ու աղքատ մարդկանց ունենալու շռայլությունը երկրում, սեփական անտակ հարստությունների կողքին, թույլ չտար կոկորդիլոսի միս ուտել, երբ Ամանորի շեմին հիսուն դրամ ուզող մրսող մարդիկ կան փողոցում:

Բայց եւ` բոլոր տեսակի դժգոհությունների ու մտահոգությունների ընդմեջեն նաեւ ուրախությամբ կարելի է արձանագրել, որ դեպքերի ու դեմքերի անագորույն շարժընթացի կողքին տասնամյակի ծակուծուկերից միշտ պեծին էր տալիս ու պլստում էր հույսը` մեր կյանքն ավելի լավը, մեր հայրենիքը շատերի համար հարմարավետ դարձնելու: Մերթընդմերթ դուրս էր սպրդում լավատեսությունը մի ժողովրդի, որը միշտ իր հումորով ու պարզ սրտով, այնուամենայնիվ, կարողանում է հաղթահարել բոլորին ու ամեն ինչ եւ չկորցնել հույսը: Դրա համար միայն կարելի է հարգել հայերին` նրանք երբեք հույսը չեն կորցնում ապագայի հանդեպ` «Լավ կլինի». ասում են: Ու էս ժողովրդի ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդմությունը (եթե այդպիսին գոյություն ունի) պետք է շնորհակալ լինեն նրան, որ չնայած ապաշնորհ կառավարմանն ու որպես ընդդիմություն էլ բազմիցս տրված շանսի ապաշնորհ իրագործմանը, չնայած անշեղ աղքատացմանն ու չինովնիկի ձեռքին խաղալիք լինելուն` դեռ ունի հույսը կարգին երկիր ունենալու եւ կարգին իշխանություն: Աշխարհում գոյատեւում, իրենց ձեռագիրն են կերտում եւ իրենց դեմքն են պահպանում միայն հույսը չկորցրած ժողովուրդները: Եւ ուրեմն ավելի լավ է խոսել ոչ թե ողջ անագորույն տասնամյակի մասին, ինչպես նախապես մտադրվել էինք, այլ տասից մեկի` այս տարվա մասին, որ նման եւ հարիր էր անցած իննինՙ զարմանքի աստիճան: Նման էր ժողովրդի ցասումի ու բողոքի մեջ` միշտ մաքսիմալիստական-չիրագործվող պահանջներով, քաղաքական դասի` խաբս տալու արվեստի մեջ հմտությամբ ագերազանցելիության, բոլոր վիճակներից դուրս գալու հայի հնարամտության ու հայի վերջին խելքի առումով, եւ, այնուամնեայնիվ, տարբեր, քանի որ մեր նավը կտրուկ փոխեց երթուղին` հեռու եւ հայտնի եվրոպաների փոխարեն գնաց դեպի մոտիկ եւ անհայտ Եվրասիական միություն:

Այս տարին բոլոր առումներով կարելի է համարել խաբս տալու կամ ժողովրդի լեզվով ասած` գլուխ պահելու տարի: Այսպես , թե այնպես` մեր խնդիրների մեծ մասը, որ ստացել էինք դեռ նախորդ տարվանից, այս տարի էլ անօգուտ շուռումուռ տալով ու չլուծած` փոխանցում ենք հաջորդ տարուն: Բոլոր առումներով` քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեհամակարգային, միայն թե մի նոր ու անորոշ բացվածքի մեջ, որը կրում է Եվրասիական տնտեսական միություն անունը:Անցած տարին խորհրդանշող ձին սլացավ` անարդյունավետ փաստորեն, արագ շարժվել չիմացողին ի՞նչ կանի սլացքը, իսկ թե ի՞նչ է բերելու չարաճճի կատակներ սիրող ու համառությամբ հայտնի այծը` դեռ պարզ չէ:

Տարին սկսվեց նոր վարչապետով, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու խոստումով եւ հայեցակարգով` թե բերեք նախագահի ինստիտուտը յոթ տարով դարձնենք, նրան ընտրի Ազգային ժողովը, վարչապետի լիազորությունները շատացնենք, խորհրդարանն էլ երեւի թե հարյուր տոկոս համամասնական դարձնենք` միգուցե այդ բոլորից հետո լավ ապրենք, հը՞: Բայց քանի որ այդ փոփոխությունների մասին խոսելը Հայաստանի նախագահը թողեց նոր տարուն, ոչ իշխանական քաղաքական ուժերն էլ անընդհատ ինչ -որ սերիալային հանրահավաքներով էին ժամանակ ձգում, պարզ էր դառնում, որ սահմանադրական փոփոխություններն այլ նախագահի ու այլ վարչապետի են վերաբերելու: Ընդ որում դեռ պարզ էլ չէ` դրանց հիմնական կետերն ինչ աստիճանի ընդունելի են ոչ իշխանական դաշտը կառավարող հիմնական ուժի ու նրա ղեկավարի համար, եթե նկատի առնենք ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի աթոռներին տիրապետելու այդ ուժի հավակնությունները: Գումարած այն, որ ԵՏՄ մտնելուց հետո արդեն շատ բան կորոշի ռուսական բեւեռը, այնպես որ` եւ քաղաքական ուժերի, եւ անհատների` Մոսկվային դուր գալու ձգտումները, որքան էլ ցավալի պետություն ու հայրենիք ունենալու տեսակետից, սովորական օրակարգ են դառնում:

Այդպիսով` տարեմուտի դիտակետից ավելի քան վերծանելի է դառնում այն անհասկանալի գործելակերպը (անհասկանալի` լայն հանրության համար, բայց ոչ մեր), որ որդեգրել էին ոչ իշխանականներն իրենց ակամա թե կամա ղեկավար ուժի ԲՀԿ-ի հետ` դանդաղորեն գնալ դեպի բնականոն իշխանափոխություն, բայց նախ` ԵՏՄ-ի հետ կապված հստակություններից հետո, քանի որ միգուցե հենց այս կառույցն ունի իր հոմանիներին` մեր իշխանության եւ ընդդիմության մեջ (իմ սերնդի կյանքն, այսպիսով, իզուր անցավ): Իսկ տարեվերջյան հայտարարություններն ու հարցազրույցներն ավելի քան հասկանալի են դարձնում այս տարին բարով-խերով, մի կերպ-անցնցում ուղարկելու ծառուկյանական ողջ ջանքը` Նոր տարվա համար ամբողջը մեկ անգամ եւս կրկնելու նոր ռեսուրս հավաքագրելու մտադրությամբ: Հենց միայն Գագիկ Ծառուկյանի խիստ անհատական վերջին հայտարարությունն այդ էր ասում: Ծառուկյանը 2015-ի հունվարի 20-ին լայն քաղաքական ֆորմատով համաժողով հրավիրելով եւ դա իր անձնական նախաձեռնությունն անվանելով, այդպիսի նախաձեռնության իրականացման համար այլ քաղաքական ուժերի հետ չխորհրդակցելով, փաստորեն քաղաքական նախաձեռնությունը վերցնում է ողջ տարվա համար, մյուսների համար նման նախաձեռնությունների իրացումը դժվարացնելով. եթե մարդիկ տեսնեն, որ գործընթացները նրա ձեռքում են, հայ հասարակությունն հենց այդպիսին է` գլխովին նետվում է ջուրն առանց համանման վիճակները ու դրանց դասերը հիշելու, ապա հազիվ թե այդ կարգի այլ նախաձեռնություններ այլեւս արձագանքի արժանանան` հետեւանքներով հանդերձ: Միայն թե այդ նախաձեռնությունը ողջ տարին կարո՞ղ է կրկին գործողությունների շղթա ապահովել` մինչեւ մյուս ընտրություններ, թե՞, այնուամենայնիվ, ե՛ւ նախագահ Սարգսյանը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանն մեզնից չկախված կամ մասամբ կախված գործընթացներից են տեղյակ, երբ առաջինը սահմանադրական փոփոխությունների, այսինքն` Հայաստանի մոտակա կամ հետագա իշխանական սիլուետի մասին որոշումը թողնում է փետրվար -մարտին, իսկ Ծառուկյանը քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածն իրենով է անում հունվարի 20-ից սկսած: Թե ինչով կպատասխանի այս նախաձեռնությանը ՀՀԿ ղեկավար-երկրի նախագահը, դեռ առաջիկայում կերեւա, բայց որ սովորաբար գործընթացները կանխելու սովորություն ունեցող Սերժ Սարգսյանն ինչ- որ բանով պատասխանելու է, անկասկած է: Հետաքրքական է նաեւ Սարգսյան-Քոչարյան` մեկամսյա վաղեմության հանդիպման մասին լուրը, որը մամուլում է հայտնվել հիմա, որի ժամանակ իբր քննարկվել են 2018-ի նախագահական ընտրությունների թեկնածուների խնդիրը: Եթե Ծառուկյանը տարուբերվում է իր այս կամ այն որոշման մեջ այս առումով, ապա այս լուրն, իրոք, հետաքրքրական է: Այնպես որ` քաղաքական հանգուցալուծումներ այս տարի չեղան, ուղղակի ԲՀԿ-ն գրավեց ընդդիմադիր դաշտը` իրեն ոչ իշխանական անվանելով, իսկ հանգուցալուծումները մնացին նոր եկող տարուն:

Ասենք, որ ինչ էլ տեղի ունենա, ինչպես էլ օլիգարխիական կառավարման մի խումբը փորձեն փոխարինել օլիգարխիական մի այլ խմբով, առանց համակարգին դույզն ինչ կպնելու, հայկական զարգացող աշխարհ ունենալու երազանքի առումով սա ջրապտույտ է, որն իր մեջ կլանում է տաղանդավոր հայ մարդկանց նոր գաղափարները, զարգացման եւ առաջընթացի ծիլերը` ժողովրդի կյանքի հոգեւոր ու նյութական շեմն անընդհատ ցածրացնելով, չթողնելով, որ այս երկիրն ընթանա աշխարին համահունչ: Այս մասին մտածելը չի խանգարի անգամ օլիգարխներին, չէ որ նրանք եւս մեր ազգից են:

ԵՏՄ-ի մասով: Փաստորեն Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր վավերացումներն արդեն կատարվել են, իսկ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում արդեն Հայաստանին կարելի էր ԵՏՄ լիակատար անդամ համարել: Չնայած` այդ հավաքին ներկա Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների ելույթների կոշտությունն ու բովանդակությունը հուշում էին` պրոբլեմներն ավելի շատ են, քան թվում էր առաջին հայացքից, ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ, որքան որ նկարագրում էին մեր լոբբիստները, ու ամեն ինչ ավելի է նմանվում նրան, երբ օտար տուն ես հարս գնում, եւ իսկական պրոբլեմները տեսանելի են դառնում որոշ ժամանակ անց:

Զուգահեռ` Եվրոմիության հետ Հայաստանը բանակցություններ է սկսում` հնարավորությունների այն պատուհանի շուրջ համաձայնագիր կնքելու, որը թույլ կտա ԵՏՄ անդամակցությունը: Սա խրախուսելի է` բոլոր ձվերը նույն զամբյուղում չունենալու համար: Իսկ թե Եվրոպայի հետ հարաբերությունները պրոյեկտվելու են ԵՏՄ-Հայաստան կապի հենքո՞վ, թե՞ ընդհակառակը, լրացուցիչ հնարավորությունների պատուհան են դառնալու, սա դեռ անհայտ է եւ կերեւա բանակցությունների ընթացքից: ԱՄՆ-ի պատասխանը` Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու եւ Ռուսաստանին ինտեգրվելու որոշմանը նույնպես չուշացավ, վիզայի ազատականացման տեսքով: Վերջինը, կարելի է ասել, շատ հայաստանցիների սրտով է, քանի որ տարին 180 օր ԱՄՆ-ում գտնվելը տարվա մեջ այդքան ժամանակ համեմատաբար բարձր վաստակով ԱՄՆ-ում աշխատելու հնարավորություն է նաեւ, չնայած այդ հնարավորությունը բոլոր շերտերին չի տրվում: Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են:

Ահա այսպես, մեր երկրի համար մի փուլ ավարտելով եւ ուրիշ մի փուլի դուռ բացելով` մտնում ենք 2015: Միգուցե հունվարի 13-ին արթնանանք բոլորովին ուրիշ վիճակի զգացողությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ