RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2337, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԽՈՍՈՒՆ ՀԻՇԱՏԱԿ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Ձեր անձի մեջ հորս կտեսնեմ, երբեմն ինձ ասում էր Մեսրոպ Սրբազանը եւ, երբ նա այլեւս չկար, իմ ցավակցականում նրան անհնազանդ զավակ էի անվանել: Անհնազանդ էր, քանի որ, չնայած արտաքին հանգստությանն ու մեղմությանը, իր մեջ մի անկառավարելի ռեակտոր կար, ոչ միայն աշխատունակության իմաստով, այլեւ գաղափարներ ու նորություններ ծնելու փաստով, լավն ու բարին անհատույց շռայլելու ձգտումով:

Այն աշխատանքները, որ կատարել էր Մեսրոպ Սրբազանը, որոնց տողերիս հեղինակը մասնակից է եղել, չնչին մասն են իր կարճ ժամանակի գործունեության, որը հարկ է հիշել, թողնելով գործունեության ավելի լայն սպեկտորն այլոց, որոնք Սրբազանի կողքին ավելի երկար են եղել:

Սրբազանի նախաձեռնությամբ 1991-ին ստեղծվեց «Մեծն Ներսես» բարեգործական գրասենյակը, որը մեծագույն օգնություն կազմակերպեց, հատկապես, Երեւանի մտավորականությանը, մութ ու ցուրտ տարիներին:

25.000 ընտանիք ստացավ 20 կիլոգրամանոց պարեն պարունակող ծանրոցներ, վառելիք ու տաք հագուստ:

«Մեծն Ներսեսն» այժմ էլ գործում է, այսօրվա պահանջներից ու կարիքներից ելնելով, աներկբա նվիրումով:

Իմ կարծիքով, Սրբազանի ոչ միայն հայաստանյան գործունեության, այլեւ ողջ կյանքի պսակը նրա հիմնած «Թռչունյան տուն» մանկատունն էր, որը մինչ օրս մեծ դժվարություններով (քանի որ չկա Սրբազանը) գործում է Գյումրիում:

Մի օր խորհրդապահաբար Սրբազանը հայտնեց, թե Երեւան է բերել մի կտակ ԱՄՆ-ից, վախճանյալ, ոմն Վարդան Թռչունյան 270.000 ԱՄՆ դոլար է թողել եւ ցանկություն հայտնել, որ Գյումրիում գտնվի այն շենքը, ուր ինքըՙ Վարդանը սան է եղել ամերիկյան որբանոցում: Շատ ուշ պարզեցինք, որ Վարդանի ազգանունը Տերչունյան է եղել:

Պատմությունը շա՜տ հետաքրքրական է, թե իր անցյալով, թե իր ստեղծման տարվա գոյությամբ, սակայն չհեռանանք Սրբազանի անձից:

Ինչո՞ւ կտակի փաստն ինձ հայտնվեց խորհրդապահաբար, քանի որ կտակը Անթիլիասի աթոռինն էր, իսկ Սրբազանն այն բերել էր Էջմիածին: Նաՙ Մեսրոպ Սրբազանը մեծագույն ծառայություններ մատուցեց Էջմիածնին, սակայն մնաց իր ուխտին ու երդմանն անդավաճան, որը տվել էր Մեծի տանն Կիլիկիո աթոռին: Սա, թե լայնախոհություն էր, թե իր ուխտին նվիրյալ լինելու (այսօրվա համար ցպահանջ) ոչ միայն փաստ, այլեւ օրինակ:

Կհասկանա՞ն այս օրինակը լսելուց հետո մեր քաղաքական այն գործիչները, որոնք մի քանի գույն են փոխել, իրենց եւ Սրբազանի տարբերությունը, թե՞ ոչ, թողնենք յուրաքանչյուրի խղճին ...

Վարդան Թռչունյանի որբանոցի շենքը գտնվեց, որը ռուսական զորքի սեփականությունն էր եւ մեզ տրվեց անվճար, մանկատուն-կրթարանը ստեղծվեց, սակայն երեխաները որբացան երկրորդ անգամ, կորցնելով Մեսրոպ Սրբազանին:

«Թռչունյան տունը» մինչ օրս գործում է նույն շենքում հիմնված «Հրանտ Դինքի» անունը կրող միջնակարգ դպրոցով, տվել է երեք տարվա շրջանավարտ, որոնք ոչ միայն կյանք են մտել, այլեւ այսօր կանգնած են սահմանի վրա, զենքերը ձեռքին:

Ընթերցողը թող չզարմանա, եթե հավելեմ, թե «Թռչունյան տուն» են գալիս ուսանելու 75 երեխա Սեւերսկի թաղամասից, քանի որ դպրոցը 5 կմ հեռու է («Թռչունյանը» հենց թաղի մեջ է), իսկ պատկան մարմինները «Թռչունյանը» համարելով մասնավոր դպրոց, նրա գործունեության ողջ ընթացքում մեկ լումա չեն տրամադրել: Թե մանկատունը, թե դպրոցը գործում են Սփյուռքից հանգանակած գումարներով, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացի երեխան, ըստ Սահմանադրության, անվճար ուսանելու իրավունք ունի:

Մի օր էլ, ոչ խորհրդապահաբար, այլ մի քիչ հուսահատ ու խեղճացած, Գյումրիի ճանապարհին, Սրբազանը ցույց է տալիս մի գիրք, ուր մեկ էջի վրա 28 սխալ կա ու ասում, որ իր ջանքերը լավ գիրք հրատարակելուՙ իզուր են անցնում, հրատարակչական գործի ցածր մակարդակի պատճառով:

Խոստանում եմ ու տանում «Գեւորգ Ա. Մոմջյան» հիմնադրամի տպագրական կենտրոն, որը գործում էր 1997 թվականից, ուր Սրբազանը պայծառանում է, խնդրում աշխատել այս կենտրոնի հետ: Նա առաջարկում է հրատարակչության անունը դնել «Մուղնի», Մուղնիի Սբ Գեւորգ եկեղեցու, ուր ինքը մեծագույն գործեր էր արել եւ ցանկանում է «ամեն ինչից քաշվել եւ «Մուղնիում» ըլլալ միաբան»...

Ճիշտն ասած ինձ Մուղնիի ղ-ն դուր չի գալիս, Սրբազան Հայր, բայց Դուք էլ կասեք, թե Կոզմոյանի զ-ն Ձեզ դուր չի գալիս, ուրեմն, համաձայնվենք, թող լինի «Մուղնի»:

Շատերին է թվում, թե «Մուղնին» Սրբազանի հիմնածն է եւ, եթե քաշքշուկ չլինի, այդ կարծիքը ուղղելու համար ես «Մուղնին» «Մեսրոպով» կփոխարինեի:

Ինձ շատերն են հայտնի, որոնք Սրբազան Հորը շահադիտական միտումներով մոտեցան, նրա, հաճախ, միամիտ ձեւացնելուց ու բարեկրթությունից օգտվեցին, բարեբախտաբար մարդկային այլ որակներ նրան գնահատեցին ու գնահատում են, իր անունով գիտական աշխատասենյակներ հիմնելով մեր երկրի գիտության կաճառի սրտումՙ Ակադեմիայում:

9.12.2014

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ