RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2557, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» թեմայով նվիրված` ցեղասպանության իրավական հարցերի քննարկմանը: Մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Եվրոպական հրեական խորհրդարանի ղեկավարությունները, գիտահետազոտական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների, մասնագիտական եւ փորձագիտական կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը : Համաժողովը ողջունեցին Ուրուգվայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Աստորին , ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը , Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը , Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը , Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը եւ ուրիշներ: Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Ա. Աբրահամյանը` կարեւորելով նմանատիպ քննարկումները, շեշտեց, որ դրանք կծառայեն իրենց նպատակին եւ համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում Թուրքիան էլ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը եւ կփորձի քավել իր մեղքը պատմության ու հայ ժողովրդի առջեւ: Իսկ Է. Շարմազանովը մասնավորապես շեշտեց, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու վնասների հատուցմանը հասնելու համար անհրաժեշտ է ապահովել չորս միասնություն, դաշինք. 1. Հայկական իշխանությունների, 2. Արցախի Հանրապետության, 3. Համայն հայության եւ 4. բոլոր բարեկամ երկրների:

Տ. նախարար Հ. Հակոբյանը շեշտեց, որ այսօր սահմանները փակ պահելով եւ շրջափակելով, ցեղասպանների ժառանգորդները միլիարդավոր դոլարների հասնող վնասներ են պատճառում մեր երկրին եւ, ըստ էության, շարունակում ցեղասպանության քաղաքականություն իրականացնել: Թեեւ մեկ հայ որպես թանգարանային նմուշ թողնելու նրանց տմարդի նկրտումներին, հայը ոչ միայն ապրեց ու արարեց նաեւ օտար ափերում, այլեւ աշխարհին շնորհեց Շառլ Ազնավուր ու Գառզու, Վիլյամ Սարոյան ու Անրի Վերնոյ: Մի պահ պատկերացնենք, թե որքան կլիներ այդ աստղաբույլը, եթե չլիներ Ցեղասպանությունը: Հայտնի է, որ Հայոց եղեռնը Հոլոքոստի նախափորձը եղավ, իսկ այն ընդունվեց ու հատուցվում է Եղեռնի հենքի վրա գրված կոնվենցիայով:

Հետեւապես միանգամայն արդարացի ու տեղին կլիներ այս տեսակ քննարկումներ կազմակերպվեին հենց Իսրայելի Կնեսետում եւ կատարվեին համապատասխան եզրահանգումներ: Ես համոզված եմ,-հաստատակամ շարունակեց տ. Հակոբյանը, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան էլ կճանաչի Եղեռնը եւ կզղջա անարդարության համար:

Այնուհետեւ կարդացվեցին մի քանի զեկուցումներ: Առաջին զեկույցն ինձ համար անհայտ պատճառով ռուսերենով (գեներալ Հայկ Քոթանջյան ) էր: Մի շարք հարցերի անդրադառնալուց հետո հեղինակն հանդես եկավ յուրակերպ առաջարկով` Իսրայելի ներկա ղեկավար այրերին 2015 թ. ապրիլի 24-ին հրավիրել ՀՀ Եղեռնի 110-ամյա տարելիցին մասնակցելու եւ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար:

Իր զեկուցման մեջ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հետապնդումը նոր ու ավելի բարձր իրավական մակարդակի վրա դրվեց ՀՀ երրորդ Հանրապետության ստեղծմամբ, քանի որ այն որպես նորաստեղծ հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային խնդիր ամրագրված էր Անկախության Հռչակագրում: Մեկնաբանելով վերջերս Էրդողանի այն հայտարարությունը, որ եթե Թուրքիայում ցեղասպանություն լիներ, այնտեղ այլեւս հայեր կբնակվե՞ին, Շ. Քոչարյանը հրապարակախոսական հարցադրում կատարեց.

- Ո՞վ չգիտի, որ այսօր Գերմանիայում հազարավոր հրեաներ են ապրում:

Հետաքրքրական էր ֆրանսաբնակ, Եվրոպական հրեական ֆորումի պատվավոր նախագահ, դոկտոր Շիմոն Սամուելսի զեկույցը: Կարճ պատմական էքսկուրս կատարելով նա անդրադարձավ մերօրյա զարգացումներին ու շեշտեց, որ այսօր ջիհադի զինվորներն ամենուրեք իրենց թիրախն են դարձրել ոչ միայն հրեաներին, այլեւ հայերին, որ ջիհադիստների մոտ շրջանառության մեջ է մտել եւ լայնորեն կիրառվում էքրիստոնյատյացություն երեւույթը: Մենք այսօր Ձեր կողքին ենք եւ հույս ունենք, որ Դուք էլ մեր կողքին կլինեք այն հաստատ համոզմունքով, որ առանց Ժողովուրդ-գիրք-հող եռամիասնության հնարավոր չի լինի երկար գոյատեւել:

Միջազագային իրավունքի հարուստ իմացությամբ, կիրթ ու անթերի հայերենով, ազատ, անկաշկանդ, յուրակերպ ու տարողունակ զեկույցով լսարանին հիացրեց «Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հենքերի վերլուծություն. Կիրառելի իրավունքի հիմնահարցը» վերնագրված զեկույցով Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը : Նա նշեց, որ թեեւ ՄԱԿ-ի կոնվենցիան առ այսօր ընդունել են դրա անդամ 193 երկրներից 142-ը, սակայն անկախ դրանից ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է եւ քրեորեն պատժելի արարք:

Հակիրճ զեկուցումով հանդես եկավ նաեւ ԵՊՀ դասախոս, Լեւոն Գեւորգյանը : Այնուհետեւ մասնակիցներին ելույթներ ունենալու եւ մտքերի փոխանակության հնարավորություն տրվեց: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ այն փաստին, որ տնտեսական եւ նյութական վնասները եւս ցեղասպանության դրսեւորումներ են ու անկասկած պատժելի: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ա.Խոսրոեւան էլ հանդես եկավ առաջարկությամբ` հասունացել է պահը եւ Հայոց խորհրդարանը պիտի ընդունի հույների եւ ասորիների ցեղասպանության իրողությունը եւ դատապարտի պատշաճ մակարդակով: Իր ծավալուն ելույթում Հատուցման հինգ բաղադրիչները առանձնացրեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը :

Բավական զգացմունքային ելույթ ունեցավ Ռումինիայի հրեական համայնքի ղեկավար Կաթսը : Նա նշեց, որ ավելի շատ հայերի հետ առնչվում է առօրյա խնդիրներով եւ լավ գիտի, թե ինչ ասել է ժխտում, ուրացում եւ թե որքան է ցավոտ այն: Բայց միշտ հիշելով հարկավոր է առաջ նայել, որպեսզի անցյալը չկրկնվի: «Այսուհետ ես հայկական հարցի դեսպանը կդառնամ Ռումինիայում եւ կանեմ ամեն հնարավորը հօգուտ դրա»,- խոսքը հանդիսավոր շեշտադրումով եզրափակեց նա:

Թուրքերի հետ հաշտվելու մասին բանակցելու իրենց գործառույթների մասին ելույթ ունեցավ Արեւմտահայոց Ազգային համագումարի քարտուղար Սեւակ Արծրունին : Պատմաբանիս համար հաճելի էր ականջալուր լինել ելույթ ունեցողի դրվատանքի խոսքերն այն մասին, որ հայ պատմագիտությունը լիովին ապացուցել է ցեղասպանության փաստը եւ դրա շարունակական բնույթը, սակայն հաշտվելու մասին առաջարկները, մեղմ ասած, առայժմ կանխահաս են:

Կրքոտ ու որեւէ պատճառաբանություն չընդունող շեշտադրումով ելույթ ունեցավ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը : Պատմաբանի դիրքերից նա հարց բարձրացրեց. դարեր շարունակ տարածաշրջանն անվանվել է Էրմենիստան, այդ երբ եւ ով այն վերափոխեց ու դարձրեց Անատոլիա: Շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ի պաշտպանություն այսօր ցեղասպանվող եզդի ժողովրդի ունեցած ելույթի համար, նա ընդգծեց, որ որեւէ այլ երկիր հօգուտ իրեն ժողովրդի ոչինչ չի անում եւ «մինչեւ ե՞րբ» հարցով էլ ավարտեց ելույթը:

Ելույթի համար Ռամկավար Ազատական կուսակցության կողմից ձայն տրվեց ինձ: Կից ներկայացնում եմ տողերիս հեղինակի ելույթի համառոտ տարբերակը:

***

Արձանագրենք, որ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ քննարկումներն ավելի հաճախակի են դարձել: Սա դրական է մարդկությանը մի ամոթալի խարանից մաքրելու եւ այդտեսակ ողբերգությունները կանխելու ճանապարհին: Սակայն այս գործընթացներում երբեմն առկա են տարաբնույթ մեկնակետեր, որոնց մասին էլ կուզենայինք ներկայացնել մեր դիտարկումները:

Լավ է, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին անցում կատարվեց դեպի ճշմարիտ ուղին` հանդես գալ որպես պահանջատեր եւ ստիպել ցեղասպանների ժառանգորդներին ոչ միայն առերեսվել սեփական պատմությանն ու հրապարակավ ներողություն խնդրել, այլեւ փոխհատուցել հայ ժողովրդին պատճառած բոլոր տեսակի վնասների համար:

Համամիտ ենք ներկայացված այն տեսակետին, որ հատուցումը պարունակում է հետեւյալ հինգ բաղադրիչները.

ա. բոլոր գլխավոր հանցագործների եւ նրանց կամակատարների նոր դատավարություն եւ պատասխանատվության չափի պարզաբանում,

բ. բռնագրավված ինչքի վերադարձ եւ փոխհատուցում, սպանությունների, տառապանքի, մշակութային, կրոնական եւ կրթալուսավորչական կորցրած հնարավորությունների դիմաց,

գ. հրապարակավ ճանաչում եւ ներողության հայցում,

դ. հայ ժողովրդի լիակատար վերականգնման եւ կենսունակությանը նպաստող երկարաժամկետ գործողություններ,

ե. միջոցառումներ, որոնք կառողջացնեն համապատասխան առիթներ ներկայանալու դեպքում հանցագործ հակումներ դրսեւորող հասարակությանը:

Կարեւոր է հստակեցնել նաեւ, թե ո՞վ կարող է պահանջել հայության խախտված իրավունքների վերականգնումը: Հայաստանի Հանրապետությո՞ւնը. Սփյո՞ւռքը, որը իրավաբանական միավոր չէ. Հայաստանում եւ Սփյուռքում ապրող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգնե՞րը: Հայտնի է, որ 1915 թ. կոտորածների պահին Հայաստանը որպես պետություն գոյություն չուներ, սակայն 1948 թ. ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմ է եւ թույլ է տալիս փոխհատուցում պահանջել Թուրքիայից, որը Օսմանյան կայսրության փոխարինողն է եւ ոչ թե իրավահաջորդը եւ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Հայաստանը իրավունք ունի իրականացնել ցեղասպանության զոհերի պաշտպանությունը, որոնք իր հետ առնչվում են ակնհայտ իրավական, կրոնական եւ էթնիկական կապերով: Այդ կապը գոյություն ունի, քանի որ հանցագործության զոհերը հայեր էին, ովքեր խոսում եւ գրում էին հայերեն, ունեին հայկական դպրոցներ, հայկական մշակույթ, եկեղեցիներ, վանքեր, տներ եւ շինություններ: Մանավանդ, որ ցեղասպանության զոհերի իրավահաջորդներից շատերը Հայաստանի քաղաքացիություն ունեն, հետեւաբար Հայաստանն ունի վնասի հատուցման պահանջներ ներկայացնելու իրավական հիմքը: Ուստիեւ այս գործողությունը հնարավոր է ձեռնակել միայն պաշտոնական ձեւովՙ Հայաստանի հանրապետության միջոցով:

Մյուս կարեւոր հանգրվանը, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալն է. Հոլոքոստը ճանաչվել, դատապարտվել ու դրա զոհերին վնասների փոխհատուցում է տրվում Հայոց եղեռնի հենքի վրա Ռաֆայել Լեմկինի գրած եւ ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության մասին օրինագծով, սակայն մինչ օրս այն դատապարտված չի: Ինչո՞ւ:

Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին: 1919 թ. հունվարի 8-ին լիակատար օրինական հիմքով կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ: Դատավարությունը ցույց տվեց, որ արեւմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական միջոցառումներ չէին եւ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել երիտթուրքական կուսակցության նախաձեռնությամբ ու կարգադրությամբ: 1919 թ. ապրիլի 27-ից-հունիսի 26-ը (13 նիստ) տեւած Դատավարությունը 1919 թ. հուլիսի 5-ին հրապարակած դատավճռով 4-ը` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը եւ Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը` տարբեր տարիների ազատազրկման:

1945 թ. նոյեմբերի 20-ից-1946 թ. նոյեմբերի 20-ը ֆաշիստական Գերմանիայի ղեկավարների դեմ Նյուրնբերգի միջազգային զինվորական դատարանում եւս կայացվեցին համապատասխան դատավճիռներ` Հոլոքոստն իրականացնողների նկատմամբ:

Մի շարք նմանություններ ունեցող Եղեռնի եւ Հոլոքոստի միջեւ այդ պահից ի հայտ են գալիս ակնհայտ տարբերություններ, հատկապես ետդատավարական ընթացքի, հետեւանքների եւ միջազգային արձագանքների առումով: Ամենաակներեւն այն էր, որ Ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, փաստորեն, կորցրեց իր պատմական հայրենիքը, մինչդեռ Հոլոքոստից հետո հրեական սփյուռքը կարողացավ ստեղծել Իսրայել պետությունը եւ հրեաները հնարավորություն ունեցան վերադառնալ ու բնակություն հաստատել իրենց հայրենիքում. սրան հակառակ` առ այսօր ճանաչված չէ տարագիր հայության հայրենիք վերադառնալու եւ փոխհատուցում ստանալու իրավունքը: Երկրորդ ամենացայտուն տարբերությունը վերաբերում է արդարադատության խնդրին: Եթե Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջ աշխարհը դատապարտեց նացիստական ոճիրները, իսկ Գերմանիան փոխհատուցեց հրեաներին, Հայոց ցեղասպանությունից հետո ոճրագործները մնացին անպատիժ, աշխարհի մեծագույն մասը լուռ մնաց, իսկ Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը եւ զբաղվել պատմության նենգափոխմամբ: Եթե միջազգային իրավունքի նորմերով Հոլոքոստը համարժեք է ցեղասպանությանը, ապա նույնը չի կարելի ասել Մեծ Եղեռն արտահայտության մասին, որը միջազգային իրավունքի բնագավառում ցեղասպանությանը համարժեք եզրույթ առայժմ լիովին չի գնահատվում:

Հրեաների Հոլոքոստն այլեւս չի կրկնվի, որովհետեւ ոչ միայն Իսրայել պետությունն է ինքն իրենով հզոր, այլեւ` աշխարհասփյուռ հրեաներն են կանգնած Իսրայելի կողքին: Ինչ վերաբերում է հայերիս` բողոքելու փոխարեն ինքներս պետք է մեր վրեժին եւ արդար հատուցմանը տեր լինենք` Հայաստանը հզորացնելով տնտեսապես եւ ռազմականորեն: Միամտություն է մտածել, որ գերտերությունները մեր գեղեցիկ աչքերի կամ ողբալու համար մեզ կտան մեր հողերը, կամ մեր փոխարեն վրեժ կլուծեն: Սովորենք հրեաներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ