RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1425, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՏԱՐԲԵՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անմիջականորեն հետեւելով Համաշխարհային հայկական կոնգրեսի հրավերով Երեւան ժամանած հրեական եվրոպական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած խորհրդարանական լսումներին ու դրանց հետեւած խորհրդաժողովի աշխատանքներին (մանրամասնություններըՙ 2-րդ եւ 3-րդ էջերում), որոնք ընթացան պատշաճ մակարդակով եւ հայկական հյուրընկալությանը հարիր մթնոլորտում, կուզենայի ներկայացնել իմ մի քանի դիտարկումները, հիմնված զուտ անձնական տպավորությունների վրա:

Թե՛ խորհրդարանական լսումների, թե՛ խորհրդաժողովի թեմաներըՙ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» եւ «Երկու սփյուռքյան կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրերի ներքո, արդեն գծում էին արծարծվող հարցերի շրջանակը, Մեծ եղեռնի 100-րդ եւ Շոայի (Հոլոքոսթ) 70-րդ տարելիցների մոտիկությամբ էլ պայմանավորված: Ժխտողականության, մարդատյացության, ցեղապաշտության, կրոնական մոլեռանդության դեմ պայքար: Սրանք էին այն հարցերը, որոնք հետաքրքրում էին հրեական կողմին: Մինչդեռ հայկական կողմը սեւեռված էր գլխավորաբար Ցեղասպանության ճանաչման հարցի վրա, մանավանդ որ լսումներից ընդամենը երկու օր առաջ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, որը նախապես մեզ հայտնի էր Քնեսեթում որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով, մերժել էր քննարկման համար վավերացնել հերթական բանաձեւը նույն Քնեսեթում:

Սակայն զարմանալիորեն այդ պարագան ոնց որ հարկն է չարծարծվեց հայկական կողմից: Մեր հռետորները հիմնականում բավականանում էին հայ եւ հրեա բարեկամության ոգեկոչումներով: Նույնիսկ մեր արվեստագետներից մեկը չզլացավ հիշել, որ ինքը պատիվ է ունեցել գիշերելու Իսրայելի նախկին վարչապետ եւ նախագահ Շիմոն Պերեզի տանը, չմոռանալով նրան որակելՙ «հանճարեղ»:

Ընդհանուր առմամբ, զանց առնելով բացառությունները, նման քաղաքական ֆորումներում մեր ազգակիցների ոչ քաղաքական, ես կասեիՙ հայավարի ելույթները, զգացմունքայնության դրսեւորումները մատնում են օտարազգիներին դուր գալու մի միամիտ միտում, որը թողնում է, ընդհակառակն, աննպաստ տպավորություն: Պետք է միշտ հիշել նույնՙ հրեա առաջնորդներից մեկիՙ Իսրայելի առաջին վարչապետ Գոլդա Մեյերի հորդորը իր ժողովրդին. «Մեզ պետք չէ ուրիշ ազգերի սերը մեր նկատմամբ. ավելի լավ է այսուհետեւ նրանք վախենան մեզնից ու հարգեն մեզ, քան թե սիրեն»...

Ինչ վերաբերում է հրեա գործիչներին, նրանք անհամեմատ գործնական ու գործնապաշտ էին. «կտասՙ կտամ» բանաձեւն էր տիրապետող նրանց մոտ: Ու թեեւ նրանց կողմից եղան որոշ երկրներում հայության հետ աշխատելու խոստումներ, մասնավորապես ցեղասպանության դեմ կրթական ու հասարակական ոլորտներում պայքարելու առաջարկներ ներկայացվեցին, սակայն նրանց մոտ ես չնկատեցի որեւէ շահագրգռվածություն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին աջակցելու, առավել եւսՙ դրա հետեւանքների վերացմանը նպաստելու ուղղությամբ: Նրանց մտահոգում էին, օրինակ, Իրանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները, փոխադարձաբար առաջ քաշելով Թուրքիայի հետ Իսրայելի ներկայիս «փափուկ» հարաբերությունները առավել չբարդացնելու իրենց մտահոգությունը: Փոխարենը ընդգծում էին միացյալ ուժերով հակասեմականության եւ իսլամական արմատականության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Բոլոր պարագաներում համոզված կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը որպես սկիզբ խիստ կարեւոր էր եւ կարող է տարբեր հաճախականությունների վրա գտնվող մեր եւ իրենց դիրքերը մոտեցնել իրար: Մանավանդ որ կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու փոխադարձ հանդիպումներն ու շփումները, խորացնելու կապերն ու խորհրդատվությունները: Եվ դա, համենայնդեպս, կարեւոր սկիզբ է 100-ամյա տարելիցի սեմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ