RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՂՔԱՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 32 ՏՈԿՈՍԸ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ԱՂՔԱՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ` 18 ՏՈԿՈՍԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի շուրջ

2013-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի աննշան` 0,4 տոկոսով նվազում, ինչի արդյունքում անցյալ տարի աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոս` նախորդ տարվա 32,4 տոկոսի դիմաց: Զեկույցը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների: Բնական է, որ նախեւառաջ պետք է հստակեցնել, թե ի՞նչ ասել է աղքատ:

Աղքատներ` ներառյալ շատ եւ ծայրահեղ աղքատներ

Սահմանվել են աղքատության ընդհանուրՙ վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով` մեկ ամսվա համար: Վերին գիծը 39193 դրամ (կամ 95,7 դոլար) է, ստորինը` 32318 դրամ (կամ 78,9 դոլար), ծայրահեղ աղքատությանը` 22993 դրամ (կամ 56,1 դոլար): Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը (հետազոտությունը կատարվել է սպառման, այլ ոչ թե եկամուտների ցուցանիշների հիման վրա) մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Ըստ այդմ, 2013-ին 32 տոկոս աղքատներից 13,3 տոկոսը եղել է շատ աղքատ, իսկ 2,7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2011-ից աղքատության մակարդակն անընդմեջ նվազել է, սակայն դրա խորությունն ու սրությունը դեռեւս գերազանցում են նախաճգնաժամային 2008 թվականի մակարդակը: Թվային առումով, աղքատ են համարվում 967 հազար մարդ, որոնց թվում 402 հազարը շատ աղքատներն են, իսկ նրանցից էլ 82 հազարը` ծայրահեղ աղքատները:

Քաղաքներում աղքատներն ավելի շատ են

Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության արդյունքներով, 2013-ին աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (32,2 տոկոս) եւ գյուղական (31,7 տոկոս) բնակավայրերի: 2008-2013թթ. ժամանակահատվածում աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում (4,6 տոկոսային կետ` 4,2 տոկոսային կետի դիմաց): Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63,8 տոկոս) քաղաքաբնակներ են : Սակայն մայրաքաղաք Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25,5 տոկոս) , ինչը 1,5 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2013 թվականին Երեւանում կազմել է 5,4 տոկոսային կետ, Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում` 3,5 տոկոսային կետ:

Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատության ցուցանիշները: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 21 տոկոս եւ Արագածոտնի մարզը` 22,7 տոկոս, ամենաբարձրը` Շիրակի մարզը` 45,9 տոկոս եւ Կոտայքի մարզը` 42,5 տոկոս: Որքան էլ զարմանալի է Տավուշի սահմանամերձ մարզում աղքատությունն ավելի ցածր է` 27,7 տոկոս, քան ամենահարուստ համարվող Արարատյան դաշտի երկու մարզերում` Արամվիրի մարզում` 31,3 տոկոս եւ Արարարշտի մարզում` 32,4 տոկոս: Ըստ մարզերի աղքատության ցուցանիշները եւ աղքատության ընկալման սուբյեկտիվ պատասխանները աղքատության ընդհանուր ցուցանիշի օբյեկտիվության վերաբերյալ որոշակի կասկածների տեղիք են տալիս: Խոսքը ոչ թե ուսումնասիրության հեղինակների կատարած աշխատանքի, այլ հարցվողների պատասխանների ազնվության մասին է:

Աղքա՞տ են իրենց համարել, թե՞ աղքատ լինելու պատասխաններ են տվել

Ինչպես արդեն նշվեց, ըստ սպառման ցուցանիշների, աղքատ է համարվել բնակչության 32 տոկոսը: Այսինքն, եթե մեկ ամսվա ընթացքում մեկ անձը սպառել է մոտ 39 հազար դրամից ավելի քիչ, ըստ այս մեթոդաբանության նա համարվում է աղքատ: Դժվար է ասել, թե որքանով են անկեղծ հարցվողների ատասխանները, որովհետեւ դժվար է հավատալ, որ օրինակ` նույն Տավուշի, Արագածոտնի կամ Վայոց Ձորի մարզերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղմթերքների հիմնական շտեմարան Արմավիրի եւ Արարատի մարզերում, կամ քան թե Կոտայքի մարզում` նրա զբոսաշրջային, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ռեսուրներով : Ակնհայտ է, որ խնդիրը պատասխանողների հոգեբանության մեջ է: Տավուշում, Արագածոտնում եւ Վայոց Ձորում պատասխանողներն ավելի անկեղծ են եղել, քան Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:

Հարցվողների անկեղծ չլինելու վերաբերյալ անուղղակի վկայություն է նաեւ նրանց անձնական դատողությունները իրենց աղքատ լինելու մասին: Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր իրենց բարեկեցության եւ կենսամակարդակի վերաբերյալ: Պատասխանելով դրանց, հարցվածների միայն 18 տոկոսն են իրենց համարել աղքատ, ծայրահեղ աղքատ` 3,3 տոկոսը: Այսինքն, երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարավորինս աղքատ ներկայանալ եւ սպառման ավելի ցածր ցուցանիշներ ասել: Երբ հարցն ուղղակիորեն վերաբերվում է նրան, թե իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է ավելի անկեղծ: Ասվածի եւս մեկ վկայություն: 2008-ին 27,6 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցվողների 17 տոկոսը, իսկ 2013-ին` 32 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ` 18 տոկոսը: Այդ տարիների աղքատության ցուցանիշի 4,4 տոկոս տարբերության պարագայում, իրենց աղքատ համարողների տոկոսային տարբերությունը ընդամենը 1 տոկոս է կազմել:

Այս ամենով հանդերձ, անգամ 18 տոկոս աղքատության եւ հատկապես 3,3 տոկոս ծայրահեղ աղքատության սուբյեկտիվ գնահատականները իրականությանն ավելի մոտ լինելու պարագայում մխիթարական չեն կարող լինել: Ըստ այդ գնահատականների, եթե 500-600 հազար մարդ իրեն համարում է աղքատ, իսկ դրանց մի մասն էլ` ծայրահեղ աղքատ, դա մտահոգության բավականին լուրջ պատճառ է իշխանությունների համար: Քիչ թե շատ բարեկեցիկ եւ ամենակարեւորըՙ սոցիալական երկիր համարվելու համար աղքատության ցուցանիշը գոնե չպետք է լինի երկնիշ թիվ, իսկ շատ աղքատությունը եւ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվեն հնարավորինս շուտ` առնվազն առաջիկա 1-2 տարիների ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ