RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1079, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՉԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՉՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քաղաքականությունը եղել է, կա եւ կմնա, անկախ, ինչպես Գագիկ Ծառուկյանն է սիրում ասելՙ «հայրենական արտադրության» եռյակի գոյությունից, դրա եւ իշխանության միջեւ առկա պայքարի, կամ դրա իմիտիացիայի ժամանակագրությունից եւ Քիմ Քարդաշյանի կողմից աշխարհում դեռահաս տղաների գերված սրտերի քանակից: Իսկ քաղաքականությունը, համենայն դեպս, դասական առումով, ենթադրում է քաղաքական ուժերի միջեւ համախմբումից բացի, քաղաքական պայքար, ընդ որումՙ վերջինս ավելի բնական է քաղաքական գործընթացներում, քան կոնսոլիդացիան:

Այս տեսանկյունից միանգամայն անընունդելի է եռյակի ցանկությունըՙ առաջացնել քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, ենթադրելի էՙ մի համախմբում, որտեղ բոլորը կանեն այնպես, ինչպես կորոշիՙ բոլորի համար ԲՀԿ-ի քաղխորհուրդը: Անկեղծ ասած, այս իրավիճակը նման է ասենք ԱՊՀ-ին, կամ ԵԱՏՄ-ին, կամ ՀԱՊԿ-ին, որտեղ չնայած պետությունների կոնսոլիդացիա կա, բայց բոլորը անում են այն եւ այնպես, ինչը եւ ինչպես պահանջում է, լավՙ խնդրում է Ռուսաստանը: Պատահական չէ, որ եռյակն էլ անշրջելի է համարում Հայաստանի անդամակցությունըՙ ԵԱՏՄ-ին եւ վտանգավոր արկածախնդրություն համարումՙ Հայաստանի հետքայլըՙ այդ միությանն անդամակցելուց:

Մյուս կողմից, նույնչափ անընդունելի է իշխանության ցանկությունըՙ ստեղծել նույն կոնսոլիդացիան, բայց, հասկանալի է, իր դոմինանտությամբ: Ու մինչ մենք փորձում ենք հասկանալՙ ՀՀԿ-ի՞ գերիշխանությունն է ավելի լավ, թե՞ ԲՀԿ-ի, խոսենք բոլորովին այլՙ իբր այլ բաների մասին:

Եռյակիցՙ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարեց, թե ինքն ու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը երեկ խորհրդարանում գնացել են իշխանության հրավիրած քննարկմանը, որին, բացի իրենցից մասնակցել են ԱԺ նախագահը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, ընդդիմության հետ երկխոսելու հարուստ փորձ ունեցող Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այս քննարկումը կայացել էր, կարելի է ասել անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով, քանի որ հենց Հանրապետության նախագահն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե ինքը հանձնարարել է կառավարությանը նորից եւ մանրամասնորեն քննարկել եռյակի առաջարկած «12 կետանի» պահանջագիրը, ինչը ենթադրում է, որ կառավարությունը դա պետք է անի հենց առաջարկությունների փաթեթը ներկայացնող քաղաքական միավորման հետ: Այս առումով եւ քաղաքականության տեսանկյունից ոչ մի սարսափելի բան չկա, ավելինՙ բավականին նորմալ է, որ եռյակից գնացել են «ռեժիմի» հետ հանդիպման, քանի որ անգամ բռնապետի հետ ընդդիմության հանդիպումը նշանակում է քաղաքական գործընթաց եւ դրան մենք նորմալ ենք վերաբերվում, ինչը եւ խորհուրդ ենք տալիս մյուսներին:

Հանդիպումը, ըստ սենյակի մոտ հերթապահող լրագրողներիՙ մի քանի րոպե է տեւել, այնուհետեւ սենյակից դուրս է եկել Ռուբեն Հակոբյանն ու ասել, թեՙ «Մենքՙ ես ու Միքայել Մելքումյանը եկել էինք այս հանդիպմանը եւ եռյակի անունից հայտարարեցինք, որ մենք չենք գնալու այս իշխանությունների հետ երկխոսությանՙ 12 կետերի շուրջ»: Բնականաբար, գոնե հասարակության մտածող մասի մոտ հարց է առաջանումՙ բա ի՞նչ եք անելու, այն պարագայում, երբ փաստորեն, հանրահավաք էլ չեք անելու գոնե մինչեւ փետրվար, եւ այն պարագայում, երբ մարզերում շտաբների ձեւավորման որոշումը, ինչպես տեսնում ենք, եռյակում ընդունվել է առանց կոնսենսուսի:

Հարցն համարենք հռետորական եւ շարունակենք:

Եռյակի այս որոշումից հետո եռյակի որոշմանը պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : Խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որՙ «Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւյթ չէ», ապա շեշտեց, թեՙ «Մերժում են նրանք, ովքեր ասելիք եւ անելիք չունեն քաղաքական դաշտում, մերժումն ինքը մարգինալների գործելաոճն է»: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ պետք է համաձայնել Շարմազանովի հետ, բայց գաղտնիքն այն է, որ հայաստանյան ներքին քաղաքականությունը շատ հաճախ չի ենթարկվում տրամաբանական կանոնների: Ասենք, եթե ամբողջ աշխարհում իշխանության հետ երկխոսության չգնալու որոշումն իրոք մարգինալների գործելաոճ կարող է լինել, Հայաստանում իշխանությունն ինքը մարգինալի կարգավիճակում է, քանի որ իր հետ ոչ ոք, փաստորեն, չի ուզում երկխոսել: Բայց, ի տարբերությունՙ եռյակի, իշխանությունը գոնե երկխոսության առաջարկություն է անում, այլ հարց է, որ իշխանությունը չի առաջացնում վստահություն: Օրինակ նույն Դավիթ Հարությունյանը ժամանակին երկխոսում էր ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ: Արդյունքում իշխանությունը չընդունեց ընդդիմության եւ ոչ մի պահանջ, ինչի հետեւանքով իմաստազուրկ դարձավ երկխոսությունը, եթե, իհարկե, այդ երկխոսության իմաստը ՀԱԿ-ի հեղինակազրկումը, եւ նրաՙ բան փոխելու անընդունակության եւ անկարողության ապացուցումը չէր:

Հիմա, փաստորեն, եռյակը ունի ՀԱԿ-ի փորձը եւ հատկապես տեսնելով Դավիթ Հարությունյանինՙ սեղանի այն կողմում նստած, չի ցանկանում վերածվելՙ ՀԱԿ-ի: Իրավունք ունի՞, անշո՛ւշտ:

Բայց, ինչպես ցանկացած գործընթաց, այնպես էլ քաղաքական գործընթացները պետք է գնահատելՙ ելնելով դրա գրանցման ժամանակահատվածից նաեւ: Այն ժամանակ, երբ իշխանությունը երկխոսում էր ՀԱԿ-ի հետ, Սերժ Սարգսյանը դեռ ուներ վերընտրվելու հնարավորություն, հետեւաբար խնդիր ուներ իր ճանապարհից մաքրելու բոլոր հնարավոր խոչընդոտները: Հետեւաբար, մանավանդ հաշվի առնելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքը, կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ին երկխոսեցնելով Սերժ Սարգսյանը իր այդ նպատակին հասավ: Բայց հիմա ուրիշ ժամանակներ են, հիմա Սերժ Սարգսյանը հեռանում է, ինչպես ինքն է ասումՙ էլ ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնով վերադառնալու ցանկություն չունի: Հետեւաբար նրա հետ երկխոսությունը այլ իմաստ ունի եւ կարող էր կայանալու պարագայում բոլորովին այլ արդյունք տալ:

Ու այդ արդյունքը փաստ չէ, որ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան կլիներ, ինչը ցանկանում են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանըՙ միասնաբար եւ միաժամանակ: Քանի որ քաղաքական ուժերի երկխոսությունից ամենեւին էլ փաստ չէ, որ առաջանում է երկխոսող ուժերի կոնսոլիդացիա: Եռյակ-իշխանություն երկխոսությունը այս պահին կարող էր հատկանշական լինել մի շարք առումներով, օրինակ, մենքՙ քաղաքական գործընթացներից ոչինչ չհասկացողներս, սեղանի տարբեր կողմերում միմյանց հետ փաստարկված բանավիճելիս կտեսնեինք իշխանությանն ու ԲՀԿ-ին, եւ գուցե հավատայինք, որ ԲՀԿ-ն հենց ընդդիմություն է: Բացի սրանից, կոնկրետ ԲՀԿ-ն, որպես եռյակիՙ բոլոր առումներով ամենահարուստ ուժ, ցույց տվեց, որ ինքը բավարար ռեսուրս չունիՙ միաժամանակ երկխոսել իշխանության հետՙ նրա առջեւ վերհանելով իր փաստարկված եւ հիմնավոր պահանջները, զուգահետաբարՙ շրջաններում իր սիրելի շտաբների ձեւավորման աշխատանքները կատարել, վերջապես ավարտել այդ աշխատանքները, եւ կրկինՙ զուգահեռաբարՙ հանրապետության տարբեր քաղաքների հրապարակներում հանրահավաքներ անել, չմոռանալով, որ այս երկրում, մեծ հաշվով մի անգամ է բան փոխվել, եւ այդ փոփոխությունը սկսվել է հենց Ազատության հրապարակից:

Չի բացառվում, անշուշտ, որ իշխանությունը իր հետ երկխոսելու նստած եռյակի առջեւ պայման կդներՙ դադարեցնել «մարզերում ժողովրդին մոբիլիզացնելու գործընթացը» եւ հանրահավաքների անցկացումը, բայց այդ պարագայում ո՞վ էր ստիպելու եռյակինՙ անպայման շարունակել երկխոսությունը իշխանության հետ, կամ ինչո՞ւ եռյակին այդ զիջումների դիմաց չէր հաջողվելու իշխանությունից իր առաջարկների զգալի մասի լուծումը ստանալ:

Իսկ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան, մանավանդՙ ժողովրդի մոբիլիզացիան, թողեքՙ ընդդեմ պարոն Ալիեւի, ով չգիտի, ասենք, որ վերջինս ապրում եւ աշխատում է Բաքվում:

Մնացած դեպքերում կոնսոլիդացիան եւ մոբիլիզացիան որքան լայնամասշտաբ, այնքան վտանգավոր են պետության համար: Քանի որ պետության, հասարակության զարգացման հիմնական ձեւը պայքարն է, բազմակարծությունը, քաղաքական սկզբունքների անարյուն բախումը: Քաղաքական ուժերը, հատկապես ժողովուրդը չի կարող, չպետք է մտածի միեւնույն կերպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ