RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1834, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲՈՆՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Պ. Ք.

Գերմանիայի նախկին մայրաքաղաք Բոննի անունը անցյալում զուգորդվում էր ՄԱԿ-ի գրասենյակի, գերմանական խոշոր ընկերությունների, հռենոսյան ռոմանտիկայի, Բեթհովենյան փառատոնի եւ կառնավալի հետ: Սակայն վերջին ժամանակներս լրատվամիջոցները Բոննը ավելի ու ավելի հաճախ հիշատակում են այնպիսի հասկացությունների հետ մեկտեղ, ինչպիսիք են «սալաֆիստները», «իսլամիզմը», «ահաբեկչությունը» եւ «ջիհադը»:

Դյուսսելդորֆ քաղաքում ներկայումս անցկացվում է դատավարություն Բոննում իսլամ ընդունած մի բնակչի գործով, որն ամբաստանվում է երկաթուղային կայարանի ձախողված ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Տեղական «Գեներալ անցայգեր» թերթի խմբագիր Ֆրանկ Ֆալլենդերը, ով արդեն մի քանի տարի զբաղվում է Բոննում նկատվող իսլամական ծայրահեղականության թեմայով, «Դոյչե վելլե» ռադիոկայանին տված հարցազրույցում վերհիշել է, որ այդ թեման առաջին անգամ ուշադրության արժանացավ 2010 թ. Աֆղանստանում բոննցի ջիհադիստ Բեքայ Խարախի սպանության կապակցությամբ, որը մինչ այդ ջիհադա էր քարոզել համացանցում: Ֆալլենդերը վերհիշել է նաեւ բոննցի Յասին եւ Մունիր Հուկ եղբայրներին, որոնք Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում գտնվելիս համացանցում նմանապես հրապարակել էին Գերմանիայում ահաբեկչությունների կոչ անող տեսագրություններ: Այդ կոչերը, ըստ երեւույթին, տվել են իրենց պտուղները. վերհիշենք թեկուզ Բոննի կայարանում ռումբ դրած ահաբեկչին:

Այն փաստը, որ Բոննը դարձել է արմատական սալաֆիների կենտրոն, հանգիստ չի տալիս նաեւ քաղաքում ինտեգրման հարցերի լիազորի պաշտոնն զբաղեցնող Կոլետ Մանեմանին: Նրան մտահոգում են տվյալ խնդրի տարբեր կողմեր, մասնավորապեսՙ երիտասարդների շրջանում արմատականության տարածումը, իսլամի հանդեպ բնակչության երկյուղների աճի վտանգը: Իսկ ինչո՞ւ հենց Բոննում են ապրում այդքան մեծ թվով արմատական սալաֆիներ: Այս կապակցությամբ Մանեմանը վերհիշում է քաղաքի անցյալը: Այն տարիներին, երբ Բոննը Արեւմտյան Գերմանիայի մայրաքաղաքն էր, այնտեղ կառուցվեցին բազմաթիվ մզկիթներ: Արաբական երկրների դեսպանությունները մեծ կարեւորություն էին տալիս այն բանին, որ իրենց աշխատակիցներն ունենան կրոնական ծեսերը պահպանելու հնարավորություն:

Արաբերենը Բոննում տարածվածությամբ երկրորդ լեզուն է գերմաներենից հետո, շարունակում է Մանեմանը: Մասնավորապես Բադ-Գոդեսբերգի շրջանում կարելի է հանգիստ ապրելՙ խոսելով միայն արաբերեն: Թերեւս նաեւ այս պատճառով արաբական աշխարհից մեծաթիվ երիտասարդներ են գալիս ուսանելու հռենոսյան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ցավոք, տվյալ հանգամանքը հրապուրում է նաեւ արմատական իսլամիստներին: Համբուրգ եւ Ուլմ քաղաքներում իսլամիստների հանդիպավայրերի փակումից հետո ոստիկանությանն արդեն հայտնի արմատականների ամբողջ խմբեր տեղափոխվեցին Բոնն: Արաբների ազդեցությամբ Բադ-Գոդեսբերգի կենտրոնը խիստ կերպարանափոխվեց. ամենուրեք արաբատառ ցուցանակներով ռեստորաններ ու խանութներ են: Թվում էՙ սննդի հարցում ավելի հեշտ է հետեւել իսլամական ավանդույթներին, քան գտնել գերմանական տապակած նրբերշիկ: Անշարժ կայքի գործակալություններն արաբերեն առաջարկում են վարձակալության տրվող բնակարաններ ու տներ, իսկ փարանջայավոր կանայք հետիոտն անշտապ զբոսնում են փողոցներում: Այս տարվա ամռանը բացվեց հագուստի խանութ, որն այցելուներին առաջարկում է բացառապես «իսլամական կանացի հագուստ»:

Ուշադրության կենտրոնում Ֆահդ թագավորի անվան ակադեմիան է

Բադ-Գոդեսբերգի հարավում Ֆահդ թագավորի անվան ակադեմիայի շենքն է. արտերկրում Սաուդյան Արաբիայի կառուցած այդ դպրոցը արտաքուստ նման է մզկիթի: Ակադեմիայի անունը հաճախ է հիշատակվում, երբ խոսք է բացվում Բոննի սալաֆիների մասին: Արդեն չորս տարի դպրոցի տնօրենը հանդիսացող Իբրահիմ ալ Մեգրենը ամեն ջանք գործադրում է նման պատկերացման դեմ պայքարելու համար: «Դոյչե վելլե» ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է օգտագործվող դասագրքերի ամենամյա վերանայման, Գերմանիայի իշխանությունների եւ նույնիսկ անվտանգության ծառայությունների հետ ակադեմիայի «սերտ համագործակցության» մասին: Տնօրենին առանձնակի հպարտություն է պատճառում այն փաստը, որ դպրոցը ներկայումս Սաուդյան Արաբիայի ավարտական վկայականի հետ մեկտեղ կարող է տալ նաեւ միջազգայնորեն ճանաչված կրթական փաստաթղթեր:

Սակայն դպրոցն ապրել է նաեւ բարդ ժամանակներ: Այսպես, 2003 թվականին այն արժանացավ սահմանադրության պաշտպանության գերատեսչության ուշադրությանը, քանի որ ուսուցիչներից մեկը, ըստ երեւույթին, հանդես էր եկել «սրբազան պատերազմի» կոչերով: Հենց այդ ժամանակ էլ Գերմանիայի իշխանություններն արձանագրեցին, որ ակադեմիայի որոշ դասարաններում գերմաներենը դասավանդում են շաբաթական ընդամենը մեկ անգամ:

Սաուդյան դասագրքերը փորձաքննության ենթարկվեցին: Պարզվեց, որ դրանցում փառաբանվում է «պայքարն անհավատների դեմ», իսկ նահատակների համար երաշխավորվում էր դրախտային «պարգեւ»: Պարզվեց նաեւ, որ ակադեմիայի աշակերտներն միայն դիվանագետների եւ եկվորների զավակներ չեն: Ավելին, այն ժամանակ նրանց երկու երրորդն ուներ գերմանական անձնագրեր: Կրթության հարցերի գերատեսչությունն անչափ շռայլորեն ազատում էր գերմանական դպրոց հաճախելու պարտականությունից: Դրա հետեւանքով կրոնասեր մահմեդական ընտանիքները Գերմանիայի տարբեր վայրերից սկսեցին տեղափոխվել Բոնն եւ զավակներին ուղարկել արաբական ակադեմիա, որպեսզի նրանց զերծ պահեն Արեւմուտքի ազդեցությունից: Ի դեպ, ահաբեկիչ Բեքայ Խարախը եւս ժամանակին հաճախել է այդ ակադեմիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ