RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



ԱՇԽԱՐՀՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1500, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԱՎԹԱ-ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՔԵՐՐԻ-ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳԱՂՏՆԻ ԵՎ ՀԻՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ՈՒԻԼՅԱՄ ԷՆԳԴԱԼ

Ուիլյամ Էնգդալը «Հարյուրամյա պատերազմ: Անգլո-Ամերիկյան նավթային քաղաքականությունը աշխարհի նոր կանոնակարգում» գրքի հեղինակն է: Իր կայքում (www.engdahl.oilgeopolitics.net) տեղադրված ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում նա քննարկում է Մ. Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջեւ սեպտեմբերին ստորագրված գաղտնի համաձայնագիրը, որի նպատակն է թուլացնելով Ռուսաստանին եւ Իրանին, տիրանալ նավթի ու գազի վերահսկողությանը ամբողջ Մերձավոր Արեւելքում:

Ենթադրաբար ISIS-ի դեմ սանձազերծված ՆԱՏՕ-ական պատերազմի ամենատարօրինակ անոմալիան այն է, որ հակառակ պատերազմի շարունակականությանը, նավթի գինը բարձրանալու փոխարեն զգալիորեն նվազում է: Հունիսից սկսած, երբ ISIS-ի զորամիավորումները տիրացան Մոսուլի եւ Կիրքուքի հարուստ նավթատարածքներին, չմշակված նավթի գինը 20 տոկոսով նվազեց, 1 բարելը 112 դոլարից դառնալով 88 դոլար, այն դեպքում, երբ նավթի պահանջարկը աշխարհում չնվազեց: Լուրեր են պտտվում, որ սաուդցիները Չինաստանին նավթը վաճառում են նախկին 100-ի փոխարեն ընդամենը 50-60 դոլարովՙ մեկ բարելը: Սաուդցիների այդ քայլը համագործակցված է Մ. Նահանգների «Ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության գրասենյակի» հետ:

Ըստ Ռիյադում տեղակայված սաուդյան «Նավթային քաղաքականության եւ ռազմավարական ակնկալությունների» կենտրոնի նախագահ Ռաշիդ Աբանմիի, գների այս դրամատիկական իջեցումը դիտավորյալ է եւ ուղղված է Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ:

Արդյունքում համատարած խուճապ է նավթային շուկայում: Չինաստանը անշուշտ ուրախ է էժան նավթ ձեռք բերելու համար: Բայց նրա մոտիկ դաշնակիցներըՙ Ռուսաստանն ու Իրանը մեծապես տուժում են:

Մարտավարությունը հիշեցնում է 1986-ին կատարվածը, երբ 1 բարելը 10 դոլարից էլ ցածր գնով վաճառելով Սաուդյան Արաբիան (Մ. Նահանգների հետ) թուլացրեց Սադդամ Հուսեյնի կառավարության եւ իր հերթին նաեւ Ռուսաստանի տնտեսությունները: Այժմ էլ նպատակը Պուտինի կառավարության թուլացումն է:

Քերրի-Աբդուլլահ գաղտնի համաձայնագիրը

Համաձայնագիրը, ստորագրված սեպտեմբերի 11-ին Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահի միջեւ վերջինիս Կարմիր ծովի ափերում գտնվող պալատում, նախատեսում է էժան նավթով ողողել համաշխարհային շուկան: Համաձայնագրի ստորագրմանը մասնակցել է նաեւ Սաուդյան Արաբիայի հետախուզության վարչության նախկին պետՙ արքայազն Բանդարը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սաուդյան Արաբիան կպաշտպանի իսլամական պետության դեմ ուղղված օդային հարձակումները, պայմանով, որ Վաշինգտոնն էլ իր հերթին օժանդակի Սաուդյան Արաբիային տապալելու Բաշար էլ-Ասադին, ով Ռուսաստանի եւ Իրանի հավատարիմ դաշնակիցն է եւ խոչընդոտում է Էմիրաթների եւ Սաուդյան Արաբիայի ծրագրերինՙ վերահսկելու բնական գազի եւ նավթի եվրոպական շուկան:

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» տպագրված մի զեկույցի համաձայն, «կուլիսների հետեւում ամիսներ շարունակ աշխատանքներ են տարվել ամերիկացի եւ արաբ ղեկավարների միջեւ համագործակցելու Ասադի դեմ պայքարող ասպտամբների վերապատրաստման գործում: Ասադի տապալումը առաջնահերթություն է սաուդցիների համար»: Պատերազմը, ըստ սաուդցիների, իսլամի երկու մրցակից հոսանքների միջեւ է:

Մեքքա եւ Մեդինա սուրբ քաղաքներով Սաուդյան Արաբիան դե ֆակտո ճանաչված է որպես մահմեդականության, եւ մասնավորապես սուննի մահմեդականության կարեւորագույն կենտրոն: Սաուդյան սուննիները դավանում են վահաբիզմը, 18-րդ դարի բեդուին ֆունդամենտալիստ կամ սալաֆիստ Մոհամմեդ իբն Աբդ-էլ-Վահհայի անունով կնքված մահմեդական կրոնաքաղաքական ուղղությունը: Թալիբանները վահաբիզմից են առաջացել սաուդյան կրոնական հաստատությունների ֆինանսական աջակցության շնորհիվ: Ծոցի Էմիրաթներն ու Քուվեյթը, ինչպես նաեւ Քաթարի էմիրը նույնպես հարում են սուննի վահաբիզմին: Մինչդեռ Իրանը պատմականորեն մահմեդականության համեմատաբար փոքրաթիվ ճյուղի, հակադիր հոսանքիՙ շիիզմի (շիաների) կենտրոնն է եղել: Իրաքի բնակչության մոտ 61 տոկոսը նույնպես այս հոսանքին է պատկանում: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադը շիիզմի «արբանյակ» համարվող ալավիների ուղղության ներկայացուցիչ է: Թուրքիայի բնակչության մոտ 23 տոկոսը ալավի մահմեդական է: Իսկ Բահրեյն կղզի-պետության իշխող ալ-Խալիֆա թագավորական ընտանիքը սուննի ուղղությանն է հարում եւ սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի հետ, մինչդեռ երկրի բնակչության 75 տոկոսը շիիզմ է դավանում: Պատկերը լրացնելու համար հարկ է նշել նաեւ, որ սաուդյան ամենահարուստ նավթային շրջանը գտնվում է շիաների ձեռքում: Նրանք են գործարկում Ռաս Տանուրայի նավթակառույցները:

Նավթա-գազախողովակաշարի պատերազմը

Երկար ժամանակ «քնած» ներիսլամական վերոնշյալ պատմական հակասությունները բացահայտ պատերազմի վերածվեցին Մ. Նահանգների պետքարտուղարության եւ ՀԴԲ-ի նախաձեռնած սրբազան հակամարտության կամ այսպես կոչված «Արաբական գարնան» շնորհիվ: Վաշինգտոնի նեո-պահպանողական ուժերը «խորքային պետության» ձեւով թաքուն ներթափանցեցին Օբամայի վարչակարգ, եւ նրանց հարող լրատվամիջոցները (օրինակՙ «Վաշինգտոն փոստը») խրախուսեցին ՀԴԲ-ի ծրագիրը գաղտնաբար պաշտպանելու «Մահմեդական կամ իսլամ եղբայրներին»: Ինչպես մանրամասն նշում եմ իմ նորագույն «Amerikas՛ Heiliger Krieg» (Ամերիկայի սրբազան պատերազմը) գրքում, ՀԴԲ-ն 1950-ականներից սկսած ծրագիր էր մշակել կապեր հաստատելու «Մահմեդական եղբայրների» մահապարտների հետ: Եթե մենք կարողանանք պատկերացնել Պարսից ծոցի տարածաշրջանում բնական գազի պաշարների ամբողջական քարտեզը, ապա պարզ կդառնա, թե ինչու են Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ Քաթարն ու Արաբական Միացյալ Էմիրությունները միլիարդավոր դոլարներ ծախսում ֆինանսավորելու համար ISIS-ին եւ Բաշար էլ-Ասադի հակառակորդներին: Բնական գազը դարձել է 21-րդ դարի նախընտրելի «մաքուր էներգապաշարը», եւ Եվրոմիությունը դրա սպառման ամենամեծ շուկան է: Ահա թե ինչու Վաշինգտոնը ցանկանում է փշրել Եվրոմիության կախվածությունը «Գազպրոմից», որպեսզի թուլացնի Ռուսաստանին եւ Քաթարի նման հավատարիմ գործընկերների միջոցով վերահսկողությունը իր ձեռքում պահի:

Աշխարհում բնական գազի խոշորագույն ամբարը գտնվում է Պարսից ծոցի մեջտեղում, Քաթարի եւ Իրանի միջեւ: Իրանյան հատվածը կոչվում է «North Pars»: 2006-ին Չինաստանի CNOOC պետական ընկերությունը Իրանի հետ պայմանագիր կնքեց ընդլայնելու «North Pars»-ի հնարավորությունները եւ ենթակառուցվածքների շինարարության միջոցով գազը հասցնել Չինաստան: Քաթարի «North Field» կոչված հատվածում բնական գազի պաշարները աշխարհում երրորդն են Ռուսաստանից եւ Իրանից հետո:

2011 թվի հուլիսին Սիրիայի, Իրանի եւ Իրաքի կառավարությունները գազախողովակաշարի կառուցման պատմական պայմանագիր ստորագրեցին, որը աննկատ մնաց Բաշար էլ-Ասադին տապալելու ՆԱՏՕ-Սաուդյան Արաբիա-Քաթար համատեղ ծրագրված պատերազմի պատճառով: Տասը միլիարդ դոլարի արժողությամբ խողովակաշարը, որը նախատեսվում էր կառուցել երեք տարում, իրանական Ասսալույե նավահանգստից Իրաքի տարածքով հասնելու էր Դամասկոս (Սիրիա): Պայմանագիրը Սիրիային դարձնելու էր հավաքման եւ արտադրության կենտրոն լիբանանյան պաշարների համագործակցությամբ: Սա աշխարհաքաղաքական խիստ կարեւոր ռազմավարական նշանակություն էր ունենալու: Ինչպես «Asia Times» թերթի թղթակից Պեպե Էսկոբարն է նշումՙ «Եթե երբեւէ կառուցվի, Իրան-Իրաք-Սիրիա խողովակաշարը տնտեսական, պողպատյա պորտալարով ամրացված. գերազանցապես շիա հոսանքի ներկայություն է ապահովելու» տարածաշրջանում: Պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անցՙ օգոստոսի 16-ին, Սիրիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտարարեց, թե Հոմսի մոտ գտնվող Քարա տարածքում հայտնաբերվել է բնական գազի նոր հորատանցք: Քանի Ասադը իշխանության ղեկին է, ապա Գազպրոմը կլինի այդ նոր հանքավայրի գլխավոր օպերատորը: Իրանը նախատեսում է ընդլայնել ծրագիրը եւ խողովակաշարը Դամասկոսից հասցնել Լիբանանի միջերկրականյան նավահանգիստ, որտեղից էլ տեղափոխել եվրոպական շուկա:

Քաթարը ցանկանում է վերահսկել Եվրոմիության նավթային պահանջարկը: Դրան հասնելու համար նա պետք է ազատվի Բաշար էլ-Ասադից: 2009-ին Քաթարը նրան դիմել էր իր հյուսիսային նավթահորերից Սիրիայի եւ Թուրքիայի տարածքներով դեպի Եվրոպա խողովակաշար կառուցելու առաջարկով, բայց Ասադը մերժել էր պատճառաբանելով իր վաղեմի բարեկամությունը Ռուսաստանի եւ նրա Գազպրոմ ընկերության հետ: Այդ մերժումը եւ 2011-ի Իրան-Իրաք-Սիրիա խողովակաշարի պայմանագիրը զայրացրին Քաթարի եւ Ս. Արաբիայի իշխանություններին, որոնք Բաշարի դեմ ուժեղ հարձակում սանձազերծեցին ֆինանսավորելով էլ-Ղաիդայի եւ այլ ահաբեկչական խմբավորումներին: Պայքարին միացան Մ. Նահանգներն ու Իսրայելը:

Այսօր Ուկրաինայում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները միեւնույն ռազմավարական պատերազմի երկու երեսներն են, որի նպատակն է պահպանել աշխարհում Ամերիկայի միաբեւեռ իշխանությունը: Վաշինգտոնի նեո-պահպանողականները հավատացած են, որ Սիրիային տիրացողը կտիրանա նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքին: Դրանից հետո ճանապարհը բաց կլինի դեպի Ասիա, Ռուսաստան եւ այնուհետեւ Չինաստան:

Համաձայնագիրը դատապարտված է ձախողման

Պատմականորեն կրոնական պատերազմները ամենասարսափելի ու ամենադաժան պատերազմներն են եղել: Այս մեկը բացառություն չէ, մանավանդ որ նավթի եւ գազի տրիլիոն դոլարների հասնող եկամուտներն են գտնվում վտանգի տակ: Բայց Քերրի-Աբդուլլահ գաղտնի համաձայնագիրը դատապարտված է ձախողման: Ինչո՞ւ: Որովհետեւ Վաշինգտոնում, Ռիադում, Դոհայում եւ որոշ չափով նաեւ Անկարայում նստած «խելոք» մարտավարները անզոր են տեսնելու իրենց սերմանած ատելությունների, ավերածությունների եւ անկարգությունների փոխադարձ կապը, տեսնելու իրենց ապօրինի իշխանությունը երկարաձգելու գազանավթային վերահսկողությունից եւ եկամուտներից այն կողմ: Նրանք իրենց իսկ կործանման սերմերն են ցանում:

Համաձայնագիրը ձախողման է դատապարտված նաեւ, որովհետեւ Պուտինի Ռուսաստանը ռազմավարական կարեւոր քայլեր է ձեռնարկում Չինաստանի եւ այլ պետությունների հետ, որպեսզի նվազեցնի իր եւ նրանց կախվածությունը Արեւմուտքից: Իրականում, նավթային այս պատերազմը ստիպում է Ռուսաստանին առավել լրջորեն կենտրոնանալ իր տնտեսության եւ ազգային շահերի վրա եւ նվազեցնել կախվածությունը դոլարային համակարգից ընդհանրապես: Եթե դոլարը դադարի համաշխարհային առեւտրի, հատկապես նավթի առեւտրի արժույթ լինելուց, ակնհայտ է, որ Մ. Նահանգների գանձարանը ֆինանսական ճգնաժամի առաջ կհայտնվի: Դա իրոք աղետալի կլինի: Այդ պատճառով էլ ես այդ համաձայնագիրը «չափազանց հիմար» ռազմավարություն եմ համարում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ