RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1949, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՐԱՆԻ «ՍԵՎ ԱՍՊԵՏԸ». ՔԱՍԵՄ ՍՈԼԵՅՄԱՆԻ

Պ. Ք.

Վաշինգտոնում գեներալ Քասեմ Սոլեյմանիին Իրանի հետախուզության «Սեւ ասպետ» են անվանումՙ պատկերապատումների հերոս Բեթմենի հայտնի ֆիլմի նմանությամբ: Սոլեյմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քոդս» («Երուսաղեմ») հատուկ ստորաբաժանման հրամանատարն է, անմիջականորեն ուղղորդում է իրանամետ արմատական խմբավորումների գործունեությունը Մերձավոր Արեւելքում եւ այլուր, զենք եւ դրամ մատակարարում դրանց: Նա մշտապես խուսափում էր հրապարակայնությունից, սակայն վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Վերջին շաբաթներին աշխարհով մեկ տարածվեցին Հյուսիսային Իրաքի լեռներում եզդի առաջնորդների հետ զրուցող կամ Իրաքյան Քրդստանում քուրդ մարտիկների ձեռքը սեղմող 57-ամյա սպիտակահեր Սոլեյմանիի լուսանկարները: Դրանք կարելի է տեսնել Twitter-ում եւ Facebook-ում, իրանական բաց մամուլում: Լրագրողները հանրահայտ դարձրին նրան:

ԶԼՄ-ներում ընդգծվում է, որ Քասեմ Սոլեյմանին մարմնավորում է «Իրանի նոր, բաց եւ քաջարի դեմքը», երկիր, որը, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Թուրքիայի, իր ցամաքային զորամասերն ուղարկում է կռվելու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման բարբարոս գրոհայինների դեմ:

Սակայն American Enterprise հաստատության փորձագետ Մայքլ Ռուբինը նշում է, որ Սոլեյմանիի գործունեությունը միայն մասամբ է ուղղված «Իսլամական պետության» դեմ: Ռուբինի խոսքերովՙ մամուլի հրապարակումներից այն տպավորությունն է ստեղծվում, թե ջիհադիստների դեմ մղվող պայքարում ԱՄՆ-ը թաքնվում է միջազգային կոալիցիայի թիկունքում, իսկ Սոլեյմանին «սխրանքներ» է գործում: Իրականում Սոլեյմանին ռազմադիվանագիտական բաց ասպարեզում հայտնվել է երեք տարի առաջ, եւ ներկայիս իրադարձությունները, փորձագետների կարծիքով, արտացոլում են նրա հարաճուն քաղաքական հավակնությունները: Նա ժողովրդականություն է վայելում Իրանի բանակում եւ ժողովրդի մեջՙ մարմնավորելով երկրի ազգային շահերի պաշտպանությունը: Գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին պահպանողականների եւ բարեփոխականների միջեւ ուժերի հավասարակշռությունը պահպանելովՙ մշտապես խորհում է նախագահի պաշտոնի հաջորդ թեկնածուի մասին: Եվ բնավ բացառված չէ, որ դա լինի Սոլեյմանին:

Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ի նախագահ դառնալուց առաջ գլխավորել էր ԿՀՎ-ն, սակայն երբեք չէր եղել հատուկ ծառայությունների կադրային աշխատակից: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է հետախույզ: Ինչ վերաբերում է Սոլեյմանիին, նա սեփական անձի պաշտամունքը առաջ կմղի այնքան, որքան թույլ կտան իրենից բարձր կոչում ունեցողները, համոզված է Ռուբինը:

Անցյալ տարի լուր տարածվեց, թե Սոլեյմանին վիրավորվել է Սիրիայում: Ինչ վերաբերում է նրա իրաքյան ուղեւորություններին, դրանց լուսաբանմանը մասնակցում են Իրանի բարձրագույն ղեկավարների մերձավոր շրջապատի մարդիկ: Պաշտոնական զեկույցների համաձայն, Սոլեյմանին եւ իր մարտիկները ջիհադիստների հարձակումներից փրկել են Բաղդադը եւ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլը:

ԻՀՊԿ ոչ պաշտոնական կարգախոսը հետեւյալն է. «Միացյալ Նահանգները որեւէ բանի ընդունակ չէ»: Իրանցիներն ասում են, թե չեն վախենում Ամերիկայից: Իսկ Վաշինգտոնում Սոլեյմանիի նկատմամբ վերաբերմունքը կարելի է անվանել հարգանքի ու թշնամանքի խառնուրդ: Հարգում են «Հզբոլլահի» նման մարտական կազմակերպությունների ստեղծման պրոֆեսիոնալիզմի համար: Իսկ թշնամանքի պատճառն այն է, որ Իրաքի վերջին պատերազմի ժամանակ նա գրոհայիններին մատակարարում էր կատարելագործված հատուկ ականներ, որոնք ոչնչացնում էին ամերիկացիների թե՛ զրահատեխնիկան եւ թե՛ մարտական մեքենաների անձնակազմերը: Իրանյան այդ ականներից սպանվեցին հարյուրավոր ամերիկացի զինվորներ:

1990-ական թթ. Հարավային Լիբանանում Սոլեյմանին անձամբ ղեկավարում էր իսրայելական զրահատեխնիկայի պայթեցումները: Իսկ անցյալ տարի իրանյան եւ լիբանանյան կազմավորումները նրա գլխավորությամբ ամերիկամետ ապստամբներից հետ խլեցին սիրիական Էլ-Քուսեյր քաղաքը: Ըստ երեւույթին, դա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հնարավորություն տվեց պահպանելու իշխանությունը:

Սոլեյմանին ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցներին ենթակա իրանցիների ցանկում է Վաշինգոտնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ ձախողված մահափորձի կազմակերպման պատճառով: Մյուս կողմից, Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռայն Քրոքերը անցյալ տարի մի հարցազրույցի ժամանակ հիշեցրել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո հենց Սոլեյմանին Ժնեւում ամերիկացի եւ իրանցի դիվանագետների գաղտնի հանդիպում կազմակերպեց ընդհանուր թշնամուՙ «թալիբանի» դեմ պայքարը քննարկելու համար: Եվ միայն Թեհրանը «չարիքի առանցք» դարձնելու Ջորջ Բուշ կրտսերի որոշում ի չիք դարձրեց այդ մտահղացումը: Այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը ՄԱԿ-ում խոսեց հակաիսլամիստական պայքարում Արեմուտքի եւ Իրանի համագործակցության նպատակահարմարության մասին: Իսկ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հոկտեմբերի վերջերին Իրանն անվանեց «Ամերիկայի բնական դաշնակից»:

Մայքլ Ռուբինի կարծիքով, ԱՄՆ-ի եւ Իրանի հակաիսլամիստական շահերի ընդհանրությունը դեռ ոչինչ չի ապացուցում: «Կրակը հետաքրքրում է թե՛ հրշեջներին եւ թե՛ հրձիգներին: Չմոռանանք, որ եթե Թեհրանը չկառչեր իր հովանավորյալ Բաշար Ասադին, ապա իսլամիստները Սիրիայում երբեք ձեռք չէին բերի այն ուժը, որ ունեն այսօր: Էլ չեմ խոսում Իրանի միջուկային նախագծերի մասին, որոնք «Իսլամական պետությունից» պակաս վտանգավոր չեն», նշում է ամերիկացի փորձագետը:

Ի դեպ, չորեքշաբթի օրը Վիեննայում Իրանի եւ արեւմտյան Վեցյակի երկրների միջեւ սկսվեցին Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները, որոնք կեզրափակվեն առաջիկա երկուշաբթի օրը: Ինչպես հայտնի է, պատժամիջոցների վերացման դիմաց Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրերի շուրջ բաց քաղաքականություն վարել եւ բացառել միջուկային զենքի ստեղծման որեւէ ծրագիր, առանց հրաժարվելու ատոմի խաղաղ նպատակներով օգտագործման իր իրավունքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ