RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՍԵՔ` ԻՄԱՆԱՆՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ոչ իշխանականների երկու հանրահավաքից հետո նախագահ Սարգսյանի առաջարկը վարչապետին, թե ավելի մանրամասն պետք է քննել ոչ իշխանականների տասներկու կետը, ի վերջո վարչապետը վերաուղղեց ոչ իշխանականներին, թե` ոչինչ քարացած չէ (նկատի ուներ ավելի վաղ կառավարության մանրամասն պատասխանը տասներկու կետանոց պահանջներին), ձեւավորենք երեքական ներկայացուցիչով թիմեր` իշխանություն-ոչ իշխանություն, մանրամասն քննենք կետերը եւ դիրքորոշում հայտնենք: Անգամ այդ հարցով Ազգային ժողովի նախագահի մոտ հրավիրվեցին խմբակցությունները, բայց արդյունք չեղավ` ոչ իշխանականները չեն ուզում: Այսինքն` խմբակցություններն են այդպես ասում, եռյակն էլ միացյալ նիստ է արել եւ այդպես որոշել: Բայց անձամբ Գագիկ Ծառուկյանը այդ զարգացումներից հետո դեռ հարցազրույց չի տվել իր լրատվամիջոցներին, ինչպես որ սովորաբար անում է: Իսկ անցյալից է հայտնի` կուսակցականները ասում են մի բան, հետո Ծառուկյանը մի ուրիշ բան է ասում, եւ... խառնում է անգամ սեփական կուսակիցների խաղաթղթերը: Այնպես որ` չենք զարմանա, եթե պարզվի, որ բանակցելու են:

Իսկ առայժմ բանակցություններ` նիխթ, ասում են ոչ իշխանականները, թող տասներկուկետանոց պահանջներն իշխանությունը կատարի, եւ վերջ: Թե չէ` նոր հանրահավաք կանեն, «համաժողովրդական շարժման» գրասենյակներն էլ տեղերում ակտիվ ձեւավորվում են, Իվանիշվիլու օրինակն էլ դրված է որպես ընդօրինակման արժանի նշակետ: Բայց հիմա որ Իվանիշվիլին պրոբլեմ ունի իր սեփական նախարարների ու խորհրդարանականների հետ` այդ մասին չեն խոսում:

Համաժողովրդականի մասով: 1988-ից սկսած մեկ համաժողովրդական շարժում է եղել` Արցախյանը, էն էլ որովհետեւ միավորող գաղափար կար` Արցախը: Հենց որ շարժումից ծնվեց ՀՀՇ-ն, որպես կուսակցություն, ամեն բան համաժողովրդականի մասով ավարտվեց:

Հայաստանում բոլոր մյուս շարժումները, ներառյալ 1996-ի ամենամարդաշատը, անընդհատ կրկնում են նույն սխալները` դրանք համաժողովրդական չեն դառնում իրենց լիդերների կուսակցական էգոիզմի պատճառով, որը միշտ էլ խրտնեցնում է ազնիվ ու կրթված մարդկանց: Հիմա առավելեւս` կուսակցական էգոիզմը ե՛ւ հարթակում է, ե՛ւ իշխանության մեջ: Մերոնք չաճեցին այն աստիճանի, որ կուսակցական նկրտումներն ամենավերջին տեղում լինեն` առաջ մղելով լայն զանգվածների, հանրության շահերը: Անգամ եթե ամբոխահաճո կոչեր են հնչեցվում, թե այսուայն քայլերն արվում են հանուն ժողովրդի, իրականում ամեն ինչում առաջ են մղում սեփական կուսակցական շահերը: Սա երեւում է եւ հարթակում, եւ հայոց խորհրդարանում, որտեղ անգամ ամենախելքին մոտ առաջարկը, որ հնչեցվում է, ասենք, ոչ իշխանության կողմից, իշխող ուժը երբեք բանի տեղ չի դնում: Եւ կարող է մի առաջարկ, որ ընդդիմությունն է անում, մերժվել, ու հենց վաղը նույն առաջարկը իշխանության նախաձեռնությամբ բերվել: Կուսակցական էգոիզմն է այն մի քանի պատճառներից մեկը, որ կառավարման համակարգը չի դարձնում առավել արդյունավետ ու կոմպրոմիսային, եւ դա էլ միգուցե ի՛ր պատճառներն ունի` երկրի ռեսուրսները քիչ են, մերոնք սովորել են քիչ ռեսուրսը բաժանել սեփական կուսակիցներ միջեւ, այլ գործելակերպ Հայաստանում չեն պատկերացնում: Եւ երկխոսությունների մասին առաջարկներն այդ պատճառով տարիներ շարունակ իմիտացիա են: Ու դա միշտ հասկացել են մեր երկրի ընդդիմությունները, երբ մտել են խաղի մեջ: Մեր ընդդիմությունների հույսը միշտ այն է եղել եւ կա, որ իրենք ամբողջությամբ կտնօրինեն իշխանությունը, իրե՛նք միայնակ կտիրապետեն ռեսուրսներին, ինչպես օրվա իշխանությունն է անում, մնացածներին ոչինչ չտալով (կա՞, որ տան), չնայած երեսպաշտորեն միշտ խոսում են ժողովրդի անունից, իշխանության համար իրենց պայքարի անունն էլ դնում են համաժողովրդական շարժում: Համաժողովրդական շարժումն այն կլինի, որ բացի հանրահավաք անող կուսակցությունների կողմնակիցներից` ժողովրդական ավելի գիտակից զանգվածներն իրենց ոտքով գան հրապարակ, որ բացի հոգնեցնող կուսակցականներից, որոնց պահվածքն ուղղակի շտրեյկբրեխերական է, տարբեր շերտերի հարգված մարդիկ գան ու կանգնեն հարթակում, կուսակցական էգոիզմը դերակատար չլինի այնտեղ, ու սահմանափակ գիտելիքներով կուսակցականները հարգանքով ամբիոնները տրամադրեն իրենցից տասն անգամ խելոք մարդկանց: Չէ, այդպիսի բան չկա: Եվ իշխանական կողմում է լսվում`«Մեզնից լավը չկա», եւ հարթակում են իրենց այնպես պահում, ասես աստվածներ են, եւ իրենցից լավը էս հողը ոչ կարողացել է ծնել ու ոչ էլ ծնելու է:

Երկրորդ տարածված սխալն այն է, որ մեր հեղափոխություն անողներն անընդհատ նույն շրջապտույտի գերին են դառնում` հեռացեք, ամբողջական իշխանափոխություն, մենք կգանք ու ժողովրդի վիճակը կլավացնենք: Ու ոչ ոք երբեք նախօրոք չի ամրագրում, թե կոնկրետ ո՞վ, որտեղի՞ց, ինչպե՞ս:

Իսկ այն իրավիճակում, որում մեր երկիրն է հայտնվել, դրանից վտանգավոր բան չկա, երբ նույն կաթսայի մեջ բովված մարդկանց մի խումբը պետք է փոխարինվի մի ուրիշ խմբով, կամ որ ավելի վատ է` նախորդներով: Հստակեցրեք, տասներկու կետ կազմե՞լ եք, դրա նման մի տասներկու կետ էլ ներկայացրեք` ո՞րտեղից, ո՞ր աղբյուրներից եք պատրաստվում փակել երկրի հինգ մլրդ դոլարանոց պարտքը, ո՞ր աղբյուրներից եք պատրաստվում բյուջեի եկամտային մասը գոնե կրկնապատկել, անուններ տվեք` ովքե՞ր եւ որքա՞ն տոկոսով են ստվերում, ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ինչո՞ւ են ստվերում հայտնվել, եւ ի՞նչ միջոցներով եք փորձելու նրանց ստվերից դուրս բերել: Գեղեցիկ եւ գույնզգույն բառեր միմյանց կողքին շարելու փոխարեն, ասեք` ո՞ւմ եք տեսնում ձեր իշխանության նախագահ, վարչապետ, նախարարներ (այսինքն` կադրային բանկ ցույց տվեք` մարդիկ հասկանան, ուզո՞ւմ են դրանց, թե՞ ոչ), արդյո՞ք համապատասխան կրթական ցենզով կադրային համարժեքն ունեք:: Թե չէ ասում եք` ժողովուրդը պետք է արժանապատիվ կերպով կարողանա իր ընտանիքը պահել, է, ով ասես նման բան կարող է ասել, իշխանությունն էլ է ասում, բայց չի կարողանում դա իրագործել: Ես էլ տանը կամ աշխատավայրում նստած կարող եմ այդպես ասել ու գրել` իշխանություն ուզե՞մ, ինչ է: Երբ թափանցիկ ցույց կտաք երկրում փոփոխություններ անելու ճանապարհներն ու մոտակա երկու-երեք տարվա անելիքը, ինչպես նաեւ առաջին դեմքերի անուններ կտաք, երբ ձեր կողքին կուսակցականներից , մի մեքենայի մեջ տեղավորվող կուսակցություններից, ինքնամոռացության աստիճանի անձնապես ձեզ նվիրվածներից բացի` անկուսակցական հարգված մարդիկ կկանգնեն, էն էլ ինքնաբուխ, եւ ոչ թե տարբեր շահագրգռություններով, այն ժամանակ ձեր շարժումն անվանեք համաժողովրդական: Թե չէ` գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն, համաժողովրդակա՜ն, սեփական կողմնակիցներով համաժողովրդական է լինո՞ւմ:

Այլապես ամեն մտածող մարդ, այո, կարող է տեսակետ ունենալ, որ ոչ թե իշխանություն եք ուզում փոխել` երկրի վիճակից մտահոգ, այլ տեղ եք ծածկում` հաջորդ խորհրդարանական ընտրություններին ուրիշ փայ ուզողներին մոտ չթողնելու համար:

Ոչ մի վատ բան չենք ասում, ասում ենք` ո՞նց եք պատրաստվում փոխել մեր կյանքը, որը մենք էլ ենք շատ ուզում, ասեք` իմանանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ