RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1465, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԵՐՔՈՒՄ ԵՎ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետՙ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, 07. 11. 2014թ.

Հարգարժա՛ն խմբագիր, Ձեր թերթի 2014թ. նոյեմբերի 7-ի թողարկման 9-րդ էջում հրապարակված «Էջմիածնի մարմարե կինոթատրոնը վերածվել է պահեստի» հոդվածում տեղ են գտել անճշտություններ: Խնդրում եմ, հրապարակել ակնհայտ սխալ այդ փաստերի հետեւյալ հերքումը:

Նախՙ վերնագրում տեղ գտած մի արտահայտության մասին: Էջմիածին քաղաքի նախկին կինոթատրոնի շենքը մարմարե չէ, ինչպես նշված էր հրապարակման մեջ, այլՙ ֆերզիտից: Հիմաՙ առավել կարեւոր փաստերի մասին: Լրագրող Հասմիկ Հարությունյանը պնդում է, որ կինոթատրոնի շենքը համայնքային սեփականություն է: Մինչդեռ իրականությունն այն է, որ Էջմիածնի կինոթատրոնի շենքը երբեք էլ համայնքի սեփականություն չի եղել, այն վաճառվել է 1996-ից էլ առաջ, մինչ քաղաքապետարանների ձեւավորումը, քաղխորհուրդների ժամանակ: Շենքն այն տարիներից մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, եւ մենք անգամ չենք կարողանում հայտնաբերել, թե ով է մասնավոր սեփականատերը, որ իրենով է արել եւ անխնամ վիճակում է պահում շենքը:

Հաջորդ պնդումն այն է, թե շենքը թալանվել է, վերածվել փլատակների եւ կատարվածի մեջ մեղադրվում է քաղաքային իշխանությունը: Իրականում, հակառակ հեղինակի պնդման, թե լավ կլիներ, որ շենքը մասնավոր սեփականատեր ունենար, մենք էլ վստահաբար ասում ենքՙ լավ կլիներ, որ հայտնվեր սեփականատերը, շենքը վերադարձներ համայնքին, եւ քաղաքապետարանն այստեղ ներդրումներ անելու հնարավորություն ստանար: Համենայն դեպս, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ղեկավարման տարիներն ապացույց են, որ Էջմիածնում նախկինում լքված, քայքայման հասցված շենքերը, որոնք համայնքային սեփականություն են, հերթականությամբ հիմնանորոգվում են, շքեղ տեսքով ներկայանում հանրությանն ու լիարժեք ծառայում էջմիածնեցուն: Քաղաքապետը կարողանում է թե՛ տեղական բյուջեից հատկացումների շնորհիվ, թե՛ ՀՀ նախագահին եւ կառավարությանը դիմելու ճանապարհով միջոցներ ներգրավելովՙ վերանորոգել մշակույթի օջախները: Ասվածի վառ ապացույցն են Կոմիտասի անվան Մշակույթի պալատի հիմնանորոգումը, որ 50 տարի անտերության էր մատնված, Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգումը, եթե չեմ սխալվում, որի սանն է ժամանակին եղել ձեր հոդվածագիրը: Հասմիկ Հարությունյանն էլ կարող է փաստել, թե շենքն ինչ վիճակում էր այն տարիներին, ինչ շքեղ տեսքի է այսօր: Կարող ենք խոսել քաղաքի մարզադպրոցի հիմնանորոգման մասին, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի հիմնանորոգման մասին: Եթե կինոթատրոնի շենքն էլ համայնքային սեփականություն լիներ, ապա այսօր հաստատապես նման անմխիթար վիճակում չէր լինի:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ թղթակիցը շենքում տեսել է Էջմիածնի քաղաքապետարանի մասնագետներին, ասենք, որ դա եւս քաղաքապետարանի հոգատար վերաբերմունքի արտահայտություն է: Շենքում վթարվել էին խողովակներն ու ջուրը տարածվում էրՙ քայքայելով շենքն ու վնասելով շրջապատը: Քաղաքապետարանն իր վրա վերցրեց վթարի վերացումը, գոնե այս մասով վերկանգնողական աշխատանքների իրականացումը, որպեսզի շենքն էլ ավելի չքայքայվի:

Հարգանքներովՙ

Խմբ. կողմից.- Վերոբերյալՙ կրճատումներով ներկայացվող նամակին մեր կողմից կարող ենք ավելացնել մեկ հաստատում եւ մեկ առարկություն.

ա) Պետք չէ դասեր տալ մեր լրագրողին Էջմիածին քաղաքում կատարված բարեկարգումների վերաբերյալ. Հասմիկ Հարությունյանն ինքն է ժամանակին «Ազգ» օրաթերթի էջերում գոհունակությամբ արձանագրել, օրինակ, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի ու Մակար Եկմալյանի անվան թանգարանի վերանորոգման փաստը:

բ) Մեզ զարմացնում է պրն Վ. Վարդանյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքապետությունը չգիտի նախկին կինոթատրոնի ներկա սեփականատիրոջ ինքնությունը: Քադաստրային ծառայություննե՞րն էլ չգիտեն: Համոզիչ չէ, անկեղծորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ