RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1513, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏ» ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ

Պ. Ք.

Այնտեղ բնավորվել է 340 վերազգային ընկերություն

Եվրոհանձնաժողովը որոշել է պատժամիջոցներ կիրառել Լյուքսեմբուրգի դեմ, որն աշխարհում հայտնի «հարկային դրախտներից» մեկն է: Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթի հրապարակած տեղեկությունների համաձայն, այնտեղ բնավորվել են 300-ից ավելի վերազգային ընկերություններ, որոնք այդ երկրի հարկային արտոնություններից օգտվում են իրենց հարկատվության մակարդակը գրեթե զրոյի իջեցնելու նպատակով:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն մեղադրանքի կապակցությամբ, որ հարկատվությունից խուսափելու համակարգ է ստեղծել ի նպաստ խոշոր վերազգային ընկերությունների: Վերջիններիս վարքագիծը թուլացնում է Եվրոհանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերի դիրքերը, որը ամբողջ 18 տարիՙ 1995-2013 թթ. եղել է Լյուքսեմբուրգիՙ աշխարհի գլխավոր «հարկային դրախտներից» մեկի վարչապետը:

Օրերս աշխարհի 40 խոշոր լրատվամիջոցների հրապարակած հետաքննության արդյունքների համաձայն, հենց Յունկերի վարչապետության տարիներինՙ 2002-2010 թթ. Լյուքսեմբուրգը հարկատվության նվազեցման նպատակով հարկային համաձայնագրեր է ստորագրել 340 վերազգային ընկերությունների հետ, որոնց թվում են Apple, Amazon, Ikea, Pepsi, Heinz, Verizon, AIG, Axa ֆիրմաները: Վեց ամիս տեւած քննությունն իրականացրել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)ՙ իր հայթայթած 28 հազար էջ փաստաթղթերի հիման վրա: Խոսքը կանխաժամկետ հարկային համաձայնագրերի կիրառման կամ այսպես կոչված «հարկային կարգավորման» մասին է:

Տվյալ գործելակերպը համարվում է օրինական եւ կիրառվում է ոչ միայն Լյուսքեմբուրգում, այլեւ որոշ այլ երկրներում: Դրա կիրառման դեպքում ձեռնարկությունը կարող է նախապես տեղեկանալ, թե այսինչ երկրի հարկային վարչությունը ինչպես կվարվի իր հետ, եւ ստանալ իրավական որոշ երաշխիքներ: Դա ազդում է տարբեր երկրներում վերազգային ընկերության մասնաճյուղերի միջեւ հարկման ենթակա եկամուտների բաշխման վրա, ինչը ընկերությանը թույլ է տալիս իր հայեցողությամբ կարգավորել հարկատվությունը:

«Բազմաթիվ խոշոր ընկերություններ, օգտվելով Լյուքսեմբուրգի ճկուն հարկային օրենքներից, ինչպես նաեւ միջազգային օրենսդրության անկատարություններից, իրենց եկամուտները տեղափոխում են Լյուքսեմբուրգՙ հարկեր չվճարելու կամ անչափ քիչ վճարելու նպատակով», գրում է ֆրանսիական «Մոնդ» օրաթերթը, որը «LuxLeaks» հորջորջվող սկանդալի հետաքննությունը հրապարակած լրատվամիջոցներից մեկն է բրիտանական «Գարդիան», գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» եւ ճապոնական «Ասահի շիմբուն» թերթերի հետ մեկտեղ:

Այս բացահայտումներից հետո կազմակերպված մամլո ասուլիսում Լյուքսերբուրգի ներկայիս վարչապետ Խավյե Բետտելը հայտարարեց, թե իր երկրի հարկային քաղաքականությունը «համապատասխանում է միաջազգային օրենքներին»:

Յունկերը ամբաստանյալի կարգավիճակում

Նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը ներկայումս հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Ամիսներ առաջ Եվրոհանձնաժողովը քննություն սկսեց, որպեսզի պարզի, թե Լյուքսեմբուրգը «հարկային կարգավորման» միջոցով արդյոք «քողարկված օժանդակություն» չի՞ ցուցաբերել համացանցային «Ամազոն» ամերիկյան խոշոր ընկերությանը եւ իտալական «Ֆիատին»: Հանձնաժողովի քննությունը վերաբերում է նաեւ Իռլանդիային (Apple-ի առնչությամբ) եւ Հոլանդիային (starbucks-ի առնչությամբ): Ժան-Կլոդ Յունկերի խոսնակ Մարգարիտիս Սկինասը օրերս Ֆրանսպրեսի թղթակցին հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Եվրոհանձնաժողովը պատժամիջոցներ կձեռնարկի Լյուքսեմբուրգի դեմ:

Այդ հայտարարության նախօրեին Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել էր, թե Եվրոհանձնաժողովը «միանգամայն իրավասու է անցկացնելու նման քննություններ»: Նա միաժամանակ խոստացել էր «չմիջամտել տվյալ գործին», որը մասնավորապես կապված է իր անձի հետ: Յունկերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԵՄ մրցակցության գծով նոր հանձնակատար Մարգարետե Վեստագերը «պետք է ունենա գործողությունների եւ խոսքի մեծ ազատություն»: «Ես նրան չեմ կանգնեցնի, քանի որ դա կհամարեի անվայել արարք», ավելացրել էր նա: Սակայն Եվրոխորհրդարանում Կանաչների խմբակցությունը գտնում է, որ Ժան-Կլոդ Յունկերի «վստահելիությունը հարցականի տակ է», քանի որ տվյալ գործում առկա է «շահերի բախում»:

Դեռ վերոհիշյալ բացահայտումներից առաջ Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Պիեռ Գրամենյան այն պնդումն էր արել, թե հարկ չկա հրաժարվել «հարկային կարգավորումից», քանի որ «կանխաժամկետ հարկային վճիռները համապատասխանում են օրենսդրությանը»: Միեւնույն ժամանակ նա խոստովանել էր, որ հարկավոր է հստակեցնել որոշ կանոններ եւ օրենքի տեսքով հիմնավորել դրանց կիրառությունը:

Գրամենյան ավելացրել էր, որ Լյուքսեմբուրգի վարչակազմի հետ վերազգային ընկերությունների կնքած համաձայնագրերը «հարմարեցված չեն» օրենսդրությանը, քանի որ «բացակայում է օրենքով սահմանված հստակ հիմնավորումը»: Ուստի հարկավոր է դրանք դուրս բերել իրենց անորոշությունից եւ «հստակեցնել կիրառվող գործելակերպը»:

Վերջերս Լյուքսեմբուրգում դրական տեղաշարժ է նկատվում հարկային ոլորտում: «Լիբերասիոն» թերթը հաղորդում է, որ այդ երկիրն արդեն Եվրոմիության մյուս պետություններին է միացել 2017 թվականից տեղեկությունների արագ փոխանակում կիրառելու հարցում: Նպատակը պայքարն է հարկային խարդախությունների, հարկ չվճարողների դեմ: Դա փաստորեն նշանակում է հրաժարում բանկային գաղտնիքից: Սակայն Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունն այս տարվա սեպտեմբերին հրապարակել է հանձնարարականներ, որոնք դեմ են հարկային ոլորտի բարեփոխմանը: Կազմակերպությունը պայքարում է հանուն «հարկային անկախության» վերահաստատման: Սա նշանակում է, որ եկամուտները պետք է հարկվեն այնտեղ, որտեղ դրանք ստացվել են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ