RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ՄԻ ՆՈՐ ՍՈԻԼԹԱՆ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1618, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԷՐԴՈՂԱՆԸՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Բարոյական սկզբունքների գործադրումը բարձրաձայնող քաղաքական գործիչներին պետք է համարել կեղծավորներ: Համաշխարհային պատմության ընթացքում չի եղել մի պատերազմ, որը պաշտպաներ բարոյական սկզբունքները, հակառակ որ գրեթե բոլոր պատերազմներն էլ մղվել են բարոյական սկզբունքների, կրոնական պաշտամունքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ մանավանդ ժողովրդավարության խթանման քողի ներքո:

Վերջին մոտ տասը տարիների ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցները կրկնում են նույն հանգերգն այն մասին, թե ինչպես Մերձավոր Արեւելքի երկրներում բռնակալների դեմ մղված ժողովրդական խլրտումները վերածվեցին այսպես կոչված «արաբական գարնան»: Ապատեղեկատվությունը հորինողներն այդ սուտը բավական երկար եւ բարձրաձայն հնչեցնելուց հետո, ի վերջո իրենք մնացին դրա միակ հավատացողները, իսկ այդ «գարունն» իրենց վրա կրած ժողովուրդներն ականատես եղան ավերածությունների, արյունահեղությունների եւ զրկանքների: Արդյունքում միայն աշխարհիկ կառավարությունները տապալվեցին, մինչդեռ միջնադարյան միապետները մնացին տարածաշրջանում առավել շփոթ իրավիճակ ստեղծած այդ «գարնան» լեգենդը հորինողների կրկնապատկված պաշտպանության ներքո:

Նման մթնոլորտում միայն պատեհապաշտները, մեքենայություններ կատարողներն ու շառլատանները կարող էին վերապրել եւ բարգավաճել: Պարզվեց, որ նման նենգ քաղաքական գործիչ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ում Արեւմուտքի քաղաքագետները համարում են իրենց ծրագրերը իրականացնող հարմարագույն անձնավորություն: Այդ պատճառով էլ նրան բնորոշում են ամենաշռայլ հատկանիշներով, ինչպես օրինակՙ «մեղմ իսլամիստ», «չափավոր կրոնասեր», եւայլն, մինչ ինքըՙ Էրդողանը խեղաթյուրում է ինչպես կրոնական, այնպես էլ ժողովրդավարական հատկանիշները, առաջ տանելու համար իր մտադրությունները ի հաշիվ արեւմտյան իր տերերի միամտության:

Էրդողանը քաղաքական երկերեսանիության հմուտ վարպետ է դարձել եւ սրանից հետո նրա խոսքերն ու արարքները այդ կոնտեքստում պետք է գնահատել:

Ճիշտ է, իր իշխանության օրոք Թուրքիան դարձավ տարածաշրջանում հզոր տերություն ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումներով, բայց Թուրքիայի այդ առաջխաղացումը պետք է ծառայեր երկրի ղեկավարի փառասիրությանը: Նա երազում է վերականգնել փառապա՜նծ Օսմանյան կայսրությունը եւ ստանձնելով ամենաբարձր պաշտոնը դառնալ մեր ժամանակների ամենազոր խալիֆա:

Նախ, օգտագործելով Գյուլենիստներին նա խորտակեց Քեմալիստների աշխարհիկ իշխանությունը: Այդ նպատակը իրագործելուց հետո, նա ձերբազատվեց դատական, զինվորական եւ ոստիկանական կառույցներում աշխատող այդ նույն Գյուլենիստ տարրերից: Միաժամանակ նա երկխոսություն սկսեց քուրդերի հետ: Քրդական հարցը միշտ էլ եղել էր Թուրքիայի աքիլլեսյան գարշապարը, որը կարող էր պատճառ դառնալ երկրի մասնատմանը: Առանց հաշվի առնելու որեւէ իրավական կամ տրամաբանական խոչընդոտ նա բանակցեց բանտում գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, անորոշ խոստումներ տալով նրան ի դիմաց PKK-ի ռազմական թեւի զինաթափման: Հիմա երբ քուրդերը մահու-կենաց պայքար են մղում ISIS-ի ծայրահեղ իսլամական ուժերի դեմ, թուրքական բանակը երկրի ներսում նախ ռմբակոծում է քրդական զորամիավորումները, եւ երկրորդՙ ամեն կերպ թուլացնում քրդերի զինված դիմադրությունը նախքան հետագա բանակցությունները:

Կոբանիի հարցը շրջադարձային է Թուրքիայի համար, նաեւ բացահայտող, թե ինչ դիրքորոշում է որդեգրում երկրի կառավարությունը ISIS-ի դեմ պայքարող ամերիկյան նախաձեռնությամբ ստեղծված կոալիցիայում: Չնայած Թուրքիան անվանապես միացել է այդ կառույցին, սակայն գործում է երկակի նպատակներով: Էրդողանի կառավարությունը մերժում է ոչ միայն պայքարել կոալիցիայի թշնամուՙ ISIS-ի դեմ, այլեւ արգելում է Թուրքիայում գտնվող ամերիկյան բազաներին կատարելու իրենց առաքելությունը: Ավելին, Թուրքիան զինում է ISIS-ին եւ օժանդակում նրանՙ հեշտացնելով նրա բարբարոսական դաժանությունները Կոբանիում, Մոսուլում եւ Իրաքի եւ Սիրիայի մյուս գրավյալ տարածքներում:

Թուրքիայի դաշնակիցների ուժեղ ճնշումների ներքո, արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն ցինիկաբար հայտարարեց, որ Կոբանիում քաղաքացիական բնակչություն արդեն չի մնացել, այնպես որ ահաբեկչական երկու խմբավորումները կարող են միմյանց ոչնչացնել:

Էրդողանի կառավարությունը փորձում է երկերեսանիության նույն քաղաքականությունը վարել նաեւ Իսրայելի հետ, բայց, իհարկե, ոչ շատ երկար ժամանակով: Իսրայելի դեմ նրա զայրացկոտ պոռթկումները երկու նպատակ են հետապնդում. հանգստացնել պահպանողական ուժերինՙ երկրի ներսում, եւ սիրաշահել արաբական աշխարհին, հետագայում այնտեղ շահավետ գործարարական աշխատանք ծավալելու համար:

«Ֆայնենշլ Թայմս» պարբերականը, որն իր սեպտեմբերի 22-ի համարում Թուրքիային նվիրված հավելված էր հրատարակել, գրել էր. «2014 թվի օգոստոսին, երբ Իսրայելը Գազայում որոշակի թիրախներ էր ռմբակոծում, սպանելով 2.100 պաղեստինցիների, Էրդողանը ելույթ ունենալով նախագահական ընտրապայքարի հավաքներից մեկում ասաց. «Նրանք, ովքեր Հիտլերին էին օր ու գիշեր մեղադրում, իրենց բարբարոսություններով գերազանցել են Հիտլերին»: Մի փոքր ներքեւ, նույն հոդվածը ընդգծում էր հակասությունը Էրդողանի խոսքերի եւ արարքների միջեւՙ գրելով. «Հակառակ առկա մաղձոտության, առեւտուրը երկու երկրների միջեւ շարունակում է նոր բարձունքներ նվաճել: 2013-ին Իսրայելն ու Թուրքիան ռեկորդային 5 միլիարդ դոլարի ապրանքներ են գնել միմյանցից»:

Թերթը նաեւ նշում է, որ Թուրքիայի էներգետիկ կապերը անցյալ տարվա համեմատությամբ 20 տոկոսով ավելացել են 2014-ին, եւ մի նոր էներգետիկ պայմանագիր էլ շուտով կստորագրվի կառուցելու համար խողովակաշար միջերկրականյան օֆշորային Լեվիտան դաշտերից:

Ինչքան էլ արեւմտյան մամուլը փորձի սեւացնել արաբական աշխարհը, միեւնույն էՙ այդ տարածաշրջանի երկրները նկատել են Էրդողանի քաղաքականության կեղծավորությունը եւ համապատասխան ձեւով արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնազուրկ անդամակցություն ձեռք բերելու Թուրքիայի ջանքերին: Փորձելով արդարացնել Թուրքիայի պարտությունը, արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց. «Մենք չենք հրաժարվում մեր սկզբունքներից»: Ոչ ոք չի հարցրել, թե որո՞նք են այդ սկզբունքները:

Չնայած Հայաստանը մանր ձկնիկ է Թուրքիայի քաղաքական ավազանում, Էրդողանն ու իր խոսնակ Դավութօղլուն նույն խարդախ միջոցներն են օգտագործում նրա հետ հարաբերվելիս: Արձանագրությունները, որոնք ընդհանուր առմամբ հօգուտ Անկարայի էին, դեռեւս չեն ստորագրվել Թուրքիայի խորհրդարանի կողմից, եւ գնդակը ինչպես Հիլարի Քլինթոնն էր նշել, Թուրքիայի դաշտում է գտնվում դեռեւս: Այն շարունակում է մնալ անտեսված:

Երկար ժամանակ պնդելով, որ «մեր նախնիները ցեղասպանություն չեն գործել», Էրդողանը ի վերջո բարեհաճեց տարակուսելի ցավակցություն հայտնել «տեղահանվածներից» վերապրողներին եւ նրանց հետնորդներին:

Պատրաստվելով նսեմացնել հայերի Ցեղասպանության հարյուրամյակի ներգործությունը, թուրքական կառավարությունը փաստահավաք առաքելությամբ շոշափուկներ է ուղարկում հայկական տարբեր համայնքներ, որպեսզի ըստ այդմ ձեւավորի իր դիրքորոշումը: Այդ արշավի նշաններից մեկը վետերան լրագրող Էթիեն Մահջուբյանին Դավութօղլուի ավագ խորհրդատու նշանակելն էր: Թուրքիայի կառավարությունը փորձում է դիվիդենտներ ձեռք բերել առաջին անգամ նման բարձր պաշտոնում ոչ-մահմեդական մի անձնավորություն նշանակելով: Հարց է ծագում, սակայն, որ եթե Թուրքիան ռասիստական երկիր չէ, ապա ինչո՞ւ մինչ օրս ոչ-մահմեդական մի անձնավորություն չէր նշանակվել այդ բարձր պաշտոնում: Տեսնենք, թե է՛լ ինչ է անելու Թուրքիան: Մինչ այդ, մերՙ հայերիս արարքները պետք է համապատասխան լինեն մեր միջազգային վարկանիշին:

Էրդողանն ու Դավութօղլուն այն անհիմն կարծիքին են, որ պատմություն են կերտում: Բայց նրանց արարքներն ու քաղաքականությունը հակառակն են պնդում: «Հարեւանների հետ զրոյական խնդիրներ» կարգախոսը փուչ դուրս եկավ: Իրականում այն վերածվեց «զրոյական հարեւաններՙ բազմաթիվ խնդիրներով» կարգախոսի:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ