RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1496, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեր համեստ հաշվարկներով, որպեսզի հիմնադրվեն «Համազգային շարժման» տարածքային կազմակերպություններըՙ Հանրապետության բոլոր մարզերում առնվազն մեկական հատ, մեկ ամիս ժամանակ է պետք: Այսինքն, դեկտեմբերի կեսերին նոր միայն այդ կազմակերպությունները կհիմնադրվեն: Այնուհետեւ եւս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի այդ կազմակերպություններն իրենց կոչմանը համաձայն իրագործեն «ժողովրդին մոբիլիզացումը», ընդ որում, որոշ մարզերումՙ կապված տեղի բնակչության առանձնահատկությունների հետ, այդ «մոբիլիզացումը» կարող է երկար տեւել, քան մեկ ամիսը: Սա նշանակում է, որ, հատկապես հաշվի առնելով գալիք Ամանորը եւ համազգային տասնօրյա արձակուրդը, եռյակի տարածքային կազմակերպությունները կսկսեն լիարժեք գործել հունվարիՙ լավագույն դեպքում կեսերից...

Բայց տարածքային կազմակերպություններին դեռ կանդրադառնանք: Ինչպես գիտենք, անցնող շաբաթ եռյակի ներսից նախ ԲՀԿ-ն, ամփոփելով իր քաղխորհրդի հերթական նիստը, հանդես եկավ հայտարարությամբ, հետո այդ հայտարարությանն արձագանքեց ՀԱԿ-ը, որին էլ` ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Սա այն պարագայում, երբ եռյակը մինչեւ օրս շարունակում է ունենալ փակ հանդիպումներ, հետեւաբար հարցերը միմյանց հետ քննարկելու փակ, գաղտնի ձեւաչափ ունի: Կնշանակի, որ կոնկրետ Ծառուկյանին պետք էր, որպեսզի հասարակությունն իմանա իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա տարաձայնութունների մասին, ընդ որում այդ տարաձայնություններն ամենեւին էլ երկրորդական հարցերի շուրջ չեն, այլ շարժմանՙ միասնական ռազմավարության ընդունման: Կնշանակի նաեւ, որ Տեր-Պետրոսյանը չի համակերպվում եռյակում ամեն ինչ որոշելու ԲՀԿ-ի բնավորության հետ, եւ վերջապես, կնշանակի, որ եռյակում Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե լսում էլ են, ապա միայն հայրենի «Ժառանգականները», այն էլ, ոչ ամեն դեպքում:

Իրականում ի՞նչ հաղորդեց մեզ ԲՀԿ-ի քաղխորհուրդը: Այն, որ Հանրապետության շրջաններում, «ժողովրդին մոբիլիզացնելու համար» պետք է ոչ միայն ստեղծվեն «համազգային շարժման կենտրոններ», այլեւ այդ կենտրոնները պետք է ստեղծվեն շրջաններում արդեն իսկ գործող ԲՀԿ համապատասխան կենտրոնների վրա, սա այն պարագայում, որ ՀԱԿ-ը, էլ չենք խոսում «Ժառանգության» մասին, նույն շրջաններում եւս ունի համապատասխան կազմակերպություններ, որոնք, փաստորեն, պետք է ձուլվեն ԲՀԿ-ի կազմակերպությունների մեջՙ «ամեն ինչ հանուն պատերազմի» սկզբունքին հավատարիմ:

ՀԱԿ-ն իր պատասխանով, սակայն, հայտարարեց, որ չնայած շրջաններում նման կենտրոնների ստեղծումն ինքնին վատ գաղափար չէ, հետեւաբար ՀԱԿ-ում սկզբունքորեն դեմ չեն իրենց կենտրոնների ձուլմանըՙ ԲՀԿ-ի կենտրոնների հետ, բայց այդ գործընթացը պետք է զուգահեռել Ազատության հրապարակում ակտիվության պահպանմամբ: Եթե ոչ, ապա շարժումը հավակնում է թույլ տալ ռազմավարական կոպիտ եւ ճակատագրական սխալ: Դե իսկ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ի անունից իրավունք տվեց ՀԱԿ-ինՙ «հանրահավաք կազմակերպել ո՛ր հրապարակում որ ցանկանում են, եւ երբ ցանկանում են», բայցՙ ինքնուրույնաբար:

Ինչպես ասում են իմաստուններըՙ այլ հարց է, թե ով է ճիշտ, կարեւորն այն է, որ տարակարծություն կա:

Բայց ինչի՞ց այն առաջացավ: Օրինակ, ռուս փորձագետ Ալեքսանդր Դուգինը (ով ծանոթ չէ ասենք, որ նա այն Դուգինն է, ով ասել էրՙ «Եթե Հայաստանում գունավոր հեղափոխություն լինի, ապա կարող եք մարշներդ քաշել Ղարաբաղից»), օրերս հարցազրույց էր տվել հայկական կայքերից մեկին, չզարմանաքՙ «Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների շուրջ»: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս պետք է աստիճանաբար համակերպվենք, որ ռուս փորձագետներն են են մեզ ներկայացնում ներհայաստանյան քաղաքական զարգացումները, արձանագրենք, որ Դուգինը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Պարոն Ծառուկյանը վերջերս Մոսկվայում էր եւ չի բացառվում, որ նրան հասկացվել էրՙ հեռու մնալ Տեր-Պետրոսյանից, ով, չնայած այսօր Մոսկվային հավատարմության երդում է տալիս, բայց երբեք չի վայելել Մոսկվայի վստահությունը»:

Ինչպես ասում է Դուգինըՙ «չի բացառվում»:

Բացի սրանից, չմոռանանք, որ Հանրապետության երկրորդ նախագահը կարող է եւ ամենեւին խանդավառված չլինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ լայն համագործակցությամբ, բայց նաեւ չմոռանանք, որ սա ԲՀԿ-ՀԱԿ լայն համագործակցության հետ ոչ մի կապ չունի, իբր...

Եւ ամենակարեւորը, մամուլում անցնող շաբաթ լուրեր տարածվեցին, թե տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Իմիջիայլոց նշենք, որ այս հանդիպման գրանցումն ամենեւեին էլ չի վարկաբեկում Ծառուկյանին, եւ սա մաքուր քաղաքական գործընթաց է: Սկզբում պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանաը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունը, ինչը, հասկանալի է, ավելի շատ հավանական դարձրեց հանդիպումը: Ապա ԲՀԿ խմբակցության անդամ, ակտիվ «եռյակական» Ստեփան Մարգարյանը եւս ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունըՙ շեշետելով, որ ինքն իրավասու չէ այդ մասին խոսելու եւ ոչինչ չգիտի: Ապա ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպումն իրոք եղել է, սակայն, պարոն Զոհրաբյանը հանդիպման օրակարգի մասին ոչինչ չի ասել: Ավելին, արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թեՙ «ի՞նչ մի զարմանալու բան էՙ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը». «Նրանք կարող են ցանկացած պահի էլ հանդիպել, որովհետեւ հաճախակի են հանդիպում»...

Ինչպես ասում են իմաստուններըՙ կարեւոր չէ, թե ինչ են քննարկում, կարեւորն այն է, որ քննարկում են:

Պարզ չէ, թե այդ հանդիպումից հետո՞, թե՞ առաջ է գումարվել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը: Ըստ ամենայնի` հետո, քանի որ ԲՀԿ-ի քաղխորհուրդը, ինչպես արդեն նշեցինք, որոշում չի կայացրելՙ ակտիվացում ապահովել Ազատության հրապարակում, փոխարենը ձեռնարկել է մինչեւ փետրվար ձգվող մի գործընթաց, այդպիսով մարգինալ սարքելով ՀԱԿ-ին, փաստորեն:

Իսկ ի՞նչ է լինելու փետրվարին, ավելի ճիշտՙ ի՞նչ չի լինելու մինչեւ փետրվար: Նախ ԱԺ-ն, հասկանալի է դրա Հանրապետական մեծամասնությունը, մինչեւ փետրվար հետաձգեց «Շրջանառության հարկի մասին օրնեքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրինագծի ընդունումը, ապա Սերժ Սարգսյանը մինչեւ փետրվար «թայմ աութ» վերցրեցՙ կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Ի դեպ, այս վերջինի կապակցությամբ նախագահ Սարգսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է. «Իմ մոտեցումներըՙ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, բոլորին հայտնի են: Կարծում եմ, որ մենք այս ժամանակահատվածըՙ մինչեւ փետրվար, պետք է արդյունավետ օգտագործենք քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի ավելի լայն սատարման, դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն»: Ի՞նչ նկատի ունի նախագահըՙ սահմանադրական բարեփոխումների հարցում «քաղաքական ուժերի ավելի մեծ կոնսոլիդացիա ստանալ» ասելով: Եւ ի՞նչ կապ ունի այս առումով նրա եւ Ծառուկյանիՙ «հաճախակի հանդիպումներից» այս վերջինը, եւ վերջապես, կապ կա՞ արդյոք մինչեւ փետրվար պարոն Ծառուկյանի այդքան սիրածՙ «քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա»-ի հասնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի այս հավաստիացման եւ ԲՀԿ-իՙ եռյակում առկա մյուս երկու ուժերին դեմ գնալու քաղաքականության միջեւ:

Անկեղծ ասած, եթե ինչ-որ կապ կա ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, ապա այս ամենի մեջ կապ կա ու կա:

Չմոռանանք նշել, որ եռյակը հաջորդ հանրահավաքում, եթե այն կայանա, իհարկե խոսելու է ԱՄՆ Սենատի վերջին ընտրություններում Հանրապետականների վստահ հաղթանակի անթույլատրելիության մասին, իսկ հանրահավաքին հաջորող ավանդական երթը, հաշվի առնելով ցուրտ եղանակը, անցնելու է «կանյաչնիի» մոտով:

Մի մրսեք, առնվազնՙ մինչեւ փետրվար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ