RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1541, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հղի կանանց ժամանակավոր անաշխատունակության նպաստների` վերջերս բորբոքված թեմային անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Մայրության նպաստ` չարաշահումների համար դուռը մնաց բաց», «ԱԶԳ», 6.11.2014): Խնդիրը կապված էր լայն տարածում գտած, պետության կողմից աշխատավարձի 100 տոկոսի չափով տրվող անաշխատունակության նպաստներն օգտագործելով, պետական բյուջեից միլիարդավոր դրամների յուրացման հետ: Նկատի ունենալով դա, կառավարությունը ներկայացրել էր մի նախագիծ, որտեղ կախված աշխատանքային ստաժի տարիներից սահմանվում էր մայրության նպաստի չափը եւ այն այլեւս 100 տոկոս չէր պահպանվում: Դա առաջացրել էր այն կանանց դժգոհությունը, որոնք մասնակից չեն խարդախությունների` հղիության ժամանակ անաշխատունակության նպաստ ստանալիս: Արդյունքում, կառավարությունը վերանայեց իր նախորդ նախագիծը, վերականգնեց 100 տոկոսի փոխհատուցումը որոշակի սահմանափակում` վերին շեմ սահմանելով 1 մլն դրամից ավելի ստացող կանանց համար: Այդ շեմից բարձր աշխատավարձ ստացողների անաշխատունակության նպաստի տրամադրումը թողնվեց գործատուների վրա: Այսինքն, կառավարությունը նախ փորձեց կանխել պետբյուջեից գումարների յուրացումը, ապա փաստացի հետ կանգնեց իր որոշումից, ընդառաջելով դժգոհություն արտահայտողների պահանջին: Այսինքն, գրեթե վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր, խնդրի` բոլոր կողմերին բավարարող լուծումը թողնելով ապագային:

Ահա այս թեմայի բուռն քննարկման ժամանակ հասարակության եւ լրատվամիջոցների մեծ մասը հանդես էին գալիս հղի կանանց իրավունքների պաշտպանության օգտին, գտնելով, որ կառավարությունը պետք է անփոփոխ թողնի մայրության նպաստների 100 տոկոսով փոխհատուցումը եւ ընդգծելով, որ ազնվորեն աշխատող կանայք մեղավոր չեն եւ չպետք է տուժեն խարդախություն կատարողների պատճառով: Ի՞նչ խոսք, հիմնավոր պատճառաբանություն: Սակայն, բավական էր մեկ տեղեկատվություն, երբ այլ իրականություն պարզվեց:

Հղիների իրավունքների պաշտպանները, սոցցանցերի եւ լրատվական դաշտի մի զգալի հատված անմիջապես արձագանքեցին հրապարակ նետված տեղեկատվությանն այն մասին, որ նախկին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ` Փիրուզ Սարգսյանի ստացած հղիության անաշխատունակության նպաստը կազմել էր 20 մլն դրամ: Բոլորը եւ հատկապես սոցցանցերի` ինչ-որ մեկին մշտապես «հոշոտելու» պատրաստ զանգվածը անցան իրենց հիմնական գործին` հայհոյանքների, սպառնալիքների, վիրավորանքների տարափ տեղալով նախկին ֆինանսների նախարարի, նրա կնոջ, կառավարության եւ խնդրին առնչվող եւ չառնչվող հնարավոր եւ անհնար անձանց ու կառույցների վրա: Նրանցից ոչ ոք փորձ չարեց մտորել ակամայից առաջացող հարցերի շուրջ:

Մասնավորապես` օրենք խախտե՞լ է ֆինանսների նախկին նախարարի կինը 20 մլն դրամ անաշխատունակության նպաստը ստանալիս կամ գուցե չարաշահո՞ւմ է թույլ տվել հղիության ժամանակ պետությունից հավելյալ գումարներ յուրացնելու համար: Բնականաբար, նման հարց ոչ ոք չտվեց եւ օրենք խախտելու կամ չարաշահում թույլ տալու մասին տեղեկատվություն չեղավ: Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունքով են վիրավորում կամ հայհոյում այն մարդուն, որը օրենք չի խախտել, չարաշահում թույլ չի տվել: Միայն նրա համար, որ բարձր աշխատավարձ է ստանո՞ւմ: Չէ՞ որ նույն մարդիկ բարձր աշխատավարձ ստացող հղիների դժգոհության հետ համամիտ էին, երբ խնդիրը կառավարությանը քննադատելն էր: Այդ դեպքում ի՞նչ պատահեց, երբ նման կոնկրետ դեպքի հանդիպեցին: Կամ գուցե հարցը բարձացնեին, իսկ ո՞վ է եւ ինչո՞վ է զբաղվում ֆինանսների նախկին նախարարի կինը, որ այդ չափի ժամանակավոր անաշխատունակության նպաստ է ստանում: Տարօրինակ էր, բայց դա նույնպես ոչ ոքի չհետաքրքրեց: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ Փիրուզ Սարգսյանը ֆինանսական համակարգի հաշտարարն է եւ այդ պաշտոնին էր նշանակվել Դավիթ Սարգսյանի` ֆինանսների նախարար նշանակվելուց շատ առաջ: Հետեւաբար, ոչ մի փաստարկ չէր մնում ինչ-որ բանում նրան մեղադրել, թերեւս բացի նրանից, թե... ի՞նչ իրավունք ուներ երեխա ունենալ կամ ինչո՞ւ էր ֆինանասական համակարգի հաշտարար աշխատում:

Միաժամանակ, այս դեպքը ընդամենը հերթական դրսեւորումն էր այն երեւույթի, որին ականատես ենք լինում վերջին տարիներին: Ուղղորդված, ինքնանպատակ ու ոչնչացնող գործողություններ, հայհոյախառը մեկնաբանություններ, ոչնչով չհիմնավորված եզրակացություններ զանազան «ակտիվիստների», նրանց ֆինանսավորողների եւ համակրողների, կյանքում չկայացածների, գրքի կամ գիտելիքների մասին պատկերացում չունեցողների, այլեւայլ դատարկագլուխների, ցինիկների կողմից: Սոցցանցերում գիշեր-ցերեկ այս կամ այն անձին, կառույցին, պետությանը վարկաբեկող կամ հայհոյող տգետների այս զանգվածը չունի բարեկրթության տարրական մակարդակ, չի ստեղծում նյութական կամ հոգեւոր արժեքներ, անհանդուրժողական է առողջ որեւէ մտքի կամ հիմնավորված տեսակետի հանդեպ, միաժամանակ ծայրաստիճան վախկոտ է, երբ համարժեք հակահարված է ստանում, փորձելով պաշտպանվել «իրավունքների խախտման» մասին հերթապահ ղժղժոցներով, մոռանալով, որ իրավունքներ ունեն նաեւ ուրիշները: Նրանց գարշելի դեմքը երեւում է խնդրահարույց բոլոր հարցերում` մայրության նպաստներից մինչեւ բանակ եւ հայ-ադրբեջանական սահմանային բախումներ, մշտապես ի վնաս սեփական երկրի, ժողովրդի եւ հանրության` վերջին ճշմարտությունն ասողի կեցվածով, սահմանափակելով տարբեր կարծիքների ազատ եւ առանց վիրավորանքի արժանանալու մտահոգություն արտահայտելու հնարավորությունը: Ցավալի իրականություն, որի զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, այնպես ինչպես վերեւում հիշատակված անձը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ