RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Որքան մոտենում է 100-ամյա տարելիցը, Հայոց Մեծ եղեռնին նվիրված զանազան միջոցառումների, առավել եւս հրատարակությունների թվաքանակն օրեցօր ավելանում է: Ամենակարեւորն ու գնահատելին այն է, որ մոտեցումներն են բարեփոխվել, հեղինակներն ավելի հասուն, կոնկրետ ու պատճառաբանված մոտեցումներ են հանդես բերում, տեսական ու ճանաչման ոլորտից աշխատանքները տեղափոխվում ու կոնկրետանում խնդրի ավելի կարեւոր` պահանջատիրական կողմի վրա:

Թուրքական իշխանություններն իրենց հատուկ անպատկառ համառությամբ չեն ցանկանում առերեսվել պատմությանը եւ ընդունել հանրահայտ ճշմարտությունը: Հետեւում է, որ նրանց հարկավոր է ստիպել, իսկ դրա քաղաքակիրթ ձեւը միջազգային դատական ատյանների միջոցով է հնարավոր անել: Սակայն իրավարար օբյեկտիվ դատավճիռ ապահովելու համար անհրաժեշտ է հիմնարար եւ ճշգրիտ փաստաթղթերով հայց ներկայացնել: Ահա այս շնորհակալ գործին է ձեռնամուխ է եղել ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը , ում օրերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ինստիտուտի նիստերի դահլիճում, որին ներկա էին մեծ թվով հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը .

- Ես գտնում եմ, որ մենք 1965-ից սկսած, տարիներ շարունակ սխալ ուղղությամբ ենք ընթացել, քանի որ մեր հակառակորդները մեզ մշտապես ներքաշել են անպտուղ բանավեճերի մեջ: Դրանք հիմնականում միտված էին կասկածի ենթարկել ցեղասպանության իրողության փաստը, իսկ մենք կուլ տալով խայծը` փորձում էինք ապացուցել անապացուցելին, քանի որ բացարձակ ու ակնհայտ ճշմարտությունները`աքսիոմները, ապացուցման կարիք չունեն: Համաշխարհային հանրության անտեղյակ մասն էլ` ականջալուր լինելով այդ վեճերին` երբեմն կասկածում էր Եղեռնի իրողությանը: Այս առումով մեր հիմնական խնդիրը նախկինում ցեղասպանությունը ճանաչելի դարձնելն էր: Իսկ մեր օրերում արդեն օբյեկտիվորեն ճանաչման անիմաստ գործընթացը տեղափոխվեց պահանջատիրության հարթակ: Պետական ու այլ մակարդակներով համարձակորեն առաջ քաշվեց միջազգային դատարան դիմելու անհրաժեշտությունը: Ուրախալի փաստ է, որ հեգնական վիճակից մենք հասանք հաղթանակին հավատալու եւ հատուցման անհրաժեշտության գաղափարի ճշմարտացիության գիտակցմանը: Այսօր հստակ է, որ մենք բոլոր իրավական հիմքերն ունենք միջազգային դատարան դիմելու համար:

Այդ իրավական հիմքերը լրացնելու ու ավելի ամբողջական դարձնելու պատվաբեր առաքելությունն ունի ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությունը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ իրավաբան, Յուրի Բարսեղովի արշակետ ու արժանի հետնորդ Վլադիմիր Վարդանյանը , ում հասցեին մասնավորապես Ա. Մելքոնյանը դրվատանքի խոսքեր չէր խնայել.

- Ողջունելի աշխատանք է: Բաղկացած է երկու հատվածից` առաջինում ներկայացված են Միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ու նախադեպերը, իսկ երկրորդում` Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի կազմման ու ներկայացման հիմնախնդիրներն ու հնարավորությունները: Ոչ իրավաբանի համար շատ լուրջ իրավաբանական աշխատանք է ներկայացվել, որով կարելի է դիմել միջազգային ատյաններին: Համոզված եմ, որ մենք` իրավաբաններս, միջազգային ատյաններ դիմելուց առաջ պիտի կետ առ կետ անցնենք այդ դրույթների վրայով իրավական տեսանկյունից մանրամասնելով եւ հստակեցնելով դրանք:

Ասեմ նաեւ, որ միջազգային հանրությունն էլ կարծես պատրաստ է պատմական ճշմարտությունը անվերապահորեն ընդունելու, մեղավորներին պատժելու եւ հարցին մեկընդմիշտ արդարացի լուծում տալու համար: Հույս է ներշնչում հատկապես այն փաստը, որ Փերինչեքի հայտնի գործով Հայաստանը ճանաչվեց երրորդ կողմ: Իսկ գաղտնիք չէ եւ գնահատելի է, որ այդ գործընթացը դատական պրոցես է Հայոց ցեղասպանության խնդրով: Կամ մեկ այլ իրողություն. Քեսաբի հարցով միջազգային քրեական դատարան դիմելու փաստը: Մենք հետամուտ ենք մեր դատին եւ թույլ չենք տա կրկնելու այն: Անկասկած խիստ կարեւոր ու արդիական է ցեղասպանության կանխարգելումը, որին դեռ մարդկությունը ցավոք չի հասել:

Հակիրճ ողջույնի եւ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի անդամներից Գոռ Սարգսյանը .

- Շնորհակալությունս եմ հայտնում հեղինակին, Պատմության ինստիտուտի կոլեկտիվին բարձրարժեք աշխատության համար: Գաղտնիք չէ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունվելու է համահայկական հռչակագիր, որի հիմքում, համոզված եմ, դրվելու են նաեւ այս աշխատանքի շատ դրույթներ:

Ողջույնի խոսք ասաց նաեւ ցեղասպանության եւ Հայոց մեծ ցավի` հայրենազրկման ու հայակորստյան հարցերի գիտակ Հայկազուն Ալվրցյանը .

- Լավ կլինի այս աշխատանքը թարգմանել ռուսերեն եւ այլ լեզուներով, հատկապես` թուրքերեն, որպեսզի մահմեդական աշխարհը եւ հատկապես մահմեդականություն ընդունած հայերը, այսինքն` համշենահայերը, իմանան իրողությունը եւ վերջապես վերադառնան մայր ժողովրդի գիրկը: Նա հիշեց, թե ինչպես մի անգամ Իզմիրի առափնյա շրջանի գյուղերից մեկում երբ հարցրել է` Բուրդա էրմենի վա՞ր (այստեղ հայեր կա՞ն), մի քանիսը միաբերան պատասխանել են` Բուրդա հեպսի էրմենի , էֆենդի (այստեղ բոլորը հայեր են, պարոն):

Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Արմեն Մարուքյանը : Իր երախտագիտությունը հայտնելով ելույթ ունեցողներներին, կոլեկտիվին եւ բոլոր ներկաներին, նա ասաց.

- Երկար ժամանակ է, որ զբաղվում եմ այս հարցերով: Արդյունքում վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» մենագրությունն է: Դրանից հետո պատահաբար համացանցում հանդիպեցի մի ծրագիր- առաջարկի ու այդ գրքի հենքի վրա ծնվեց այսօր ներկայացված աշխատությունը: Վերնագիրը կարող է շատ համարձակ ու հավակնոտ թվալ, սակայն նկատի ունենալով, որ մեր երկարժամանակյա վախվորած կեցվածքը թշնամուն դարձրել է ցինիկ ու անչափ լկտի, ապա բոլորովին էլ այդպես չէ:

Ասեմ, որ գրքին նախորդել են մեծաքանակ քննարկումներ, բանավեճեր, արվել պարզաբանումներ, որոնք իրենց դրական կնիքն անշուշտ թեղել են: Ի դեպ, արդեն սկսվել է գրքի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունը: Քանի որ ներկա` 500 տպաքանակը շատ փոքր է պահանջարկի համեմատ, ուստի որոշեցինք այն տարածել նաեւ էլեկտրոնային կայքի միջոցով եւ բավարարել բոլոր շահագրգիռ կառույցներին:

Շնորհակալ եմ խմբագրին` Համո Սուքիասյանին, անգլերենի թարգմանիչ Անահիտ Խոսրոեւային եւ բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան եւ աջակցեցին գրքի կայացմանը: Հեռու եմ այն մտքից, որ այս գիքը վերջնական խոսքի հավակնություն ունի, սակայն հույս ունեմ, որ խնդրով հետաքրքրվողներին հաստատ օգտակար կլինի:

Հակիրճ ելույթով հանդես եկավ նաեւ Ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ աշխատանքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համակարգող Գայանե Մանուկյանը .

- Ձգտում ենք բոլոր մասնագիտական եւ ոչ մասնագիտական ՀԿ-ներին ներգրավել այս հայրենանվեր գործում: Ողջունում եմ համակուրսեցուս շնորհակալ աշխատանքը եւ հավատում կատարած գործի անհրաժեշտությանն ու մեր հաղթական ապագային:

Վերջում ամփոփելով Աշոտ Մելքոնյանը նշեց, որ մեր գործն արդար է, իսկ քանի որ գնալով ավելի շատ երիտասարդներ են ներգրավվում այս ազգանվեր գործում, ուստի հաղթանակն էլ հեռու չի լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ