RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ՎՐԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1767, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԱՏՕ-ԻՆ «ՀԵՌԱՑՐԵՑԻՆ», ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔԸ «ՀՐԱԺԱՐԱԿԱՆ» ՏՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԱՍՈՑԻԱՑՎՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՑՆԵԼ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՍՅԱՆ

Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմամբ Արեւելյան գործընկերության երեք երկրները` Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան այս տարվա հունիսի 27-ի դրությամբ, երբ փաստաթղթերի տակ դրվեցին այդ երեք պետությունների ղեկավարների ստորագրությունները, հաստատում էին եվրոպական ուղղությամբ ինտեգրման ինչպես իրենց ցանկությունը, այնպես էլ կամքը: Բայց ժամանակի հետ եվրոինտեգրման վեկտորի հետ կարծես փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես` Ուկրաինայի ու Վրաստանի պարագայում:

Ուկրաինայի առումով հատկանշական է, որ այդ տարածքում իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի հարցի վերաբերյալ կոնկրետություն եւ հստակություն գտնել հնարավոր չէ, իսկ թե երկիրն ուր են տանում ղեկավարները` անջատված Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի քվեարկությունների, երկրի տարբեր հատվածներում չլռող ռազմական գործողությունների պարագայում` սյուրռեալիստական կանխատեսումների ոլորտից է, եթե փորձենք ինչ-որ բան մատուցել որպես վերլուծություն:

Վրաստանի պարագայում «ծաղիկները» կարծես նոր-նոր են սկսում ի հայտ գալ, անգամ եթե քաղաքական ճգնաժամի մասին խոսելու հիմքեր առայժմ չկան: Վրաստանում մինչեւ վերջին խորհրդարանական ընտրությունները, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն «գահընկեց» արեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ու դարձավ Վրաստանի վարչապետ, Իվանիշվիլու թիմն էր, որ կոալիցիոն ձեւով փորձում էր եւ փորձում է կառավարել երկիրը: Բայց ժամանակն ի հայտ է բերում ոչ միայն կոալիցիոն կառավարման թերությունները, այլեւ ընդհանուր թիմ ձեւավորելու Իվանիշվիլու անկարողությունը, քանի որ ցայսօր էլ վրաց նախարարների զգալի մասը մյուսներին որպես ժամանակավոր է դիտարկում:

Կառավարումը կոալիցիոն խմբին թողնելուց, նախկին նախագահի ու նրա թիմակիցների նկատմամբ քրեական հետապնդումներից հետո Վրաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրադրությունը ճգնաժամային են անվանում դրսից, անգամ մտահոգություններ հայտնում ինչպես եվրոպական կողմից, այնպես էլ ամերիկյան, մինչդեռ ներսում գտնում են, որ երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշման առումով ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Վրաստանում նախարարների մակարդակով հրաժարականներ եղան: Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նոյեմբերի 4-ին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային` ՊՆ մի շարք պաշտոնյաների նկատմամբ հետաքննության առնչությամբ: Ի բացատրություն իրավիճակի, երկրում չգտնվող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, թե այդպես կանխվել է «երկրի` կուլիսներից կառավարումը», ինչը կարող է վտանգել «եվրոատլանտյան ինտեգրումը»:

Երբ Մարգվելաշվիլու խոսքերին հետեւեց Բիձինա Իվանիշվիլու քննադատությունը, թե նախագահը անպատասխանատու հայտարարություններ է անում ու վարկաբեկում նախագահի ինստիտուտը, Վրաստանի նախագահը շտապեց պարզաբանել, որ կուլիսային կառավարում ասելով նկատի է ունեցել վրաց ուժային նախարարությունների հակադրությունը, որ ստեղծվել էր պաշտպանության մի շարք չինովնիկների նկատմամբ դատախազության հարուցած քրեական գործերի պատճառով:

Ալասանիան իր կուսակից գաղափարակիցներն ուներ ի դեմս արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եւ Եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլու, որոնց հրաժարականները հետեւեցին Ալասանիայի հեռացմանը:

Քանի որ վերջիններս եվրոպամետների համբավ ունեին, Եվրոպայից արձագանքեցին, թե երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել ու կարծես փոխում է եվրոինտեգրման ուղղությունը: Ընդ որում, այս ամենի մասին, ըստ իր իսկ խոսքերի, ժամանակին մարգարեանում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, թե ինչ-որ պահի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ձեռքն անցած Վրաստանը կփոխի արտաքին քաղաքական ինտեգրման վեկտորը:

Պաշտպանության արդեն նախկին նախարար Ալասանիան վրացական կառավարության կազմի եվրոատլանտյան ինտեգրման փաստացի առանցքային դեմքերից էր համարվում, ավելինՙ մատուցվում էր այնպես, թե նրա եւ գործընկերների աշխատանքով էր առաջ գնում ինտեգրման գործընթացը: Այսինքն` հավանականությունը, թե այս ուղղությամբ Վրաստանը զգալի առաջընթաց չի կարող ապահովել առաջիկայում, մեծ է զուտ այն պատճառաբանությամբ, որ թեմային ու շփումներին տիրապետողները ներկա դրությամբ հեռացված են, իսկ նորերի համար ժամանակ կպահանջվի գործընթացի մեջ մտնելու համար:

Միայն երեք նախարարների հրաժարականը դժվարությամբ կարելի է ներկայացնել որպես երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության նշան այն դեպքում, երբ երկրի նախագահն ու վարչապետը շարունակում են պնդել եվրոատլանտյան ինտեգրման գերակայության մասին:

Միեւնույն ժամանակ, ոչ միայն պաշտպանության նախարարին, այլեւ նրա տեղակալներին հեռացնելու հանգամանքն այնքան էլ միանշանակ չէ որեւէ անձից ազատվելու ցանկության պարագայում: Ակնհայտորեն որոշակի թիմից ազատվելու խնդրի լուծման փորձ է արվում, այն էլ` բավականին տհաճ ձեւակերպումներով ու մատուցմամբ: Տվյալ դեպքում էլ խոսքը նույն Ալասանիայի հասցեին ասված խոսքերն են, երբ ըստ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու` Ալասանիան «հիմար է, հավակնոտ, դավաճան, արկածախնդիր»: Ավելին, ըստ վարչապետի, Ալասանիան ազգայնականների պաշտպան էր, թեեւ տվյալ դեպքում որպես այդպիսին Գարիբաշվիլին ներկայացրել է Սաակաշվիլու նախկին թիմակիցներին: Հատկանշական է, որ քաղաքականապես ոչ հասուն էլ Գարիբաշվիլուն որակել է Բիձինա Իվանիշվիլին` մեղադրելով նրան անփորձության մեջ:

Ինչ խոսք, այսպիսի «գովեստներից» հետո չխոսել միջանձնային խնդիրների մասին չի լինի, հատկապես երբ վարչապետն առավել հայտնի է տարբեր մարդկանց, պաշտոնյաների հետ ունեցած խնդիրներով` ներառյալ Վրաստանի նախագահին, ում հետ այդպես էլ չէին կարողանում համաձայնեցնել պաշտոնական այցելություններից որին ում մասնակցության գերակայությունը:

Առավել խնդրահարույց կարող էր դառնալ իրավիճակը խորհրդարանում, եւ այս դեպքում արդեն հիմնավոր էր խոսել ինչ-որ ուղղությունների փոփոխության մասին, քանի որ Ալասանիայի հեռացմանը հետեւեց նրա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` «Վրացական երազանք» դաշինքից դուրս գալը: Այդպիսով վրաց խորհրդարանում ստեղծվեց առանց մեծամասնության վիճակ:

Սա թերեւս ակնհայտ է, բայց միանշանակ չէ, քանի որ Վրաստանում էլ կուսակցականները ավելի հաճախ հանուն զբաղեցրած աթոռի հրաժարվում են ամեն ինչից, նաեւ կուսակցությունից: Այս պարագայում էլ 10 պատգամավոր ունեցող կուսակցության ներկայացուցիչներից նախարարներին հետեւեցին մի քանիսը, մյուսները մնացին խորհրդարանում` շարունակելով ներկայացնել «Վրացական երազանք» դաշինքը: Մեկ այլ լուծում էլ եղավ մեծամասնության ձեւավորումը անկախ, ազատ պատգամավորների հետ համագործակցությամբ, այդպիսով առայժմ խուսափելով խորհրդարանում հնարավոր խնդիրներից:

Ներկա դրությամբ խորհրդարանից որպես կուսակցություն հեռացած Ազատ դեմոկրատներն իրենց ընդդիմություն են հռչակել, նախկին նախարարներն էլ սկսել են բարձրաձայնել երկրի արտաքին կողմնորոշման փոփոխության դեմ պաշտոնավարելիս տարած պայքարի մասին:

Ինչեւէ, Վրաստանի նախագահն այսօր հանդես է գալու վրաց խորհրդարանում, եւ սպասումները, թե պետք է խոսի եվրոինտեգրումից, կարդարանան: Սակայն գործելու առումով վերջին շրջանում Վրաստանում բարձր մակարդակով ավելի հաճախակի խոսում են Ռուսաստանի հետ հանդիպման պատրաստակամության մասին, քան անդրադառնում եվրոատլանտյան ինտեգրման թեմաներին: Մինչդեռ նույն վարչապետ Գարիբաշվիլին էր Ասոցիացման համաձայնագիր ստորագրողը, որ նաեւ հույս էր հայտնում «Վրաստանը եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ» տեսնելու հեռանկարի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ