RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՐՄԱՐԵ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՊԱՀԵՍՏԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

90-ականների սկզբներին Հայաստանում գրեթե ամեն ինչ սեփականաշնորհվեց. բացառություն չէին նաեւ կինոթատրոնները: Մի քանի տասնյակի հասնող կինոթատրոններից այսօր հանրապետությունում երկու-երեքն են գործում: Մնացածները տոնավաճառներ են, բոուլինգի ակումբներ, ավտոսրահներ կամ պահեստներ եւ այլն:

Անշուշտ պահանջել, որ այդ բոլոր կառույցները գործեն որպես կինոթատրոն` անհիմն է. նախ բիզնեսի տեսանկյունից կինոթատրոնները դարձել են ոչ շահավետ: Մյուս կողմիցՙ անհնար է պահանջել, որ գործարարներն իրենց սեփականությունը հանդիսացող կառույցները նախկինի պես ծառայեցնեն որպես կինոթատրոններ:

Եթե մայրաքաղաքում կինոթատրոնները հիմնականում պատկանում են մասնավորին, ապա մարզային քաղաքներում դրանց մեծամասնությունը քաղաքապետարանների տնօրինության տակ է: Նրանք հիմնականում լքված են եւ ծառայում են որպես պահեստ, խորդանոց, անտունների օթեւան:

Լքվածների թվին է պատկանում նաեւ Էջմիածնի միակ կինոթատրոնը: Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր ու իր գեղեցկությամբ զարդարում էր գլխավոր հրապարակը:

80-ականների սերունդը երանությամբ է հիշում այն օրերը, երբ կինոթատրոնն գործում էր, երբ դահլիճը միշտ լիքն էր ու կինոթատրոնը համարվում էր քաղաքի ժամանցի լավագույն վայրերից մեկը: Այն Կոմիտասի անվան հրապարակի հարեւանությամբ էր, շրջապատված գեղեցիկ այգով, կողքին Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցն ու սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցին էին ու տարածքը հոգեւոր-մշակութային յուրահատուկ մթնոլորտ էր ստանում:

90-ականներին կինոթատրոնը թալանվեց: Գողացան գույքը, նստարաններն ու այն ամենըՙ ինչ հնարավոր էր տանել: Այժմ միայն պատերն են մնացել, ներսում փլատակներ են, պոկված առաստաղ, ջահերի կմախք ու քանդված աստիճաններ:

Կինոթատրոնի նորոգումը քաղաքապետարանի ծրագրերի մեջ չի մտնում: Զգալի գումար է անհրաժեշտ նախկին գեղեցկուհուն տեսքի բերելու համար: Կինոթատրոնի առաջին հարկի մի հատված քաղաքապետարանը փակել է եւ օգտագործում է որպես պահեստ: Այդ հատվածում պահվում են կանաչապատման ու ձյուն մաքրելու համար անհրաժեշտ գործիքները: Մնացած հատվածում ամայություն է, դատարկություն: Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները ջարդված են, տանիքին արդեն անտառ է գոյանում, իսկ պատերին քաղաքի երիտասարդների սիրո խոստովանություններն ու այլ խզբզանքներն են: Ճարտարապետական առումով նման գեղեցիկ շենքերը պահեստ ծառայեցնելն ուղղակի արհամարհանք է գեղեցիկի հանդեպ, նաեւ մենեջմենթի առումով ոչ խելամիտ: Նմանատիպ շենքերը, որոնք յուրահատուկ են իրենց տեսակով եւ ճարտարապետական նշանակությամբ, կարող են ծառայել որպես մշակույթի կամ բիզնես կենտրոններ, դահլիճներ, փոքր հյուրանոցներ եւ այլն: Սա կարող է ոչ միայն լավ ներդրում հանդիսանալ, այլեւ օրինակ ծառայել այլ գործարարների համար ոչ միայն գնահատելու ճարտարապետական կոթողները, այլեւ կոտրելու «ամեն հին պետք է կոտրվի» կարծրատիպն ու հին շենքերին նոր շունչ պարգեւել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ