RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1641, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ` ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՌԸ ՄՆԱՑ ԲԱՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հղի կանանց պետության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգում փոփոխություններ կատարելու ներկա կառավարության փորձն առաջինը չէր: 2010-ին նման որոշում կայացրեց նախկին կառավարությունը, որը վերաբերում էր բարձր աշխատավարձ (2011-ից 162,5 հազար դրամից ավելի) ստացող կանանց: 2011-ից, աշխատավարձի 100 տոկոսի փոխարեն, նրանց նպաստները պետք է վճարվեին վերոնշյալ 162,5 հազար դրամի հաշվարկով, ինչն այն ժամանակ նույնպես դժգոհություն առաջացրեց, որը հասավ մինչեւ կառավարություն եւ Ազգային Ժողով:

Այսինքն, այս հարցը նոր չի առաջացել եւ այստեղ առկա չարաշահումների խնդիրը մտահոգել է նախորդ կառավարությանը եւս: Այն պետք է մտահոգի ցանկացած կառավարությանը հիմա եւ ապագայում, քանի որ պետական բյուջեից, օգտագործելով օրենքի ընձեռած հնարավորությունը, յուրացվում են միլիարդավոր դրամներ:

Բյուջեից «օրինական» գողություն կատարելու բանաձեը

Կանանց տրվող նախածննդյան եւ հետծննդյան նպաստների միջոցով պետական բյուջեի միջոցների յուրացման մեխանիզմը շատ պարզ է: Պետությունը ամբողջությամբ` հղի կանանց աշխատավարձի 100 տոկոսի չափով փոխհատուցում է նրանց անաշխատունակության նպաստը: Դա հնարավորություն է տալիս գործատուներին այս հանգամանքը օգտագործելով, գումարներ «աշխատել»: Նրանք, օրինակ` կտրուկ բարձրացնում են իրենց մոտ աշխատող հղի կանանց աշխատավարձերը կամ մեծ պարգեւավճարներ գրում նրանց համար եւ նրանց հետ փոխադարձ համաձայնությամբ եւ մասնակցությամբ զգալի գումարներ գրպանում: Կամ աշխատանքի են ընդունում արդեն հղի կանանց, ավելի ճիշտՙ ձեւակերպում որպես աշխատող, սահմանում բարձր աշխատավարձ, նախապես պայմանավորվելով այդ աշխատավարձի չափով փոխհատուցումը պետբյուջեից ստանալիս, թե ո՞վ որքա՞նն է վերցնելու:

Ընդ որում, օրենքը եւ ընդհանրապես ոչ ոք չի կարող գործատուին արգելել հղի կնոջն աշխատանքի ընդունել, նրա աշխատավարձը սահմանել կամ պարգեւավճարներ տալ: Այսինքն, հիշյալ գործատուները եւ նրանց հետ համաձայնության եկած հղի կանայք, պետությունից ստանում են ավելի քան 4 ամսվա (140 օր) աշխատավարձի չափով գումարը որպես նպաստ, այն դեպքում, երբ տվյալ կինը միայն վերջին ամիսներին է ձեւակերպվել որպես աշխատող կամ արհեստականորեն բարձր է ներկայացվել արդեն աշխատողի իրականում վճարվող ցածր աշխատավարձը:

Արդյունքում, ինչպես վկայում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, վերջին երեք տարում ժամանակավոր անշխատունակության համար պետական բյուջեից տրվող նպաստները ավելացել են 3 անգամ, սակայն ծնելիությունը չի ավելացել: Սա անառարկելի փաստ է այն մասին, որ անաշխատունակության նպաստների ահռելի մասը գնում է ոչ թե հղի կնոջը, այլ այն մարդկանց, ովքեր գտել են պետության գրպանը մտնելու հրաշալի տարբերակ:

Հարց է առաջանում, որքանո՞վ է արդար, որ այդ գումարները, որոնք պետական բյուջեից պետք է ուղղվեն թոշակառուներին, նպաստավորներին, ուսուցիչներին կամ բանակին, օգտագործելով հղի կանանց, իրենց գրպանը դնեն անսահման ագահ «գործարարները»։

Նպաստների չափի սահմանափակումներ` ըստ տարիների

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել էր օրենքի նախագիծ, որի կյանքի կոչման դեպքում կվերանար վերեւում նշված մեխանիզմը: Սակայն այն իր հետ կբերեր խաբեությանը մաս չկազմող հղիների եկամուտների կրճատման:

Նախարարության պատրաստած նախագծով վերացվում էր աշխատավարձի 100 տոկոսի չափով անաշխատունակության նպաստի վճարումը, դրա չափը շաղկապելով աշխատանքային ստաժի հետ։ Այսպես, նույն աշխատավայրում մինչեւ մեկ տարվա ստաժ ունենալու դեպքում նպաստը պետք է կազմեր աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարվա դեպքում` 60 տոկոսը, իսկ ավելի քան 3 տարվա պարագայում` աշխատավարձի 80 տոկոսը։ Նաեւ հաստատվում էր սահմանափակման վերին նշաձողը, որի համաձայն, հղիության եւ ծննդաբերության նպաստի գումարը չպետք է գերազանցեր նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։

Միեւնույն ժամանակ, կառավարությունը բավականին լուրջ սոցիալական միջոցառում է որոշել իրականացնել` նպաստներ սահմանելով նաեւ չաշխատող կանանց համար` հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը: Նշվում է, որ այս պահի դրությամբ տարեկան մոտ 30 հազար չաշխատող կին է երեխա ունենում:

Չաշխատող կանաց նույնպես նպաստ տալու կառավարութան որոշումը դրական է ընդունվել բոլորի կողմից, բայց նպաստի չափի կրճատումը եւ այն աշխատանքային ստաժի տարիներով պայմանավորելը առաջացրել էր աշխատող կանանց դժգոհությունը: Բնական է եւ հասկանալի, որ որեւէ անձի համար եկամուտների կրճատումը դժգոհություն պետք է առաջացնի: Ի՞նչ էին ասում դժգոհողները եւ ո՞ր դեպքում են նրանք իրավացի, որ դեպքում` ոչ:

Անաշխատունակության նպաստները կապ չունեն ծնելիության ցուցանիշի հետ

Պատճառաբանությունը, որ այս որոշումը բացասաբար կազդի ծնելիության ցուցանիշի վրա, որեւէ քննադատութան չի դիմանում: Նպաստների աճի ավելացմանը զուգահեռ ծնելիության ցուցանիշի անփոփոխ մնալու փաստը առավել քան խոսուն է: Բացի դրանից, ոչ մի ընտանիքում երեխա ունենալը չի կապվում ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետ: Այն կապվում է ընդհանրապես ընտանիքի եկամուտների եւ հայկական ընտանիքներում առավելապես ամուսնու եկամուտների չափի հետ, իսկ 1-ին եւ 2-րդ երեխայի պարագայում, ընտանիքների համար եկամուտները էական նշանակություն չեն ունենում:

Ի վերջո, դարեր շարունակ բազմանդամ ընտանիքներ ենք ունեցել, որոնք նպաստ չեն ստացել, եւ ազգային պետություն էլ չի եղել, որ նպաստ տա: Եղել են 90-ականներ եւ 2000-ականների սկիզբներ, երբ անաշխատունակության նպաստի չափերը կազմել են այսօրվա չափանիշներով ծիծաղելի գումար` 15-30 հազար դրամի սահմաններում, բայց միայն այդ հանգամանքը որեւէ կերպ չի ազդել ծնելիութան ցուցանիշի վրա:

Մյուս փաստարկը, որ կառավարությունը հսկի, որպեսզի չարաշահումներ թույլ չտան, ժպիտ է առաջացնում: Կոռուպցիան վերացնելու լավագույն մեթոդը ոչ թե հսկելը, հսկողին վերահսկելն է եւ այդպես շարունակ, այլ մեխանիզմ ստեղծելը, որպեսզի չարաշահումների համար սողանցքներ չլինեն: Այլապես, տարեկան 13 հազար կնոջ աշխատանքային գործունեության, աշխատանքային ստաժի եւ աշխատավարձերի չափի հսկողության համար մի ամբողջ նոր նախարարություն պետք է ստեղծել, չխոսելով այն մասին, որ օրենքով չի կարելի արգելել գործատուին իր աշխատողի աշխատավարձ ավելացնելը, պարգեւավճար սահմանելը կամ հղի կնոջն աշխատանքի ընդունելը: Սա նշանակում է, որ չարաշահումները կանխող օրենսդրական փոփոխությունն անհրաժեշտ է եւ հրատապ:

Սրանց հակառակ, միանշանակ արդարացի էին դժգոհությունները աշխատանքային ստաժից 40, 60, 80 տոկոս նպաստների չափերից: Հաջորդը, որ խարդախություններ թույլ տված գործատուների եւ կանանց հետ միասին, նման օրենքի ընդունման դեպքում տուժելու էին նաեւ ազնվորեն աշխատողները, որոնք որեւէ խարդախության եւ պետական միջոցների յուրացման չեն գնացել: Սա հղի կանանց դժգոհության ամենահիմնավոր փաստարկն է, որն, ի վերջո, հաշվի առնվեց կառավարության կողմից այս խնդրի վերաբերյալ օրենքի նախագիծը լրամշակելիս:

100 տոկոսի չափը կպահպանվի, բայց կունենա վերին շեմ

Համաձայն նոր նախագծի, որը հրապարակվեց նոյեմբերի 4-ին, մայրության նպաստ վերանվանված հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվելու է միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից` սահմանելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ ` նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4,6 մլն դրամ եւ շուրջ 1,2 մլն դրամՙ 2016 թվականին (140 օրվա համարՙ 5.5 մլն դրամ)): Առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով, առավելագույն շեմը գերազանցող եկամտի մասով փոխհատուցումը կարող է տալ գործատուն: Համատեղությամբ աշխատողների մայրության նպաստն էլ հաշվարկվելու է բոլոր աշխատավայրերից ստացվող եկամուտներից:

Շուրջ 30 հազար չաշխատող մայրերին էլ նպաստ կտրվի սկսած 2016-ի հունվարի 1-ից` 138 հազար դրամ մայրության նպաստ (60 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):

Այդուհանդերձ, չարաշահումների ռիսկերը պահպանվում են

Ընդհանրապես կառավարության երկու` կարելի է ասել հակադրվող մոտեցումներով նախագծերն առնվազն տարօրինակ տպավորություն են թողնում: Էականն այն է, որ եթե առաջին նախագծով կարեւոր չէր համարվել առանց խարդախության աշխատող կանանց նպաստների հանիրավի կրճատման հանգամանքը եւ շեշտը դրվել էր բյուջեի միջոցների վատնումը կանխելուն, ապա հիմա էլ հակառակը` կարեւորվել է միայն առաջին հանգամանքը եւ մոռացվել երկրորդը: Դա նշանակում է, որ պետական միջոցների յուրացման տեսքով չարաշահումների ռիսկերը պահպանվել են:

Գործատուները կկարողանան կրկին հավելյալ աշխատավարձ կամ պարգեւավճար գրելով հղի կանանց անունով գումարներ յուրացնել ` այս անգամ մինչեւ առավելագույն շեմի սահմանը: Այս փոքրիկ սահմանափակումը ընդամենը թույլ չի տալիս անսահմանափակ գողանալ պետությունից, բայց մինչեւ որոշակի սահմանը յուրացնելու դուռը բաց է թողնվում:

Բացի վերոնշյալից, առավելագույնից բարձր աշխատավարձի պարագայում 100 տոկոս փոխհատուցում տալը թողնվում է գործատուների վրա, բայց չի պարտադրվում: Դա նշանակում է, որ այդ շեմից բարձր աշխատավարձ ստացողները հղիության դեպքում դարձյալ 100 տոկոսով փոխհատուցում չեն ստանա, քանի որ հազվադեպ գործատուներ սեփական ցանկութամբ իրենց կողմից գումարներ կավելացնեն պետության կողմից տրվող մայրության նպաստին:

Չարաշահումների համար մեկ այլ դուռ նույնպես բաց է մնում նոր նախագծով: Մայրության նպաստը աշխատավարձի 100 տոկոսի չափով սահմանելիս, հարկ է, որ դրա համար, այնուամենայնիվ, անընդմեջ (բայց անկախ աշխատավայրերի փոփոխությունից) աշխատելու ժամկետի շեմի ինչ-որ պահանջ` թեկուզ առնվազն 2 տարվա, պահպանվեր: Դա կկանխեր գործատուների կողմից հղիության ընթացքում գտնվողներին ծանոթի կամ այլ զարտուղի միջոցներով աշխատանքի ձեւակերպելը եւ պետական նպաստները գրպանելը, ինչն առկա է եւ ինչը առաջին նախագծի ընդունման պատճառներից մեկն էր: Այս սահմանափակման բացակայությունը ազատ է թողնում վերոնշյալ չարաշահման շարունակման հնարավորությունը:

Ակնհայտ է, որ որեւէ պարագայում, նման կարեւոր որոշումներ ընդունելիս, անպայման պետք է հաշվի առնվեն դրանց առնչվողների շահերը: Իսկ եթե դրանք ճիշտ չեն հաշվարկվել եւ որոշման փոփոխության անհրաժեշտություն է առաջացել, ապա այս անգամ էլ չմոռանան այն նպատակները, որոնց համար ընդունվել էր նախկին որոշումը: Մեզ մոտ այս վերջին միտումը սկսել է գերակշռել, ինչի հետեւանքով ունենում ենք կիսատ լուծումներ, որտեղ այս անգամ էլ անտեսվում են պետության եւ հասարակության շահերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ