RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1921, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 28

«ԹՇՎԱՌՆԵՐԸ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թաքցնել, կամ հերքել Հայաստանում թշվառության առկայությունը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի առջեւ եւ չնկատել ջրվեժը: Բայց, սովորական տրամաբանությունը մեզ հուշում է, որ եթե ինչ-որ երկրում, կոնկրետ Հայաստանում, թշվառություն կա, մեծ մասշտաբների հասնող, դա դեռ չի նշանակում, որ կոնկրետ Հայաստանը աշխարհի ամենաթշվառ երկիրն է: Սա պնդելը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի դիմաց եւ հայտարարել, որ այն աշխարհում ամենաբարձրն է:

Իրականում աշխարհում ամենաբարձրըՙ Անխելի ջրվեժն է, եւ Հայաստանն էլ ամենաթշվառ երկիրը չէ, անգամ դրանցից մեկը չէ:

Բայց, ամերիկյան Կատո հետազոտական ինստիտուտի կայքը օրերս հրապարակել էր իր հերթական հետազոտությունը, ինչն անվանվում էրՙ «Աշխարհի թշվառ երկրները-2013»: Ամերիկացիները պարզել էին, որ աշխարհում ամենաթշվառ երկիրը.... ճիշտ եք, Սիրիան է: Մասնավորաբար ԱՄՆ-ին չենթարկվող Սիրիան գլխավորում է 109 երկրների ցուցակը, եւ ավելի թշվառ է, քան, օրինակ, Աֆղանստանը: Սիրիային հաջորդում են, ուշադրություն, նավթային Վենեսուելան, ապա Սուդանը, հետո եւս մեկ անգամ ուշադրությունՙ Իրանը: Պարզ է, չէ՞, «ատոմային ռումբ ստեղծող» Իրանը ավելի թշվառ է, քան միջին դարերի ծովահենների ժամանակներում մնացած Սոմալին... Իրանը ավելի թշվառ է անգամ Սան-Ռոմե եւ Պրինսիպին պետությունից, որը եզրափակում է թշվառների հնգյակը: Հետո գալիս են Ճամայկան, ԵՄ անդամակցության թեկնածու Սերբիան, Աֆրիկայի ամենահզոր տնտեսությունՙ Հարավային Աֆրիկան, եւ աշխարհի քսան լավագույն տնտեսություններից մեկըՙ Բրազիլիան:

Բայց սա դեռ ամենը չէ. աշխարհի տասներորդ ամենաթշվառ երկիր է ճանաչվել հունվարի մեկից ԵՏՄ անդամ դարձող Հայաստանի Հանրապետությունը: Ցուցակը կազմող պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է. «Յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազեցնել գնաճը, գործազրկությունը եւ վարկավորման տոկոսադրույքներըՙ փորձելով բարձրացնել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակը: Մեկտեղելով գործազրկության, գնաճի մակարդակները եւ վարկավորման տոկոսադրույքները, ես կազմեցի թված երկրների վարկանիշը: Ընդգծենք, որ Հայաստանն այսքան «բարձր» հորիզոնականում է հայտնվելՙ «երկրում առկա գործազրկության բարձր տոկոսի պատճառով», ոչ գնաճի, ոչՙ վարկավորման տոկոսադրույթների, այլ հենցՙ գործազրկության:

Եթե որեւէ մեկին հետաքրքրում է, ապա տեղեկացնենք, որ նույն ցուցակի 24-րդ տեղում է Վրաստանը, 38-րդը Ադրբեջանն է, եւ 27-րդը Թուրքիան:

Տեղեկացնենք նաեւ, որ վարկանիշը կազմելու համար օգտագործվել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած տվյալները: Այդ մասին չի ասվում, բայց չի բացառվում, որ վարկանիշը կազմելու համար հաշվի են առնվել նաեւ այս կամ այն երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ առկա գործակցության մակարդակները:

Այս առումով գուցե եւ Հայաստանն աշխարհում տասներորդը լինի...

Հա, ի դեպ, թեմայի հետ ոչ մի կապ չունեցող մի պատմություն. Ամիրյան փողոցում մի մուրացկան կին կա` սլավոնական արտաքինով: Նույն փողոցի վրա մի «խաչապուրիանոց» էլ կա, որի խաչապուրիներից գրեթե ամեն օր օգտվում եմ: Մի անգամ ինձ հետ «խաչապուրիանոց» մտավ այդ կինը, երկու «պեռաշկի» գնեց, այնքան սոված էր, որ հենց ձեռքերով բռնեց միանգամից դեպի բերանը տարավ... Չիմացա ժպտամ, որ կկշտանա, թե տխրեմ, որ` այսկերպ... Հետո երկուսս էլ դուրս եկանք: Ես նկատեցի, որ «խաչապուրիանոց»-ի դռան վրա ցուցանակ կա` «Պահանջվում է վաճառողուհի եւ հավաքարար»: Նայեցի կնոջ հետեւից, հաստատ չէր նկատել ցուցանակը, հետեւից գնացի, էլի նստեց իր տեղը` գետնի վրա, ձեռքը մեկնեց առաջ... Ոչինչ չասացի, բայց ողորմություն էլ չտվեցի: Ողորմությունն իմ կարծիքով ստորացուցիչ բան է ե՛ւ այն խնդրողի համար, ե՛ւ այն տվողի համար:

Բայց սա, իհարկե, մեր թեմայի հետ ոչ մի կապ չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ