RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն անգամ, երբ գործընկերներս ինձ հետ բանավիճում են պնդելով, թե պետք չէ եռյակին քննադատել, քանի որ հարկավոր է ընդդիմադիրներին մեկ-երկու ամիս ժամանակ տալ, որպեսզի տեսնենք, թե ինչ են անում, ես պատասխանում եմ, որ նույն տրամաբանությամբ, եկեք գործող իշխանությանն էլ մի քանի տարի ժամանակ տանք (թեկուզ ամիս), որպեսզի տեսնենք, թե ինչ են անում, գուցե լավ բաներ անե՞ն: Իհարկե այս պատասխանը ստանալուց հետո գործընկերներս շեշտում են, թե «Բայց մի՞թե մենք իշխանությանը չենք ճանաչում, հետեւաբար մի՞թե մենք կարող ենք ենք նրանից որեւէ լավ բան սպասել»: Ես էլ արձագանքում եմՙ «Իսկ մենք եռյակում առկա ուժերին եւ նրանց առաջնորդներին չե՞նք ճանաչում, հետեւաբար կարո՞ղ ենք արդյոք նրանցից որեւէ լավ բան սպասել»:

Հետո ինձ, որպես կանոն, մեղադրում են իշխանությանը «ծառայելու» մեջ, բայց սա արդեն այլ խոսակցություն է:

Այսօր խոսելու ենք եռյակի միայն մեկ պահանջից, ընդ որում սա այդքան էլ պահանջ չէ, այլ այդպիսին կարող է դառնալ: Խոսքը Սերժ Սարգսյանիՙ «վերարտադրությունը» թույլ չտալու մասին է: Ինչպես գիտենք, նախագահ Սարգսյանը ձեռնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, ինչի արդյունքում երկրի կառավարմանՙ կիսանախագահական համակարագը պետք է փոխարինվի խորհրդարանականով, որպեսզի «ապահովի իր վերարտադրությունը», եւ քանի որ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել է, թե ինքը չի ցանկանում այսուհետ նախագահ ընտրվել, կամ էլ վարչապետ դառնալ, «երկաթյա տրամաբանությամբ» կնշանակի, որ գործող նախագահը, բարեփոխված Սահմանադրության պարագայում, ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ: Դե ընդդիմությունն էլ շատ հասկանալիորեն սա չի կարող թույլ տալ:

Այլ հարց է, իհարկե, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը իրավունք չունի վերարտադրվել, իսկ այ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը (վերջինիս եւ եռյակի կապի հաշվով դեռ սպասում ենք համոզիչ հերքման) ԲՀԿ-ի միջոցով, փաստորեն, իրավունք ունեն վերարտադրվել: Այստեղ բոլորովին այլ բան է ուշագրավ: Սերժ Սարգսյանը լավ, թե վատ, ավելի շատերը կարծում են, որՙ վատ, ղեկավարում է երկիրը վեց տարի: Եւ չորս տարի հետո, երբ ավարտվի նրա նախագահական վերջին ժամկետը նա, ինչպեսեւ որեւէ պաշտոնաթող նախագահ, իրավունք ունի որոշելուՙ ցանկանո՞ւմ է մնալ պետական կառավարման համակարգում, թե՞ ոչ: Սա, կրկնում ենք, ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի իրավունքն է: Իրավաբանական տեսանկյունից, փաստորեն, եռյակը պահանջում է սահմանափակել ՀՀ քաղաքացու իրավունքըՙ մասնակցել (այս կամ այն ձեւով) երկրի կառավարմանը:

Մյուս կողմից, եթե անգամ առաջիկա չորս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հրաժարական չտա եւ ղեկավարի Հայաստանը ուղիղ տասը տարի, դրանով նա ամենեւին էլ երկարակեցության ռեկորդ չի սահմանում: Եթե վերցնենք միայն Հայաստանը, ապա, ճիշտ է, «մեզ հայտնի ուժերը» ստիպեցին առաջին նախագահին չվայելել իր նախագահական երկրորդ ժամկետըՙ ընդհանուր տասը տարի, բայց այ երկրորդ նախագահը ուղիղ տասը տարի մնաց Հայաստանի ամենաբարձր պաշտոնին:

Իսկ, եթե դուրս գանք Հայաստանից, ընդ որում ոչ շատ հեռու, բավարարվելով ԵԱՏՄ-ի սահմաններով, ապա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը վերջին տեղում է երկարակեցության առումով: Օրինակ, նախագահ Պուտինը, ով, ինչպես հիշում ենք, արդեն իսկ ութը տարի իշխել է Ռուսաստանը (երկու 4-ամյա նախագահական ժամկետ), բացի սրանից եւս չորս տարիՙ Մեդվեդեւի հետ ղեկավարել է երկիրը, հիմա էլ ահա վեց տարի ժամկետով ընտրվել է նախագահ, ընդ որում, նա ունի եւս վեց տարով վերընտրվելու իրավունք, եւ կասկածից վեր է, որ կօգտվի այդ իրավունքից:

Ղազախստանում, սակայն, իրավիճակն ավելի պարզ է. Նորսուլթան Նազարբաեւը անկախ Ղազախստանի միակ նախագահն է արդեն 23 տարի: Երկրորդ տեղում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով 20 տարի է, ինչ զբաղեցնում է Բելառուսի նախագահի պաշտոնը:

Ընդ որում, եւ սա ամենաուշագրավն է, բացի Պուտինից, մյուս երկուսը իրենց իշխանական երկարակեցությանը հասել են երկրում սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Այսինքն, Բելառուսի եւ Ղազախստանի Սահմանադրությունները թույլ են տալիս համապատասխանաբար Լուկաշենկոյին եւ Նազարբաեւին նախագահ ընտրվել որքան ուզում են, որքան ուժ ունեն: Ի՞նչ է սա նշանակում, բացի, իհարկե, Հայաստանի նոր ընկերախմբի մասին հստակ պատկերացումներ տալուց, այն, որ եթե Սերժ Սարգսյանն իրապես ցանկանար լուծել սեփական երկարակեցության հարցը, նա ուղղակի Սահմանադրությունը կբարեփոխեր այնպես, որ գործող նախագահը, այսինքնՙ ինքը, հնարավորություն ունենա որքան ուզում է ընտրվել նախագահ եւ անընդմեջ: Նկատենք, որ հատկապես ԵԱՏՄ-ում, եթե Սերժ Սարգսյանը հենց այսպես վարվեր, Հայաստանի նախագահի ձեռքը ոչ ոք չէր բռնի, քանի որ գործող իշխանության երկարակեցությունը Միությունում ընդունված կարգ է, մի տեսակՙ բնավորություն. բոլորն են այդպես անում: Դե իսկ Եվրոպան այս եւ այլ առումներով, ճիշտ է, ինչ-որ հայտարարություններ կընդուներ, բայց ԵԱՏՄ-ի տաք գրկում Հայաստանին այդ «երկնագույն» հայտարարությունները չէին հուզի:

Ինչպես չեն հուզում, ասենք, Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդին: 73-ամյա սուլթանը Օմանում իշխում է արդեն 44 տարի եւ այս առում աշխարհում երկարակյացներից մեկն է: Բեն Սաիդը իշխանության է եկել, երբ դեռ 30 տարեկան էր, եւ հատկանշական է, որ նա նստեց Օմանի սուլթանի աթոռին գահընկեց անելով հարազատ հորը: Բեն Սաիդը համարվում է ժամանակակից Օմանի հիմնադիրը, մասնավորաբար իրականացրել է մի շարք ռեֆորմներ եւ հենց նրա օրոք է ընդունվել երկրի «Հիմնական օրենքը» կամ Սահմանադրությունը:

Բայց Կաբուս բեն Սաիդը մեզ կոնկրետ հետաքրքրեց ոչ որպես ռեֆորմատոր, այլ որովհետեւ նա չնայած ծեր հասակին, օրինական զավակներ չունի, հետեւաբար, Օմանի սուլթանական գահն այսօր ժառանգորդ չունի եւ, դատելով սուլթանի տարիքից, չի էլ ունենալու: Ինչո՞ւ... Այս հարցի պատասխանը գուցե պատասխանում է նաեւ հարցին, թե ինչի՞ց են վախենում միապետերը: Չի բացառվում, որ բեն Սաիդը որդի չի ունեցել, քանի որ վախենում է, որովհետեւ երբ նա երեսուն տարեկան էր...

Այս ամենն իհարկե կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման ստաժը դեռ չի մղում խոսելու նրա «վերարտադրությունը» թույլ տալ կամ չտալուց, անգամ եթե դուրս չգանք «անշրջելի» ԵԱՏՄ-ի սահմաններից: Հայաստանի նախագահն առայժմ չի հաստատել իշխանության մնալու իր ցանկությունը, կնշանակի եռյակը թույլ չի տալիս մի բան, ինչը շատ հնարավոր է, չկա էլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ