RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2298, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կամՙ իշխանության «ներքին» վերաբաշխում, փշրանքները` ժողովրդին

Եթե ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններ սկսվեն, ապա տեղի կունենա այն էֆեկտը, ինչին Հայաստանում սովորաբար սպասում են ընդդիմադիրները հանրահավաքներ գումարելով` իշխանության վերաբաշխում (եւ ոչ թե ինչպես ժողովուրդն է կարծում` իր վիճակի բարելավում) պարտադրելու: Անցյալում դա չի ստացվել Րաֆֆու դեպքում, Տեր-Պետրոսյանի պարագայում մի անգամ դա ստացվել է մասամբ` խորհրդարանական խմբակցություն ունենալու տեսքով, իսկ թե այս անգամ ԲՀԿ-ի ու Ծառուկյանի պարագայում կստացվի՞. առավել հավանական ենք համարում, որ` այո: Որքան էլ ոչ իշխանական եռյակի առանձին անդամներ ասում են` բանակցություններ չկան, դրանց մասին կարող են իմանալ ոչ իշխանականների ոչ բոլոր ուժերը կամ անդամները:

Բայց տեսեք իրավիճակի ընդհանուր հանրագումարը. ինչո՞վ փոփոխություններ չեն` վարչապետ փոխվեց, ոչ իշխանականների կարծիքով` իրենց ճնշմամբ, այժմ նախարարություններ են միացնում` բյուջե խնայելով, կամ ինտեգրման նոր նախարարաություն են ստեղծում` հարկավոր դեմքերով, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն նախորդ վարչապետին մոտիկ կանգնած մարդիկ, այլ նաեւ ոչ իշխանականները: Ով համաձայն չէ, որ ֆորմալ առումով գոնե սրանք փոփոխություններ են` թող քար նետի դրանք փոփոխություններ անվանողների ուղղությամբ: Եւ առհասարակ` չէ՞ որ մեր կյանքը հունվարի մեկից 360 աստիճանով փոխվելու է, ուզենք, թե չուզենք, սա հո գլոբալ փոփոխությո՞ւն է` ոչ իշխանականների հանրահավաքների «ներքո»:

Իսկ ահա եթե ոչ իշխանականների հետ մեր իշխանությունները բանակցություններ սկսեն (եթե ժամանակին ընդհանրապես երկխոսելու հակված Սերժ Սարգսյանը երկխոսում էր իրեն ինչ որակում ասես տված ՀԱԿ-ի հետ, ապա ինչո՞ւ պիտի չբանակցի, օրինակ, իր կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերոջ հետ, որն անգամ նրա հրաժարականը չի պահանջել առաջին դեմքի մակարդակով):

Կամ եթե ժամանակին վարչապետությունը ներկայացվում էր որպես կոմպրոմիս իշխանության եւ ոչ իշխանության միջեւ , ապա ինչո՞ւ հիմա չեն կարող կոմպրոմիս դիտվել ԲՀԿ-ի ցանկությամբ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակակարգին անցումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մամուլում արդեն հենց իշխանության կողմից այդպիսի արտահոսք արվել է` նախապատրաստելով հանրությանը, այլապես ինչո՞ւ պիտի ընդդիմությունն իր կառույցներին հրահանգեր նորից հաշվառել ընտրական հանձնաժողովներում ավելի վաղ ներկայացված իր անդամներին` լրացնելու համար պակաս- պռատը, իսկ ըստ «Ժողովուրդ» թերթի` նույնն անում են նաեւ իշխանական թեւում:

Այնպես որ փոփոխությունների բեմադրման հերթական փուլը մոտենում է ավարտին, եւ արդեն նոյեմբերի վերջին-դեկտեմբերի կեսերին մենք ինչ-որ նոր գործընթացի ստարտի ականատեսն ենք դառնալու, ինչի գործնական էտապը հարեհաս նոր տարու պատճառով մնալու է արդեն 2015 թվականի առաջին ամիսներին: Իսկ թե ինչպե՞ս է դրան վերաբերում հանրահավաք գնացող զանգվածի ոչ ԲՀԿ-ամերձ, սոցիալական հատվածը, սա որեւէ մեկին հազիվ թե անհանգստացնի, քանի որ այդ հատվածը երբեք եւ ոչ մի ժամանակ Հայաստանում կրիտիկական զանգվածի չի ձգել, նրանք եղել են բոլորի հանրահավաքավորների մի ինչ-որ տոկոսը, իսկ ԲՀԿ-ամերձ զանգվածը հրաշալի ուղղաձիգ կառավարման է ենթակա:

Այնպես որ` հերթական անգամ Հայաստանի բողոքավոր զանգվածը ստիպված է բավարարվելու փոփոխությունների այն փշրանքներով, որ առաջարկում է բուրժուազիան` զոհելով մենաշնորհի եւ քվոտավորված բիզնեսի արդյունքում վաստակած միլիարդներից որոշ մաս` սոցիալական փոխհատուցումների տեսքով: Իսկ որ ԲՀԿ-ն մարդաշատ երկու հանրահավաքով կարողացավ մկաններ ցույց տալ իշխանությանը եւ ստիպել նրան որոշ բան զիջել, դրանում համոզվելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Որ բանակցություններ կարող են լինել իշխանության եւ ոչ իշխանականների միջեւ` այդ մասին են խոսում որոշ ՀՀԿ-ականների` այս օրերին արտահայտվող կարծիքներն «առողջ բանակցելու» մասին: Իսկ այդ բոլորի արդյունքում սահմանադրական փոփոխությունները կմերժվե՞ն կամ կընդունվե՞ն, որպես հետեւանք` նախագահին Ազգային ժողովում ընտրելով, սա արդեն էական չի լինի, որովհետեւ վաղուց ապացուցված բան է` մեզ մոտ Ազգային ժողովը երբեք չի ընտրում, այլ դակում է կուլիսային համաձայնությունների արդյունք թեկնածուին: Որպես ասվածի ապացույց բավական է դիտարկել Ազգային ժողովի պահվածքն, ասենք, գլխավոր դատախազի կամ այլ «անկախ» պաշտոնյաների նշանակումը հաստատելիս: Ու կարեւոր չի լինի, թե նոր, համամասնական ընտրակարգով ձեւավորված Ազգային ժողովում ի՞նչ հարաբերակցություն է լինելու դե ֆակտո` 45-45 տոկո՞ս ԲՀԿ-ՀՀԿ-ին, 10 տոկոս` բոլոր այլ կուսակցությունների ներկայացուցիչների՞ն, որոնք անգամ խմբակցություն չեն կարողանա կազմել, թե՞ այդ պահի համար մի այլ նպատակահարմար տոկոսային հարաբերություն:

Հետաքրքրական է, որոշ թաքնված ակնարկներ կային նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի` երկու օր առաջ մի քանի լրատվամիջոցի, այդ թվում «Ազգին» տված հարցազրույցում, երբ նա ասում էր, թե ընդդիմությունը ծրագրել է բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որը դեռեւս ժողովրդին հասկանալի չէ, եւ նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում ու մեր ժամանակներում բուրժուական ավանդույթներով են ապրում, ուզում են, որ իշխանությունը բուրժուազիայի ձեռքն ընկնի: Մինչդեռ ըստ Գ. Սահակյանի` սահմանադրական փոփոխություններով էլ, միեւնույն է, մեր երկիրը սոցիալական պետություն է լինելու: Ասել է, թե` անգամ երկխոսելու դեպքում ՀՀԿ-ն շատ չի զիջելու, քանզի «Մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա». իսկ ոչ իշխանականները ո՛չ ճանապարհային քարտեզ ունեն, ո՛չ ծրագիր:

Ամեն դեպքում Գ. Սահակյանն էլ էր ակնարկում, որ եթե հանդիպման խնդիր առաջանա, Ծառուկյանը հազիվ թե մերժում ստանա, եւ որ` կառավարությունում հատուկ հանձնախումբ կա` սահմանադրական փոփոխությունների ֆոնին ընտրական օրենսգրքի ֆորմատն ընտրելու առումով, եւ այդ հանձնախմբի նիստերին բոլոր կուսակցություններն էլ մասնակցել են:

Ճիշտն ասած` վերնագրի տերմինի բովանդակությունն անուղղակի շարադրեցինք մինչեւ այժմ` վերացարկելով այն իշխանություն-ոչ իշխանություն համատեքստում: Բայց երեւում է` բացատրելու հարկ կա:

Աշխարհում քաղաքականություն սոցիալական դարվինիզմի փոխադրումից եւ ժամանակի ընթացքում դրանից հրաժարվելուց մեկ դար հետո Հայաստանում ղեկավարվում են սոցիալական դարվինիզմի պրիմիտիվ ձեւերով: Այո, արդեն շատ տարիներ մալթուսականությունը վառ է Հայաստանում` ովքեր կկարողանան մկաններ ցույց տալ, ընդ որում` խոսքը կենսաբանական վիճակի, կենսաբանական սոցիալական դարվինիզմի կամ կոպիտ ասած` փողի եւ ուժի իշխանության մասին է, եւ ոչ թե ինտելեկտին կամ մակարդակին է վերաբերում, նրանք էլ կստանան իշխանություն, այն է` առավելություն ամեն ինչում մյուսների համեմատ: Կամ լավագույն դեպքում` իշխանության մի մասը, այն էլ այն պատճառով, որ ինչպես Ազգային ժողովի նախագահն էլ էր ասում` ժողովրդին բուրժուական էությունն անհասկանալի է (նա վատ է ապրում): Բայց դրանից Հայաստանի քաղաքական դաշտի սոցիալական դարվինիզմի էությունը չի փոխվում` մեր քաղաքական դաշտը վաղուց է դարձել փողի, ֆիզիկական ուժի եւ մկանների ցուցադրման էկվիվալենտ, քանի որ մեր կյանքը նույնպես վաղուց սոցիալական դարվինիզմի գռեհիկ դրսեւորման մշտական բեմ է: Իսկ սոցիալապես անապահով զանգվածներին, ցածր աշխատավարձ ունեցողներին կմնա ոչ թե սպասումներ ունենալ սահմանադրական փոփոխություններից, ընտրական օրենսգրքից, կառավարման կարգից, այլ` սոցիալական դարվինիզմը կրողների ողորմածությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ