RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ՊԱՇՏՈՆՅԱՆ ԼԻԱՀՈՒՅՍ, ԳՅՈՒՂԱԲՆԱԿՆ ԱՆՀՈՒՅՍ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Եվրոպայի կենտրոնում գտնվող այս երկիր հերթական այցի ընթացքում հայրենակցի հետ հանդիպումը մտորելու հերթական առիթը տվեց: Զրուցակիցս երեք երեխաների հայր երիտասարդ սիրիահայ էր:

Շուրջ երկու տարի առաջ կնոջ ու աղջիկների հետ Սիրիայից Հայաստան տեղափոխվելով Երեւանում տուն է վարձել, էլեկտրասարքեր վերանորոգողի իր մասնագիտությամբ աշխատանք գտել ու տրամադրվել է մայր հայրենիքում հաստատվել: Սակայն երբ երկրորդ ամիսն էլ գործատուն 80 հազար դրամ է տվել, սկսել է անհանգստանալ. երրորդ երեխայի սպասող ընտանիքն այս գումարով հնարավոր չէ որեւէ կերպ պահել: Եվ ճարը գտել ու ի վերջո Ավստրիայում է հաստատվել, ուր եւ ծնվել է արու զավակը: Երիտասարդը գոհ էր իր վճռից, թեեւ Հայաստան-արտագաղթ գործարքի ընթացքում զգալի գումար է ծախսել: Հիմնական մտահոգությունը կապված էր երեխաներին հայեցի մեծացնելու խնդրի հետ, որպիսի քայլ էր համարում տեղի հայերի վարձած կաթոլիկ եկեղեցում հայկական պատարագին փոքրիկների մասնակցությունը:

Մի հետաքրքրական փաստ հիշեց: Շաբաթներ առաջ դպրոցից վերադարձած աղջիկը, ցույց տալով դասագրքերից մեկի 2-3-րդ էջերում տեղադրված ու մեր կողմից տպագրվող նկարը, հարցրել է թե ինչու իրենք «Արմենիա» երկրում չմնացին: Երիտասարդը նկատեց, որ ինքն աղջկան ինչ-որ կցկտուր պատասխան է տվել, հայրենիքն այպանել, ինչպես ինքն ասաց, չի ցանկացել:

Տարեց հայաստանցուս հետ նա առավել ազատ էր արտահայտվում, թեեւ րոպեներ առաջ էինք ծանոթացել: Ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ողջ գործարքը, որի միջոցով գտել է Հայաստանից հեռանալու ճարը: Ինքը որեւէ պատասխանատուի թե պաշտոնյայի հետ չի հանդիպել, նրանց չի տեսել, ձեռնարկը միջնորդավորված ու հիմնականում ռիսկային է եղել: Այն իվերջո երկուստեք բարեհաջող է ավարտվել. մեկինՙ ցանկալի գումար, մյուսինՙ օտարություն: Դարեր շարունակվող արտագաղթ որակվող այս գործընթացի արդյունքում մեկը չկա, ասենք հնդկահայ, թե իր հայկական արմատները հիշող լեհ, վենեսուելացի հայազգի գործարար, թե բրազիլական հանցագործ շրջանակներում հայտնված մեր հայրենակից, որ ինչ-որ տրտունջ արտահայտի իր նախորդների թե նախնիների արածի հանդեպ: Ստացվում է, որ 8-10 մլն մեր հայրենակիցների համար ամենուր տանելի պայմաններ են եւ միայն մեր բնօրրանում, մեղմ ասենք, դրանք չկան, որից ճար փնտրել է պետք: Նկատենք, որ զրուցակիցս Հայաստանից հեռանալու որոշում կայացրել է ոչ ոստիկանի ու բժշկի, առավել եւս պետական պաշտոնյայի հետ հարաբերվելու հետեւանքով, այլ ընդամենը ընտանիքը նվազագույն պայմաններում պահելու անհնարինությունից: Եվ հարցը, թե ինչ գերբնականությամբ են օժտված բարեկեցիկ ապրող երկրների մարդիկ, հնչում է ինքնաբերաբար: Փորձենք հարցի պատասխանը պարզել հյուրընկալ Ավստրիայի օրինակով, նրա մի մասը հանդիսացող Շտիրիա մարզից որոշ մանրամասներ ներկայացնելով:

Մարզի կենտրոնը մոտ 250 հազար բնակիչ ունեցող Գրաց քաղաքն է, գողտրիկ մի բնակավայր, ուր գործում են ուսումնական ու առողջապահական, մեքենաշինական ու ավտոմոբիլային, մշակութային ու մարզական, բազմաթիվ այլ ոլորտների հաստատություններ: Սրանք ժամանակակից քաղաքներին բնորոշ առանձնահատկություններ են, որոնց ականատեսն ենք դառնում քաղաքում շրջելիս. Գրացում կնշեի նաեւ օպերայի շենքը, կոնսերվատորիայի համալիրը, մեկ տասնյակից ավելի թատրոնները, գերժամանակակից տրամվայներն ու տեղեկատվությամբ հագեցած կանգառները, պուրակներն ու այգիները... Բայց կներեք, այստեղ, քաղաքի վարչական տարածքի տարբեր մասերում ինչ են անում հեկտարներով եգիպտացորենի ցանքատարածությունները: Չէ որ ծանոթներս հաճախ են նշում, որ Շտիրիան Ավստրիայի հիմնական գինեգործական շրջանն է: Հանգիստ ու համեստ այս մարդիկ լավ գիտեն, որ միայն գինով կենցաղ չես կարգավորի, որ այն հավուր պատշաճի վայելելու համար սնունդ է անհրաժեշտ, գերադասելի է կենդանական ծագման, կաթնա-մսամթերք: Ահա այստեղ է, որ օգնության է գալիս եգիպտացորենը: Արդեն կես դարից ավելի է ինչ այս մշակաբույսն իր բազմաբնույթ հատկանիշներով մարդկանց իսկական բարեկամն է, քանզի ցանքսի համար նվազագույն սերմաքանակ է պահանջում, առավելագույն բերքատվություն երաշխավորում, ունի բարձր էներգատվություն: Մի շարք ժողովուրդների մոտ այն ցորենհացի փոխարինիչ է, իսկ կայացած տնտեսություն ունեցող երկրներում սննդից ու տնտեսության համար կարեւորագույն այլ նպատակների կիրառումից բացի օգտագործվում է որպես անասնակերի լիարժեք բաղադրիչ, ապահովում բարձր կաթնատվություն ու քաշաճ: Ահա այս հատկանիշների արդյունքում է, որ Ավստրիայում վերջին տարիներից յուրաքանչյուրում, իրենց 8 մլն բնակչության պարենի պահանջներն ապահովելու նպատակով աճեցնում են 1,5 մլն տոննա ցորեն եւ զուգահեռաբար մոտ 2 մլն տոննա եգիպտացորենի հատիկ ու 4 մլն տոննա կաթնամոմային կանաչ զանգված: Վերջիններիս օգտագործման արդյունքում է, որ երկիրն արտադրում է կաթնա-մսամթերքների ահռելի քանակներ: Միայն խոզի մսի տարեկան արտադրությունը հասնում է 600 հազար տոննայի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 6 հազար տոննա է: Նկատենք, որ Ավստրիայում 1 բնակչի հաշվով վարելահողը պակաս է ՀՀ ցուցանիշից:

Ինչ է արվում ՀՀ գյուղոլորտում: Մեր պատասխանատուները գերադասում են խրախուսել խաղողի ու լոլիկի, ծիրանի ու ելակի արտադրությունները թե՛ իրենց վերամշակող գործարանները հումքով ապահովելու, թե արտահանումներ իրականացնելու նպատակով, այդկերպ ոլորտը դարձնելով այլոց բանջարա-այգեգործական կցորդը: Արդյունքում, ասենք առաջնահերթ ու պահանջված հավի միս արտադրվում է 5 հազար տոննա, 35 հազար տոննա ներմուծվում, ողջ երշիկեղենը արտերկրների հումքից է, նույնը կաթնամթերքի զգալի քանակները: Հայաստանի 340 հազար գյուղացիական տնտեսությունները, 1,2 մլն մարդ, օտարված են իրենց աշխատանքից, աղքատ են ու հուսալքված:

Օր չի լինի, որ ՀՀ բարձրագույն պաշտոնյաները չխոսեն գյուղոլորտի ու ողջ տնտեսության հանդեպ իրենց ցուցաբերած գերուշադրությունից, որը ոչ մի ձեւով չի արտացոլվում գյուղաբնակի ու քաղաքացու կենցաղում: Աշխարհի արածն ու փորձածը մեր համար չեն, մերն ուրիշ է, երբ այն անգամ գաղջ միջավայր է ստեղծում:

Զրուցակիցս գտել է այդ միջավայրից հեռանալու ճարը: Ուր է թե այն եզակի երեւույթ լիներ, հեռանալն էլՙ Ավստրիա:

Գրաց, Ավստրիա 28.10.2014

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ