RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ԿՐԹԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1571, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԹՄՄ-Ը 14 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՔԻՆ

ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ

2000թ.-ից սկսած, արդեն 14 տարի Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը, «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների ուսուցիչներին դրամական օգնություն է տրամադրում: Թեքեյան մշակութային միության կենտրոնական գրասենյակի (Բոստոն) նախկին տնօրեն Գեւորգ Մարաշլայնը «Ազգ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Երբ այս ծրագիրը սկսեցինք, Հայաստանի ուսուցիչների սոցիալական վիճակը բավականին ծանր էր: Եվ արդեն 14 տարի է Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անվան դպրոցների ուսուցիչներին եւ ամբողջ աշխատակազմի համար կազմակերպվում է այս բարեգործական ակցիան»:

Այդ դպրոցները հինգն են, որոնք գտնվում են ՀՀ տարբեր շրջաններումՙ Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, Երեւանում եւ Արցախի Բերձորում: Գեւորգ Մարաշլայնը մասնավորապես նշեց, որ գումարները հավաքվում են հանգանակության միջոցով եւ բաշխումը կատարելուց հետո ուսուցիչների անուններն ու մյուս տվյալները փոխանցվում են բարերարներին:

Ծրագրի պատասխանատուն ԹՄՄ կենտրոնական վարչության գանձապահ Մարո Պետրոսյանն է: Հայաստանում ծրագիրն իրականացնում եւ գումարները բաժանում է Գայանե Մուրադյանը, ով 14 տարի բարեխղճորեն կատարել է այդ պատասխանատու գործը:

Միությունը հիմնվել է 1947թ. Բեյրութում: Իսկ Ամերիկայումՙ 1968թ. Բոստոն քաղաքում: Այնուհետեւ ընդարձակելով իր աշխարհագրությունը միությունը գրասենյակներ է ստեղծել նաեւ Կանադայում, եվրոպական ու միջինարեւելյան երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ շատ քաղաքներում:

Այս տարին նույնպես բացառություն չէր: Սկիզբը Կարբի գյուղի դպրոցն էր:

«Այս բարեգործական ակցիան մի փոքրիկ օգնություն է ուսուցչին այս ծանր պայմաններում: Կարեւորը գնահատված լինելն է: Սա մեզ սովորեցրեց ոչ թե օգնություն ստանալ, այլ մեզ պարտավորեցրեց ինքներս մասնակցել բարեգործական ակցիաների», ասաց դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը :

Գյուղում բերքահավաքը նոր էր ավարտվել, եւ ինչպես պարզվեց մեր զրույցից, բերքն այնքան էլ հաջող չէր եղել, եւ բոլոր ուսուցիչները միաբերան մի բան էին ասում միայն. «Օգնությունն ավելի քան տեղին էր»: Ճանապարհելիս էլ դպրոցի անձնակազմի անդամները գյուղացուն հատուկ ավանդույթով Գեւորգ Մարաշլյանին նվիրեցին թոնրի գաթա...

Հաջորդ կանգառը Գյումրին էր: Այստեղի թիվ 2 ավագ դպրոցում նույնպես գրկաբաց դիմավորեցին հյուրերին: Բոլորն էլ երջանիկ էին, սակայն ինչպես իրենք էին հավաստիացնում, երջանկության պատճառը գումարը չէ. «Մենք ոչ թե դրամի համար ենք ուրախանում, այլ նրա, որ այս մշակույթն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Ընդհանրապես ուսուցիչը միշտ ուրախ է իր գործերով, քանի որ երբ դասարան ես մտնում, մոռանում ես աշխատավարձի ու մյուս հոգսերի մասին եւ ստանում ես հզոր էներգիա»,- ասաց պատմության ուսուցչուհի Էմմա Ալեքսանյանը:

Իսկ դպրոցի ամենափորձառու մանկավարժ, դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Դավթյանն ասաց, որ ամեն պարագայում թեկուզ չնչին օգնությունը միշտ քաջալերում է ուսուցչին: Նրան շատ բան պետք չէ: Մի փոքր ուշադրություն, եւ ուսուցիչն անմնացորդ նվիրվում է իր գործին:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Եթե անհատական ասպեկտից նայենք, օգնությունը թվում է չնչին, իսկ եթե գլոբալ առումով, ապա այսօր մոտ 80 ընտանիքում լուծվեց մի փոքր հարց»:

Եվ վերջին կայարանը Ստեփանավանն էր: Այս դպրոցի պատմությունն ավելի քան հուզիչ էր:

Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը , երբ վերհիշում էր դպրոցի ստեղծման պատմությունը, արցունքները չկարողացավ զսպել. «Հիշում եմ, երկրաշարժից հետո դասերն անցկացնում էինք տնակներում, որտեղ ոչինչ չկար: Աշխատում էինք առանց աշխատավարձի: Իսկ հիմա ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ այս բարեկարգ դպրոցը»:

Իսկ ի՞նչ են ուսուցչի համար նմանատիպ բարեգործական ակցիաները. «Մանկավարժը զգում է, որ գնահատվում է իր աշխատանքը. այնքան ֆինանսական օգնությունը չէՙ որքան բարոյականը»:

Սակայն բոլոր երեք դպրոցներում էլ ուսուցիչները փաստում են, որ պետական որեւէ նմանատիպ օգնություն երբեք չեն ստացել, եւ կցանկանային, որպեսզի նման ակցիաներ կազմակերպվեին նաեւ հենց պետական մակարդակով:

Իսկ Երեւանի ու Բերձորի դպրոցների դրամաշնորհները կլինեն մոտ օրերս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ