RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1715, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՎԱՆՈՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ԻՆՉՈՒ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ 1988-ից սկսած Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում մարդիկ` մենք, բռունցքներս վեր բարձրացրած «Ղարաբաղ», «միացում» եւ «անկախություն» էինք գոչում, մեզ ասում էին, մենք համոզված էինք, որ պետություն էինք ստեղծում եւ ստեղծեցինք: Համենայն դեպս շարժման արդյունքում մենք ունեցանք մեր Սահմանադրությունը, զինանշանը, հիմնը, դրոշը, ամեն մեկս մեր անձնագրերը, անգամ` Ղարաբաղը, եւ, իհարկե, մեր նախագահը: Հետո անգամ մեր ազգային արժույթը` դրամ: Հենց այդ պահից էլ, թերեւս, սկսեցինք բիզնես անել, ավելի ճիշտ` առեւտուր (սրանք տարբեր բաներ են), իսկ որտեղ մեծ առեւտուր, այնտեղ մեծ շահեր, որտեղ մեծ շահեր, այնտեղ` կրակոցներ:

Կրակո՞ւմ էին արդյոք Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի քաղաքացիների վրա եւ անո՞ւմ էին դա արդյոք` մնալով անպատիժ: Իհարկե կրակում էին, այդ կրակողներից մեկին մինչեւ օրս փնտրում են, որպեսզի պատժվի, ապարդյուն: Նախկին, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ այս մարդուն բերման ենթարկելը հղի է ողջ համակարգը, «շկոլա»-ն վտանգի տակ դնելով, եւ ուրեմն, «ձեռքները հեռու են պահել ցավի վրայից»: Նա շատ բան գիտի, շատերին գիտի, շատերի մասին գիտի...

Ուրեմն, եթե իշխանավորի վրա արձակված կրակոցը համարվում է կրակոց մեր պետականության վրա, ապա ի՞նչ է իշխանավորի արձակած կրակոցը` Հայաստանի սովորական քաղաքացու վրա:

Անցան տարիներ, այդ անցնող տարիներին էլ կրակում էին: Չնայած 1996-ին, մայրաքաղաքի կենտրոն հանված տանկերը ժողովրդի վրա չկրակեցին, բայց դրանց ժողովրդի դեմ հանելն արդեն իսկ կրակոց էր ժողովրդի վրա: Քանի որ դատապարտելի է ոչ միայն ուժի կիրառումը, այլեւ այն կիրառելու սպառնալիքը:

Հետո Հայաստանի առաջին նախագահը, «մեզ հայտնի ուժերի պարտադրանքով» հրաժարական տվեց, թողնելով մեզ մինչեւ օրս որոշելու, թե այդ ովքե՞ր էին «մեզ հայտնի ուժերը»: Ավելի կոնկրետ նա հրաժարական տվեց, որովհետեւ Վանո Սիրադեղյա՞նը պարտադրեց, թե՞, քանի որ Վազգեն Սարգսյանն էր դա պահանջում: Վանոն այդպիսի բան չէր ուզի, այն էլ, հատկապես Տեր-Պետրոսյանից, ուրեմն... Հետո «Առագաստ» սրճարանում մարդ ծեծեցին, ծեծելով սպանեցին, եւ երբ դա անում է իշխանությունը քաղաքացուն, ծեծելը կրկին դառնում է կրակոց, այո, հայոց պետականության դեմ, քանի որ պետականությանը հարվածում են ոչ միայն իշխանավորին կրակելով, այլ, երբ իշխանությունն ինքը կրակում է:

...Էլի կրակոցներ եղան, դրանք Հայաստանում երբեք էլ չեն դադարել...

Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը սափրված չէր, ընդ որում հաջորդ երկու օրերի ընթացքում էլ նա մնաց չսափրված: Համենայն դեպս, երբ Հայաստանի նախագահին հարցրեցին, թե ինչո՞ւ նա, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ ուղերձով հանդես չեկավ, նախագահ Քոչարյանը պատասխանեցՙ «սափրված չէի»: Հետո ոմանք այս իրադարձության մեջ պետք է մեղադրեն հենց Քոչարյանին, ոմանք` ավանդաբար, կամ հիմնավորված դրսի ուժերին, ուրիշները պետք է հիշեն 1998-ի այն ցուրտ ձմեռային երեկոն, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, շեշտելով, որ դա անում է` «մեզ հայտնի ուժերի պարտադրանքով»: Հետո մենք չպետք է իմանանք, թե այդ ո՞վ էր պատվիրել կրակել հայոց պետականության վրա այդ օրը եւ հենց այս չիմացությունն էլ կրակոց է հայոց պետականության վրա:

Տարիների ընթացքում կրակոցները չպիտի դադարեն, որովհետեւ դրանք չեն դադարում երբեք այնտեղ, որտեղ քիչ հարուստներ կան եւ շատ աղքատներ, եւ նման միջավայրի ստեղծումն էլ կրակոց է պետականության վրա:

...Մարտի մեկ: Ո՞վ տվեց հրաման զինվորին կրակել Հայաստանի քաղաքացու վրա, չգիտենք: Ո՞վ դրդեց Հայաստանի քաղաքացուն, որ մեռնի, բայց հաղթի (տեսնես պարտվողն ո՞վ էր), չգիտենք: Ինչո՞ւ այս երկուսը միաժամանակ եւ հավասարաչափ մեղավոր չեն ընկալվում, չգիտենք: Գիտենք միայն, թե ինչո՞ւ նրանք չեն պատժվել եւ չեն պատժվում: Որովհետեւ Հայաստանում երբեք ոչ ոք չի պատժվել պետականության դեմ արձակած կրակոցների համար:

Նման մեղադրանք վերջերս ուղղվեց Վարդան Սեդրակյանին: Ոչ թե նրա համար, որ մարդն իր տունը վերանորոգել էր, այլ, որովհետեւ նա իր տունը վերանորոգողներին հետո հանձնարարել էր կրակել Պարույր Հայրիկյանի վրա: Սա` ըստ դատարանի կողմից հաստատված մեղադրանքի: Բայց Վարդան Սեդրակյանը կլիներ միակը, ով երբեւէ պատժվել է հայոց պետականության վրա արձակված կրակոցի համար, եթե Պարույր Հայրիկյանը հայոց պետականությունը լիներ:

Հետո պետք է «լիցկաներ», «նեմեցներ» լինեն եւ մասնավոր գազանանոց, որը որոշ մարդկանց համար վերջինն բան է լինում, ինչը տեսնում են կյանքում:

Հիմա Հայաստանի իշխանությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի ամբիոններից աշխարհին կոչ են անում վերջնականապես ընդունել եւ դատապարտել անցյալ դարասկզբի մեծ ոճրագործությունը: Իշխանություններն արդարացիորեն ասում են, որ` «եթե մարդկության դեմ կատարված հանցագործությունները չեն դատապարտվում ողջ մարդկության կողմից եւ այն գործածները իրենց արժանի պատիժը չեն ստանում, ապա այդ հանցագործությունները ենթակա են կրկնվելու»: Անշուշտ ճիշտ է, բայց սա այլ բան էլ է նշանակում. երբ պետության վրա կրակողները չեն դատապարտվում պետության բոլոր քաղաքացիների կողմից եւ իրենց արժանի պատիժը չեն ստանում, ապա պետականության դեմ հանցագործությունները կարող են կրկնվել:

Մեր իշխանությունները` ոչ այս, ոչ նախկին, ոչ էլ նախկինի նախկին, սա չեն ասել եւ չեն ասում, Վանոն ասել է, թե ինչու. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ