RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1566, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԱԼԹԸՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարելի էր տարբեր կերպ սկսել այս հոդվածը, օրինակՙ անեկդոտ պատմելով, ցանկալի է հին եւ տափակ, կամ «հարգելի եւ սիրելի ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին եմ« թերեւս քաղաքական լուրջ կոդ պարունակող հայտարարությամբ, կամ պարզապես ասելով` «Բարեւ», բայց մենք որոշեցինք այս պատմությունը սկսել ֆուտուրիստական ժանրով: Այսպես, Սփյուռքի մեր հայրենակիցները, արձագանքելով մեծարգո առաջին նախագահի` հոկտեմբերի քսանչորսին եռյակի հանրահավաքում արած կոչին` միանալ «համաժողովրդական շարժմանը», պատասխանել են` «ապելսին ուտողը դու ես»:

Սրանից հետո, հաջորդ հանրահավաքին, որի «օրն ու ժամը ոչ ոք դեռեւս չգիտի երկրի վրա», Լեւոն Տեր-Պետրոսյանը նախքան հերթական սիգարետը կվառի, գուցե արձագանքի սփյուռքահայերի այս ֆուտուրիստական արձագանքին, օրինակ մեր հայրենակիցների մեծամասնությանն անվանելով` «մարգինալ», «լուսանցքային», հետեւաբար` ոչ կարեւոր` բուրժուադեմոկրատական հեղափոխության ընթացքում եւ երկիրը «բռնապետների ճիրաններից փրկելու գործում», եւ քչերը կհասկանան, որ երբ անձամբ առաջին է խոսում ինչ-որ ուժերից, երեւույթներից, անձանցից, կնշանակի, որ նրանք կարեւոր են, իսկ, եթե կարեւոր են, ուրեմն «մարգինալ» չեն, իսկ, եթե մարգինալ չեն, բայց այդպիսին են անվանվում, ուրեմն Տեր-Պետրոսյանը խոսում է անկարեւոր բաների մասին... Սա քչերը կհասկանան, քանի որ եռյակի հաջորդ հանրահավաքը կրկին բազմամարդ կլինի:

Ի դեպ, եռյակի նախորդ հանրահավաքը հերթական անգամ ցույց տվեց, որ Ստեփան Դեմիրճյանին բանի տեղ դնող չկա: Մասնավորաբար, եռյակն ինչպես անվանվում էր եռյակ, նախքան դրան կմիանար Ստեփան Դեմիրճյանն իր բազմահազար կուսակիցներով, այնպես էլ անվանվում է եռյակ, երբ ՀԺԿ-ն միացավ դրան: Կնշանակի, որ եռյակում Ստեփան Դեմիրճյանը չունի ընդհանուր որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք, կնշանակի, որ եռյակում կա գործունեության սկզբունք` հաշվի չառնել իրենց գործընկերներից թեկուզ մեկի կարծիքը` ընդհանուր որոշումներ կայացնելիս: Սա, համագործակցության պարագայում, նշանակում է, ի դեպ, բռնապետի առկայություն, այսինքնՙ եթե երեք-չորս-հինգ ուժերի, պետությունների, կուսակցությունների, անձանց համագործակցության մեջ հաշվի չի առնվում ոմանց կարծիքը, ուրեմն «տարածքում բռնապետ կա»:

Իրականում եռյակի մասին վատը պետք չէ գրել, կամ ասել. նախ մեզ կմեղադրեն` «Սերժի լրատվամիջոց», իսկ նվազագույնը` «ծախված» եւ, որն ամենազավեշտալին է` «հակաժողովրդական» լրագրող եւ լրատվամիջոց լինելու մեջ, ապա եռյակն ինքն իր գործունեությամբ իր մասին վատը խոսում է: Ուրեմն մենք բոլորովին այլ խնդրի կանդրադառնանք, պատկերավոր ասած` «եվրո»-ի եւ «ալթըն»-ի տարբերության խնդրին:

Եվրասիական միությունում, որտեղ, ինչպես Ազատության հրապարակում են ասում` մեր մուտքն այլեւս անշրջելի իրողություն է, խոսակցություններ են կան միասնական արժույթ ստեղծելու վերաբերյալ: Այն այս պահի խոսակցությունների համաձայն պետք է անվանվի «ալթըն»: Սա նշանակում է, որ տարիներ անց, շատ չէՙ մի հինգ-տասը, երեւանյան, օրինակ` «Իսիկ-կուլ» սուպերմարկետների ցանցին պատկանող խանութներից մեկում կարելի է գնել իսկական հայկական, ասենք, «Պուտին» կոնյակը, ենթադրում ենք` միջինը քսան-քսանհինգ ալթընով, եւ կամ Հայոց պատմության թանգարան մտնելու համար հսկիչը պետք է խնդրի մեզ վճարել, ենթադրում ենք կրկին, երկու ալթըն: Դատելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային առանձնահատկություններից` մի քանի տարի անց էլ մենք կշարունակենք ունենալ օլիգարխներ, նրանց կողքին պտտվող մանր ժուլիկներ, կիսագրագետ պետական չինովնիկներ, ԱԺ-ի` գաղափարադիր եւ գիրք գրող պատգամավորներ, որոնցից օրինակ Նորսուլթան Վլադիմիրի Հայրապետյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց» ոչ թե այլեւս չգործածվող «Մովսես Խորենացի» մեդալ կստանա, այլ, օրինակ` «Հայկ Բաբուխանյան»:

Հեղափոխության, հեղաշրջման յուրաքանչյուր փորձ, «ծայրահեղական կամ անջատողական տրամադրված «մարգինալ» ուժերի կողմից անմիջապես կճնշվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից` համաձայն ՀԱՊԿ կանոնադրության եւ անդամ երկրների դաշնագրային պարտավորությունների: Չի բացառվում, որ այդ հավանական գործողությունների ընթացքում, ենթադրենք, ղրղզ խաղաղապահը սիրահարվի հայուհու, նրանք ամուսնանան եւ երջանիկ ապրեն (ինչպես եւ ողջ Միությունը) եղբայրական Բիշքեկում:

Ինչպես տեսնում ենք, փաստ չէ, որ ԵՏՄ-ում մեզ պարտադիր վատ ապագա է սպասում, եւ, իհարկե, այդ մասին մեզ պարբերաբար կհիշեցնեն հեռուստատեսությունից, լուրերի թողարկումների ժամանակ, որոնք եթեր դուրս կգան ընդհատելով ղազախ երգիչ Կուրբանբեկ Ամալգուլիեւի` արդեն երկու օր ձգվող համերգը` Մինսկի «Վելիկայա Ռուս, ա տոչնեե` Բելառուս» համերգասրահում կայացած:

Մենք ընդունում ենք, անշուշտ, որ պարտադիր չէ, որ ամեն բան մի հինգ-տասը տարուց ճիշտ այնպես լինի, ինչպես նկարագրեցինք, քանի որ մենք վստահ ենք, որ ամեն ինչ անհամեմատ ավելի լավ կլինի:

Այ, երբ բուրժուադեմոկրատները Հայաստանում հեղափոխություն անեն, Հայաստանը ԵՏՄ-ում կներկայացնեն «արժանապատիվ եւ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունները», դե, օրինակ` «Շշի Մելոն», «Յուվեցի Կարոն», ...արդեն հարյուր տոկոս վստահությամբ ԵՏՄ-ում մեզ հավասարը հավասարի պես կընդունեն եւ կոնկրետՙ հայ-ռուսական համագործակցությունը այսօրվա «վասալայինից» կվերածվի իրավահավասար, փոխշահավետ գործակցության: Իսկ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, հասկանալի է, արդեն դուրս եկած կլինի եռյակի շարքերից եւ կշարունակի` երդմանը հավատարիմ պաշտպանել Հայաստանի քաղաքացու իրավատիրությունը, Անաստատ Միկոյանի արձանի մոտ հանրահավաք կանի, արդեն իր խոսքում ավելի եւ ավելի շատ ռուսերեն բառեր օգտագործելով, որ մարդիկ հասկանան:

Հիմա, քանի դեռ Հայաստանում «ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունները» չեն եկել, պետք է արձանագրենք, որ Հայաստանն ուներ եւ հիմա էլ ունի ընտրության հնարավորություն, քանի որ ոչինչ իրականում անշրջելի չէ: Զուտ իրավական տեսանկյունից, հոկտեմբերի տասին Մինսկում Սերժ Սարգսյանի դրած ստորագրությամբ փաստաթուղթը դեռ պետք է ՍԴ-ն ընդունի որպես Սահմանադրությանը չհակասող, ապա այն պետք է ընդունվի կառավարության նիստում, եւ վերջապես վավերացվի ԱԺ-ում: Հասկանալի է, որ անհրաժեշտության պարագայում այս երեք ինստիտուտներից մեկը կարող է առնվազն հապաղել` գործընթացն առաջ տանելու հարցում, եւ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրն արժանացնել, ասենք, հայ-թուրքական զույգ արձանագրությունների ճակատագրին: Այնպես որ, եթե Հայաստանը սեփական ինքնավարության մի մասը ռուսներին, բելառուսներին, ղազախներին, շուտով նաեւ ղրղզներին զիջելու փոխարեն որոշում կայացնի նույնը զիջել ֆրանսիացիներին, գերմանացիներին, անգլիացիներին, ապա որեւէ պահի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը կարող է սառեցվել: Եւ մի քանի տարի անց, այս պարագայում սակայն արդեն շատ տարիներ անց, մի քսան-երեսուն, երեւանյան «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում իսկական հայկական`«Bonjour» կոնյակը կարելի կլինի գնել, եթադրում ենք քսան եվրոյով, մոռացանք նշել` ղարաբաղյան նոր պատերազմից հետո...

Իրականում սա հանրաքվեի հարց էր, սա Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը հաշվի առնելու հարց էր, քանի որ ԵՏՄ-ին միանալը, կամ դեպի ԵՄ շարժվելը ոչ թե արտաքին քաղաքական հարց է, այլ ներառում է պետության զարգացման, առաջ գնալու, առհասարակ գնալու բոլոր ոլորտները, անխտիր բոլո՛ր: Եւ ուրեմն, երբ եռյակի ներսում այս հարցի շուրջը տարաձայնություն կա, սա չի նշանակում, որ եռյակում տարակարծիք են երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության հարցում. սա նշանակում է, որ եռյակում քաղաքական, գաղափարական սկզբունքային հակառակորդներ են, ինչն ամենեւին էլ չի ամրապնդում եռյակը, ճիշտ հակառակը:

Իմիջիայլոց, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաեւը (Հայաստանի ԶԱԳՍ-երի աշխատակիցները թող լավ հիշեն այս անունը` «անշրջելի» հետագայում ճիշտ գրելու համար) օրերս հայտարարել է, որ ԵՏՄ-ին իր երկրի միանալը Բիշքեկի համար «չարյաց փոքրագույնն էր»: Կնշանակի, որ նախագահ Աթանբաեւի համար ԵՏՄ-ն փոքր, բայց չարիք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ