RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1311, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու միջոց

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի Tagesschau (թրգ.ՙ «Օրվա պատկեր») լրատվական հաղորդման մեկնաբանը Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի Բաքվում կայացած այցի առիթով հոկտեմբերի 23-ին ծանուցեց, թե պաշտոնական Բեռլինը երկրի ղեկավարությանը զգուշացրել է պահանջներն իրականացնելիս եվրոպական արժեքները չշրջանցել, նկատել տալով դիտորդների այն գնահատականը, թե նախագահ Ալիեւի կառավարման ոճը միապետական է (ավտորիտար)։ Մարդու իրավունքների պաշտպանները Ադրբեջանում 90-ից ավելի քաղբանտարկյալներ են նշում, ԵՄ 27-ի անունն է տալիս։ ԳԴՀ արտգործնախարարը շեշտել էՙ «թեեւ Եվրոպան ցանկություն ունի Ադրբեջանի հետ խորացնել էներգետիկ համագործակցությունը, բայցՙ ընդհանուր եվրոպական արժեքների հիման վրա» ասել է, թե աչքաթող չի անելու մարդու իրավունքների ոտնահարման խնդիրը։ Ադրբեջանի արձագանքն հիշյալ քննադատությանը չափազանց զգայուն է եղել։ Մամեդյարով-Շթայնմայեր մամլո ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողներից մեկի քննադատական հարցին Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել էՙ «մի շարք ուժերի եւ մեդիայի» միջոցով իր երկրի հասցեին հնչող տեւական վիրավորանքների մասին։ Իսկ տեղի լրագրողներից մեկն էլ Շթայնմայերին է փորձել պրովոկացիայի ենթարկելՙ ակնարկելով, թե իբր Գերմանիայում լրագրողներ են ձերբակալվել եւ նրանց պաշտպանությանն ուղղված բողոքի ցույցը ճնշվել է։

ԳԴՀ արտգործնախարարին ուղեկցող լրատվամիջոցները պաշտոնական Բեռլինից Երեւանի հասցեին հնչեցրած որեւէ քննադատության մասին չակնարկեցին։ Մի հպանցիկ համեմատություն այդուհանդերձ կարՙ Բաքվի ճոխությունն ու Երեւանի աղքատությունը։ (Ի դեպ այս վերջինը ավստրիական ռադիոնՙ Orf-ը շեշտադրել է հոկտեմբերի 24-ին «16 000 հայեր բողոքում էին աղքատության եւ կաշառակերության դեմ» վերնագրյալ հրապարակման մեջՙ անդրադառնալով Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմությանՙ նախագահ Սարգսյանի դեմ կայացած ցույցի մասին հաղորդագրելով։ Տնտեսական ուղղվածության «Wirtschaftsblatt»-ը նույն բողոքի հանրահավաքի առիթով վերնագրում նկատել է տվել ուրիշ պահանջՙ «Հազարավոր հայեր բողոքում են Ռուսաստանի հետ Մաքսային միությանն անդամակցումը»։ Ավստրիական հիշյալ լրատվամիջոցը «հազարավոր հայեր» ձեւակերպումը պարզաբանում էՙ հիշատակելով ոստիկանության տրամադրած շուրջ 15 000 եւ կազմակերպիչներիՙ նվազագույնը 60 000 տվյալները)։

Նախարար Շթայնմայերիՙ Բաքվում եւ Երեւանում կատարած շեշտադրումը, թե Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային կայունությունն ապահովող գործոն է, նոր չէ։ Հետաքրքրական է, որ գերծանրաբեռնված Շթայնմայերի ժամանակացույցը ներկայացնող ԳԴՀ արտգործնախարարության կայքէջում գլխադաս պաշտոնյայի հիշյալ այցերը հապճեպ գրանցվեցին։ Գերմանիայիՙ խաղաղարար միջնորդի դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ նրբերանգային ուրիշ հեռատեսություն ունի։ «Ռուսաստանի ձայն» ռադիոյի գերմաներեն տարբերակում Բեռլինից Հենրիկ Փոլլանդի եւ քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Հայկո Լանգների զրույցի ուղիղ ռեպորտաժը մասամբ լույս է սփռում վերոհիշյալ դերակատարման վերաբերյալ։ «Արեւելյան Ուկրաինայում, Իրաքում, Սիրիայում ընթացող պատերազմների ֆոնին աշխարհի քարտեզին վերահայտնվում է մի հակամարտություն, որ հազիվ թե ուշադրության էր արժանացել։ ԽՍՀՄ նախկին 2 հանրապետությունՙ Ադրբեջանն ու Հայաստանը 20 տարուց ավելի մարտնչում են ԼՂ-ի համար։ Կրկին ու կրկին ռազմական բախումներ, ամռանը մեծաթիվ զոհեր։ Ռուսաստանը, Ֆրանսիան փորձում են միջնորդել», ներկայացնում է մեկնաբանըՙ հիշատակելով հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայացած հանդիպումը։

Ո՞րն է Գերմանիայի դերը հակամարտության լուծման գործում։ Թեեւ ԳԴՀ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց այս պարագայումՙ դժբախտաբար մեծ ակտիվությամբ հանդես չեկող, պարզաբանում է Հայկո Լանգները։ Զինադադարը խաղաղության գործընթացի վերածելու առումով Գերմանիան կարող է իր ներդրումն ունենալՙ Ռուսաստանի հետ սերտ համագործակցելով։ Լրագրողը հաստատում էՙ Բունդեսթագում ձախերը պահանջում են, որ Գերմանիան էլ միջնորդական ջանքերը միացնի Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Նախկին ԽՍՀՄՙ ընդհանուր պատմություն ունեցող երկրի դիտանկյունից Ռուսաստանի մասնակցությունն ընկալելի է, Գերմանիային ի՞նչ չափով է արտոնված խառնվել այս հակամարտությանը։ Փորձագետը ճշտում էՙ Գերմանիան ոչ այնքան պիտի խառնվի, որքան ակտիվ սատար կանգնի Ռուսաստանի միջնորդական ջանքերին, ինչը նշանակում, որ Բեռլինը Մոսկվայի հետ կրկին պիտի սկսի Մինսկի խմբի շրջանակներում սերտ համագործակցելՙ Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդհանուր առաջարկներ զարգացնելով։ Այժմ գերմանառուսական հարաբերությունները ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները սատարելու պատճառով բավական վնասված են, իսկ ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ Գերմանիայիՙ Ռուսաստանի հետ նմանատիպ պատկերացումներն ունենալը համագործակցության հող է ստեղծում, ինչը կարելի է հարաբերությունները վերանորոգելու առիթ դարձնել, մեկնաբանում է հարավկովկասյան հարցերի գերմանացի փորձագետը։ Նրա պարզաբանմամբՙ իր համար անակնկալ չի եղել այն հանգամանքը, որ հանդիպումը Փարիզում է կայացել, ակնհայտ է սակայն, որ երեք համանախագահող երկրների մեջ Ռուսաստանն ամենաակտիվ միջնորդն է։ Հստակ պիտի ձեւակերպել, որ օգոստոսի սկզբին էլ հրադադարի խախտման ամենօրյա դեպքերը, որ պատերազմի լուրջ վտանգ էին ներկայացնում, հնարավոր եղավ կայունացնել Ռուսաստանի անհապաղ մասնակցությամբՙ մի քանի օրում Սոչիում եռակողմ գագաթնաժողով գումարելով։ Սա ցույց է տալիս, որ ՌԴ շատ դրական դերակատարում է ներկայացնում, երբ խոսքը հակամարտության կայունացմանն է առնչվում։ Բայց կայունացումն այլեւս բավարար չէ, հակամարտության լուծմանը սատարող հստակ միջոցառումներ են պետք, ասում է Հայկո Լանգներըՙ ցանկություն հայտնելով ԵԱՀԿ-ին սեփական ֆինանսներ, անձնակազմ տրամադրելու հետ մեկտեղ հատկացնել հստակ մանդատՙ հրադադարը արդյունավետ վերահսկելու ուղղությամբ։ «Իսկ հակամարտությանը միջնորդելու դժվարությունների մասին» լրագրողի հնչեցրած հարցին փորձագետը պատասխանում է, թե այն պայմանավորված է Հարավային Կովկասի պատմությամբՙ մշտապես այդ տարածաշրջանը բնակեցված է եղել տարազգ խմբավորումներով։ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ դիտարկում են որպես սեփական պատմական տարածք, ինչպես նաեւՙմշտապես պետական կառավարման վաղուց գոյություն ունեցող կազմավորման մաս։ Երկու ժողովուրդների ազգային-պատմական հայելում տարածքը միստիկ նշանակություն ունի, ինչը բարդացնում է կողմերի միջեւ փոխզիջումներ հաստատելը ։ «Երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունն այնպես պիտի կազմակերպել, որ պետական պատկանելիության հարցն իր նշանակությունը կորցնի։ Խորհրդային ժամանակներում մոտ 70 տարի պահպանված խաղաղության շրջանից շատ ենք հեռացել», եզրափակում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Հայկո Լանգները։

Հետգրության փոխարեն.- Բեռլինյան պատի փլուզմանը նպաստած Ղարաբաղյան ինքնորոշման պայքարը երկրորդ անգամ է լուրջ կամուրջ դառնում 1941-45-ի թշնամությունը վերանայած երկու պետություններիՙ Գերմանիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Հուսանքՙ անկախության գինն իմացող Արցախի ու Հայաստանի համար դրական հանգուցալուծմամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ