RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1406, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԻԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ՞Ն, ԹԵ՞ ՄԻԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նախ նա Ելիսեյան պալատում ընդունեց Իլհամ Ալիեւին, առանձնազրույց ունեցավ, ապա առանձին զրուցեց Հայաստանի նախագահի հետ, որից հետո, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը առանձին հանդիպում ունեցան` «տետ-ա-տետ» ֆորմատով, հյուրընկալ նախագահի նախաձեռնությամբ, այնուհետեւ երկու նախագաներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որին էլ հաջորդեց Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրն էլ եզրափակվեց Ելիսեյան պալատում նախագահ Օլանդի անունից` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի պատվին տրված ընթրիքով: Սակայն այս ինտենսիվ շփումն անգամ որեւէ համատեղ հայտարարություն չծնեց. մասնավորաբար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Փարիզից վերադարձան` առանց որեւէ համատեղ հայտարարություն անելու: Միայն Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ նախագահները պայմանավորվել են տեղեկություններ տրամադրել պատերազմի հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ, վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, պայմանավորվել են հանդիպել եկող տարվա սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում, եւ, որ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել կողմերին` «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության մեծ պայմանագրի կնքմանը»:

Ընդհանուր առմամբ փարիզյան հանդիպումը, բացի հենց դրա կայացումից, ոչինչ էական չտվեց հակամարտության լուծմանը, քանի որ դրանից հետո Հայաստանի ԱԳ նախարարն, օրինակ, հայտարարեց, որ «Ադրբեջանը թույլ չի տալիս բանակցությունների իրական ձեւաչափը, այն է Ստեփանակերտի մասնակցության վերականգնումը»: Չնայած նախարար Նալբանդյանի այս հայտարարությունից ենթադրելի է, որ Փարիզում Բաքվին նման առաջարկություն արվել է, ինչն էլ իր հերթին կարելի է տեղավորել Օլանդի նախաձեռնած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ձեռքբերումների շարքում:

Բայց մի կողմ դնենք «Նոյից էլ հին» ԼՂ հարցով բանակցությունները, դրանց շարունակականությունը, ինչն ըստ տպավորության արդեն մի ամբողջ հավերժություն է ձգվում եւ աստիճանաբար կրճատում է ուշադրությունը հիմնահարցից, եւ հնարավորություն ու ժամանակ տալիս հակամարտության հիմնական կողմ` Արցախի Հանրապետության լրջորեն զբաղվելու պետականաշինությամբ: Ընդ որում` արդարացիորեն, քանի որ այլ բան է, երբ միջազգային հանրությունը գործ ունի անկախություն պահանջող ինչ-որ տարածքի եւ նրա բնակիչների հետ, եւ բոլորովին այլ բան, երբ անկախության ճանաչման ձգտողը կայացած պետական միավոր է, պետության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտների առկայությամբ եւ դրանց ակտիվ գործունեությամբ:

Այս համատեքստում անչափ կարեւոր է Հայաստանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ եւ հետո Ստեփանակերտի կարծիքի բարձրաձայնումը` այդ հանդիպումների վերաբերյալ, եւ պակաս կարեւոր չէ, որ Ստեփանակերտը գրեթե մշտապես իր արձագանքող հայտարարություններում շեշտում է, որ ԼՂ հակամարտության լուծման կարեւոր գրավականն այս պահին Ստեփանակերտի` որպես բանակցությունների լիարժեք կողմ, իրավունքների վերականգնումն է: Եւ եթե անգամ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին միջազգային հանրությունը չի լսում, դրանից պարոն Բաբայանի, պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման բարձրաձայնման անհրաժեշտությունը չի նվազում, եւ դա չի նշանակում, որ Ստեփանակերտը չպետք է խոսի:

...Եւ ոչ միայն սեփական կարգավիճակի հստակեցման հարցում: Օրերս ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարեց, որ Արցախում ռաբիս երգիչներին այլեւս չեն տրամադրվի համերգասրահներ: Այսինքն, օրինակ Արմենչիկը, ով, ինչպես գիտենք «ողջ հայությանը» Ամանորը միասին նշելու համար Դուբայ է հրավիրում, կարող է անշուշտ գնալ Արցախ եւ այնտեղ համերգներ ունենալ, բայցՙ կա՛մ ռեստորաններից որեւէ մեկում, կա՛մ էլ Ստեփանակերտի մարզադաշտում: Դժվար է ասել, հարգարժան տիկին Աղաբալյանն այս որոշումը կայացրել է Արցախում արդեն երկրորդ անգամ համաշխարհային օպերայի աստղ Մոնսերատ Կաբալեին ընդունելուց հետո՞, թե՞ օպերային դիվան որեւէ կապ չունի այս պատմության հետ: Բայց հասկանալի է, որ չի կարելի թույլ տալ, որ միեւնույն համերգասրահում օրերի տարբերությամբ երգեն Կաբալեն, ապա Թաթուլ Ավոյանը...

Արցախում այս որոշմամբ ինչ-որ բարձր տեղ են դնում համերգասրահները եւ գնահատում են այնտեղ գնացող հանդիսատեսին...

Հիմա, փաստորեն, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն հանդիպումից հետո Ստեփանակերտը իրավացիորեն պարտավորված է զգում սեփական դիրքորոշման արտահայտմամբ «բան հասկացնել» միջազգային հանրությանը, ապա ռաբիս երգիչներին համերգասրահներից հանելով նույն Ստեփանակերտը կարծես հարցնում է պաշտոնական Երեւանին` միացնե՞լ Արցախը, թե՞ միանալ Արցախին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ