RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ԿԱՐԳԱՎՈՐՈ՞ՒՄ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1466, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄՆԱՆՔ «ԿՈՎԲՅՈՒՐՈՅԻ ՈՐՈՇՄԱՆՆ ՍՊԱՍԵԼԻ՞Ս»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ուժեր չեն լինի, դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու անհրաժեշտությունն ինքնին կվերանա, զգալիորեն կթուլանա լարվածությունը»:

ԱԳ նախարարի հայտարարության «թանաքը չէր չորացել», երբ «ԱզերԹաջ» պետական գործակալությունը տարածեց Իլհամ Ալիեւի «դիմումը»` հասցեագրված աշխարհի երիտասարդությանը: Թե ինչ առիթով էր «նորին բռնապետական մեծությունը» որոշել աշխարհի երիտասարդության ուշադրությունը հրավիրել իր «համեստ» անձին` հայտնի չէ: Բայց որ «դիմում»-ը նրա քաղաքագիտական մտքի հերթական «փայլատակումն էր», կարող ենք փաստել առանց երկմտանքի:

Ուրիշ ի՞նչ կարելի է ասել, եթե փարիզյան բանակցությունների հաջորդ օրն Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողը Հայաստանի իշխանություններին անվանում է «արյունարբու ռազմական դիկտատուրա»: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւը շուրջ 10 ժամ դեմ առ դեմ, ապա ընդլայնված կազմով բանակցել, իսկ օրվա վերջում էլ ընթրիքի սեղանի է նստել «դիկտատորի՞» հետ: Եւ դեռ պայմանավորվել, որ 2015-ի սեպտեմբերին վերստին կհանդիպի՞:

Ցավոք, մենք գործ ունենք նման «մակարդակի» մարդու հետ, որ Փարիզում կարող է մի բան ասել, բայց, վերադառնալով Բաքու, վերստին մտնել մոլագարի դերի մեջ: «Դիմում»-ում Իլհամ Ալիեւն ասում է, որ «ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ադրբեջանի արդարացի տեսակետը»,- բայց հաջորդ նախադասության մեջ դարձյալ դժգոհում, թե «որոշ դեպքերում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը կատարվում են ժամերի ընթացքում, իսկ մեզ 20 տարի է` դա չի հաջողվում»:

Որեւէ տրամաբանություն կա՞ այստեղ: Անշուշտ` ոչ: Քանի որ եթե աշխարհն իրոք «պաշտպաներ Ադրբեջանի արդարացի տեսակետը», ապա ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես Իլհամ Ալիեւն է ցանկանում: Իրականությունն այլ է: Եւ հարցերը քննարկվում, հավանական լուծումներ առաջարկվում են ոչ թե Ադրբեջանի «արդարացի տեսակետի», այլ` միջազգային իրավունքի եւ փաստացի իրավիճակի հիման վրա:

Ըստ երեւույթին, այս տարվա բարձր մակարդակի երեք հանդիպումներում Իլհամ Ալիեւը լիովին սպառել է ագրեսիվության բոլոր պաշարները: Եւ նրան այլ բան չի մնացել, քան սեփական հարկի տակ ցուցադրել «մարտարվեստում ունեցած հնարավորությունները»: Սա ենթադրություն չէ արդեն, այլ` փաստի արձանագրում: Որովհետեւ փարիզյան բանակցություններին հաջորդած` ադրբեջանական կողմի անխտիր բոլոր վերլուծություններում իշխում է, եթե կարելի է այսպես ասել, քաղաքական ֆրուստրացիան:

«Օլանդն այն անհատականությունը չէ, որ կարող էր ճեղքում արձանագրել»,- եզրահանգել է haqqin.az-ի «փորձագիտական խումբը», որ նույնն է, թե` այդ լրատվամիջոցի «հիմնադիր» եւ իլհամալիեւյան ռեժիմի կատաղի ջատագով Էյնուլլա Ֆաթուլլաեւը: Նախկին «խղճի կալանովորի» հուսահատությունն այնքան խորն է, որ ծավալուն մտավարժանքներն ամփոփել է խորհրդային դարաշարջանի «բանակցություններից մի դրվագի» հիշատակմամբ: Ըստ այդ, երբ Կրեմլում ադրբեջանական պատվիրակությունը դժգոհել է, թե Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «բազմաթիվ խորհրդատվություններ է անցկացնում արտերկրում», Միխայիլ Գորբաչովը պատասխանել է.

- Թող ինչքան ուզում է` շրջագայի, հարցը, միեւնույն է, լուծվելու է այստեղ:- Եւ, ինչպես Ֆաթուլլաեւին են ասել, «ծանր հարվածել է գրասեղանին»:

«Փուչ մարդ էր գլխավոր քարտուղարը, բայց այդպես` գրասեղանին ձեռքով հարվածելու մասին հիշողությունն, այնուամենայնիվ, մնացել է»,- սա է Ֆաթուլլաեւի ամենավերջին միտքը: Ուշագրավ եզրահանգում է, ոչինչ չես ասի: Մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ շաբաթասկզբին Ադրբեջանի խորհրդարանի նիստը մեկնարկել է Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների առթիվ ԱՄՆ պետական դեպարտամենտի գնահատականի եւ, առհասարակ, Միացյալ Նահանգների «երկակի ստանդարտների» քաղաքականության խստագույն քննադատությամբ:

Կարելի էր այս փաստն անուշադրության մատնել, եթե քննադատություն հնչեցրած լիներ մի ընդդիմադիր կամ գոնե «հերթապահ» պատգամավոր: Մինչդեռ Վաշինգտոնին «անարգանքի սյունին է գամել» իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Սիավուշ Նովրուզովը: Այսինքն` Իլհամ Ալիեւի կուսակցության փաստացի երրորդ դեմքը:

ԱՄՆ պետդեպն, ինչպես հայտնի է, Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն անվանել է «ժողովրդավարության հաղթանակ»: Այդ առթիվ տարածված հայտարարության մեջ միաժամանակ Ռուսաստանը մեղադրվել է «Ղրիմը բռնակցելու» մեջ, ինչպես նաեւ վստահություն է հայտնված, որ թերակղզին «կվերադառնա Ուկրաինայի կազմ»: Մանավանդ այս վերջին ձեւակերպումն է դարձել ադրբեջանցի պատգամավորի քննադատության թիրախ այն կտրվածքով, որ ԱՄՆ-ը «երբեք չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ»:

Նովրուզովն, իհարկե, բացահայտ հակաուկրաինական հայտարարություն չի արել: «Դա նրանց ներքին գործն է, մենք չենք խառնվում»,- ասել է նա, բայց եւ տարակուսել. «Ադրբեջանում ավելի ժողովրդավարական բազմաթիվ ընտրություններ են անցկացվել, ինչո՞ւ ԱՄՆ պետդեպը ժամանակին դրանց արժանի գնահատական չի տվել»: Ահա այդպես` միջնորդավորված, բայց Ադրբեջանի խորհրդարանը փաստացի Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ հնչեցրել է պաշտոնական Մոսկվայի տեսակետներին լիովին համահունչ գնահատական: Եւ դա հազիվ թե Նովրուզովի «ինքնագործունեության» արդյունքն է:

Բաքվում արեւմուտքից հիասթափված են: Եւ չեն էլ թաքցնում: Տեղեկատվական հոսքերում գնալով ավելի ու ավելի է ընդգծվում «Ադրբեջանի դեմ ծրագրվող սադրանքների» թեման: Haqqin.az-ը, հղելով «սեփական իրազեկ» աղբյուրներին, փարիզյան բանակցությունների նախօրեին գրել էր, որ ԱՄՆ զինված ուժերի ծրագրավորման կենտրոնում «մշակվել է Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու սցենար»: Ըստ լրատվամիջոցի, ամերիկյան զինվորական ծրագրավորողները «հավանական են համարում երկրաշարժի հետեւանքով Ադրբեջանի առափնյա (Կասպից ծովի) քաղաքներից մեկի հեղեղումը, որի ժամանակ վնասվում է մզկիթը, եւ իշխանությունները որոշում են այն ապամոնտաժել` հետագա փլուզումից խուսափելու համար, ինչն առաջ է բերում հավատացյալների բուռն բողոքը, սկսվում են զանգվածային անկարգություններ»:

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը` թողնենք այն տարածողի խղճին: Առավել ուշագրավ է, որ նման տեղեկատվությունը հասցեագրված է հասարակությանը, որին հետեւողականորեն ներշնչվում է, որ ԱՄՆ-ը «թշնամի երկիր է»: Եւ նույնքան համառորեն էլ վերջին շրջանում մեծանում է ռուսամետ տրամադրությունների տեղեկատվական ներմուծումների ծավալը:

Չափազանց էական է, որ փարիզյան բանակցություններից հետո ադրբեջանական մամուլում չհայտնվեց արեւմտյան որեւէ փորձագետի, վերլուծաբանի տեսակետ: Տեղեկատվական հոսքի վեկտորը բացառապես հյուսիսային` Մոսկվայից էր: Ընդ որում, գերիշխում էր պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած քաղաքագիտական կենտրոնների ներգրավվածությունը:

Իսկ ինչ ասել է «պատմության նոր գլուխ»` ձեւակերպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա Ռուսաստանի` Եվրասիական տարածքում, դոմինանտությունը ճանաչելու եւ այդ հիմքով Արեւմուտքի հետ նոր համաձայնությունների գալու դարաշրջանի տեսլականն է: Եւ Բաքվում, կարծես, լիովին հավատում են, որ Միխայիլ Գորբաչովի «հարցն այստեղ է լուծվելու»` ձեռքը գրասեղանին խփելու «հիշողության» ժամանակներն են գալիս...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ