RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ՆՐԱՆՔ ԵՎ ՄԵՆՔ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1901, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸՙ ԱԴՐԲԵՋԱՆ

Թարգմ. Հ. Ծ.

Թարգմանաբար ստորեւ ներկայացվող հոդվածը եւս մի վառ օրինակ է Ադրբեջանի նավթա-դոլարա-խավիարային քաղաքականության, որ գործում է անխափան, ամենուրեք: Այս անգամվա «կերուխումը» մեկնաբանում է Ամերիկա-հրեական կոմիտեի լոսանջելեսյան մասնաճյուղի տնօրեն րաբբի Մարկ Դայամոնդը: Հոդվածը, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը», լույս է տեսել «Jewish Journal of Los Angeles» հրեական պարբերականում:

Իսկապես չէինք կարող պատկերացնել այսքան տգետ րաբբիի: Մարդը խոսում է 2000 տարվա հրեա-ադրբեջանական բարեկամությունից, առանց իրեն հաշիվ տալու, թե որտեղից ու երբ են օղուզները հայտնվել այս տարածաշրջանում, թե երբվանից են նրանք կոչվել ադրբեջանցի, թե նախապես ովքեր են նրանց այժմ զբաղեցրած տարածքներում ապրել եւ պետական կազմավորումներ ստեղծել, քաղաքակրթություն հիմնել ու զարգացրել: Րաբբի Մարկ Դայամոնդը կա՛մ բոլորովին տգետ է եւ կամ ամբողջովին նենգ:


Աշխարհասփյուռ հրեաները շուտով հրեական եւս մի նոր տարի են նշելու, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում հետզհետե աճող հակասական տրամադրությունների պայմաններում: Օրեցօր ստացվող վատ լուրերի կողքին, հարգանքի եւ հանդուրժողականության խոսքեր լսելը բարձրացնում է մեր տրամադրությունը: Սեպտեմբերի սկզբներին 12 րաբբիների թվում ես էլ մասնակցեցի Լոս Անջելեսում գործող երկու հարգարժան դիվանագետների հետ հանդիպմանը: Դրանցից մեկը Իսրայելի գլխավոր հյուպատոս Դեյվիդ Սիգելն էր, մյուսըՙ Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը: Մենք միասին ճաշեցինք եւ քննարկեցինք մեր համատեղ նպատակը դրական լույսի ներքո ներկայացնելու Ադրբեջանի եզակի պատմությունը: Պատմությունը մի մահմեդական երկրի, որը դրական հարաբերություններ ունի Մ. Նահանգների, Իսրայելի եւ իր երկրի հրեական համայնքի հետ:

Աշխարհասփյուռ հրեաները առանձնահատուկ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որտեղ արդեն մոտ 2000 տարի գոյություն ունի 15 հազարի հասնող հրեական համայնք: Ադրբեջանը հանդուրժողականության եւ հարգանքի ապաստարան է դարձել հրեաների համար, որոնք այլ երկրներում դարեր շարունակ հետապնդումների եւ բռնագաղթերի են արժանացել: Նա այսօր նույնն է մնում, եւ դա նշանակալի ձեռքբերում է, հաշվի առնելով մահմեդականների եւ հրեաների միջեւ հարաբերությունների ներկա կացությունը Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Ադրբեջանը գլխավորապես շիա մահմեդականներից կազմված պետություն է, որը գտնվում է Իրանի հյուսիսում եւ արդեն երկու տասնամյակ է ինչ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

Ճաշկերույթի ժամանակ մենք շատ բան իմացանք այն մասին, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան ներդրումներ կատարում եւ պաշտպանում իր հրեական համայնքին եւ ընդհանրապես հրեական ժառանգությանը: Այդ հանրապետությունում է գտնվում ամբողջովին հրեաներով բնակեցված դարավոր «Կարմիր գյուղը», ուր լեռնաբնակ հրեաները հավաքվում եւ աղոթում են մի քանի փառահեղ սինագոգներում: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գործում է ամենաարդիական ամենօրյա դպրոցըՙ ավելի քան 300 աշակերտներով: Բաքվի Շաբադ Րաբբին, ով ծնվել եւ մեծացել է Իսրայելում, վերջերս որոշել է ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն: Նա հպարտ է, որ այդ երկիրը իր նոր տունը կարող է անվանել: Բաքվում է գտնվում նաեւ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ 2011-ին կառուցված գեղեցիկ նոր սինագոգըՙ լեռնաբնակ հրեաների համար:

«Ադրբեջանը Մ. Նահանգների եւ Իսրայելի նման մեր դաշնակիցների համար վճռորոշ կապեր է հաստատում մահմեդական աշխարհի հետ», նշեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսելով Վաշինգտոնում 2013-ին կայացած Ամերիկայի հրեական համայնքի «Գլոբալ ֆորումում»: Նրա երկրի սերը, բարեկամական հարաբերությունները Իսրայելի հետ «էլ ավելի են ամրապնդվել մեր երկու ժողովուրդների միջեւ հաստատված ամուր կապերով»:

Արտգործնախարարը ամրագրեց, որ իրոք երկկողմանի հարաբերությունները «շատ ավելին են», քան դիվանագիտական կապերը: Ադրբեջանը Իսրայելի խոշորագույն առեւտրային գործընկերն է Հարավային Կովկասում եւ Իսրայելի նավթային ներմուծումների 40 տոկոսը գալիս է Ադրբեջանից:

Լավ կլինի նշել կապը, որ միացնում է Արդբեջանը հրեա ժողովրդին: Մեր սոցիալական կայքերը լի են Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Բելգիայում տեղի ունեցող հակասեմական բռնությունների եւ Գազայում, Սիրիայում, Իրաքում եւ այլուր կատարվող մահմեդականների ահաբեկչական գործողությունների լուրերով: Ադրբեջանը հազվագյուտ օրհնանք է եւ լույսի ճառագայթ մեր խորապես անհանգիստ աշխարհում: Դժբախտաբար հրեաների մեծամասնությունը երբեք էլ չի լսել Ադրբեջանի մասին, եւ այն մասին, թե ինչ դրական օրինակ նա կարող է ծառայել մյուս մահմեդական երկրների համար:

Մի ազգ, որ երկու հազարամյակ պաշտպանել է իր երկրում ապրող հրեաներին եւ դաշնակից է ինչպես Մ. Նահանգներին, այնպես էլ Իսրայելին, արժանի է մեր բարեկամությանն ու պաշտպանությանը:

Հեքիաթասացությունը բնորոշ է հրեաների կենցաղային կյանքին, բանահյուսությանը եւ ավանդույթներին: Հրեաները խոսում ու քննարկում են Ակեդանՙ Դոշ Հաշանայում Իսահակի զոհաբերության պատմությունը: Յոմ Քիպուրը պատմում է հրեաների կրած տառապանքների, մարտիրոսությունների մասին: Այս տարի եկեք դրանց շարքում ընդգրկենք նաեւ մերօրյա հեքիաթը Ադրբեջանի մասին, որը ոգեշնչող իրական պատմություն է հրեաների եւ մահմեդականների համերաշխ հարաբերությունների մասին: Մեր աշխարհը շատ ավելի պայծառ տեսք կունենար, եթե մյուս ազգերը նույնպես որդեգրեին խաղաղ գոյակցության Ադրբեջանի պատմական մոդելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ