RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1454, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՇԱՌԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույց էր տվել Hollywood Reporter պարբերականին ոչ որպես աշխարհահռչակ երգիչ, այլ որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հետեւաբար Շառլի այս կոնկրետ հարցազրույցին պետք է վերաբերվել ոչ թե որպես սիրելի Շառլի խոսքերի, այլ ՀՀ դեսպանի պաշտոնական հայտարարությունների:

Դեսպան Ազնավուրն, ուրեմն, հայտարարել է. «Մոտ օրերս ես պատրաստվում եմ հանդիպել թուրք դեսպանի հետ, բայց այդ հանդիպման մասին ես Հայաստանի իշխանություններին ոչինչ չեմ ասել, քանի որ նրանք կարող են արգելել ինձ: Մինչդեռ ես սիրում եմ ազատ լինել իմ քայլերի մեջ, ձեռնարկում եւ իրագործում եմ դրանք, ապա նոր տեղեկացնում»:

Մի կողմ դնելով Ազնավուրի բացառիկությունը, մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի բոլոր դեսպանները, այդ թվում Օլեգ Եսայանը (Մոսկվա), այդ թվում Տիգրան Սարգսյանը (Վաշինգտոն), իրենց քայլերի համար Երեւանին նախօրոք չտեղեկացնեն, եւ ասեն միայն այն ժամանակ, երբ այդ քայլերն արդեն իրականացված են: Ի՞նչ կլիներ: Օրինակ, Օլեգ Եսայանը որոշում է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ` եւ խոսել ԼՂ կարգավորման ներկա փուլից, ավելին, այդ հանդիպման ընթացքում որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերում, հասկանալի է, Հայաստանի Հանրապետության անունից: Ո՞վ պետք է կյանքի կոչի այդ պայմանավորվածությունները, դեսպան Եսայանն անձա՞մբ:

Կամ, դեսպան Տիգրան Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան ներկայացուցիչների հետ եւ այդ ընթացքում հայտարարում, թե Մաքսային, ապա եւ Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի որոշումը Երեւանին պարտադրվել է, եւ օգնություն է խնդրում ԱՄՆ-ից` «ազատելու Հայաստանը արյունարբու Ռուսաստանի ճիրաններից»: Ո՞վ պետք է կրեր այս քաղաքական հայտարարության հետեւանքները...

Ազնավուրն, անշուշտ, բացառիկ, անկրկնելի է բեմում, բայց նա բոլորից մեկն է դիվանագիտական ասպարեզում, ամեն անգամ, երբ մտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանատան շենք եւ նստում ՀՀ դեսպանի իր աթոռին: Նրա յուրաքանչյուր խոսք` այդ սենյակից, այդ դիրքից հնչած Հայաստանի Հանրապետության խոսքն է, Ազնավուրը այս պարագայում աշխարհի բեմերում երգող «Հայաստանից» դառնում է Հայաստանի Հանրապետություն: Եւ երբ նա հայտարարում է, թե «քայլերս իրագործելուց հետո եմ միայն դրանց մասին տեղեկացնում Երեւանին», կնշանակի նա Բեռնում ամենեւին էլ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում, այլ ինքն իրեն:

Հայտնի չէ, թե ի՞նչ են խոսելու Ազնավուրն ու նրա նշած թուրք դեսպանը, կամ հանդիպելո՞ւ են արդյոք նրանք, այսքանից հետո: Հայտնի չէ նաեւ, թե ունի՞ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն սեփական դեսպանին, այս պարագայում կոնկրետ Ազնավուրի քայլերը, զսպելու հնարավորություն, հայտնի չէ, թե ինչպե՞ս է Ազնավուրը համատեղում ազատության հանդեպ սերն ու դիվանագետի անազատ աշխատանքը... Մի բան, սակայն, հայտնի է, լավ, թե վատ, բռնատիրական, թե ժողովրդավարական, սեփական ժողովրդի մասին մտահոգված իշխանությամբ, թե մաֆիոզ կլաններով, բայց սա պետություն է, Շառլ, եւ դու այս պետության դեսպանն ես` պահպանելով պաշտոնիցդ հրաժարվելու ազատությունդ:

...Մնալով այժմ եւ միշտ հանճարեղ երաժիշտ եւ հայրենասեր հայ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ