RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2101, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Նրանք գեղեցիկ են, խելացի, նորաձեւ, նպատակասլաց ու կամային: Նրանք կոտրեցին կարծրատիպերը, թե առաջին տիկինը պետք է միայն ուղեկցի ամուսնուն պաշտոնական հանդիպումների ժամանակ, մասնակցի բարեգործական ճաշկերույթներին ու կատարի հյուրընկալի պարտականություններ: Այս կանայք բարձրացրեցին առաջին տիկնոջ սիմվոլիկ թվացող դերն ու ապացուցեցին, որ իրենց խելքով, ճաշակով, տաղանդով եւ նախաձեռնությամբ չեն զիջում ամուսիններին: Առաջին տիկինների ու նրանց գործունեության պատմությունները բազմաթիվ են: Դժվար է ասել` ո՞վ է այսօր ավելի հայտնի եւ ավելի հաջողված քաղաքական գործիչ` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթո՞նը, թե նրա կինը` Հիլլարին, ով եղել է սենատոր, այնուհետեւ ղեկավարել երկրի ամենածանր պաշտոններից մեկը` ԱՄՆ պետքարտուղարությունը: Այժմ Հիլլարին ակտիվ ստեղծագործական գործունեություն է իրականցնում: Վերջերս լույս տեսավ նրա երկրորդ գիրքը, որը պատմում էր պետքարտուղարի գործունեության, հիասթափությունների եւ ձեռքբերումների մասին: Ասում են` բացի ստեղծագործական գործունեությունից Հիլլարին քաղաքական լուրջ եւ հեռահար նպատակներ ունի եւ մտադիր է առաջադրվել ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին:

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու իր կինն առաջին դասարանից նույն նստարանին են նստել: Ասում են` հենց Սվետլանան է նրան դրդել ավելի լավ սովորել ու հասնել հաջողությունների: Այսօր ՌԴ վարչապետը հաճախ է խորհուրդներ ստանում իր իրավաբան կնոջից ու խոստովանում, որ դժվարագույն հարցերում հաճախ լուծման բանալին Սվետլանան է գտել:

Ներկայացնում ենք աշխարհը գերած ու իրենց գործունեությամբ մարդկանց հմայած ներկայիս առաջին տիկինների ցանկը, որը կազմել է Time պարբերականը: Ընտրվել են այն առաջին տիկինները, ովքեր իրենց գործունեությամբ, հմայքով, հասարակական ակտիվ կյանքով եւ խելքով համարվում են չափանիշ միլիոնավոր մարդկանց համար:

Մոնակոյի դքսուհի Շարլեն

Մոնակոյի 11-րդ դքսուհին, Մոնակոյի արաքայազն Ալբեր երկրորդի կինը` դքսուհի Շարլենը պրոֆեսիոնալ լողորդուհի է: Նա հանդես է եկել օլիմպիական խաղերի ժամանակ եւ ներկայացրել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը: Ապագա ամուսնու հետ ծանոթացել է 2000թ. Մոնակոյում կայացած լողի մրցումների ժամանակ: Ասում են` դուքս Ալբերին առաջին հերթին գրավել է Շարլենի մարդամոտությունն ու համեստությունը: Նրանք ամուսնացել են 2011թ. հուլիսին: Շարլենը էլեգանտ է, նորաոճ, հանդես է գալիս ամենատարբեր բարեգործական միջոցառումներին, նախաձեռնողն է մի շարք հիմնադրամների ու գումար է հատկացնում ամենատարբեր բարեգործական ակցիաների կազմակերպման համար: Կարճ ժամանակահատվածում նա կարողացավ գրավել հասարակության սերը, եւ այժմ նրան համեմատում են արքայազն Ալբերի մոր` ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիի հետ: Շարլենի ուշադրության կենտրոնում հատկապես աղքատ եւ մանկատանը հայտնված երեխաների խնդիրն է: Նա շատ է կարեւորում երեխաների մանկության ապահովված լինելը: Ամենատարբեր միջոցառումների ժամանակ նա կոչ է անում գումար հատկացնել մանուկների առողջական խնդիրների լուծման համար:

Միշել Օբամա

Forbes ամսագիրը նրան համարում է աշխարհի ամենաազդեցիկ առաջին տիկինը: Նրա ոճը պարզ է` միաժամանակ գեղեցիկ ու էլեգանտ: Նա կարողանում է բրենդային եւ նորաոճ զգեստներ ընտրել, սակայն իր տեսքով հասարակ ամերիկուհիներից չի առանձնանում: Նա կարողանում է մարգարիտ կրել, հագնել թանկարժեք հագուստներ, սակայն դա անում է այնպիսի վարպետությամբ, որպեսզի թանկարժեք իրը աչք չծակի: ԱՄՆ 44-րդ առաջին տիկին Միշել Օբաման իրավաբանական գիտությունների թեկնածու է, ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ակտիվ հասարակական գործունեություն է վարում: Իր հանդիպումների ժամանակ նա անընդհատ կոչ է անում զբաղվել մարմնամարզությամբ եւ հետեւել սեփական առողջությանը: Տիկին Օբաման ամերիկացիների ամենամեծ խնդիրներից մեկն է համարում գիրությունը, որը տարեցտարի երիտասարդանում է: Այդ պատճառով իր ելույթների ժամանակ նա խորհուրդ է տալիս ձերբազատվել արագ սնունդ (fast food) օգտագործելուց եւ սնվել միայն օրգանիկ մթերքով: Այդ նպատակով նա անգամ գիրք է հրատարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է, թե ինչպես Սպիտակ տան այգին վերածեց հսկայական ջերմոցի եւ ինչպես է աճեցնում օրգանիկ մաքուր մթերք:

Արքայադուստր Լալա Սալմա

Իրեն ֆեմինիստ չի համարում, սակայն համոզված է` եթե կնոջը տան նույնքան հնարավորություն, որքան տղամարդուն, նա աշխարհը կփոխի: Մարոկկոյի դքսուհի Լալլա Սալման ավարտել է համալսարանն ու մաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Նա Մարոկկոյի արքա Մուհամեդ 4-րդի առաջին կինն է ու բոլոր իրավունքները տրված են բացառապես իրեն: Սալման ավանդական տեսակետներին զուգահեռ աչքի է ընկնում նորարարական գաղափարներով եւ իր օրինակով ցույց տալիս, որ կինը կարող է լինել կրթված, միաժամանակ ավանդապահ ու ընտանիքին նվիրված: Սալման ամուսնուն ուղեկցում է միջազգային հանդիպումների ժամանակ եւ միշտ ընդգծում իր արեւելյան ոճը շքեղ զգեստների եւ զարդերի միջոցով:

Ակիե Աբե

Ճապոնացի կնոջ զսպվածությունը, խորաթափանցությունն ու զգացմունքայնությունը մեկտեղված են Ճապոնիայի առաջին տիկնոջՙ Ակիե Աբեի մեջ: Ճապոնական լրատվամիջոցները նրան անվանում են ճապոնացի կնոջ լավագույն կերպար: Դիջեյի աթոռից մինչեւ երկրի առաջին տիկնոջ պաշտոն նրա համար կարծես մեկ քայլ լիներ: Առաջին տիկինը բացի հմուտ դիջեյ լինելուց նաեւ հրաշալի ֆլամենգո է պարում եւ հետաքրքրվում նորաձեւությամբ: Նրան հաճախ անվանում են Ժակլին Քենեդու կրկնօրինակ, սակայն այդ փաստը նրան չի մտահոգում, այլ հնչում որպես հաճոյախոսություն: Թե՛ տանը, թե՛ հասարակության մեջ ու նախասիրություններում Աբեն նախապատվությունը տալիս է եվրոպական ոճին: Հենց այս փաստն էլ նրան դարձնում է առավել բացառիկ, քանի որ ունենալով խիստ ճապոնական վարվելակերպ ու արտաքին, իր գործողություններով նա արեւելյան կին չէ:

Ասմա ալ-Ասադ

Եթե նրա ազգանունը չմատնի, դժվար կլինի կռահել, որ կապուտաչյա շիկահեր Ասման ծնվել է Սիրիայում եւ արեւելյան դաստիարակություն ստացել: Իր կյանքի եւ գործունեության վրա հսկայական ազդեցություն է թողել Անգլիան, որտեղ ուսանելու տարիներին էլ հանդիպել է ամուսնուն` Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադին: Ասման Միջին Արեւելքում առաջին կանանցից էր, որ ուղեկցեց ամուսնուն միջազգային հանդիպումների ժամանակ: Նա հրաժարվեց գլխաշորից եւ արեւելյան հագուկապից` ներկայանալով որպես ժամանակակից կրթված եւ հաջողակ կին: Ասման շատ հաճախ է խոսում կնոջ ազատության, արեւելյան երկրներում կնոջ իրավունքների բարձրացման ու կրթության մասին: Այսօր Սիրիայում շատ ավելի մեծ տեղ է տրվում աղջիկների կրթությանն ու առողջությանը, քան 20 տարի առաջ: Բացի կանանց իրավունքների համար պայքարելուց, Ասման կարողացավ նախագծել ու ղեկավարել Դամասկոսի վերկառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ այդ քաղաքը ճանաչվեց Արեւելքի մշակութային ժառանգություն: Ասման ակտիվ է նաեւ սոցցանցերում: Նրա ֆեյսբուքյան էջն ամենաակտիվներից է, եւ Ասման այնտեղ հաճախ է տեղադրում տարբեր հանդիպումներից լուսանկարներ: Հաճախ Ասման հանդիպումներ է ունենում բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ եւ իր օրինակով կոչ անում աջակցել նրանց եւ օգնել աղքատ ու հիվանդ մարդկանց:

Մոզա Բինտ Նասեր Ալ-Միսնեդ

Քաթարի նախկին էմիր շեյխ Համադա Բեն Խալիֆա-ալ-Թանիի երկրորդ կինը Մոզա Բինտ Նասեր ալ-Միսնեդը ի տարբերություն ամուսնու մյուս երկու կանանց, ակտիվ քաղաքական եւ հասարակական կյանք է վարում: Հենց նա է ամուսնուն ուղեկցում ամենատարբեր միջոցառումների, հանդիպումների ժամանակ ու միաժամանակ քաղաքական մի քանի պաշտոն է զբաղեցնում: Նա Քաթարի կրթության, գիտության եւ հասարակական զարգացման հիմնադրամի ղեկավարն է, ընտանեկան հարցերի եւ կրթության բարձրագույն խորհրդի նախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանը: Նա ունի 7 երեխա: Քաթարում նա առաջինն էր, որ խախտեց իսլամական էթիկայի կարեւորագույն կետերից մեկն ու առանց գլխաշորի հայտնվեց հասարակության մեջ: Իր 53 տարեկան հասակում էլ, Մոզա Բինտ Նասեր ալ-Միսնեդը հրաշալի տեսք ունի եւ շարունակում է համարվել նորաձեւության եւ յուրահատուկ ոճի խորհրդանիշ: Յուրաքանչյուր տարի նա ընդգրկվում է նորաձեւության հեղինակավոր ամսագրերի «Ամենանորաձեւ եւ ոճային հայտնիները» անվանակարգում:

Ռանիա ալ-Աբդուլլա

Facebook-ում նրա հետեւորդների թիվը գերազանցում է 3 միլիոնը, twitter-ումՙ 1,5 միլիոնը: Նա ավելի հայտնի է ու սիրված, քան բազմաթիվ հոլիվուդյան աստղեր: Նա միլիոնավոր աղջիկների կուռքն է ու համարվում է ինտելեկտի, գեղեցկության, կանացիության եւ նորաձեւության խորհրդանիշ: Հորդանանի թագուհի Ռանիան համարվում է աշխարհի ամենագեղեցիկ թագուհին ու ամենահաջողված կանանցից մեկը: Կահիրեի ամերիկյան համալսարանում ստացած կրթությունից հետո 22-ամյա Ռանիային առաջարկում են ղեկավարել Apple-ի Հորդանանի մասնաճյուղը: Սակայն վերջին պահին նրան հրաժարվում են աշխատանքի ընդունել որպես տնօրեն, եւ ամբիցիոզ Ռանիան հրաժարվում է այլ պաշտոնից ու անցնում աշխատանքի Citibank-ում: Հենց այդտեղ էլ նա հանդիպում է իր ապագա ամուսնունՙ Հորդանանի արքայազնին:

Աշխարհի ամենագեղեցիկ թագուհին նաեւ Հորդանանի ԶՈՒ գնդապետի աստիճան ունի: Ամեն տարի նա արյուն է հանձնում պատերազմից տուժած երեխաների համար: Բացի այդ, Ռանիան մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երկրում կրթության մակարդակի բարձրացմանը: Նա վստահ է, որ պետության հաջողության հիմքը երիտասարդ եւ կրթված սերունդն է: Ռանիան նաեւ նորաձեւության եւ կանացիության չափանիշ է: Հեղինակավոր ամսագրերում նրա լուսանկարներն ավելի հաճախ են հայտնվում, քան հոլիվուդյան աստղերինը: Նա միշտ սպասված եւ ցանկալի հյուր է ամենավարկանիշային հաղորդումներում եւ թոք-շոուներում: Ռանիան երբեք չի կրել գլխաշոր` այդ կերպ ցույց տալով, որ կանայք ունեն ընտրության հնարավորություն եւ կարող են փոխել իրենց կյանքը: Բրիտանական Hello ամսագիրը նրան արժանացրել է աշխարհի ամենաէլեգանտ թագուհու կոչմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ