RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



ԼԵՓԹՈՓՈՎ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ

Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1448, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ISIS-Ի ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՊԱՏՃԱՌ ՉԷ ԽՈՍԵԼՈՒ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻ ՄԱՍԻՆ

Ռոբերտ ՖԻՍԿ

Մենք անընդհատ խոսում ենք ջիհադիստ դարձած անգլիացիների մասին: Դեյվ Քամերոնը, հատկապես, իր մաշված քաղաքական բառապաշարով շարունակ օգտագործում է «մահմեդական անգլիացի քաղաքացիներ» եզրը: Ժամանակը չէ՞ արդյոք հստակեցնել եւ ասել «Պակիստանում կամ Հնդկաստանում ծնված անգլիացի մահմեդական քաղաքացիներ», քանի որ խոսքը հենց նրանց մասին է:

Կարեւոր չէ, որ Ջեյմս Ֆոլիին գլխատողը Լոնդոնի՞ց է, թե՞ Նյուքասլից: Կարեւորն այն է, որ նա ծնվել է այսպես կոչված Ռաջում ապրող բրիտանացի մահմեդականների համայնքում: Դժվար չէ այդ մարտիկների համար սովորել արաբերենը: Պուշտու կամ ուրդու լեզուները արաբերեն տառեր են օգտագործում եւ նրանց համար արաբերեն կարդալը դժվարություն չի ներկայացնում: Իսկ դրանից հետո գրվածքը հասկանալը ընդամենը մի քայլ է: Կարեւոր է նաեւ իմանալ հնդիկ մահմեդականների քաղաքական հայացքների սկզբնաղբյուրը, որը կարող է բանալի հանդիսանալ մերօրյա մահդիների կամ աբու Բաքր էլ-Բաղդադիների ստեղծած «իսլամական պետության» ծագումը հասկանալու համար:

Կարծում եմ արմատները պետք է փնտրել Դեոպոնդիների շրջանում, հնդկական ապստամբությունից հետո ստեղծված սուննի մահմեդական խմբավորումներից մեկում, որը մեր սովորական անողոքությամբ ճնշեցինք անցյալում:

«Դեոպոնդիների ուսումնարանը», հիմնված Ուտար Պրադեշում ապստամբությունից 10 տարի անց Մոհամեդ Աբեդ Հուսեյնի կողմից, պետք է դառնար աստվածաբանական գլխավոր կրթօջախը Հնդկաստանում: Հիմնադրման նպատակներից մեկն էր պայքարել ընդդեմ արեւմտամետ մահմեդական քոլեջների, որոնց ուսումնական ծրագրերում ներառված էին ինչպես իսլամական, այնպես էլ արեւմտյան հումանիտար առարկաներ, նման Եգիպտոսում գործող ֆրանսիական «Inculturation» հաստատությունների:

Ինչպես իմ հարգարժան գործընկեր Ահմեդ Ռաշիդը նշում է, մինչ Դեոպոնդիները սահմանափակում էին կանանց մասնակցությունը, դեմ էին մահմեդական նվիրապետություններին, եւ ամբողջապես մերժում էին շիա դավանողներին, թալիբները «ծայրահեղական աստիճանի էին հասցնում այդ ամենը»: Բայց վերջինները յուրացրեցին նաեւ Դեոպոնդիների պատվիրանները: Հենց Պակիստանը (բրիտանական մեկ այլ ստեղծագործություն) 1947-ին գոյության իրավունք ստացավ, Դեոպոնդիների ազդեցության ոլորտները ընդլայնվեցին:

Նույնիսկ Աֆղանստանի կառավարությունն էր դիմել Դիոպոնդիներինՙ օժադակություն խնդրելու պետական հսկողության ներքո դպրոցներ (մադրասաներ) բացելու համար, բայց կես դար անց, ինչպես Ռաշիդն է դարձյալ նշում, թալիբները ուսմանն ու բարենորոգումներին սկսեցին ավելի քիչ նշանակություն տալ «կասկածը համարելով մեղք եւ բանավիճելը հերետիկոսությունից էլ վատ բան»: Մինչեւ 1998-ը թալիբները ամբողջ աֆղանա-պակիստանյան սահմանի երկարությամբ մեղավորներին քարկոծում էին, անդամահատում, սպանում էին շիա մահմեդականներին եւ ստիպում կանանց կրելու իսլամական հանդերձանք: Ծանո՞թ երեւույթներ են:

Ավելին, 2000 թվին ես այցելեցի Ակորա Խատտակում (Պակիստանի հյուսիս-արեւմտյան սահմանային նահանգ) գործող թալիբների մի դպրոց, որտեղ Պակիստանից, Աֆղանստանից, Տաջիկստանից եւ Չեչնիայից եկած դիոպոնդիական «մակնիշի» երիտասարդ տղաներ էին սովորում: Նրանք ջանասիրաբար Ղուրանն էին սերտում, բայց օգտագործում էին ժամանակակից համակարգիչներ: Մոտ 2,500 ուսանող կար այնտեղ, բայց 15 հազար երիտասարդներ ցուցակագրվել էին եւ սպասում էին իրենց հերթին: Մի ցուցանակի վրա ռուսական արջն էր պատկերված շամփուրի վրաՙ ծածկված կանաչ մահմեդական դրոշով: Մեկ ուրիշի վրա նախկին Խորհրդային Միությունն էրՙ դարձյալ կանաչով ծածկված: «Այս բոլորը մի օր մահմեդական են դառնալու», ասաց ինձ ուսանողներից մեկը: Նորից եմ հարցնում, ծանո՞թ երեւույթ է: Նոր «խալիֆայությունը» աշխարհը (այդ թվում նաեւ Սպիտակ տունը) մահմեդական դարձնելու մասին չի՞ խոսում:

Դպրոցի դասատուներից մեկը, իսկական մի հոգեւորական, բացատրեց ինձ. «Ինչքան Մ. Նահանգները, արեւմտյան աշխարհը եւ մահմեդականներին սպանող մյուս ազգությունները ճնշեն մեզ, այդքան ավելի շուտ է հռչակվելու իսլամական հանրապետությունը: Մեր բարոյականը բարձր է եւ հնարավոր է այս ամբողջ տարածքում ունենալ նման մի հանրապետություն: Մենք ցանկանում ենք ստեղծել այն, հար եւ նման Եվրոմիության կամ ՆԱՏՕ-ին»: Երբ ես նշեցի ՆԱՏՕ-ի հետ համեմատության մասին, նա երկար-բարակ սկսեց խոսել մահմեդականների միջուկային զենք ունենալու իրավունքի մասին: «Երբ հինդուներն են ռումբ պատրաստում Հնդկաստանում, դա զուտ հնդկական, հինդուների պատրաստածը չէ (նրանց անպայման օգնել են), բայց երբ մենք ենք ցանկանում պատրաստել, մեզ արմատական ահաբեկիչներ են անվանում»:

«Խալիֆայությունը» ընդգրկող արաբական հսկայական տարածության վրա ապրող բնակչության մեծամասնությունը Իրաքի եւ Սիրիայի գյուղատնտեսական շրջաններից է: Նրանք կրթություն չունեն, երբեք չեն տիրապետել այն տեխնիկական հմտություններին, որոնց ես ականատես եղա Ակորա Խատտակում: Բայց նրանք, ովքեր էլ-Բաղդադիի «պետությունն» են ներթափանցել համակարգչային աշխարհից, դրսից եկած օտարներն են, որոնց կարելի է անվանել բարձր տեխնոլոգիաներին տիրապետող ջիհադիստներ: Նրանք հավատացած են, որ Արեւմուտքի զանգվածային լրատվամիջոցները երբեք էլ չեն հասկանա իրենց: Դրա համար էլ իրենք իրենցն են ստեղծում: Ապացույցՙ Ջեյմս Ֆոլիի գլխատման սահմռկեցուցիչ տեսաժապավենը, որն իր այլասերվածությամբ պատճառ հանդիսացավ, որ Ամերիկայի պաշտպանության նախարարության ծառայողներից մեկը արտասանի «ապոկալիպսիս», «աշխարհի վերջը եկել է» բառերը: Ինչպես նշեցի, այս ջիհադիստները ոչ միայն գլխատում են, այլեւ լավ տիրապետում տեխնոլոգիաներին: Ջեյմս Ֆոլիի առեւանգողները, օրինակ, նրա լեփթոփը այնպես էին «քրքրել», որ 20 տարի առաջ ոչ մի թալիբան չէր կարող երազել անգամ: Այդտեղից էին նրանք իմացել, որ նրա եղբայրը ծառայում է Մ. Նահանգների օդային ուժերում: Համակարգչային տեղեկություններին տեղյակ լինելուց հետո նրանք սաստկացրել էին վերաբերմունքը: Սա է, որ օտարազգի ջիհադիստները իրենց հետ բերել են այս նոր պատերազմին, որ մղվում է Մերձավոր Արեւելքում: Տեխնոլոգիական խորը գիտելիքներ, որ մենք միամտորեն կարծում էինք, թե միայն մեզ է պատկանում: Մերօրյա աշխարհում, որտեղ ամեն տեսակի եւ բնույթի դաժան խոսքեր են ասվում քաղաքագետների, լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հասցեին, զարմանալի՞ է արդյոք, որ անպատասխանատու իշխանության միեւնույն գիտակցությունը էլ-Բաղդադիին եւ նրա մարդկանց տվել է ազդեցիկ մի զենք, որով նրանք պայքարում են մեր դեմ: Թալիբները նախկինում հեռուստացույցները կախում էին ծառերից: Նման բան այլեւս չեք տեսնի: Ես հիացած էի էլ-Բաղդադիի դաստակին ամրացված ժամացույցով: Մենք ապրում ենք Ռոլեքսի դարաշրջանում:

Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ