RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1514, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿԻՍԱՏ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԿԻՍԱՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հաջորդ էջում «Ազգ»ը ներկայացնում է անստորագիր մի նամակ, որի հեղինակը հալեպահայ է, ներկայումս բնակվում է Երեւանում եւ ինչ-ինչ նկատառումներից ելնելով չի ցանկանում հրապարակված տեսնել իր անունը: Բայց ցանկանում է հրապարակել, «Ազգ»ը նույնպես, մի ցավալի իրողություն, որը ցավալիորեն ցույց է տալիս խնդրո առարկա մարմինների անտարբերությունը մի խումբ հալեպահայ երիտասարդների նկատմամբ, ավելի շուտՙ նրանց ապագայի նկատմամբ, կասկածի տակ դնելով այս դժբախտ օրերին սիրիահայությանը սատար կանգնելու մասին իրենց հանձառությունների անկեղծությունը:

Խնդիրը վերաբերում է Երեւանի տարբեր բուհերում սովորող, լա՛վ սովորող, հալեպահայ երիտասարդների մի փոքր խմբի, հազիվ մեկ տասնյակ հոգու, որոնք նախորդ տարի մագիստրոսական առաջին կուրսը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ներկա տարեշրջանի սկզբում անակնկալորեն տեղեկացել են, որ ընթացիկ տարում զրկվելու են կրթաթոշակից: Նախորդ տարի նրանց կրթության մեկենասներն են եղել մեր ամենահեղինակավոր, կրթության գործում հրաշալի պատմություն ունեցող կազմակերպություններըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, որոնք յուրաքանչյուր ուսանողի համար վճարել են շուրջ 2000 դոլար:

Մեր նամակագիրը իրավացիորեն հարց է տալիս, թե ինչպես կարելի է հավատալ, որ մեր հիշյալ կազմակեպությունները այլեւս չեն կարողանում կրթաթոշակ տալ ուսանողների, որոնց ընդամենը մեկ տարի է մնացել մագիստրատուրան ավարտելու:

Ի՞նչ բնութագրում տալ սրան, սնանկացե՞լ են վերոհիշյալ մեր կազմակերպությունները (նամակագիրն ավելացրել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության անունը, ինչը տարակուսանք է պատճառում ի՞նչ գործ ունի այդ նախարարությունը կրթաթոշակների հարցում):

Գ. Գյուլբենկյան հիմնարկության պարագայում, որը նախորդ տարեվերջին պաշտոնապես հայտարարեց իր ուշադրության սփյուռքակենտրոնացման մասին, կարելի է ենթադրություն անել, որ օգնության նրա ծրագրերը չեն տարածվում Հայաստանում գտնվող սփյուռքահայերիՙ այս պարագայում հալեպահայ ուսանողների վրա: Սակայն ոչ մի ենթադրություն էլ չեմ կարող անել ՀԲԸՄիության պարագայում, որը նմանօրինակ ոչ մի հայտարարություն էլ չի արել իր մոտեցումների մասին: (Թեեւ, դեռեւս հիշողությունը չկորցրած մարդիկ կարող են ինձ հիշեցնել, որ Կիպրոսում Մելգոնյան կրթական հաստատությունը փակելուց հետո ամեն անակնկալ կարելի է սպասել այս կազմակերպության ներկայիս ղեկավարությունից): Ընդհակառակը: Դեռ մի քանի ամիս առաջ ՀԲԸՄ-ը հրապարակային հաղորդագրությամբ եւ հպարտորեն տեղեկացնում էր, որ նախորդՙ 2013 թ.ին շուրջ 400 հայ երիտասարդների համալսարանական կրթաթոշակ է տրամադրել, որի գումարը կազմել է շուրջ 1,2 միլիոն դոլար: (Այդ հաղորդագրությունը պատրաստողներին հավանաբար թվացել է, որ ոչ ոքի մտքով չի անցնի, թվերի այդ ոգեւորության մեջ, հաշվիչը վերցնել ու 1,2 մլն դոլարը բաժանել 400 ուսանողի վրա: Փոխարենը, շարունակելով ինքնագովերգումը, հաղորդագրություն սարքողները ավելացրել էին, որ այդ 400 ուսանողներից 100-ը սովորում է Մ. Նահանգների մրցունակ համալսարաններում, որոնց, մեր կողմից էլ ավելացնենք, տարեկան կրթության վարձքը կազմում է 50 եւ ավելի հազար դոլար):

Խորհուրդ կրթանպաստ մեր զույգ կազմակերպություններինՙ ընդամենը 20-25 հազար դոլար հատկացնելով կարող եք սիրիահայ մեր ուսանողների կրթությունը ամբողջացնել: Նրանք միշտ երախտապարտ կլինեն ձեզ: Մենքՙ նույնպես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ