RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 3420, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՇԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին անգամ Բոռին տեսա, երբ նա դեռ չէր էլ կարողանում հաչել, իսկ ես նոր էի սկսել խոսել: Վոյնիչի հայտնի` «հեղափոխական» վեպի հերոս Բոռի անունով կոչված շունը քեռուս ընկերոջ շունն էր: Բոռի հետ մեծացա, նա շնիկից դարձավ իսկական գերմանական հովվաշուն` ուժեղ եւ հավատարիմ, ես սկսեցի ավելի շատ բառեր օգտագործել, անգամ` քայլել: Ձմեռային մի օր, ինձ անգամ նստեցրին նրա մեջքին, ու խեղճ շունը ինձ բավականին երկար ճանապարհ տարավ...

Հետո սկսվեց արցախյան պատերազմը, քեռիս ու նրա ընկերը գնացին կռիվ: Բոռը մնաց: Պատերազմից վերադարձավ միայն քեռիս, մի քանի շաբաթ անց Բոռը սատկեց:

Բայց սա արդեն մեր պատմության վերջն է: Իրականում պետք է խոսենք Բոռի դաստիարակության մասին: Երբ շունը բավականին փոքր էր, քեռուս ընկերը նրա առջեւ պարբերաբար նետում էր ինչ-որ խաղալիքներ: Ավելի ուշ ես հասկացա, որ այդպիսով նա ցանկանում է շանը պատրաստել` հաղթելու, որպեսզի նա կարողանա մենամարտել ու հաղթել իր հակառակորդներին: Իսկ հենց խաղալիք էր նետում, քանի որ անշունչ ու անուժ առարկան իրականում չէր կարող որեւէ դիմադրություն ցուցաբերել փոքրիկ շնիկին, Բոռը «հաղթում» էր նրան, ինչը անչափ կարեւոր էր շան համար: Հետո, երբ Բոռը սկսեց արդեն հաչել, նրա առջեւ նետվում էին ինչ-որ փոքր կենդանիներ: Հասկանալի է, որ շունը սրանց էլ հաղթում էր: Ավելի ուշ, Բոռը կռվում էր կատուների հետ. կատուն արդեն լուրջ մրցակից էր, բայց միեւնույն էՙ Բոռը հաղթում էր նրանց: Այսպիսով շունը նախապատրաստվեց իր ցեղակիցների, իր հետ գրեթե նույն ուժն ունեցողների, անգամ իրենից ուժեղների հետ մենամարտի, եւ որն ամենակարեւորն է, նրա մեջ դաստիարակվեց հաղթողի հոգեբանությունը, ոգին:

1994-ի հրադադար կոչեցյալից հետո ադրբեջանցիները մեր ուղղություններով միայն կրակում էին, ոչինչ ավելին: Ավելին չէին կարող, կամ չէին ուզում, հիմա պարզվեց, որ չէին կարող, համենայն դեպս մեզ հաղթելու նախադեպ չունեին: Աստիճանաբար ադրբեջանական կողմի կրակոցները դարձան ավելի թիրախային: Նրանց դիպուկահարները արդեն կրակելուց առաջ սկսեցին նշան բռնել... Հետո կրակոցներն ու դրանց` մեզ համար ողբերգական հետեւանքները սկսեցին ստանալ պարբերական բնույթ: Ադրբեջանցիներն արդեն ոչ թե մի քանի կրակոց էին ուղարկում մեր ուղղությամբ, այլ ապահովում էին մի քանի րոպեանոց կրակի ռեժիմ:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը համարձակություն չէր ունենում ներթափանցել մեր դիրքերը, ուղիղ մարտի բռնվել մեր դիրքապահ զինվորների հետ, հենց համարձակություն չուներ` հայ զինվորին սպանելու համարձակություն:

Տարիներ անց, Բուդապեշտում ադրբեջանցու ձեռքով սպանվեց հայ սպան, քնած սպան: Սա հայ զինվորի սպանելու նախադեպ էր, այդ անելու համարձակության ներշնչում: Պատահական չէ, որ հենց Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանությունից հետո, մեծ թափ ստացան ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները: Ադրբեջանցիներն արդեն զինված փոքր հարձակումներ սկսեցին անել, քանի որ նրանց աստիճանաբար ներշնչեցին, որ հայ զինվորին կարելի է ու պետք է սպանել, դրանով իսկ` հաղթել:

Հիմա, փաստորեն, հարեւան երկրում մեր զինվորների յուրաքանչյուր մահը ներկայացվում է որպես սեփական ուժի դոմինանտություն, հայերի դեմ պատերազմում հաղթելու ունակության ներշնչում: Հետեւաբար հասկանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը դիմում դիվերսիոն գործողությունների, չի դադարեցնում դիպուկահարների գործողությունները, եւ սահմանային գոտում խաղաղ բնակիչների պարբերական առեւանգումները, հետագայում նրանց` մահացու վիրավորած հետ ուղարկումը: Նրանց սովորեցնում են մեզանից ուժեղ լինել, գոնե այդպիսին երեւալ` հենց իրենց իսկ աչքերում:

Իսկ մե՞նք: Մենք 1994-ի հրադադար կոչեցյալից հետո սկսեցինք ննջել մեր իսկ դափնիների վրա, մոռանալով, որ ավելի հեշտ է չեմպիոն դառնալը, քանը չեմպիոնությունը պահպանելը: Բանակից խուսափումը դարձավ մեզանում ծնողական սերը դրսեւորելու միջոց, երբ ամեն մի ծնող անգամ անհնարինն էր փորձում անել եւ փորձում անել, որպեսզի իր որդին չծառայի բանակում, իսկ նրանք, որոնց մոտ սա չէր ստացվում, մի տեսակ նախանձով սկսեցին նայել «հաջողակներին»:

Աստիճանաբար ադրբեջանական կողմի «ուժեղանալու» համապատկերում մենք, չասենք` սկսեցինք թուլանալ, բայց գոնե չփորձեցինք ավելի ուժեղ դառնալ, ավելի ուժեղ, քան էինք, երբ հաղթեցինք նրանց, մոռանալով, որ նրանց մենք հաղթեցինք, երբ նրանք անհամեմատ ավելի թույլ էին, քան այսօր:

Բայց սա դեռ ամենը չէ: Ինչպես յուրաքանչյուր ոլորտի, այնպես էլ բանակի գործունեության ավելի թափանցիկության արդյունքում` մենք սկսեցինք ավելի հաճախ հրապարակել մեր բանակի թուլությունները, մեր ուղղությամբ կրակոցները, մեր բանակում տեղի ունեցած մահերի մանրամասն նկարագրերը: Հասարակությունը, բնականաբար, ավելի զգուշացավ սեփական զավակին բանակ ուղարկելիս, քանի որ այնտեղ մեզ վրա կրակում են, մեզ սպանում են, մեզ վրա հարձակվում են: Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը մտածել ու իրագործել նման քաղաքականություն, իհարկե ոչ, իսկ կարո՞ղ է սա լինել ադրբեջանական` սեփական զինվորներին ու ժողովրդին «ուժեղացնելու» քաղաքականության մի մասը, անշուշտ կարող է: Ուրեմն ո՞ւմ քաղաքականության իրագործողներն ենք մենք այսօր դարձել...Իհարկե, սա չի նշանակում, որ բանակի գործունեությունը պետք է առաջների նման ոչ թափանցիկ դառնա, բայց սա նշանակում է, որ բանակում ծառայող զինվորները չպետք է ունենան սեփական հեռախոսներն ու այդ թվում այդ հեռախոսներից ամեն օր, օրը մի քանի անգամ Ֆեյսբուք մտնելու, այնտեղ ոչ վերահսկվող գրառումներ կատարելու հնարավորություն: Բանակն առանձնահատուկ է հենց իր վերահսկողության լծակներով, ու եթե դրանք չեն գործում, կամ գործում են ոչ լիարժեք, ուրեմն մենք թուլանում ենք:

Դատելով վերջին օրերի լրահոսից, մեզ վրա հարձակվել են` այդ հարձակումն, ընդ որում, երկար տարիներ մշակելով: Չկա մի օր, որ մենք չլսենք մեզ վրա կրակոցների մասին: Փառք Աստծո մեր զոհերի մասին տեղեկություններն ամենօրյա չեն, չնայած` հաճախ են: Էլ ինչպե՞ս է լինում պատերազմը, եթե, իհարկե, բոլոր այն աղբյուրները, որոնք տեղեկացնում են նոր կրակոցների մասին, իրազեկ են: Հակառակի նախադեպերը, նկատենք, եւս կան: Ուրեմն կամ` «կրակում են, սպանում են, էլի զոհեր» խորագրերով նյութեր հրապարակող ԶԼՄ-ները ճիշտ են ասում, կամ` ոչ: Եթե ոչ, ուրեմն ո՞վ եւ ինչո՞ւ է նրանց իրավունք տվել` հասարակությանը պարտվողի հոգեբանություն սերմանելու, վախի մթնոլորտ տարածելու: Իսկ եթե նրանք ճիշտ են ասում, ուրեմն մենք պատերազմի մեջ ենք:

Բայց, եթե այդպես է, ապա ի՞նչ ենք մենք` առողջ ու ուժեղ տղամարդիկ այստեղ անում...

Քեռուս ընկերը Բոռին մեկ այլ բան էլ էր սովորեցնում` բացի հաղթելուց: Նա շանը սովորեցնում էր ամեն մեկի ձեռքից հաց չվերցնել: Օրինակ, հիշում եմ, նա քեռուս խնդրեց, որպեսզի մի քանի օր շարունակ Բոռին միս ցույց տա, բայց, երբ շունը մոտենա վերցնելու, խփի նրան: Արդյունք տվեց. Բոռը հաց վերցնում էր միայն իր տիրոջից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ