RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿՆՈՑՈՎ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2321, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԿԱՐՈ՞Ղ Է ՊՈՒՏԻՆԸ ԴԻՄԱՆԱԼ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Անցյալ համարում «Ազգը» գրել էր քարոզչական կեղտոտ պատերազմի մասին, որն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Հետաքրքրական զուգադիպությամբ «Stratfor» գլոբալ հետախուզության առաջատար ընկերության հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի վերլուծական հերթական հոդվածը նույնպես անդրադառնում է Պուտինին եւ այն հարցին, թե արդյոք կդիմանա՞ նա քննադատություններին եւ կշարունակի՞ նախագահել: Ստորեւ թարգմանաբար հոդվածը ծանոթ իրադարձությունների որոշ կրճատումներով:


Ընդհանուր կարծիք է ձեւավորվել, որ Վլադիմիր Պուտինը որպես բռնակալ է կառավարում Ռուսաստանի Դաշնությունը, որ նա պարտության է մատնել եւ վախեցրել իր հակառակորդներին, եւ նա սպառնալիք է շրջակա երկրների համար: Տրամաբանական կարծիք է, բայց գուցե պետք է վերագնահատվի վերջին իրադարձությունների լույսի ներքո:

Ուկրաինան եւ Ռուսաստանի անկումը շրջելու փորձը

Անշուշտ Ուկրաինայից պետք է սկսել: Երկիրը կենսական է Ռուսաստանի համար նախ որպես բուֆերային գոտի ընդդեմ արեւմուտքի, եւ հետո որպես ճանապարհՙ էներգիա փոխադրելու դեպի Եվրոպա, որը Ռուսաստանի տնտեսության հիմքն է: Հունվարի 1-ին Ուկրաինայի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր, ով նպաստավոր դիրքորոշում ուներ Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով Ուկրաինայի հասարակության եւ քաղաքականության բարդությունը, անտրամաբանական կլիներ ասել, որ Ուկրաինան նրա ղեկավարության ներքո սոսկ ռուսական մարիոնետային պետություն էր: Բայց արդարացի կլիներ ասել, որ Յանուկովիչի եւ նրա աջակիցների ղեկավարության ներքո ռուսական շահերը Ուկրաինայում ապահով վիճակում էին: Սա շատ կարեւոր էր Պուտինի համար:

2000 թվին Բորիս Ելցինին փոխարինելու պատճառներից մեկը Կոսովոյի պատերազմի ժամանակ Ելցինի գործողություններն էին: Ռուսաստանը դաշնակցում էր սերբերի հետ եւ չէր ցանկանում, որ ՆԱՏՕ-ն պատերազմ սանձազերծի նրա դեմ: Սակայն Ռուսաստանի ցանկություններն անտեսվեցին: Հետո, երբ օդային պատերազմը չկարողացավ կապիտուլյացիայի ենթարկել Բելգրադը, ռուսները բանակցությունների ընթացքում համաձայնեցին, որ ՆԱՏՕ-ի ամերիկյան եւ այլ երկրների զինված միավորումները մտնեն եւ կառավարեն Կոսովոն: Ըստ համաձայնության ռուսական զորքերը պետք է նշանակալի մասը կազմեին Կոսովոյում տեղակայված խաղաղարար միավորումների, սակայն ռուսներին երբեք էլ չթույլատրեցին նման դերակատարություն ունենալ այնտեղ, եւ Ելցինը անկարող գտնվեց որեւէ հակադարձ քայլ կատարելու:

Պուտինը Ելցինին փոխարինեց նաեւ, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունը աղետալի վիճակում էր: Չնայած Ռուսաստանը միշտ էլ աղքատ էր եղել, համենայնդեպս միջազգային ասպարեզում որոշակի ուժ էր ներկայացնում: Ելցինի օրոք այն ավելի աղքատացավ եւ կորցրեց իր այդ ուժը եւս: Պուտինը պետք է զբաղվեր այդ հարցերով: Նրանից երկար ժամանակ պահանջվեց վերականգնելու հզոր Ռուսաստանի պատկերը: Նա ցանկանում էր, որ հաշվի նստեն ռուսական հզորության հետ եւ ամեն ինչ անում էր, որ պաշտպանի ռուսական շահերը:

Շրջադարձային եղավ 2004 թվի Նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում: Յանուկովիչը նախագահ էր ընտրվել կասկածելի հանգամանքներում, եւ ցույցերի ստիպման ներքո հարկ եղավ երկրորդ անգամ ընտրություններ անցկացնել, եւ նա պարտվեց: Հաստատվեց արեւմտամետ կառավարություն: Պուտինը ԿՀՎ-ին եւ արեւմտյան այլ գործակալություններին մեղադրեց ցույցերի կազմակերպման հարցում եւ հասկացավ, որ Արեւմուտքը մտադրվել է Խորհրդային Միության ճակատագրին արժանացնել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: Ուկրաինայի կարեւորությունը Ռուսաստանին ակներեւ էր, եւ նա վստահ էր, որ Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանին դնել դժվարին կացության առաջ: Կասկածները փարատվեցին, եւ նա անցավ առճակատման:

2004-ից 2010-ը թվերին ռուսները փորձեցին չեզոքացնել Նարնջագույն հեղափոխությունը: Աշխատեցին վերականգնել Ռուսաստանի զինվորական հզորությունը: Օգտագործեցին հետախուզական եւ տնտեսական միջոցները վերաձեւավորելու համար հարաբերությունները Ուկրաինայի հետ: Եթե իրենք չէին վերահսկելու Ուկրաինային, ուրեմն թույլ չպետք է տային, որ Մ. Նահանգները եւ Եվրոպան վերահսկեին այդ տարածքը: Սա առանցքային խնդիր էր:

Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ավելի շատ Ուկրաինայի հետ էր առնչվում, քան Կովկասի: Այդ ժամանակ Մ. Նահանգները դեռեւս խրված էր Իրաքում եւ Աֆղանստանում: Չնայած Վաշինգտոնը Վրաստանի հանդեպ ձեւական պարտավորություններ չուներ, այդուհանդերձ կային սերտ կապեր եւ երաշխավորություններ: Վրաստան ներխուժումը երկու հարց պետք է լուծեր. մեկըՙ ցույց տալ, որ տարածաշրջանում ռուսական զինուժը, որ 2000-ին խայտառակ վիճակում էր, դարձյալ ի վիճակի էր գործելու վռճականորեն, եւ երկրորդըՙ ցույց տալ տարածաշրջանի երկրներին եւ Կիեւին, որ ամերիկյան երաշխիքները ոչ մի արժեք չեն ներկայացնում իրենցից: 2010-ին Յանուկովիչը ընտրվեց Ուկրաինայի նախագահՙ հետ շրջելով Նարնջագույն հեղափոխության գործընթացը եւ սահմանափակելով արեւմտյան ազդեցությունը երկրում:

Գիտակցելով, որ Ռուսաստանի հետ խզում է առաջանում եւ տարածաշրջանում Մ. Նահանգների դեմ ընդհանուր տրամադրվածություն ձեւավորվում, Օբամայի վարչակազմը փորձեց վերականգնել հարաբերությունների հին ձեւաչափը: Պուտինը դա ընդունեց որպես պաշտպանական դիրք ընդունելու գործելաոճ եւ մտադրվեց օգտվել ընձեռված հնարավորությունից: Հաշվի առնելով Եվրոմիության կախվածությունը ռուսական էներգամատակարարումից, նա առավել սերտ հարաբերություններ մշակեց եվրոպական մայրցամաքի, հատկապես Գերմանիայի հետ: Բայց առաջ եկավ Սիրիայի խնդիրը, երբ Օբամայի վարչակազմը սպառնաց օդային հարձակումներ իրականացնել Դամասկոսի դեմ քիմիական զենքի առկայության պատրվակով: Ռուսները հակադրվեցինՙ առաջարկելով բանակցելու տարբերակը: Նրանք ընդունակ եւ վճռական դուրս եկան ճգնաժամից, իսկ Մ. Նահանգներըՙ անվճռական եւ անճարակ: Ռուսաստանի հեղինակությունը բնականաբար աճեց: Պուտինինը նույնպես:

Հակադիր հոսանքներ

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հակադիր հոսանքի դերը կատարեցին եւ ավերիչ ազդեցություն ունեցան Պուտինի հեղինակության վրա: Հունվարին Ռուսաստանը դեռ տիրապետում էր Ուկրաինային: Փետրվարին Յանուկովիչը հեռացել էր երկրից, եւ արեւմտամետ կառավարություն էր հաստատվել երկրում, որը գնալով ամրապնդեց իր դիրքերը: Նրա դեմ Պուտինի ակնկալած համընդհանուր ապստամբությունը երբեք էլ տեղի չունեցավ: Հուլիսի տվյալներով ռուսները միայն Ուկրաինայի փոքր տարածքների վրա շարունակում են պահպանել իրենց վերահսկողությունը: Դրանց մեջ են Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը եւ Սեւերոդոնեցկը:

Համընդհանուր ապստամբության բացակայության պայմաններում Պուտինի մարտավարությունը ակնկալում էր, որ Կիեւի նոր կառավարությունը կպառակտվի եւ խզում կառաջանա Մ. Նահանգների եւ Եվրոպայի միջեւ, շնորհիվ այդ մայրցամաքի հետ Ռուսաստանի ունեցած էներգետիկ կապերի: Այստեղ էլ մալայզիական «Բոինգի» կործանումը դարձավ վճռական գործոն: Եթե պարզվի, որ Ռուսաստանն է պատասխանատու, ապա հօդս է ցնդելու Եվրոպան Ամերիկայից բաժանելու պատրանքը: Պուտինը համարվելու է ոչ ձեռնհաս անձնավորություն: Արեւմուտքն էլ հասկանալու է, որ ինչքան ռացիոնալ եւ արդյունավետ է նա գործում:

Մինչ այդ Պուտինը պետք է իր նախորդների ճակատագրերը հաշվի առնի: Խրուշչովը 1964-ի հոկտեմբերին արձակուրդից վերադարձավ տեսնելու, որ իրեն փոխարինել է Լեոնիդ Բրեժնեւը:

Ռուսաստանի տնտեսական վիճակը նույնքան վատ է այժմ, որքան Խրուշչովի եւ Ելցինի ժամանակներում: Այն գնալով ավելի է վատանում եւ չի արդարացնում ակնկալիքները: 2008-ի ճգնաժամը հաղթահարելուց հետո վերջին շրջանում ՀՆԱ-ի աճ չի արձանագրվում: Ներկա ճնշումների ներքո, ենթադրում ենք ճգնաժամային իրավիճակ կստեղծվի այս տարվա ընթացքում: Շրջանային կառավարությունների պարտքի մակարդակը վերջին չորս տարում կրկնապատկվել է: Որոշները հասել են սնանկացման եզրին: Ուկրաինայի ճգնաժամը է՛լ ավելի է վատացրել իրավիճակը: Հիսուն տոկոսով կրճատվել են արտասահմանյան ներդրումները:

Այս լույսի ներքո Սոչիի օլիմպիական հաջողության հետեւանքով առաջացած Պուտինի հեղինակության աճը հետզհետե նվազում է:

Ռուսաստանը Պուտինից հետո

Պուտինի կերտած ռեժիմի պայմաններում ժողովրդավարական գործընթացները չեն, որ որոշում են, թե ինչ է կատարվելու հառաջիկայում: Նա խորհրդային համակարգի որոշ տարրեր պահպանել է կառավարությունում: Այնտեղ բոլորն իր ընտրած մարդիկ են եւ հետեւապեսՙ հավատարիմ նրան: Բայց խորհրդային շրջանի «Պոլիտբյուրոյում» հենց ամենամոտիկներից պետք էր վախենալ: «Պոլիտբյուրոյի» ձեւաչափը այնպիսի ղեկավարի համար է, ով կարողանում է կոալիցիա ստեղծել: Պուտինը շատ լավ էր դրանում եւ ընդհանրապես շատ հաջողակ ամեն ինչումՙ մինչեւ հիմա: Բայց վստահության նվազումը իր համախոհների շրջանում կարող է առաջնորդել այն բանին, որ Խրուշչովի նման նրան էլ փոխարինեն:

Դժվար է կռահել, թե ով կհաջորդի նրան: Ժողովրդավարական տեսակետից պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբիանին նույնքան ժողովրդականություն վայելում են, որքան Պուտինը: Եվ ենթադրում եմ նրանց ժողովրդականությունը գնալով աճելու է: Խորհդային ոճի պայմաններում աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ու պաշտպանության խորհրդի առաջնորդ Նիկոլայ Պատրիուշեւը նույնպես հնարավոր թեկնածուները կարող են լինել: Բայց կլինեն նաեւ ուրիշներ: Ո՞վ, ի վերջո, ակնկալում էր Գորբաչովի երեւան գալը:

Սխալ հաշվարկող կամ վատ ղեկավարող քաղաքագետները վերջին հաշվով չեն կարողանում դիմանալ: Պուտինը Ուկրաինայի հարցում սխալ հաշվարկեց: Չկարողացավ կանխատեսել դաշնակցի անկումը եւ չկարողացավ արդյունավետ կերպով պատասխանել կատարվածին: Տնտեսության հարցում եւս չկարողացավ օրինակելի ղեկավար լինել: Իր շրջապատում մարդիկ կան, որոնք մտածում են, թե ավելի լավ կկարողանային լուծել խնդիրները: Եվրոպայում էլ կան կարեւոր անձնավորություններ, որոնք ուրախ պիտի լինեին, եթե նա չմնար իր պաշտոնում: Պուտինը պետք է արագ շարժվի եւ փոխի այս գործընթացը, այլապես նրան կարող են փոխարինել:

Պուտինը դեռ ի զորու է գործելու: Նա արդեն 14 տարի է, ինչ կառավարում է հաշվելով նաեւ Մեդվեդեւի պաշտոնավարման շրջանը, եւ դա բավական երկար ժամանակ է: Նա կարող է իր դիրքերը ամրապնդել, բայց ներկա դրությամբ ենթադրում եմ, որ իր համախոհների գլուխներում որոշակի մտքեր այնուամենայնիվ խմորվում են: Պուտինը ինքը ամեն պահ պետք է վերանայի, վերահաշվարկի գործողությունների իր տարբերակները: Արեւմուտքի պահանջներին ընդառաջ գնալն ու «ստատուս քվոյի» ընդունումը (Ուկրաինայի հարցում) դժվար է լինելու: Բայց ներկա իրավիճակը երկար չի կարող դիմանալ: Կացության գլխավոր դժվարությունն այն է, որ քաղաքական լուրջ տագնապի պարագայում Պուտինը կարող է առավել ագրեսիվ դառնալ: Ես վստահ չեմ, որ նա քաղաքական լուրջ տագնապի առաջ է կանգնած, բայց շատ բաներ վերջերս սխալ հունով են ընթացել իր համար, եւ ես չեմ կարող բացառել այդ հնարավորությունը:

Ովքեր մտածում են, որ Պուտինը ե՛ւ ամենաագրեսիվ, ե՛ւ ամենառեպրեսիվ (ամենաբռնակալական) ռուս առաջնորդն է, պետք է իմանան, որ բոլորովին էլ այդպես չէ: Լենինը, օրինակ, սարսափելի էր: Ստալինը շատ ավելի վատը: Ժամանակը կգա, երբ աշխարհը Պուտինի ժամանակաշրջանը կբնութագրի որպես լիբերալիզմի, լայնախոհության ժամանակաշրջան: Եթե գահին դիմանալու նրա եւ նրան փոխարինել ցանկացողների պայքարը թեժանա, ապա ավելի դաժան լինելու ցանկությունը բոլորի մոտ խիստ սաստկանալու է:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ