RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Յոթանասուն տարի առաջ, հունիսի 6-ին, «դաշնակիցների», այսինքն` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ զորքը մտավ Նորմանդիա: Միացյալ Նահանգներում այդ օրը կոչվեց` D-Day (D-օր): Իրականում ԱՄՆ-ում յուրաքանչյուր ռազմական գործողությունների մեկնարկի օրը կոչվում է հենց այսպես, բայց այս D-Day-ը սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլորից: Հենց 70 տարի առաջ հունիսի 6-ին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, թերեւս ավելին քան երբեք միասնական էին` ընդդեմ ընդհանուր թշնամու` ֆաշիզմի, առանց չակերտների` դաշնակիցներ: Եւ նրանց համատեղ մուտքը Նորմանդիա, հիմք դրեց պատերազմում դաշնակիցների վերջնական հաղթանակին, հաղթանակը, որը տարիներ անց պետք է վիճարկվեր:

Այսօր, երբ ֆաշիզմի դեմ պատերազմը ավարտվել է` առանց, սակայն, վերջնական ու արմատական պարտության մատնելու վերջինիս, չի կարելի խոսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի (որպես ԽՍՀՄ իրավահաջորդ), Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մասին` որպես դաշնակիցների: Ինչո՞ւ, դժվար է ասել, ինչպե՞ս ստացվեց, որ ֆաշիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակը բերեց ֆաշիզմի տարածումը` այս երկրներում, առավել դժվար է ասել: Եթե բացի Ռուսաստանից, մյուս երեքը գոնե ընդհանուր շահեր ունեն այսօր, ընդհանուր արժեհամակարգ, պետական, տնտեսական, անգամ հասարակական-քաղաքացիական ընդհանուր կառուցվածք, ապա Ռուսաստանը ոչ միայն տարբերվում է նրանցից, ոչ միայն` այդ տարբերության մեջ ցույց չի տալիս իր սեփական արժեհամակարգի օրինակՙ նմուշը, որը ընկալելի կլինի, որպես արեւմտյան արժեհամակարգի այլընտրանք, այլեւ պայքարում է Արեւմուտքի դեմ: Իհարկե Արեւմուտքը նույնպես: Ո՞վ է մեղավոր, պարապ հարց է:

Առավել հրատապ է, գոնե այսօր, որոշելը` ինչպե՞ս անել, որպեսզի` երրորդ համաշխարհայինի սպառնալիքով այս պայքարը, հակամարտությունը, լարվածությունը (բառի ընտրությունը` ձեզ) դադարի: Դեռ քանի՞ փոքր պետություն պետք է Իրաք, Սիրիա, Լիբիա, Եգիպտոս ու Ուկրաինա դառնա, քանի՞սը դեռ պետք է վախով սպասեն իրենց հերթին, գնալով ազգային շահերին հակասող զիջումների` բացառելու, կամ ուշացնելու համար այդ` իրենց հերթը...

Իրականում ֆաշիզմին անհնար է հաղթել, քանի կա հայրենասիրությունը: Առաջինը երկրորդի սրված տեսակն է, հիվանդություն դարձած տեսակը: Ի վերջո ամենաֆաշիստ Հիտլերը սիրում էր Գերմանիան ու գերմանացիներին, այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես Օբաման է սիրում այսօր ամերիկացիներին` համարժեք պատասխանելով նրանցից յուրաքանչյուրի կյանքին հասցված վնասին, այնպես, ինչպես Պուտինն է այսօր սիրում Ռուսաստանն ու ռուսներին` պաշտպանելով` այդ թվում խիստ ընդգրկում` «ռուսախոսների» իրավունքները Ռուսաստանից դուրս, այնպես, ինչպես Գազան ռմբակոծող Բենյամին Նաթանյահուն է սիրում Իսրայելն ու հրեաներին` հայտարարելով, թե իր քաղաքական թիվ մեկ նպատակը` «Իսրայելի բոլոր թշնամիների կործանումն է», իսկ Իսրայելը թշնամիներ շատ ունի...

Հակաֆաշիզմն, ուրեմն, աշխարհասիրությունն է: Այս զբաղմունքը, եթե ոչ բնավորություն, գուցե հերոսներ չի ծնում, ժողովրդական չի դարձնում, Փառքի մի քանի աստիճանների մեդալներ չի շնորհում, բայց, ամեն պարագայում, պատերազմները բացառում է: Իսկ հիմա հենց պատերազմը բացառելն է հերոսությունը, ոչ թե պատերազմում հաղթելը, լինի դա երրորդ համաշխարհայինը, թե` ղարաբաղյան նորը:

70 տարի անց, այս տարվա հունիսի 6-ին, կրկին Նորմանդիայում հանդիպեցին Պուտինը, Օբաման, Օլանդն ու Քեմերոնը (եւ ոչ միայն նրանք), բայց դա դաշնակիցների հանդիպում չէր, այլ` ավանդույթին հավատարմություն: Հույս ունենք, որ ոչ ոք ոչինչ չի մոռացել ու չի մոռանա, հույս ունենք, որ Պուտինը, Օբաման, Օլանդն ու Քեմերոնը կրկին կդառնան դաշնակիցներ, միայն այս պարագայում է աշխարհը ստանում ֆաշիզմին հաղթելու եւ պատերազմները բացառելու հնարավորություն:

Մեծ հույս ունենք... միայն հույս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ