Որ Հայաստան-Արցախ` այսպես կոչված «սահմանին» չի կարող մաքսակետ դրվել, կարծես թե բոլորն են ընդունում, բոլորը` Հայաստանում: Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունից հետո այս հավանականության մասին խոսող` հիմնականում ընդդիմադիրները մեղադրեցին իշխանությանը Ղարաբաղը փաստորեն հանձնելու մեջ, ընդգծելով, որ որեւէ մաքսակետ Հայաստանի ու Արցախի միջեւ չի կարող դրվել, իսկ իշխանությունը` իր բազմաթիվ խողովակներով հստակ, կամ պատգամի ձեւով հասկացրեց, որ նման մաքսակետի տեղադրումը հնարավոր չէ:
Ճիշտ է, նախագահ Սարգսյանը, Աստանայից հետո, ՀՀԿ երիտասարդներին ասաց, թե` «Ո՞վ ասաց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն է մտնում Ղարաբաղի հետ….», բայց նախագահից հետո առաջինը երկրի վարչապետը, ապա ԱԺ նախագահը, փոխնագահը, բազմաթիվ պաշտոնյաներ գրեթե երդվեցին, որ մաքսակետ հայկական երկու պետությունների միջեւ չի կարող դրվել: Ընդ որում, նման հայտարարություններ հնչեցին նաեւ Ստեփանակերտից:
Անկեղծ ասած, հայկական կողմերի այս խոստում-երաշխիքները մեզ ամբողջովին կհանգստացնեին-կբարարեին, եթե նախագահ Սարգսյանը` նույն ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր վերոհիշյալ միտքը չշարունակեր` ասելով. «…Մեր օրենսդրությամբ ու պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»: Օրենսդրությամբ` գուցե, բայց պատկերացումներով է՞լ: Մի՞թե Ղարաբաղը հենց միայն մեր պատկերացումներով չէ, որ Հայաստանի մաս է: Արդյո՞ք մեր հայրենիքի անունը Հայաստան չէ, հետեւաբարՙ եթե մի բան Հայաստանի մաս չէ, ուրեմն…
Այդուհանդերձ, հատկապես իշխանության վստահեցումները, թե մաքսակետ չի դրվելու Արցախի սահմանի մոտ, եթե ոչ հանգստանալու, գոնե մտորելու տեղիք տալիս է: Հնարավոր է, որ Եվրասիական տնտեսական միությունում անդամ պետությունների հետ Հայաստանն ունի պայմանավորվածություն, օրինակ այն մասին, որ Հայաստանը միացյալ եվրասիական տնտեսական տարածք է մտնում առանց Ղարաբաղի, բայց Հայաստան-Արցախ ազատ (ինչպես մինչեւ հիմա) ապրանքաշրջանառության վրա Միության անդամ երկրները աչք են փակում: Այսինքն, ըստ Միության կանոնադրության` մաքսակետ պետք է դրվի, եւ այդ մասին բարձրաձայնում են, բայց ըստ ներքին պայմանավորվածության, Հայաստանի պարագայում արվում է բացառություն: Եթե այսպիսի պայմանավորվածություն կա, ապա միանգամայն հասկանալի է իշխանության ներքին հանգստությունն ու վստահությունը, որ մաքսակետ չի դրվելու: Այս հնարավոր պայմանավորվածությամբ կարելի է արդարացնել նաեւ նախագահ Սարգսյանի` մեծ աղմուկ հանած լռությունը Աստանայում:
Ուշագրավ է նաեւ իշխանության պատրաստակամությունը` խորհրդարանում անցկացնել լսումներ` կապված «Աստանայի միջադեպի» հետ: Մասնավորաբար ԱԺ-ի այս շաբաթ տեղի ունեցած քառօրայի առաջին օրը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման լսումների անցկացում առաջարկեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին, վերջինս էլ ի պատասխան նշեց, որ ինքը նախաձեռնելու է նման լսումներ, որոնց ընթացքում ԱԺ կհրավիրվեն անձամբ նախարար Նալբանդյանն ու այլ շահագրգիռ անձինք: Եթե իշխանությունը ցանկանում է` «հանձնել Ղարաբաղը», կամ իրադրությունը` կապված Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի հետ, առնվազն Ղարաբաղի մասով գործող իշխանությունների կողմից վերահսկելի չեն, ապա հասկանալի է, որ իշխանությունը չէր գնա «Աստանայի միջադեպի» հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու քայլին` հրավիրելով այդ լսումներին «բոլոր շահագրգիռ անձանց»: Սա նշանակում է, որ իշխանությունն ինքը կարիք ունի նման մեծ խոսակցության, որովհետեւ իշխանությունն այդ միջադեպի հետ կապված ասելիք ունի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանի այս հայտարարությունից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը նպատակահարմար չի համարում, որ այդ լսումները տեղի ունեն դռնբաց ռեժիմով: Այսինքն, իշխանությունը գիտի մի բան, որը չի պատրաստվում տեղեկացնել լայն հասարակությանը, բայց փոխարենը ցանկանում է դա հայտնել յուրայիններին եւ ընդդիմախոսներին, գուցե փորձելով` հանգստացնել վերջիններին: Եթե Եվրասիական տնտեսական միության անդամները Հայաստանի հարցում ձեռք են բերել «աչք փակելու» ներքին պայմանավորվածություն, ուրեմն սա հենց այն «բանն է», որը մեր իշխանությունը կարող է իմանալ, բայց չասել լայն հասարակությանը, փոխարենը` մեսիջային տարբերակով փոխանցել ընդդիմախոսներին:
Իհարկե ժողովուրդը եւս հանգստանալու, տեղեկացվելու կարիք ունի, բայց ոչ մի իշխանություն սեփական ժողովրդին չի կարող ասել, թե իր հետ ներքին, ըստ էության` ապօրինի պայմանավորվածություն է ձեռք բերվել` երկրի համար բացառություն անելու հետ կապված: Փոխարենը ժողովրդին տարբեր կողմերից ասվում է` «Հայաստան-Արցախ սահմանին բացառվում է մաքսակետի տեղադրումը»:
Այլ հարց է, թե ժողովուրդը, սա լսելով, ինչո՞ւ չի հանգստանում: Չի բացառվում, որ ժողովուրդը չի հանգստանում, որովհետեւ նա իր սեփական, բայց եւ ընդհանրական պատկերացումներն ունի` Ղարաբաղի մասով: