RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1628, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՀԻՆԴԼՅԱՆՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՅԹ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Պոլսահայ նշանավոր մանկավարժ Հովհաննես Հինդլյանը անցյալ դարասկզբին` 1909թ., իր գաղափարակից ընկեր Գալուստ Մալաթյանի հետ Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնեց «Նոր դպրոց» անունով վարժարան`անկյունադարձ ապահովելով Թուրքիո հայոց կրթական կյանքում: «Նոր»ը սոսկ ածական չէր դպրոցի համար: Այն նշանակում էր ուսուցման ու դաստիարակության եվրոպական նորագույն մեթոդների որդեգրում, որոնք կոչված էին աշակերտների մոտ զարգացնելու մտավոր ունակություններն ու ընդլայնելու նրանց հետաքրքրության հորիզոնները: Ժամանակին «Նոր դպրոցում» դասավանդել են Դանիել Վարուժանն ու Գրիգոր Սյունին, Էդգար Մանասն ու Կոստան Զարյանը, իսկ բանախոսություններով հանդես եկել` Կոմիտասը, Գրիգոր Զոհրապը, Սիպիլը եւ արեւմտահայ բազում երեւելիներ:

Հովհաննես Հինդլյանը, գործնականում կիրառելով «Լոյս, Սէր, Կեանք» կարգախոսը, փորձում էր մի մթնոլորտ ստեղծել, որում աշակերտն ինքնաբերաբար գտնում էր մտքի լույսը, սիրում մերձավորին եւ պատրաստվում կյանքին: Նա անչափ կարեւորում էր դաստիարակի դերը` նրա գործը նկատելով որպես «սպասարկութիւն Աստուծոյ եւ մարդոց»: Ինքն արդեն լինելով ծնյալ դաստիարակ` մինչեւ 1950-ին մահկանացուն կնքելը շարունակ ուսուցիչ եղավ` միշտ պատնեշի վրա:

Ճիշտ է, նրա գործը հաջողությամբ շարունակող նվիրյալների շնորհիվ մի քանի տասնամյակ եւս գոյատեւեց «Նոր դպրոց»ը, սակայն 1989-ին այն վերջնականապես փակեց իր դռները: Այդ մտքի հետ ոչ մի կերպ չհամակերպվեցին աշխարհացրիվ նորդպրոցյանները: Նյու Յորքում 1926-ից գործող CARS (Constantinople Armenian Relief Society, Պոլսահայ աջակցության միություն) կազմակերպության միջոցով, որն իր մեջ ամփոփում է նաեւ Հինդլյան սանոց միությունը, նրանք նախաաձեռնեցին ու նպաստեցին նորակառույց դպրոցի ստեղծմանը ՀՀ Տավուշի մարզի Կայան ավանում որը 2007-ից կրում է մեծանուն մանկավարժ Հովհաննես Հինդլյանի անունը:

Ճիշտ է, ընդամենը 6 տարի է անցել այդ օրերից, սակայն արդեն տասնամյակների վաղեմություն ունեցող ավանդույթները նոր միջավայրում նոր ծիլեր են արձակել եւ վերընձյուղվել: Նախ` տարեցտարի ավելանում է դպրոցի աշակերտության թիվը` 70-ից հասնելով 140-ի: Հետեւողական ուշադրության եւ հինդլյանական ոգու սերմանման շնորհիվ ակնառու են նվաճումները նաեւ ուսուցման ոլորտում: Գրեթե ամեն տարի Հովհաննես Հինդլյանի անունը կրող միջնակարգ դպրոցի աշակերտներից մի քանիսը հաղթող են ճանաչվում տարբեր առարկաների հանրապետական օլիմպիադաներում, դառնում «Կենգուրու» մրցույթի մրցանակակիրներ: Դպրոցական թիմը երկու տարի անընդմեջ շահեց նաեւ «Հայ ասպետ» հեռուստամրցույթի առաջին տեղը` արժանանալով տարատեսակ պարգեւների:

Ինքը` Հովհաննես Հինդլյանը, միշտ է սիրել գյուղական միջավայրը` մեծ կարեւորություն տալով բաց օդում մարմնամարզությանն ու մարմնակրթությանը: Չմոռանանք, որ նա եղել է Հայ մարմնակրթական միության հիմնադիրը հայ իրականության մեջ: Այսօր նրա անունը կրող դպրոցը հաջողությամբ շարունակում է նաեւ այս ավանդույթը` հաղթող դառնալով Տավուշի մարզական մրցումներում:

Բնականաբար, այս բոլոր նվաճումները արդյունք են դպրոցում դասավանդող ուսուցիչների տքնանքի ու անդուլ ջանքերի: Նրանք պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքները, մասնակցում վերապատրաստության դասերի: Պոլսահայ աջակցության միությունն իր ուշադրության կենտրոնում է պահում թե՛ նրանց նյութական ու բարոյական խրախուսումը, թե՛ աշակերտների առաջադիմության քաջալերումը: Ավելին` դպրոցի այն շրջանավարտները, ովքեր իրենց կրթությունը շարունակում են բուհերում, ֆինանսական աջակցություն են ստանում` կրթավճարները մուծելու համար: ՔԱՐՍ-ի ուշադրությունից չեն վրիպում նաեւ դպրոցի անապահով ու ծնողազուրկ աշակերտները. ամեն ամիս նրանց նպաստ է տրամադրվ ում:

Պարբերական են նաեւ բարեգործական այդ կազմակերպության անդամների այցերը դեպի իրենց սիրելի Ուսուցչապետի անունը կրող կրթօջախ: Նրանք ներկա էին թե՛ անվանակոչության, թե՛ 2009-ին տեղի ունեցած 100-ամյակի հոբելյանական հանդեսներին: Այս տարի էլ նրանք ներկա գտնվեցին դպրոցի շրջանավարտների ավարտական հանդեսին` կիսելով նրանց ուրախությունը:

Հետաքրքիրն այն է, որ Պոլսի Հինդլյան վարժարանը տեղից տեղ փոխադրվելով` այդպես էլ չունեցավ իր հիմնական շենքը: Մինչդեռ, նախախնամության շնորհիվ այսօր այն այլեւս իր բարեկարգ շենքն ունի Մայր հայրենիքում: Վերջերս դրան ավելացավ նաեւ դեմ-դիմաց գտնվող մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքը, որտեղ նախադպրոցական կրթություն են ստանում շուրջ 45 սաներ:

Անշուշտ, հսկայական գործ է արվել պոլսահայ նշանավոր մանկավարժի անունն ու գործը հարատեւ դարձնելու եւ հինդլյանական ավանդույթները Հայաստանում հաստատելու ուղղությամբ: Քիչ չեն, սակայն, նաեւ անելիքները: Դրանց իրագործման համար համապատասխան միջոցներ հանգանակելու եւ դպրոցի կենսագործունեության լիարժեք ապահովման նպատակով աննախադեպ էր վերջերս Ստամբուլում, ի մասնավորի Գումգափուի «Պէզճեան» սրահում կայացած հավաքույթը, որին մասնակցում էին 150-ից ավելի նախկին հինդլյանցի սաներ` սկսած 1937-ի շրջանավարտ Արամ Գամպուրյանից մինչեւ 1987-ի սաները:

«Նման պարահանդես-հավաքույթ վերջին անգամ տեղի էր ունեցել 1969-ին»,- նշեց միջոցառման գլխավոր կազմակերպիչ Անի Զատիկյանը, որ եկել էր հեռավոր Կալիֆորնիայից (ԱՄՆ): Նրա բացման խոսքից հետո բոլոր ներկաներին ողջունեց Պոլսի Հինդլյան վարժարանի վերջին տնօրենուհի օրիորդ Արուսյակ Մկրտչյանը: Տողերիս հեղինակը, որպես Հայաստանում «Հինդլյան դպրոց» ծրագրի համակարգող, եւս ողջույններ փոխանցեց Մայր հայրենիքից եւ Կայան ավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից ու աշակերտներից` միաժամանակ 1914-ի սեպտեմբերին բոլոր հինդլյանցիներին հրավիրելով Հայաստան: Ուշագրավ էր Փարիզից ժամանած բժիշկ Գեւորգ Աբգարյանի ելույթը: Նա խոստովանեց, որ Հովհաննես Հինդլյանի սերմանած հայրենասիրությունն էր, որ 1988-ի երկրաշարծից հետո իրեն բերեց Հայաստան, որտեղ մինչ օրս նա ծավալում է բարեգործական տպավորիչ գործունեություն:

Տեսնել էր պետք, թե մինչ ուշ գիշեր ի՜նչ խինդ ու հրճվանք էր տիրում «Պէզճեան» սրահի կամարների ներքո, որքա՜ն կարոտ կար յուրաքանչյուր հինդլյանցու հոգում: Դա առհավատչյան էր այն բանի, որ Հինդլյան մանկավարժի հոգեւոր ժառանգները դարձյալ ու կրկին կհանդիպեն: Մանավանդ որ նշանակված է հաջորդ հանդիպման օրն ու վայրը` 2014թ. ապրիլի 12, Լոս Անջելես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ