RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Հարցազրույց

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2825, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ԻՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հարցազրույցը վարեց ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ

Հարցազրույց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

- Պարոն Պետրոսյան, Դուք Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտության պատմության մասնագետ եք: Եթե կարճ ձեւակերպենք այդ պատմության դասերը, ի՞նչ զուգահեռներ կանցկացնեիք մեր օրերի հետ:

- Մարդկությունն իր առաջընթացի հարցերը լուծելիս միշտ էլ հաշվի է առնում պատմության քաղաքական դասերը: Մեր հանրապետության կայացման գործընթացը պահանջում է անպայման հաշվի առնել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության դասերը, նրա փորձը, քանի որ դրանք ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հետ շատ ընդհանրություններ ունեն: Հարեւանների զավթողական, խիստ անբարյացակամ, թշմանական վերաբերմունքի եւ միջազգային անբարենպաստ պայմանների հետեւանքով Առաջին հանրապետությունը կանգնեց իրոք դժվարին, գրեթե անլուծելի խնդիրների առջեւ, որոնք թելադրում էին բացառիկ ճկունություն եւ սթափ դիվանագիտություն:

Մերօրյա դեպքերն ու իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատում են, որ Հայաստանի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ շատ ընդհանրություններ կան: Պատմությունը կարծես թեւ կրկնվում է: ՀՀ-ն այսօր գործ ունի նույն երկրների, հակառակորդների ու բարեկամների հետ, եւ դարձյալ օրակարգում են արտաքին քաղաքական, դիվանագիտական նույն խնդիրներն ու դժվարությունները: Փաստորեն փոխվել է միայն ժամանակը, բայց չեն փոխվել հարեւանների ռազմավարությունն ու մարտավարությունը: Դրա համար էլ Առաջին հանրապետության քաղաքական դասերը չափազանց կարեւոր են: Մենք պետք է սովորենք մեր սխալներից:

1918-1920թթ. ժամանակահատվածում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ընթանում էին վիթխարի դժվարությունների հաղթահարման ճանապարհով, որոնք պայմանավորված էին ինչպես ժամանակաշրջանի բարդությամբ, այնպես էլ Հայաստանում ու Ռուսաստանում տեղի ունեցող գերբարդ գործընթացներով: Այդ հարաբերությունների հիմքում ընկած էին ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթները, այլեւ քաղաքական եւ տնտեսական մի շարք փոխադարձ շահեր: Այդ շրջանի ուսումնասիրությունը շատ կարեւոր էՙ գիտականորեն գնահատելու, թե ով ինչ դիրքորոշում է ունեցել, եւ որտեղ ինչ սխալներ են թույլ տրվել: Բերենք մեկ-երկու օրինակ: 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը, որի ժամանակ բախվեցին Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարավի (հակաբոլշեւիկյան) իշխանության շահերը: Մեծ Բրիտանիան ձգտում էր թույլ չտալ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում: Ռուսաստանի հարավը ձգտում էր պատերազմի հարմար առիթը օգտագործել իր ազդեցությունն Անդրկովկասում ընդլայնելու եւ սեւծովյան ափերը գրավելու համար: Թեեւ երեք շաբաթ տեւած պատերազմն ավարտվեց Հայաստանի հաղթանակովՙ տարածքային ձեռքբերումներով, սակայն բրիտանական զինվորական հրամանատարության պարտադրանքով այն վերածվեց դիվանագիտական պարտության: Դրանով անգլիացիները եւս մեկ անգամ շեշտում էին, որ «...այդ պարտությունը հայերի ռուսամետության արդյունքն է»:

Գեներալ Ա. Դենիկինն իր ռազմավարությունը իրականացնելու նպատակով փորձում էր ուղիներ որոնելՙ երկարաձգելու հայ-վրացական պատերազմը, քանի որ այն ստիպում էր սեւծովյան շրջաններից վրացական զորամիավորումներ տեղափոխել հայ-վրացական ռազմագիծ, որով ազատ ճանապարհ էր բացվում ռուսական բանակի համարՙ առանց զինված դիմադրության մտնելու Սեւ ծովի ափամերձ տարածք: Եվ դա այն դեպքում, երբ ռուսական հետախուզությանը հայտնի էր, որ պատերազմի երկարաձգումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Հայկական բանակը թիկունքում չուներ պահեստային ուժեր, իսկ զինամթերքը գրեթե սպառվել էր: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի հարավի «Հատուկ խորհրդակցության» դիվանագիտական բաժինը «ուշացումով» քննարկել էր, թե «...ինչ կարելի է անել հայերի վիճակը թեթեւացնելու համար», սակայն ռուսներին հայտնի էր, որ դեկտեմբերի 29-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել էր զինադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ էր մտնելու դեկտեմբերի 31-ին:

Արտաքին աշխարհից լիովին մեկուսացված, ներքին ու արտաքին քաղաքական լարված ու աննպաստ վիճակում հայտնված նորանկախ Հայաստանը երկիրը ծանր դրությունից դուրս բերելու եւ հարեւանների ճնշումը թուլացնելու ելքը տեսնում է Ռուսաստանի հետ կապերն ամրապնդելու մեջ: Հայաստանի քաղաքական ուժերի համար բոլշեւիկյան գաղափարախոսությունն անընդունելի էր, սակայն նրանք ձգտում էին բարեկամական, բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատել ոչ միայն ոչ խորհրդային պետական կազմավորումների, այլեւ խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Հայաստանի գոյության առաջին շրջանում (1918թ. հունիս-նոյեմբեր) Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելուՙ հանրապետության դիվանագիտական ջանքերը հաջողություն չունեցան:

Հանրապետության գոյության երկրորդ շրջանում (1918թ. դեկտեմբեր-1920թ. ապրիլ) քաղաքական նոր պայմաններում պաշտոնական Երեւանը ձեռնպահ մնաց Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելուց:

1920թ. մարտին պարտվեց գեներալ Ա. Դենիկինը: Խորհրդային բանակի հաղթանակով նոր ժամանակներ սկսվեցին Անդրկովկասի ժողովուրդների համար: Հանրապետության գոյության երրորդ շրջանում (1920թ. մայիս-դեկտեմբեր) քաղաքական նոր պայմաններում փոխվեց նաեւ Հայաստանի քաղաքական ուղղվածությունը, այսինքնՙ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Հայաստանի իշխանությունները չկարողացան ժամանակին ու ճիշտ գնահատել ստեղծված քաղաքական նոր իրավիճակը: Լեւոն Շանթի պատվիրակության բանակցությունները Մոսկվայում ավարտվել էին անարդյունք: Անդրկովկասում ձգձգվում էր նաեւ Բորիս Լեգրանի դիվանագիտական առաքելությունը: Հայաստանի իշխանությունները, սին հույսեր փայփայելով Արեւմուտքից, պահանջում էին հետաձգել հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը մինչեւ Հայաստանի մանդատի հարցը պարզվելը: Նրանք անգամ փորձ չարեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել, երբ հայտնի էր, որ դեռ 1918թ. հոկտեմբերի 30-ինՙ Մուդրոսի զինադադարի ստորագրումից անմիջապես հետո, քեմալական Թուրքիան բարեկամական հարաբերություններ էր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետՙ գաղտնի կամ բացահայտ դաշինքներով, ինչն առաջին հերթին ոտնահարում էր Հայաստանի եւ հայության շահերը:

1919թ. ապրիլին Հայաստանի խորհրդարանում Ալեքսանդր Խատիսյանը նշեց, որ «...արտաքին քաղաքականության բնագավառում մեր սխալն է, որ քայլեր չենք ձեռնարկում Թուրքիայի հետ նստել կլոր սեղանի շուրջը»: Սակայն հետագայում էլ այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Ցավոք, 70 հազ. ք. կիլոմետր տարածքից Հայաստանը ստացավ այն, ինչ ունենք այսօր:

- Իր պետական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Այսօրվա իրողությունների պայմաններում արագընթաց եւ փոփոխվող զարգացումները, քաղաքական եւ գաղափարական իրարամերժ մոտեցումները նոր խնդիրներ եւ դժվարություններ են հարուցել հայ դիվանագիտության առջեւ: ՀՀ-ն կանգնած էր ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւՙ Եվրոմիությու՞ն, թե՞ Մաքսային, կամ ավելի հեռանկարային առումովՙ Եվրոմիությու՞ն, թե՞ ապագա Եվրասիական տնտեսական միություն: Հայ դիվանագիտությունը մշակեց եւ այսօր իրականացնում է այնպիսի շրջահայաց քայլեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ-ին չհայտնվելու մուրճի եւ զնդանի միջեւ, ինչը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդին ուղեկցող դառն իրողություն:

Մաքսային միությանն անդամակցելու լուրջ դրդապատճառները այնքան ծանրակշիռ ու բազմազան են, որ չէին կարող անուշադրության կամ անտարբերության մատնվել Հայաստանի ղեկավարության կողմից:

Անհերքելի իրողություն է, որ եվրասիական եւ եվրոպական ասոցիացման ինտեգրացիոն գործընթացների քաղաքական ենթատեսքտը երկու ուժերիՙ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ծավալվող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական մրացապայքարն էՙ ապահովելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում:

Կարծում ենք, պատահական չէր դեկտեմբերի 2-ին Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը. «Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից»: Հիրավի, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ հնարավոր չեն առանց Ռուսաստանի:

- Իբրեւ դիվանագիտության պատմության հայտնի մասնագետ, ինչպե՞ս կձեւակերպեիք մեր դիվանագիտության այսօրվա գլխավոր խնդիրները պատմական իրողությունների դիտանկյունից:

- Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պատմական անհրաժեշտություն են արդեն մի քանի հարյուր տարի շարունակ: ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն ավանդականորեն ուղղված է Ռուսաստանի Դաշնությունՙ դեպի մեր ռազմավարական դաշնակիցը: ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանն ապահովելու է երկու հայկական հանրապետությունների ազգային անվտանգության գերակա շահըՙ իր բոլոր բաղադրիչներով: Դա ավելի է արժեւորվում տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակ սպառնում է Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմով: Իսկ Թուրքիան շարունակ դավեր է նյութում Հայաստանի եւ Արցախի դեմ:

- Ինչպե՞ս եք գնահատում մեր քաղաքականության եվրոպական վեկտորը: Մասնավորապես, մեր անելիքը Վիլնյուսում ստորագրված հայտնի փաստաթղթերի լույսի ներքո:

- Անդամակցելով Մաքսային միությանը եւ եվրասիական ինտեգրման գործընթացինՙ Հայաստանը շարունակելու է որակապես նոր եւ ընդլայնված հարաբերություններ զարգացնել նաեւ եվրոպական երկրների հետ: Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձեւավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմիցՙ համատեղելի են համագործակցության այլ ձեւաչափերի հետ»:

Եվրոմիության հետ ՀՀ համագործակցության խորացումը չի հակասի Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն: Մեր համոզմամբ, տեսանելի ապագայում Ռուսաստանը տնտեսապես կմերձենա Եվրոպայինՙ ավելի սերտորեն համագործակցելով Հին աշխարհամասի երկրների հետ:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր երիտասարդ, սկսնակ դիվանագետներին: Ինչի՞ վրա կենտրոնացնեն իրենց ուշադրությունը: Ի՞նչ են նրանց սովորեցնում պատմության դասերը:

- Ուսումնասիրել եւ լավ իմանալ հայ ժողովրդի պատմությունը: Մասնավորապես լավ իմանալ հայ դիվանագիտության պատմությունը: Սխալներ չգործելու լավագույն միջոցը անցյալի դասերը լավ իմանալն է եւ մեր ազգային շահերը հստակ պատկերացնելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ