RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1817, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼ, ԹԵ՞ ՈՉ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Լսափողի մյուս կողմից հնչող տարիքով կնոջ խոսքերը երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Ես վաղուց արդեն որոշում էի կայացրել տանս դուռն անծանոթի առաջ չբացել, անգամ եթե ներկայանան որպես կոմունալ որեւէ ծառայության տեսուչ (ինչ իմանա՞ս):

Զարմանալին, սակայն, զրուցակցիսՙ հոգեկան այդպիսի ապրումներից հետո շարունակվող լավատեսությունն էր: «Քննիչը ասում էՙ ձեզ ճանաչում են արդեն, մյուս անգամ եթե գան ու ասենՙ կինը ուր որ է ծննդաբերելու է, դուռը պիտի բացե՞ք»: «Այո, իհարկե», համոզված պատասխանեցի: «Դուք անուղղելի եք», եղավ պատասխանը: Պատմում է, թե ինչպես այդ դեպքից հետո ծանր հիվանդացել է ամիսներ, ոչ մեկին չի պատմել. «Կյանքիս հետ հաշիվներս մաքրել էի, մեռնելու հեշտ ձեւեր էի փնտրում»: Ամառվա տոթը, հոգեկան ապրումները, նյարդային լարվածությունը առողջությունը քայքայել էին: Այնուամենայնիվ, կյանքը կյանք է մնում: Բժշկի խորհրդով փորձում է վերականգնել ուժերը: «Ինձ շատ օգնեց Վահրամ Փափազյանի մասին նոր հրատարակված գիրքը, դա ինձ հանեց հոգեկան այս վիճակից»:

«Երբ մենակ եք, դուռն ինչո՞ւ եք բացում», հարցնում եմ:

«Այո՜, երգեցիկ ձայնում է, մանավանդ նախադեպը արդեն եղել էր»: Պատմում է. «Միջանցքից ձայներ լսեցի, աղմուկ-իրարանցում էր, դուռը բացեցիՙ տեսնեմ ի՞նչ է կատարվում: Դիմացս կանգնած էր մի շատ գեղեցիկ զույգ, կինըՙ հմայիչ հայուհիՙ կապուտաչյա, ճոխ, սեւ մազերով: Ամուսինը բարձրահասակ, մի փոքր գեղջկական տեսքով, համակրելի: Բայց երեխան աննկարագրելի լավն էր: Ձեռքերը պարզել էր ուղիղ ինձ»:

«Այս ինչքա՜ն են փոխվել հայերը, զարմացած ասում էր երիտասարդը: Ոչ մեկը դուռը չի բացում: Երեխան ջուր է ուզում, ջուր տվող չկա»: Դե ասա, ինչպե՞ս չբացեի դուռը, ներս չառնեի տուն»:

Եվ սկսվում է ավանդական, հայկական հյուրասիրությունը, խոսք ու զրույցը: Տղամարդը պատմում է, որ երկար տարիներ Մոսկվայում են ապրել, այնտեղ լավ գործ է ունեցելՙ ոսկու, արծաթի եկամտաբեր աշխատանք եւ հայտնի է եղել շատ շրջանակների: Հիմա որոշել են վերադառնալ: Իր շնորհքը երիտասարդը ջանք չի խնայում ցուցադել հյուրընկալող տանտիրուհուն, մանրամասն մաքրում, փայլեցնում է կնոջ խամրած ամուսնական ոսկյա մատանին, արծաթյա գդալ-պատառաքաղները, մոտակա խանութ է գնում էլեկտրական զանգ գնելու եւ այլն:

«Երեկոյանում էր, հոգնել էի, ուզեցի մի փոքր հանգստանալ, իրենցից ներողություն խնդրելով գնացի ննջարան: Աչքս կպել էր. արթնացա, լռություն էր: Մտածեցիՙ գնացել են պատշգամբՙ ինձ չխանգարելու համար: Հանկարծ նկատեցի դրսի դուռը ծածկված, բայց փակ չէր: Արագ ամեն ինչ պարզ դարձավ: Չկար ամուսնական մատանիս, սեղանին դրված քանդակազարդ, ոսկեջուր երկու հարյուր տարվա հնությամբ հոլանդական քաղցրավենիքի տուփը եւ էլի ուրիշ բաներ»:

«Լավ, ինչո՞ւ ներս հրավիրեցիք, ջուրը տայիք, վերջացնեիք, այդ ջուրը, ի վերջո, պատրվակ էր»: «Ախր, Մել ջան, ուզում էի հայրենակիցներիս մեղքը քավել», սկզբում, ճիշտ է, վախի զգացում մտավ մեջս, հետո երեխային տեսնելով, խլացրի այդ ձայնը, նա այնքա՜ն լավն էր»: «Բայց դուք գիտեք չէ, ուրիշի մեղքը պետք չէ վերցնել»: «Այո, տնքում է կնոջ ձայնը: Գիտես ինչն է վատՙ բոլոր սրբությունները մեռան մեջս»: Իր հաջորդ խոսքը, սակայն, հակասում է ասվածին: «Գիտես, կարոտո՜ւմ եմ այդ երեխային: Նա այնքա՜ն անմեղ է, նա ի՞նչ գիտիՙ աշխարհն ինչ է»:

Բայց դուք հո գիտեք, սիրելի տիկին, մարդկանց դուք հո լավ եք ճանաչում: Ինչո՞ւ թույլ տվեցիք հոգեպես ձեզ կողոպտեն այսպես...

Հ. Գ. - Տարբեր սցենարներ հորինած այս գեղեցիկ, երիտասարդ զույգը հասցրել է նման մի շարք կողոպուտներ իրականացնել մեր քաղաքում. լավ գիտի ումՙ ինչպես: Իրավապահները հետքը գտել են, նրանք ձերբակալված են:

Սակայն դա ինչ-որ եղանակ փոխո՞ւմ է: Գողոնը տուժածներին վերադարձնել-չվերադարձնելուց բացի, տարեց կնոջ հոգու վերքը կսպիանա արդյո՞ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ