RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1765, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՋՈՒՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է, ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸՙ ԱՃՈՒՄ

Պ. Ք.

Տաջիկստանում էլեկտրականությունն անբավարար է: Հանրապետությունը Վախշ գետի վրա կառուցում է Ռոգունի հիդրոէլեկտրոկայանը: Սակայն Վախշը թափվում է Ամուդարյայի մեջ, որն Ուզբեկստանի գլխավոր գետն է: Ուզբեկներն արդեն այժմ ոռոգման ջրի պակաս են զգում: Հէկի հակառակորդների կարծիքով, դրա կառուցումը կարող է խորացնել ջրի պակասը: Բացի դրանից, ամբարտակը կառուցվում է սեյսմավտանգ գոտում: Փլուզման դեպքում Ուզբեկստանին կսպառնա աղետալի ջրհեղեղ: Երկու հարեւան հանրապետությունները վաղուց վեճեր ունեն ջրի պատճառով: Ցավոք, դեպքը եզակի չէ:

Մերձավոր Արեւելք, Մեկոնգ գետի ավազանՙ այսօր աշխարհում փաստորեն չկա այնպիսի տարածաշրջան, որտեղ ջուրը չխաղար կարեւոր դեր, այդ թվումՙ անվտանգության ապահովման գործում: ՄԱԿ-ը փորձում է թույլ չտալ շահերի բախումներ եւ կանխել ջրի պատճառով նոր հակամարտությունների ծագումը:

Ջրային ռեսուրսների համաշխարհային կազմակերպության տվյալներով, միայն 2012 թ. աշխարհում ջրի պատճառով ծագել է 23 հակամարտություն: Դրանց մի մասը հանգեցրել է բռնարարքների, նշում է «Դոյչե վելլե» ռադիոկայանը: Այսպես, Եգիպտոսումՙ Աբու-Սիմբելի շրջանում, գյուղացիները պատանդ վերցրին 200 զբոսաշրջիկների եւ նրանց ազատ արձակեցին կառավարությունից ոռոգման ջուր ստանալուց հետո միայն: Հաճախ հակամարտություններ են ծագում նաեւ երկրների միջեւ: Երեւույթը բնավ զարմանալի չէ, քանզի 260 գետ եւ լիճ գտնվում են երկու կամ ավելի երկրների տարածքներում: Դա կազմում է ողջ աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների մոտ 60 տոկոսը:

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, ներկայումս այդ պաշարների կեսը ընդգրկված չէ ջրօգտագործման պայմանագրերում: Իրավիճակի փոփոխմանն է ուղղված «Միջազգային ոչ նավարկելի ջրահոսքերի օգտագործման իրավունքի կոնվենցիան»: Այն ջրամերձ պետություններին պարտավորեցնում է «արդար եւ խելամիտ» եղանակով օգտագործել ջրի պաշարները: Խոսքը նախ եւ առաջ ջուրը բաշխելու եւ ջրի աղտոտումներ թույլ չտալու մասին է:

Կոնվենցիան ընդունվել է 1997-ին, բայց մինչեւ օրս ուժի մեջ չի մտել, քանի որ ստորագրած երկրների թիվն անբավարար է: Տվյալ փաստաթուղթը դեռ չեն ստորագրել, օրինակ, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը:

Ջրօգտագործման հարցերում միջազգային համագործակցության օրինակ կարող է ծառայել Դանուբյան հանձնաժողովը: Նախնական տեսքով այն հիմնվել է դեռ 1856 թ. Փարիզյան տրակտատով: Ներկայիս տեսքով հանձնաժողովը գործում է 1948-ից: Սկզբնական շրջանում այն կարգավորում էր միայն նավագնացությունը, բայց 15 տարի առաջ հանձնաժողովի լիազորություններն ընդլայնվեցին: Այժմ դրանք ընդգրկում են նաեւ բնապահպանական հարցեր եւ հեղեղումների կանխարգելման միջոցներ:

Համանման քայլեր է ձեռնարկում «Նեղոսի ավազանի նախաձեռնությունը»: Գերմանիան արդեն 10 տարուց ավելի քաղաքականապես եւ ֆինանսապես օժանդակում է նման նախաձեռնություններին: Դրանց հաջողությունը կարող է երկրների դիմակայության փոխարեն հանգեցնել խաղաղ համագործակցության, գտնում է ՄԱԿ-ի համաշխարհային ջրապաշարների բաշխման ծրագրի համակարգող Օլչայ Յունվերը: Մրցակցությունն անհամեմատ թանկ է նստում երաշտների, հեղեղումների դեպքում եւ մյուս արտակարգ իրավիճակներում:

Ջրային ռեսուրսների բաշխումը ենթադրում է էլեկտրաէներգիայի արտադրության եւ ձկնապաշարների պահպանության միջեւ, ոռոգման եւ նավագնացության միջեւ մշտական փոխզիջում: ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, 10 տարի հետո մոտ 2 մլրդ մարդ կապրի քաղցրահամ ջրի սուր պակաս ունեցող շրջաններում: Ջրապաշարների օգտագործման ասպարեզում համագործակցությունը ոչ թե սոսկ բարի ցանկություն է, այլ հրատապ անհրաժեշտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ