RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2533, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ԱԲԽԱԶԻԱ Է, ՈՉ ԷԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանն այժմ Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզ» ունի, որտեղ միջոցառումների մի հսկայածավալ շարք է, բայց որոնք հրթիռային արագությամբ պատրաստվում են Հայաստանում իրականություն դարձնել: Սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե այդ քարտեզն է, այլ այն հանգամանքը, որ Ղազախստանը վերապահումով է մոտենում այդ փաստաթղթին, չնայած ստորագրել է, վերապահումն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Որ այդպիսի վերապահումը սպասելի էր, նորություն չէ, հատկապես հաշվի առնելով Ղազախստան-Ադրբեջան հարաբերությունները, որոնց հիման վրա էլ նույն այդ երկիրը մինչեւ հիմա էլ նշել էր ղարաբաղյան խնդրի` Հայաստանի հետ հարաբերություններում խնդրահարույց լինելու մասին: Բնական է, որ առնվազն հայտարարությունների կամ հատուկ կարծիքի տեսքով Ղազախստանը պետք է ցույց տար Ադրբեջանին, թե իր խոսքն ասաց: Բնական է նաեւ այն, որ Ղազախստանի հատուկ կարծիք ասվածն այդպես էլ կմնա հատուկ կարծիք` հետագա որեւէ հետեւանքի կամ արդյունքի չհանգեցնելով:

Հիշեցնենք նաեւ, որ Մաքսային միությանն անդամակցությունից հետո Հայաստանի` Արցախի հետ հարաբերությունների հեռանկարի մասին մտահոգիչ դատողություններ էր արել նաեւ Մաքսային միության եռյակի մյուս ներկայացուցիչը` Բելառուսը:

Մյուս կողմից, Ղազախստանն ու, առավել եւս, Բելառուսը չեն, որ որեւէ կերպ կարող են կարգավորել, լուծել կամ անգամ ազդել ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Այստեղ մնում է Ռուսաստանի հանգամանքը, որիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում համանախագահող երկիր լինելը որոշ մոտեցում է պարտադրում, միեւնույն ժամանակ, չմոռանանք, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ունի իր խստորեն առանձնացված շահերը:

Այդուհանդերձ, Ղազախստանի նախագահի կողմից վերապահման վերջին բարձրաձայնման առնչությամբ բազմաթիվ դատողություններ արդեն արվել են, թե Մաքսային միությունը քաղաքական չէ, հետեւաբար կապ չունի այդ խնդրի հետ կամ որ նույն օրը, երբ Հայաստանի հետ քարտեզ էին ստորագրում, Ռուսաստանը վավերացրել է իր կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առեւտրի համաձայնագրերը, որոնցով հանվում են ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Դեռեւս 2012-ի գարնանը ստորագրված համաձայնագրով միայն սպիրտային ու ծխախոտային արտադրանքը կմնա մաքսատուրքի տակ:

Թե նշված համաձայնագրերը ում կողմից ինչ վավերականության աստիճանով են բնութագրվում` խնդրի մի կողմն է: Տվյալ դեպքում մտահոգիչ է, որ այս համաձայնագրերի վավերացումը Հայաստանում փորձում են մատուցել որպես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի հնարավոր վարքագծի նախադեպ, մինչդեռ հստակ է, որ որեւէ մեկի, այդ թվումՙ Ռուսաստանի համար, Լեռնային Ղարաբաղը ոչ Աբխազիա է, ոչ էլ Հարավային Օսիա:

Հետեւաբար սին են բոլոր այն ակնկալիքները, թե ինչպես մաքսատուրքները հանվել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ (թեեւ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում), այդպես էլ կլինի Լեռնային Ղարաբաղի պարագայում: Որ Ռուսաստանը Հայաստանի ճանապարհային քարտեզի հետ նույնաժամանակ վավերացրեց նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ համաձայնագրերը, Հայաստանի ու Արցախի համար ոչ մի դրական միտման մասին չի կարող խոսել, թերեւս միայն այն բացառությամբ, որ այդկերպ ուղերձ կարող է հասցեագրվել մեր հարեւան Ադրբեջանին առ այն, թե ինչ կարող է տեսականորեն լինել:

Սակայն գործնականում Ռուսաստանի կողմից նույնաբովանդակ քայլեր ակնկալելը Արցախի հանդեպ, ինչ արվել ու արվում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուղղությամբ, միամտություն է, եթե չասենքՙ պարզամտություն:

Ասել կուզեի, որ Մաքսային միության գիրկը գլորվող Հայաստանի պարագայում ԼՂՀ-ի հետ հարաբերությունները մնում են ոչ հստակ, այսինքն` ոչ մի խոստումնալից բան դրանում տեսնել հնարավոր չէ: Դրա մասին է վկայում նաեւ այս նույն հարցի համատեքստում ադրբեջանական կողմի լռությունը. կա՛մ խոստումներ են տրվել Ադրբեջանին, կա՛մ դեռ բոլոր քարտերը չէ, որ բացված են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ