RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2852, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՕՁԻ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԻՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շատ հակասական տարի ապրեցինք` եթե հիշենք նախագահական ընտրությունները, այնտեղ հնչած այժմ արդեն գործող նախագահի խոստումները, որոնց բոլորի ուղղվածությունն ու բովանդակությունը կարելի է սեպտեմբերի 3-ից հետո փոխված համարել (այսինքնՙ ձայն տրվել է այլ տեսակի խոստումների, հիմա այլ բան է իրականացվում), Րաֆֆու «հեղափոխությունը», ասոցիատիվ համաձայնագրից կտրուկ շրջադարձը` սեպտեմբերի 3-ով, վերջին` գազային համաձայնագրերը: Կարելի էր մտածել, թե մեր քաղաքական դաշտի անարդյունավետ պահվածքը հանդեպ կատարվողը տարվա ընթացքում նրանից է, որ հաճախ մեզանից անկախ պատճառներով Հայաստանի կտրուկ շրջադարձերը այդպես էլ մեր ծանրաքաշ ուժերին չեն թողնում արագ վերադասավորել ուժերն ու մտքերը. գիտեք հայտնի ասույթը` վազող մարզիկի հաղթանակը նախ նրա գիտակցությունից, հետո միայն` վազքի արագությունից է կախված: Մերոնք չեն հասցնում փաստորեն մտքերն արագ հավաքել եւ համոզված գիտակցականությամբ ուղղորդել իրենց գործողությունները:

Գումարած դրան, որ տարվա ընթացքում էլ հիմնական գործընթացները տեսնելուց եւ ըմբռնելուց շեղող սկանդալների եւ փոխադարձ մեղադրանքների պակաս էլ չկար` էլ օֆշորային, էլ պաշտոնափոխային, էլ գազային, էլ Շանթի հեղափոխության տեսքով (Շանթին թույլ տվեք տեսակցել հարազատների հետ եւ մանր վրեժխնդրությամբ մի զբաղվեք):

Սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության բարձրաձայնումից հետո Հայաստանում ամեն բան ոտնիգլուխ փոխվեց` խոստումները, տրամադրությունները, տեսակետները եւ սկզբունքները::

Հայերս պիտի որ վաղուց առարկայորեն հասկացած լինեինք, որ հիմա բոլորն են ձգտում ճնշում բանեցնել փոքրիկ Հայաստանի վրա միայն այն պատճառով, որ հայտնվել ենք նրանց շահերի հանգույցներում ու նոր ապացույցների պակաս էլ չկա ճնշումների. Եվրոպան է ճնշում բանեցնում ԵԴ` ցեղասպունությունը ժխտելու վերաբերյալ վերջերս ընդունած որոշմամբ եւ մի շարք ֆինանսական խոստումների հետողորմյայով, Ռուսաստանի բազմաթիվ մկանացուցադրումներին հետեւեցին գազային համաձայնագրերը, ԱՄՆ-ը եւս առաջվա նման չի շռայլում իր հատկացումները ու չի խորշում մեր հազար ու մի ներպետական հարցերի մասին կարծիք հայտնել` սկսած պետքարտուղարի, վերջացրած դեսպան Հեֆերնի մակարդակով:

Առհասարակ` մտորելու նյութն այս տարի շատ էր` ժամանակը` քիչ, ոչ ոք չէր հասցնում մինչեւ վերջ կշռել տեղի ունեցողը: Հենց միայն այն, որ «ասոցիատիվ» բառը, որով ֆորմատ էր արել իր համաձայնագիրը Եվրոպան հետխորհրդային երկրներին պարտավորություններ ուղղելիս, նշանակում է ոչ թե ուղիղ, այլ առնչվող, այսինքն` կցորդված հարաբերություններ, պիտի որ շատ բան ասեին: Կցորդված հարաբերությունների եվրոպական հայացքը տեղ էր թողնո՛ւմ այդ հարաբերությունների հասցեատերերին` այլ ուղղությամբ նայելու, թեկուզ այլ ուղղությունը նույնքան բարդ է, որքան եվրոպական խառնափնթորությունը եւ նույնքան վտանգավոր, որքան եվրոպական ուղղության մեջ էին փնտրողները վտանգ գտնում: Բայց կա ԱՄՆ-ը, որը բացահայտ կամ թաքնված միշտ տարբեր թելեր ձգելով` փորձում է իրավիճակն իր շահին համապատասխան ձգել, ընդ որում` թելերը ձգվում են մեկ հաջորդաբար, մեկ` առաջին հայացքից անտրամաբանական, մեկ` Եվրոպային հասցեագրված, մեկ` Ռուսաստանին ուղղված գործողությունների տեսքով (Իրան, Ուկրաինա): Ու Հայաստանին բաժին է ընկել ամենդժվարինը` փոթորկոտ ծովում թիավարվող նավակի, որը, որքան էլ դժվար է, պետք է ճիշտ ուղղություն ընտրի` ինքնուրույն որոշում կայացնելու համարձակության տեսքով: Նավն առաջվա նման փոթորկոտ ծովում է, որի համար հավասարապես վտանգավոր են հյուսիսից ու հարավից, արեւելքից ու արեւմուտքից փչող քամիները:

Հետո էլ ասում են` կենդանակերպի նշանները պայմանական բաներ են. հա, միգուցե, բայց օձի տարում, իրոք, շատ խորամանկություն եւ օձային խելք դրսեւորվեց , որից իրապես օգտվեցին բոլորը` գաղտնի գործընթացներ, երեսին ժպիտ, ու տակից սառը գործողություն: Միգուցե Հայաստանի ղեկավարությանը թվաց, թե իրենք էլ դրսեւորեցին օձի իմաստնությունն ու գաղտնորեն մտմտալու սովորույթը: Միայն թե ազնիվ ու շիտակ ձին (2014-ը), որը օձությունը տանել չի կարողանում, սմբակով հիմնահատակ կարող է քանդել օձի հաշվարկները, զգայուն եւ հախուռն ձին շատ անգամ կարող է հիմնահատակ ավերել օձի սկսածը:

Իսկ ըստ էության` մեր նման փոքր երկիրը նման է այն անոթին, որտեղ տարբեր խողովակներից ջուրը լցվելով փոխում է նրա պարունակությունը: Սրա մասին չպետք է մոռանան ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ու կգա այն պահը, որ չնայած ֆորմալ ժամանակային քվոտաներին, այս իշխանության եւ այս ընդդիմության ժամանակը կարող է անսպասելի սպառվել: Աստվածաշնչում մի այսպիսի տող կա` նրանք անցան. այդ բառերով նկատի է առնվում այն ժամանակը, որի մեջ անվերադարձ մնում են անհատներն ու կառավարողները: Այսինքն` միշտ կարող է լինել այն պահը, որ մանդատով ստացած հինգ տարին ու այլ ատրիբուտներ այլեւս կարող են ժամանակավրեպ լինել` նախ իշխանության մասով, ապա` ընդդիմության, քանի որ ներկայումս խորհրդրանում եւ նրա պատերից դուրս տարվող ընդդիմանալու ձեւերն էլ ընդհանրապես արխաիկ ու անպիտան կդառնան:Հիմա այնպիսի ժամանակներ չեն, որ թղթի վրա գրես` «Ամեն ինչ լավ է», կամ տոկոսներ նկարես, ու ինչ- որ մեկը հավատա դրան: Եվ ոչ էլ անոթ մտնող խողովակների տերերն են քնած: Աշխարհը փոխվում է, պահանջները եւ շահերը, եւ դրանց իրագործելու ձեւերն են փոխվում: Մեկ-երկու տարի անց անգամ գուցե Սնոուդենների եւ Ասանժների կարիքը չզգացվի` տեխնիկապես այնպես հանրայնացվեն աշխարհի ու պետությունների գաղտնիքները: Իսկ Հայաստանում քսան-երեսուն տարի անընդմեջ դաշտում գտնվող նույն մարդիկ դժվար են ըմբռնում դա, շատերի մեջ բթացել է Հայաստանի պետության խոցելիության կամ անխոցելիության իրական եզրագծի զգացողությունը, շատերը թյուրիմացաբար դա չափում են այս պահին ցուրտ սենյակներում տանելի գնով գազ ունենալու հնարավորությամբ միայն: Ցուրտն առհասարակ սառեցնում է մտածելու բջիջները: Իսկ պատմության (ընդհանրապես` կյանքի) ցիկլիկ լինելու բազմաթիվ ապացույցները ոչ մեկի համար նորություն չեն:

Եթե մեր քաղաքական դաշտը` իշխանական թե ընդդիմադիր, չի օգտագործում կառավարման եւ եւ կառավարմանը հակակշռելու նոր, առաջադեմ երկրներում գործ առաջ տանող մեթոդները եւ շարունակում է սրընթաց փոփոխությունների ժամանակ արդյունավետ չհակադարձել, ապա կգան ուրիշները, որոնց համար քաղաքական հեղինակությունները ոչ մի նշանակություն չեն ունենա` դարձնելու քաղաքականությունը ոչ թե միջոց` նեղ խմբերը հարմարավետ կյանքն ապահովելու, այլ գործիք` իրապես ապահով Հայաստան ունենալու բոլոր առումներով` մտածողությամբ, արժանապատվությամբ, կրեատիվ մեթոդերով աշխատեցվող տնտեսությամբ, որպես Հայաստանի պետականության ամրացման գրավական: Ու հավանաբար, երբ օրերը տաքանան մի քիչ, միաժամանակյա շարժում կսկսեն բոլորը` եւ եվրոպական մեսիջներ կրողները, եւ աներիկյան «հաթաթան» տեղ հասցնողները, եւ ռուսամետ ու հակառուսական ուժերը: Այսինքն` բոլորը կարթնանան ձմեռային քնից, եւ միաժամանակ կլինեն այս բոլորից դուրս գտնվող եւ իքնապաշտպանական բնազդի հայկական կոդն իրականում կրողները: Այնպես որ` մեր երկկողմանի քաղաքականները մտածելու ժամանակ ունեն միայն այս ձմեռ` նոր տարվա հունվարի վերջ-փետրվարը ներառյալ: Հետո մեր կարծիքով ականջ ու խելք պետք կլինի լսելու ու զատելու Հայաստանում հնչող բազմաձայն երգչախբի սոպրանոն ու ալտը, բասն ու բարիտոնը... մինչեւ վերջին երանգ ու փորձել գլուխ հանելու:

Հա, այսպես տարին փակվում է` գլխավոր մտքերը դեռ չարտաբերված, ճանապարհային քարտեզների բովանդակությունը դեռ չգաղտնազերծած, անգամ անցած էտապ «ասոցիատիվի» վտանգավոր կետերը դեռ մինչեւ վեր չհանած` էնպես, դասեր քաղելու համար:

Ընդհանուր առմամբ հիշողություն թարմացնելու կարիք չտեսնելով, քանի որ բազմաթիվ լրատվամիջոցների առկայությունունն, այնուամենայնիվ, թույլ չի տալիս գոնե վիզուալ առումով մոռանալ տավա իրադարձությունները, մի քանի շեշտադրում անենք օրեր առաջ ՄՄ-ին անդամակցելու քարտեզին ու դրա հետ կապված զարգացումներին: Երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարություն է անում ու Մաքսային միության սահմանների ու Արցախի հետ կապված` հատուկ կարծիքով է միայն ցանկանում Հայաստանի ճանապարհային քարտեզ ստորագրել, հարկ է, որ պատասխանը տեղում տրվի, առանց սպասելու Պուտինի կամ մեկ ուրիշի վերաբերմունքին: Թե չէ տանը, ներքին լսարանի համար արտահայտած կարծիքները ոչ միշտ են արդյունավետ, անգամ եթե այդ մասին հայտարարում է ՀՀԿ փոխնախագահը: Գ. Սահակյանն էր մեկ օր առաջ ասել, թե Նազարբաեւի հայտարարությունը Հայաստանի համար անընդունելի է. բա մերոնք տեղում թող ասեին, մի հատուկ կարծիք էլ մենք գրեինք, որ չմտածեին, թե Հայաստանի գլխին ինչ անեն` կանցնի: Մյուս կողմից էլ` ամեն ինչ նույն ճանապարհով առաջ է գնում, որով սկսել են գնալ` ճանապարհային քարտեզ է ստորագրվում, որի 20 բաժնի 262 միջոցառման բովանդակության մասին հանրությունը տեղյակ չէ ու հետո է քննարկելու, գազային պայմանագիր է ստորագրվում` առանց հանրության հետ քննարկելու, ու հետո բերվում խորհրդարան, Մաքսային միությանը միանալու հայտարարություն է արվում, ու հետո միայն ողջ Հայաստանն այդ մասին իմանում է միանգամից: Ասացինք, չէ, այն, ինչ հանդուրժվում էր օձի տարում, ձիու տարին չի հանդուրժի:

Իսկ այն հանգամանքը, որ ռուս պաշտոնյաները շարունակում են պնդել, թե Մաքսային միությունն ու Միացյալ տնտեսական տարածքը սոսկ տնտեսական կառույց են, դրանց անդամակցելը քաղաքական բովանդակություն չունի, պարզ ձեւականություն է, քանի որ ամբողջ աշխարհի քաղաքականությունն այժմ եւ միշտ թելադրում եւ թելադրել են տնտեսական գործընթացները:

Հիմա այս բոլորից քաղաքական դաշտը դեռ գլուխ չի հանել` իշխանամետ թե ընդդիմադիր, ու անկեղծություն, ազնվություն, ուղղամտություն պահանջող ձիու տարում մեր քաղաքական ուժերը կա՛մ պիտի գլուխ հանեն, կա՛մ խոստովանեն, որ չեն կարողանում, ու դիմեն թարմ ուղեղների օգնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ