RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 954, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՑՈՒՐՏԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Շան հաչոցը ճեղքում է ձմեռվա երեկոյացող օդի սառնությունը: Փողոցի մյուս ծայրից սուր լսվում է հոգեկան հավասարակշռությունը խախտված կնոջ ցրտից տարուբերվող ձայնի անհոդաբաշխ խոսքը: Երկուսն էլ անօթեւան են: Սառած փողոցների երեւանյան երեկոն կատարյալ անկենդանության նշաններ է ցույց տալիս: Ընդամենը 8-ն անց է, բայց տիրող խոր լռությունը լքված բնակավայրի տպավորություն է թողնում: Օրվա ավարտի անհուսությունը խորացնում է կենդանու կաղկանձըՙ ձայնակցող քիչ այն կողմ խելքը կորցրած իր բախտակից մարդուն: Որտե՞ղ են գիշերելու այս ձայները, ինչո՞վ են հագեցնելու քաղցը:

Մանչեստրում բնակվող մեր հայրենակիցը երկու օր առաջ գրեց ինձ. «Դա որկրամալություն չէ, դա հոգեւոր պոռնկություն է: Երբ հազարավոր մարդկանց համար Նոր տարվա գիշերը մակարոնն իսկ շքեղություն պիտի լինի, իսկ իրենք, լափելով իրենց կոկորոդիլոսը (ուր էր թե հակառակը լիներ...), պիտի խմեն հայ ժողովրդի կենացը»:

Նոր-նոր քաղաքը թողած եւ Հոլանդիա տեղափոխված երիտասարդ զույգը, զարմացած ֆեյսբուքյան իրարանցումից, տեղայնացված կոկորդիլոսային թեմային առնչվող, զարմացավ. «Այստեղ նման բաներ չկան»:

... Քաղցած մարդկանց ստվերի նմանվող մարմինները ճոճվում են փողոցներում. գիշատիչների սաստկացող խնջույքի ֆոնին նրանց ստվերները ավելի նվաղում են: Հոգին մարդկային չորանում է, ռուսական հաղորդման մեջ հնչում է անսովոր կարծիք. «Մարդիկ ծնվելու են առանց հոգու: Թերեւս այդպիսիք մեր մեջ արդեն կան»:- Կա՞ն...

Քաղաքի փողոցի անկյուններում շատանում են ձեռքերն անհույս պարզածները, անծանոթ մի երեխա աշխարհի անհայտ մի կետից հեռախոսային sms է ուղարկում. «Ես հիվանդ եմ, այստեղ ուտելիք չկա: Սոված եմ, օգնեք ինձ»: Կիսատ անգլերեն տառերը սիրտդ մի պահ ճմլում են. «Ո՞վ է արդյոք անծանոթն այդ»: «Սուտ, հնարովի պատմություն է», սթափեցնում է այս բաներով փորձված երիտասարդը: Մի հավատա, ազդելու լավ միջոց է դա»:

Եվրոպական արեւմուտքում «Ծննդյան փոթորիկը» մարդկային կյանքեր է խլում, ահաբեկիչները Իրաքում կամ Եգիպտոսում շարունակում են մարդկային կյանքերի հետ խաղալ: Թայֆունից տուժած ծայրարեւելյան երկրի բնակիչները ամանորը դիմավորում են ավերակների մեջ: Տեղի կամավորների խումբը փորձում է ամանորի ժպիտ առաջացնել անօթեւան երեխաների աչքերում: Աշխարհում մեծ ու փոքր բնական աղետները չեն դադարում: Պատմության, ժամանակի հետ իր հաշիվները փակող տարին շունչը փչող գազանի է նմանվում, գերլարվում են մարդկային զգացումները, կրքերը շիկանում:

Մեր քաղաքը սառած է: Ցուրտը շփոթեցրել է, մտքերը քարացել են: Մետրո մտնող մարդիկ դրսից զարմանքի արտահայտություն են ներս բերում, բոլորը նույն կերպ չեն ժպտում, ձեռքերը շփում. «Ասում ենՙ թե ավելի է ցրտելու», ասելով մետրոյի վագոնում իրար են սեղմվում. անհանգիստ շարժումները մատնում են ներքին տագնապը:

Ամանորյա առեւտրի իրարանցումը հետ է մղվել: Մթերային կրպակներում քարացել-մնացել են գույնզգույն մրգերը: Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը չստորագրելու երիտասարդների ակցիան ճեղքում է ցրտի անհոգի պատը, ԱԺ-ում ակցիային միանում են լրագրողները. աննախադեպ է: «Չի կարելի, իրավունք չունեն»-ը հնչում է տարօրինակ: Իրավունքի ի՜նչ մասշտաբների խախտումներՙ մեր շուրջը, մեր օրերում-լեցուն, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական:

Սոված շունը շարունակում է ձայնակցել փողոցի մյուս ծայրում տարուբերվող տնանկ իր բախտակցուհուն: Ինչո՞ւ հայտնվեցի հենց այդ պահին դրսումՙ կենդանական ու մարդկային ձայնային աղերսների խաչմերուկում: Երբ լռությունը շարունակում է խտանալ շուրջս, ներսումս տագնապն ահագնանում է: «Որպեսզի գրե՞մՙ ինչո՞ւ»,- միտքս պտտվում է անսովոր արագությամբ: «Ո՞ւմ հասցեագրես», պատնեշը անանցելի է...

SAS-ի կոկորդիլոսին մարտահրավեր նետած «Երեւան սիթի»-ն ներկայացնում է աֆրիկյան իր ընձուղտինՙ 380.000 դրամին հակադրելով 280.000-ը, փաստորեն ավելի մատչելի գին առաջարկելով: Հարավային մայրցամաքի տաք շունչը հայկական սուպերմարկետներում «կոտրում է» հյուսիսից ներկրած ցուրտը: Տնտեսատերերի վերնախավում էկզոտիկ մսատեսակների մրցավազքը աշխուժացնում է երիտասարդ մտքերը:

Շան հաչոցը շատանում է քաղաքում, օդում սառչում-քարանում է ձյան փաթիլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ