RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1676, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԸՆԿԵՐԸ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ» ՈՒՆԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինչ Հայաստանում որոշ լրատվամիջոցներ իրենց լրագրողներին գործուղել էին խորհրդարան` դրա ապակե պատուհանները թխթխկացնելու, մինչ բոլորովին այլ լրատվամիջոցներ մեզ բոլորիս բացատրում էին, թե ո՞վ է լրագրողը, ի՞նչ մասնագիտություն է սա իրականում, եւ վերջապես, մինչ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «ազգային հարստություն», ոմանց համար էլ «ազգային արժեք»` «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը, Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Մաքսային միության եւ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես եկավ մի շատ ուշագրավ հայտարարությամբ:

Հայր Ալիեւի լավագույն ընկերներից մեկը, ինչի մասին հաճախ որդի Ալիեւի հետ ունեցած հանդիպումներում բարձրաձայնում է Նազարբաեւը, Մոսկվայում, ինչպես ասում են, «Պուտինի առաջ» կանգնեց ու հայտարարեց. «Ըստ էության մենք մեր գործընկերների հետ կստորագրենք Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը, որը համաձայնեցված է: Բայց մենք այդտեղ ունենք հատուկ կարծիք` կապված ԼՂ հակամարտության հետեւանքով անորոշ մնացած Մաքսային միության սահմանների հետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունից, օրինակ, Գագիկ Մինասյանը, հայտարարել էր. «Մաքսային միության երկրները, փաստորեն, ընդունում են Ղարաբաղի ու Հայաստանի ներկա իրավիճակը, քանի որ Հայաստանին ընդունում են` հաշվի առնելով Արցախի ներկա իրավիճակը»:

Պարզվեց, Մաքսային միության երեք անդամներից մեկըՙ թյուրքախոս Ղազախստանը, «հատուկ կարծիք» ունի, ինչը, ըստ Նազարբաեւի, «անպայման տեղ կգտնի մեր փաստաթղթերում»: Որպես փաստաթուղթ, օրինակ, դիտարկելի է Հայաստանը Մաքսային միությանը միացնելու, առայժմ լայն հասարակությանը ոչ հասանելի ճանապարհային քարտեզը: Այսինքն, Նազարբաեւի խոսքից կարելի է եզրակացնել, որ այդ փաստաթղթում առկա է ղազախների «հատուկ կարծիքը», ապա եւ Հայաստանի պատկերացումները, եթե ոչ` խոստումները, պարտավորությունները` լուծելու չլուծված այս հակամարտությունը` հստակեցնելով Մաքսային միության սահմանները: Իհարկե, հնարավոր է, որ Նազարբաեւն իր այս հայտարարությամբ ուղղակի նվեր է մատուցել նույն օրը Բաքվի ռեստորաններից մեկում եւ խիստ ռոմանտիկ միջավայրում, տիկնոջ` Մեհրիբան Ալիեւայի ներկայությամբ ծննդյան օրը տոնող Իլհամ Ալիեւին, բայց Ղազախստանի նախագահն այն պետական գործիչը չէ, որ հայտարարություններ անի ուղղակի ինչ-որ մեկին հաճելի լինելու համար, եթե անգամ այդ ինչ-որ մեկն իր լավ ընկերոջ հարազատ որդին է: Հետեւաբար, Մաքսային միությանը Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի մեջ փնտրվում է, նաեւ պահանջվում է ղազախների «հատուկ կարծիքը», եթե այդ փաստաթղթում, ինչպես Նազարբաեւն է նշում` անպայման հաշվի է առնված այդ կարծիքը: Քանի որ եթե այդ փաստաթուղթը ընդունվել է Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան-Հայաստան կազմով, ուրեմն Հայաստանն ինչ-որ բան ասել է` ի պատասխան ղազախների (գուցե նաեւ ռուսների եւ բելառուսների) անհանգստությանը: Ամեն դեպքում պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արձագանքել դեռեւս: Երեւանում առհասարակ այլ` գուցե ավելի կարեւոր գործերով են զբաղված, այդ թվում` լրագրողները: Պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ Աստանայի «հատուկ կարծիքի» առնչությամբ Պուտինը եւս որեւէ կարծիք չի հայտնել: Ասենք, նա, որպես Մաքսային միության ճարտարապետ, ընդունում ու հասկանո՞ւմ է գործընկեր ղազախների անհանգստությունը, թե՞ Նազարբաեւի ականջին ինչ-որ հանգստացնող բան է շշնջացել, օրինակ, որ Հայաստանը եւս ՀԱՊԿ անդամ է, հետեւաբար Հայաստանի թշնամին պետք է նաեւ Ղազախստանի թշնամին լինի:

Դատելով Մաքսային միությանը մեր երկրի միանալը կարգավորող փաստաթղթերի ընդունման կարգից ու ձեւից, մենք գուցե եւ երբեք չիմանանք այս հարցերի պատասխանները, իսկ դա նշանակում է, որ ստիպված ենք իրադարձություններից ենթադրություններ կազմել, ինչի փորձը, գաղտնիք չէ, ունենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ