RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1207, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե ընդդիմության բուռն հակազդեցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված գազային համաձայնագրերին նպատակ ուներ ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը, որ Հայաստանի գազային միակողմանի կախվածությունը վավերացնող համաձայնագրերը Հայաստանում այնքան էլ միանշանակ չեն ընդունվում, դա նրանց հաջողվեց, քանի որ համաձայնագրերը վավերացնելիս երեկ բավական լարված իրավիճակ ստեղծվեց հայոց խորհրդարանում եւ նրա պատերից դուրս, իսկ համաձայնագրերի վերաբերյալ դրանց ընդդիմախոսների մտահոգություններն էլ բավական բարձրաձայնվեցին լրատվամիջոցներով:

«Մի քվեարկեք». ահա այսպիսի պաստառներ էին պարզվել դեպի Ազգային ժողովի դահլիճ նաեւ լրագրողական կորպուսի ապակիների հետեւից երեկ, երբ պետք է քվեարկության դրվեին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված գազային համաձայնագրերը եւ հատկապես այն մեկը, որով ռուսական «Գազպրոմին» է հանձնվում «Հայռուսգազարդի»` Հայաստանի սեփականություն քսան տոկոս բաժնեմասը եւ մինչեւ 2043 թվական կնքվում է ընդդիմադիրների համար անընդունելի եւ պետության ինքնիշխանությանը խփող, իսկ իշխանականների համար շահեկան գազային համաձայնություն:

Լրագրողները նաեւ հարվածում էին լրագրողական օթյակի ապակիներին` գոռալով. «Մի քվեարկեք»: Իսկ մի քանի լրագրողի էլ հաջողվել էր հայտնվել ուղիղ ԱԺ ամբիոնի մոտ` «Խելքի եկեք, արա» պաստառով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգվեց, թե ապակիները կկոտրվեն եւ անվտանգության աշխատակիցներն հորդորեց լրագրողական օթյակներում կարգուկանոն հաստատել:

Մինչ այդ հատուկ գազային համաձայնագրերը քվեարկությամբ վավերացնելու համար գումարված նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ձայն էր վերցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը , ով տեղյակ պահելով, որ ԱԺ դարպասի մոտ համաձայնագրերի վավերացման դեմ բողոքի գործողություն է իրականացվում, զգուշացրեց, թե բոլոր այն պատգամավորները, որ կողմ կքվեարկեն` կհամարվեն դավաճաններ: ԱԺ նախագահն ապսպրեց անջատել հռետորուհու խոսափողը: Իսկապես` ԱԺ դարպասների մոտ էլ, պատգամավորական մուտքի մոտ էլ բավական մարդաշատ բողոքի գործողություններ էին: Իսկ բուն` ԱԺ դահլիճում մի տեսակ կարծես խառնաշփոթ էր, տեղերից բացականչություններ, լրագրողների օթյակից աղմուկ եւ կոչեր, Հովիկ Աբրահամյանը հանգստության կոչ էր անում իր ամբիոնից` փորձելով դահլիճին ուղղորդել դեպի քվեարկություն:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունը, ի դեմս Լեւոն Զուրաբյանի, քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում վերցրեց, ու ահա այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մի անհավանական տրյուկ, մի անլսելի գործողություն իրականացրեց` մեկ մեկ վերցնելով ՀՀԿ խմբակցության անդամների` էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված քարտերը: Երբ ընդմիջումից հետո ՀՀԿ-ականները տեսան, որ էլեկտրոնային քվեարկության քարտերը չկան, ԱԺ նախագահը հայտարարեց, որ երբ համակարգը չի աշխատում, աշխատում է հաշվիչ հանձնաժողովը: Այսինքն` պետք է քվեարկել հնագույն մեթոդովՙ ձեռքը բարձրացնելով: Իսկ Փոստանջյանին էլ խնդրեց քարտերը վերադարձնել. «Պատգամավորներ ունենք էստեղ նստած, որ մտավոր կարողություններ չունեն, այլընտրանք չունեն ու խարդախությամբ են փորձում մեր աշխատանքները տապալել», ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորները տեղերից կոչեր էին հնչեցնում անջատած խոսափողերով, ապա դուրս եկան դահլիճից` քվեարկելու թողնելով միայն մեծամասնությանը: Ու այդ պահին մեծամասնությունը քվեարկեց ձեռք բարձրացնելով, հաշվիչ հանձնաժողովը հաշվեց, հայտարարվեց` 77 կողմ, գազային համաձայնագիրն այդ կերպ վավերացված էր: Ավելի ուշ` ընդմիջում հայտարարելուց հետո, երբ բյուջեում գազային համաձայնագրին համապատասխանեցվող փոփոխություն էր արվում, Հ. Աբրահամյանը ճշտեց կողմ քվեարկողների թիվը` 72, բացատրելով, որ տեխնիկական պատճառով սխալ հաշվարկ է եղել:

Իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, թե գազային համաձայնագրի քվեարկությունը խախտումներով է իրականացվել, քանի որ յոթ անձից կազմված հաշվիչ հանձնաժողովի չորս անդամ բացակայել են:

Մեծամասնությունից Դավիթ Հարությունյանը , որ ավելի վաղ մտահոգություններ էր հայտնել համաձայնագրերի վերաբերյալ, լրագրողներին հայտնեց, որ նույնպես կողմ էր քվեարկել, քանի որ համաձայնագրում դրականն ավելի շատ է եղել: Նա նշեց, որ իր դիտարկումները հետագայում հաշվի կառնվեն ու պայմանագրի դրույթները կփոփոխվեն:

Իսկ քվեարկության մասին էլ ասաց, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ հաշվիչ հանձնաժողովը հաշվում է միայն: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացնում (տեխնիկական կողմը նկատի ուներ), բայց բուն որոշումը կայացնում է ԱԺ-ն, իսկ որոշումն անցա՞վ, թե՞ չանցավ` տվյալ դեպքում որոշում է նիստը նախագահողը:

Իսկ որ ընդդիմությունն ասում է, թե կդիմի Սահմանադրական դատարան` համաձայնագրի վավերացման օրինականության հարցով, Դավիթ Հարությունյանը հիմքեր չտեսավ դրա համար ոչ բովանդակային, ոչ ՍԴ օրենսդրության առումով:

Մինչդեռ ընդդիմադիրները շարունակում էին պնդել խախտումներով քվեարկությունների վերաբերյալ, անգամ հայտարարություն տարածեցին, թե` էլեկտրոնային համակարգի չգործելու դեպքում որոշումներն ընդունվում են հաշվիչ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ` տվյալ դեպքում չորս անդամ էր հարկավոր, մինչդեռ երեքն են ներկա եղել: Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, սահմանված կարգով քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից որոշում ընդունելով եւ արձանագրությամբ, ինչը նույնպես տեղի չի ունեցել , այսինքն` համաձայնագիրը վավերացված չէ:

Այսպես թե այնպես, գազային համաձայնագրերը Հայաստանին նեղ ու կախյալ դրության մե՞ջ են գցում, թե՞ ճանապարհ են հարթում դեպի Մաքսային միություն, ստուգելու մի տարբերակ կա` ապրել եւ տեսնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ