RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1077, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 22

Ո՞Վ «ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թվում էրՙ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից, դրան հաջորդած հայ-ռուսական ամենատարբեր մակարդակի շփումներից եւ հատկապես ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան այցից հետո ռուսաստանյան փորձագիտական շրջանակները գոնե հրապարակային դրսեւորումներում չափազանց զգույշ կգտնվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ դատողություններում:

Բայց դա միայն թվում էր: Իրականում կա ռուսաստանյան քաղաքագետների մի խումբ, որի ներկայացուցիչներն ադրբեջանական լրատվամիջոցների մշտական վիզավիներն են: Այս խումբն, ահա, աչքի է ընկնում հայ-ռուսական հարաբերությունների եւ ԼՂ հարցի մասին չափազանց «էքստրավագանտ», եթե ավելին չասվի, դիտարկումներով:

Հերթական «բացահայտումներն» արել է PolitRus. com վերլուծական-փորձագիտական ցանցի ղեկավար Վիտալի Արկովը (տես http://www.vesti.az/news/185518): Ըստ Արկովիՙ «Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի հետ միանալը Մաքսային միությանը կառաջացնի Ադրբեջանի լիովին արդարացի բացասական վերաբերմունքը: Դա` մի կողմից:

Մյուս կողմից էլ, եթե Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթղթերում վերապահում արվի, որ դրանք չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, եւ Հայաստանը դրանք ստորագրի, ապա դրանով իսկ իրեն կբացահայտի կեղծիքի մեջ, չէ՞ որ մինչ այժմ նա Լեռնային Ղարաբաղը համարում է իր տարածքը»:

Նախ, ո՞վ է լսել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը համարի իր տարածք: Եթե այդպես լիներ, ապա ի՞նչ իմաստ կունենային բանակցությունները, որ Ադրբեջանի հետ վարվում են ամենաբարձր մակարդակով: Մի՞թե ռուսաստանցի փորձագետը տեղյակ չէ, որ Հայաստանը բանակցություններում պաշտպանում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավազորության իր, այլ` ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Վիտալի Արկովն, իհարկե, տեղյակ է այդ ամենին: Հակառակ դեպքում պետք է կասկածել, որ ռուսաստանյան փորձագիտա-վերլուծաբանական կենտրոնը ղեկավարում է ԼՂ խնդրին անիրազեկ մեկը, իսկ դա պատիվ չի բերում ոչ միայն նրան, այլեւ` Ռուսաստանին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի:

Իրականում Վիտալի Արկովն ունի խնդրի «սեփական» պատկերացումը: «Նրա» կարծիքով, «գոյություն ունի լիովին բանական տարբերակ, բայց հազիվ թե Բաքվին եւ Երեւանին բավարարող տարբերակ` դուրս բերել Հայաստանի (՞՞՞- Վ. Ա.) զորքերը Լեռնային Ղարաբաղի (՞՞՞- Վ. Ա.) տարածքից, մտցնել այնտեղ Ռուսաստանից եւ Վրաստանից (պատկերացնում եք` ռուս-վրացական «դեսանտ» Լեռնային Ղարաբաղո՞ւմ- Վ. Ա.), թույլ տալ, որ փախստական ադրբեջանցիները վերադառնան այնտեղ (իսկ ո՞ւր գնան Շահումյանից, Գետաշենից, Մարտակերտի հյուսիսարեւելյան գոտուց փախստական հայերը- Վ. Ա.) եւ տարածքը, տեղական իշխանության մարմիններով հանդերձ, հայտարարել ինքնավարություն` Մաքսային, իսկ հետագայում` Եվրասիական միության իրավազորության ներքո: Պայմանով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը նույնպես կանդամակցեն նշված կազմավորումներին»:

Կրկնենք` Վիտալի Արկովն «իր տարբերակն» առաջարկել է ադրբեջանական vesti.az-ի միջոցով: Ընդ որում, վերապահում է արել, որ այն «հազիվ թե բավարարի Երեւանին եւ Բաքվին»: Այդ դեպքում ո՞ւմ է բավարարում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի «տարածքը հռչակվի ՄՄ, իսկ հետագայում` Եվրասիական միության իրավազորության ենթակա ինքնավարություն»: Միայն փորձագետ Վիտալի Արկովի՞ն, թե՞...

Հարցը կարելի է թողնել անպատասխան: Հնարավոր է նաեւ չնկատելու տալ, որ ռուսաստանյան փորձագիտական որոշ շրջանակներ Ադրբեջանին հետեւողականորեն ինչ-ինչ ակնարկներ են անում: Բայց, այդուհանդերձ, հարկ է նաեւ ընդունել, որ Ռուսաստանում, ինչպես եւ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում չկան այսպես կոչված «անկախ» վերլուծական-փորձագիտական կենտրոններ: Փաստ է, որ դրանք սպասարկում են այդ պետությունների կամ առանձին քաղաքական վերնախավի շահերը:

Ընդունենք, որ PolitRus.com-ը Կրեմլի նախագիծը չէ, այլ` ինչ-որ քաղաքակաան շրջանակների, եւ Վիտալի Արկովն արտահայտել է վերջիններիս տեսակետը: Բայց նույնիսկ այդ դեպքում նրա «տարբերակից» ստացած ծանր տպավորությունը չի մեղմվում այն պարզ պատճառով, որ ՌԴ պաշտոնական շրջանակներն էլ ասում են, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը «դրականորեն կազդի ԼՂ խնդրի կարգավորման վրա»:

Կա, իհարկե, նաեւ «պահեստային հնարավորություն»` ենթադրել, որ, գուցե, vesti.az-ը նենգափոխե՞լ է ռուսաստանցի փորձագետի մտքերը: Այսպես հնարավոր կլիներ մտածել, եթե Վիտալի Արկովը միակը լիներ, ով մշտական կապի մեջ է ադրբեջանական լրատվամիջոցների հետ: Ցավոք, այդպես չէ, ուրիշները նույնպես «աղ են ցանում» ՄՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված տրամադրություններին: Ուստի մեզ մնում է կրկնել վերնագիր հարցադրումը` ո՞վ է, որ «չի վերահսկում» ռուսաստանցի փորձագետներին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ